Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել նոյեմբերին

Կինոաֆիշ. 5 ֆիլմ, որոնք կարելի է դիտել նոյեմբերին

Մեծ ֆիլմաշարերն ու օրիգինալ նորույթները ձգտում են ներկայանալ կինոսեզոնի «ամենաանվտանգ» շրջանում

Աշնան վերջին ամիսն ավանդաբար «ամենաանվտանգն» է համարվում կինոյի աշխարհում: Տարվա գլխավոր պրեմիերաները հիմնականում դեկտեմբերի ավարտին են նշանակվում` ֆինանսական մեծ սպառնալիք ստեղծելով պակաս նշանակալի կինոնկարների համար: Խուսափելու համար մեծ մրցակցությունից` վերջիններս ձգտում են պրեմիերաների օրերն ամրագրել նոյեմբերին: Դա վերաբերվում է ինչպես օրիգինալ ֆիլմերին, որոնց ճակատագիրը կախված է միայն հանգամանքներից, այնպես էլ մեծ ֆրանշիզաներին, որոնք չեն ցանկանում ռիսկի դիմել և գերադասում են խուսափել կոշտ մրցակցությունից:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով ցանկին` PanARMENIAN.Net ը 5 նորույթ է ներկայացնում, որոնք ցուցադրվելու են Երևանի կինոթատրոններում նոյեմբերին:

«007. Սպեկտր» (օրիգինալ անվ.`Spectre)

Մարտաֆիլմ, Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Սեմ Մենդես

Դերերում` Դենիել Քրեյգ, Ռեյֆ Ֆայնս, Նաոմի Հարիս, Քրիսթոֆ Վալց, Լեա Սեյդու, Մոնիկա Բելուչչի

Պրեմիերան Երևանում նոյեմբերի 6-ին

«Բոնդիանայի» նախորդ ֆիլմի («007: Կոորդինատները «Սքայֆոլ») հաջողությունը ստիպեց պրոդյուսերներին երկրորդ անգամ ներգրավել լավ ռեժիսոր Սեմ Մենդեսին: Հիմնականում արտհաուսային ֆիլմերի հեղինակը, չնայած քննադատների կանխատեսումներին, երկրորդ անգամ ևս չհրաժարվեց զուտ զվարճային ժանրի ֆիլմ նկարահանելուց: Շարքի հավատարիմ երկրպագուները բարձր գնահատեցին այս ժեստը, չէ որ նախորդ ֆիլմում Մենդեսին հաջողվեց որոշակի թարմություն հաղորդել ֆիլմաշարին և սեփական հեղինակային ձեռագիրը ցուցադրել: Բրիտանացի գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմաշարի 24-րդ ֆիլմը կպատմի «Սպեկտր» չարագուշակ կազմակերպության դեմ պայքարի մասին, որի ղեկավարը արդեն ի հայտ եկել է «հին ֆիլմաշարի» ֆիլմերից մի քանիսում:

«Քաղցած խաղեր. Ճայ-Ծաղրասարյակ. Մաս 2» (օրիգինալ անվ.`The Hunger Games: Mockingjay- Part 2 ) Հակաուտոպիա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Ֆրենսիս Լոուրենս

Դերերում` Ջենիֆեր Լոուրենս, Ջոշ Հաթչերսոն, Լիամ Հեմսվորթ, Սեմ Քլաֆլին, Էլիզաբեթ Բենքս, Վուդի Հարելսոն, Դոնալդ Սազերլենդ

Պրեմիերան Երևանում նոյեմբերի 19-ին

Հետապոկալիպտիկ աշխարհի մասին պատմող ֆիլմաշարի վերջին մասն է, որտեղ իշխանավորները պարբերաբար մահացու մրցաշարեր են կազմակերպում հալածված և աղքատ շրջանների երիտասարդների խմբերի միջև: Ամերիկացի գրող Սյուզան Քոլինզի ոգեշնչման աղբյուրը եղել է ժանրի կանոններին շատ ավելի հավատարիմ ճապոնական «Թագավորական ճակատամարտ» ֆիլմը: Արդյունքում ծնվեց մի եռապատում, որը երիտասարդական ֆանտաստիկայի և համաուտոպիայի մի համադրությունյ է: Էկրանավորումը շատ ավելի անհամ ու աչքի չընկնող ստացվեց` ամեն մասի հետ հեռանալով ժանրի կանոններից: Թիրախային հանդիսատեսին դուր եկավ, ինչն էլ ստիպեց պրոդյուսերներին վերջին մասը` «Ճայ-Ծաղրասարյակը» 2 մասի կիսել: Հավանաբար, ավելի շատ շահույթ ստանալու ակնկալիքով:

«Այցը» (օրիգինալ անվ.` The Visit)

Սարսափ, թրիլեր, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Մ.Նայթ Շյամալան

Դերերում` Օլիվիա դը Ջոնջ, Էդ Օկսենբուլդ, Դիանա Դանագան, Փիթեր ՄաքՌոբբի:

Պրեմիերան Երևանում նոյեմբերի 26-ին

«Վեցերերոդ զգայարան», «Խորհրդավոր անտառը» և «Նշաններ» պաշտամունքային ֆիլմերի հեղինակ, ազգությամբ հնդիկ Մ.Նայթ Շյամալանը որոշել է վերադառնալ իր նախընտրած ժանրին: Եվ դա հասկանալի է: Վերջին տարիներին աղմկահարույց ֆիլմերի ռեժիսորը հանկարծ սկսեց նկարահանել ցածրակարգ և բացահայտ վատ կինո` փորձելով ներկայանալ այլ ժանրերում: Չստացվեց: Կարելի է վստահաբար ասել, որ «Այցը» սարսափազդու հեքիաթ է ուրվականների մասին, որը կարող է վերջին շանսը լինել Շյամալանի համար: Եթե կինոնկարը ձախողվի, ռեժիսորը հավանաբար, ստիպված կլինի գտնել այլ, կինեմատոգրաֆից միանգամայն տարբեր աշխատանք:

«Լավ դինոզավրը» (օրիգինալ անվ.`The Good Dinosaur)

Անիմացիոն ֆիլմ, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսորներ` Բոբ Փիթերսոն, Փիթեր Սոն

Դերերում` Ռեյմոնդ Օչոա, Ջեֆրի Ռայթ, Սթիվ Զան, Աննա Փեքուին, Սեմ Էլիոթ, Ֆրենսիս Մակդորմանդ:

Պրեմիերան Երևանում նոյեմբերի 26-ին

Լեգենդար Pixar ստուդիան շարունակում է բարձր շեմ սահմանել անիմացիոն ֆիլմերի ինդուստրիայի համար, ամեն անգամ ներկայացնելով ոչ թե ուղղակի մուլտֆիլմեր, այլ արվեստի իսկական գործեր: Դա վերաբերում է ոչ միայն գործի տեխնիկական կատարելությանը, այլ նաև բարդ, խորը սյուժեին, որը հասցեագրված է տարիքային բոլոր խմբերին: «Լավ դինոզավրը» դրամատիկ և գրավիչ մի պատմություն է Արլոյի մասին` 70-ֆուտանոց երիտասարդ դինոզավրի, որը մեծ սիրտ ունի: Երբ ինչ-որ ողբերգական իրադարձություն խառնաշփոթ է առաջացնում Արլոյի հանգիստ հարևանների շրջանում, նա ուղևորության է գնում խաղաղությունը վերականգնելու համար` ճանապարհին հանդիպելով անսովոր մի ընկերակցի` Սփոթ անունով տղային:

«Վիկտոր Ֆրանկենշտեյն» (օրիգինալ անվ.` Victor Frankenstein)

Սարսափ, ֆանտաստիկա, դրամա, ԱՄՆ, 2015 թ.

Ռեժիսոր` Փոլ ՄակԳիգան

Դերերում` Դենիել Ռեդկլիֆ, Ջեյսմ ՄաքԷվոյ, Ջեսիկա Բրաուն-Ֆինդլի, Չարլզ Դենս

Պրեմիերան Երևանում նոյեմբերի 26-ին

Անգլիացի գրող Մերի Շելլիի «Ֆրանկենշտեյնը կամ ժամանակակից Պրոմեթևսը» ֆանտաստիկ վեպը, որ գրվել է 1818-ին, հիմք է հանդիսացել մեծ քանակությամբ ֆիլմերի համար կինեմատոգրաֆի ամբողջ պատմության ընթացքում: Ավելին, «ստեղծածը ոչնչացնում է արարչին» շարքից ցանկացած պատմություն ինչ-որ առումով հիմնված է գրողի ստեղծագործության վրա: Փոլ ՄակԳիգանը որոշել է յուրովի վերափոխել խենթ գիտնականի պատմությունը. այս անգամ նրա էքպերիմենտները կցուցադրվեն Ֆրանկենշտեյնի օգնական Իգորի տեսակետից:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---