«Անտոհմ գազանները». Դաժան պատմություն հասունացման և կորսված պատանեկության մասին

«Անտոհմ գազանները». Դաժան պատմություն հասունացման և կորսված պատանեկության մասին (վիդեո)

«Անտոհմ գազանները» դիտելուց հետո դատարկության և, միաժամանակ, ուրախության անհաղթահարելի զգացողություն է առաջանում` ուրախության, որ ծնվել ես այլ մայրցամաքում

Ամերիկյան Netflix-ը, որը հոսքային մուլտիմեդիայի միջոցով ֆիլմեր և սերիալներ ներկայացնող ընկերություն է, որոշել է համարձակ և ռիսկային էքսպերիմենտի գնալ: Որպես հիմք ընդունելով ամերիկաբնակ նիգերացի գրող Ուզոդինմա Իվեալայի առաջին վեպը և որպես բեմադրիչ հրավիրելով հայտնի ռեժիսոր Քերի Ֆուկունագուին, ընկերությունը ներկայացրել է Աֆրիկայի արևմուտքում քաղաքացիական պատերազմի մասին պատմող լիամետրաժ կինոնկար: «Անտոհմ գազաններ» (Beasts of No Nation) ֆիլմը կինոթատրոնների էկրաններին չի հայտնվի, այն ցուցադրվելու է հոսքային տեսածառայության միջոցով: Նման մոտեցումը տուրք չէ միայն կինոինդուստրիայում գլոբալ փոփոխություններին: Սա խորապես անձնական և ողբերգական կինոնկար է, որը լրահոսի պես, իր վավերագրականությունն ու համոզիչ լինելը բացահայտում է հենց հեռուստատեսային էկրանի միջոց

PanARMENIAN.Net - Ագու անունով պատանին ապրում է համեմատաբար բարեկեցիկ ընտանիքում, թեև ռեզերվացիայում: Քաղաքացիական պատերազմը, որը բռնկվում է այդ աֆրիկյան երկրում, անդրադառնում է փոքր ավանի առօրյա կյանքի վրա միայն ՄԱԿ զինվորների ներկայությամբ և այն փաստի սևեռուն գիտակցությամբ, որ փոթորկող պատերազմը վաղ թե ուշ կհասնի նաև քեզ: Նախաբանը մանկական հեքիաթ է հիշեցնում, որն ինքը Ագուն է պատմում: «Մեր ավանում ես լավ տղա էի համարվում, մեր ընտանիքն ամեն ինչ ուներ: Սակայն պատերազմը միշտ առանց թաելու է մտնում»: Հետո պատանին ակամայից հանդիսատեսի համար յուրօրինակ ուղեկցորդ է դառնում, որը փաստագրական հավաստիությամբ ցույց է տալիս «ձեռակերտ» դժոխքի բոլոր անկյունները:

Ռեժիսոր Ֆուկունագան չի շտապում բացահայտել անիմաստ պատերազմով բզկտված հողի բոլոր արյունահոսող վերքերը: Նա անշտապ խոսում է ապշած հանդիսատեսի առջև` միայն մասնակիորեն ցույց տալով էկրանին կատարվող դաժանությունները: Փոքր քաղաքի մասշտաբով գործված ցեղասպանությունը` անմեղ զոհերի աղաղակները, գլխավոր հերոսի երևակայությամբ կարմիրով ներկված թփուտները, ոտքով հարվածից մեռնող աղջկա աչքերում ծվարած մահը, աստծո և մոր հետ անընդհատ շփվելու Ագուի ցանկությունն ու հավերժական հարցը. «Տեր, միթե չես տեսնում ինչ է կատարվում»: Ահասարսուռ տեսարանի մյուս մասը հանդիսատեսն ինքն է պատկերացնում և դրանից այն ավելի ահավոր է դառնում:

Ֆիլմի հերոսի պարտադրված հասունացումը, նրա հրաժեշտը պատանեկությանը նման է տանջալից երկունթի: Մեկ վայրկյանում անհետացած մանկությունը դժոխային ցավերի մեջ է տառապում`կառչելով Ագուի գիտակցությունից և չցանկանալով լքել նրան: Տղամարդու կայացումն անցնում է պատանու անխուսափելի մահվան միջով, որը, վերջին շունչը փչելիս, գիտակցում է, որ աստված նրան այլևս չի լսում և երբեք էլ չի լսել: Նա իր կյանքը հանձնում է մոր հոգածությանը` միակ կենդանի էակին, որը միշտ իր կողքին կլինի: Այս պատմության վերջին ակորդը Ագուի զրույցն է հոգեբանի հետ. «Եթե ես պատմեմ ձեզ իմ պատմությունը, Դուք կմտածեք, թե ես հենց ստանան եմ, որ կամ: Եվ իրավացի կլինեք»:

Առանձին հիշատակման է արժանի դերասանների խաղը: Ագուի դերը դեբյուտային է Գանայից 15-ամյա դերասան Աբրամ Ատտայի համար: Չնայած տարիքին և փորձի բացակայությանը` պատանին համոզիչ խաղ է ցուցադրում, որի ստեղծած կերպարի իրականությանը չի կարելի չհավատալ: Բրիտանացի դերասան Իդրիս Էլբան հրամանատարի դերում կատարում է իր կարիերայի ամենաբարդ դերը` նրա ստեղծած կերպարն, անկախ բացասական լինելուց, լի է էներգետիկայով, արյունախում գիշատիչի նման:

«Անտոհմ գազաններում» աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա` առանց ավելորդ բարոյական խրատների ու պաթոսի: Այն պատմում է սովորական մարդկանց մասին, որոնք ապրում և սպանում են իրար մեր ընդհանուր մոլորակում: Կինոնկարն ի ցույց է դնում այն իրադարձությունները, որոնք ամեն օր կատարվում են իրական աշխարհում, անկախ նրանից, մեզ դա դուր է գալիս, թե ոչ, պատրաստ ենք մենք արդյոք հաշտվել դրա հետ, թե ամեն ինչ ժխտելու ենք դիտելուց անմիջապես հետո: Բայց ամեն անգամ, «Անտոհմ) գազանների» վերջին տիտրերը դիտելուց հետո դատարկության անհաղթահարելի զգացողություն է առաջանում և, միաժամանակ, ուրախության` որ ծնվել ես այլ մայրցամաքում:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---