8  18.11.15 - Ռուսական «Կաստա» ռեփ խմբի համերգը Երևանում
10 փաստ, որ պետք է իմանալ «Կաստա» խմբի մասին

10 փաստ, որ պետք է իմանալ «Կաստա» խմբի մասին

Ռուսական հայտնի Կաստա հիփ-հոփ, ռեփ խումբը նոյեմբերի 18-ին համերգ կտա Երևանում: Քառյակը՝ Վլադին, Շիմը, Խամիլն ու Զմեյը կկատարեն ինչպես հին, այնպես էլ նոր երգեր:

Համերգին ընդառաջ PanARMENIAN.Net-ը 10 փաստ է հավաքել խմբի մասին, որոնք արժե իմանալ մինչև «Օպիում» ակումբում նրանց լսելու գնալը:

PanARMENIAN.Net - 1. 1995-ին Ռուսաստանի հարավի քրեական մայրաքաղաքի համբավն ունեցող նավահանգստային քաղաքում ստեղծվեց «Կաստայի» նախատիպը` «Պսիխոլիրիկ» խումբը: Երկու տարի անց, 1997-ի աշնանը, Ռոստովում մի քանի խումբ կար, որոնք գրագետ ռեփ էին մատուցում. ազդեցիկ ու խիստ տեքստեր հորինելով շրջակա միջավայրի, սեփական կյանքի վայրիվերումների մասին, նրանք կարդում էին հատուկ էներգետիկայով, որը հատուկ է Ռուսաստանի գավառական քաղաքների բնակիչներին: 1997-ի սեպտեմբերին այդ կոլեկտիվներից լավագույն հինգը միավորում ստեղծեցին, որը կոչեցին «Միավորված Կաստա»:

2. Ի սկզբանե խումբը ստեղծագործական միավորում էր «Միավորված Կաստա» անվանումով, և մոսկովյան Bad B Alliance-ի (Վլադ Վալով, Միխեյ) գլխավոր մրցակիցն էր, որի կազմում էր այդ ժամանակ նույնիսկ Բաստան (այն ժամանակ հայտնի լինելով Խրյու բեմական անունով), ինչպես նաև «Ավազե մարդիկ» (ռուս.՝ «Песочные люди»):

3. Բուն «Կաստա» բառն առաջարկեց ինքը Բաստան, սակայն վերջնական տարբերակը պատկանում է Վլադիին և Շիմին:

4. «Կաստայի» առաջին մեծ ելույթը 1999-ին էր` Մոսկվայի Rap Music 99 փառատոնում, որտեղ խումբն արժանացավ Գրան պրիի: Դրանից հետո խումբը սկսեց ավելի շատ շրջագայել, հիմնականում ելույթ ունենալով գիշերային ակումբներում:

5. 2002-ին թողարկվեց Կաստայի «Громче Воды, Выше Травы» (թարգ.՝ «Ջրից բարձր, խոտից ցածր») ալբոմը: Այն հաջողություն ունեցավ և մինչև նույն թվականի դեկտեմբերն արդեն գրեթե 100,000 օրինակ էր վաճառվել: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց ԶԼՄ-ներում: Բոլոր պարբերականներում, որոնք գրում էին ժամանակակից երաժշտության մասին, խմբի մասին հրապարակումներ հայտնվեցին: Այդ ռելիզի շնորհիվ Կաստան զգալիորեն ընդլայնեց երկրպագուների շրջանակը: Ամռանը տեսահոլովակ նկարահանվեց «Մաքսի մասին» թրեքի համար, որը 3 ամսվա ընթացքում չնահանջեց MTV չարթերից: Աշնանը թողարկվեց Վլադիի մեներգերի ալբոմը` «Что нам делать в Греции» (թարգ.՝ «Ինչ ունենք անելու Հունաստանում»), խմբի ամենաաղմկահարույց «Ревность»(«Խանդ») հիթերից մեկով հանդերձ: Հետո հայտնվեց Կաստայի նոր տեսահոլովակը` «Горячее Время» («Թեժ ժամանակը»), որը դարձավ «Հակաքիլլեր» բլոկբասթերի սաունդթրեքը:

6. 2004-ին խումբը հաղթեց MTV-ի Russian Music Awards-2004 «Լավագույն հիփ-հոփ, ռեփ նախագիծ» անվանակարգում, նմանատիպ անվանակարգում խումբը մրցակից չունեցավ նաև 2006-ին Մուզ ՏՎ-ի մրցանակաբաշխությանը:

7. 2010-ին MTV հեռուստաալիքը «MTV-ի լեգենդները» հատուկ անվանակարգում մրցանակը շնորհեց «Կաստային» Ռուսաստանում ժամանակակից երաժշտական մշակույթի ձևավորման և զարգացման վրա վճռորոշ ազդեցության համար:

8. Խմբի հաջողություններից բացի Վլադիի ալբոմներն ու Համիլի և Զմեյի ստեղծագործական տանդեմը նույնպես մեծ ճանաչում ստացավ:

9. Ֆիլմերի ցանկը, որոնց սաունդթրեքը Կաստան է ձայնագրել, հետևյալն է. «Հակաքիլլեր», «Ոչ ադեկվատ մարդիկ», «Ջունգլի», «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ», «Սուպեր Օլեգ», Odnoklassniki.ru:

10. 2014-ին խումբը թողարկեց 8 սինգլ` որպես մենակատարներ և ընդհանուր, որից 1-2-ը կընդգրկվեն Կաստայի նոր ալբոմում: Նույն թվականին խումբն առաջին անգամ համերգներով հանդես եկավ ԱՄՆ-ում:

 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---