Ձմեռնամուտ. 5 սերիալ, որոնք կարելի է դիտել ձմռանը

Ձմեռնամուտ. 5 սերիալ, որոնք կարելի է դիտել ձմռանը

Ձմեռը ոչ միայն երկար արձակուրդների և ամանորյա տոների շրջան է, այլ նաև հանգստի և լավ հեռուստատեսային պատմություններ դիտելու ժամանակ

Հայտնի «Քայլող մեռելները» սերիալի հերթական սեզոնի առաջին կեսը ավարտին է մոտենում: Սակայն հեռուստատեսային ինդուստրիան այս ձմեռ մեծ ընտրություն է առաջարկում ինչպես արդեն սիրված հեռուստասերիալների շարունակության, այնպես էլ նոր նախագծերի տեսքով: Ի վերջո ձմեռը ոչ միայն երկար արձակուրդների և ամանորյա տոների շրջան է, այլ նաև հանգստի և լավ հեռուստատեսային պատմություններ դիտելու ժամանակ:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով հեռուստացանկին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել այս ձմեռ:

«Մանկության ավարտը» (օրիգ. անվանումը`Childhood's End)

Սեզոն` 1

Հեղինակ` Նիկ Հուրան

Դերերում` Դեյզի Բեթս, Չարլզ Դենս, Օզի Իքհայլ, Ջուլիան ՄաքՄեհոն

Պրեմիերան դեկտեմբերի 14-ին

Ալիքը` Syfy

Գիտաֆանտաստիկ գրականության դասական Արթուր Քլարկի պաշտամունքային դարձած վեպի էկրանավորումը բավականին ռիսկային էր: Վեպի երկրպագուների բազմամիլիոնանոց բանակի ցասումը չառաջացնելու համար` Syfy հեռուստաալիքը որոշեց թողարկել միայն 7 էպիզոդ մինի-սերիալի ձևաչափով: Մյուս սեզոնների ճակատագիրը կորոշվի կախված առաջին սեզոնի վարկանիշից: Գիտաֆանտաստիկ սերիալի սյուժեն հետևյալն է. երբ Երկիր մոլորակը բնակեցրին խաղաղասեր այլմոլորակայինները, աշխարհն ընկղմվեց երանելի ուտոպիայի մեջ: Բոլոր պետական գործերը ստանձնեցին եկվորները: Մի կողմից թվում էր, թե ամեն ինչ իդեալական է, բայց ինչ գին պետք է վճարեն մարդիկ այդ ամենի համար:

«Տարածություն» (օրիգ. անվանումը` The Expanse)

Սեզոն` 1

Հեղինակներ` Ռոբերտ Լիբերման, Թերի ՄաքԴոնաֆ

Դերերում` Թոմաս Ջեյն, Սթիվեն Սթրեյթ, Քես Անվար, Դոմինիկ Տիպպեր

Պրեմիերան դեկտեմբերի 14-ին

Ալիքը` Syfy

Ամերիկյան Syfy ալիքի հերթական օրիգինալ գիտաֆանտաստիկ նախագիծն է, որը պատմում է ոչ այնքան հեռավոր ապագայի իրադարձությունների մասին: 200 տարի անց մարդկությունը սկսել է Տիեզերքի զավթումը, սակայն, չնայած հսկայական տեխնոլոգիական առաջընթացին, հանցագործությունները բացահայտելու համար նախկինի պես հրավիրում են փորձառու և հմուտ խուզարկուների: Դետեկտիվ Միլլերը սովոր է գործն ավարտին հասցնել: Սակայն հերթական հանցագործությունը հետաքննելու համար նա բախվում է տիեզերական մասշտաբի դավադրության հետ:

«Գաղութ» (օրիգ. անվանումը` Colony)

Սեզոն` 1

Հեղինակ` Կարլտոն Քյուս

Դերերում` Ջոշ Հոլլուոեյ, Սարա Ուեյն Քելլիս, Փիթեր Ջեկոբսոն, Ամանդա Ռիգետտի, Իզաբելլա Քրամփ

Պրեմիերան հունվարի 14-ին

Ալիքը` USA Network

«Ողջ մնալ» ֆիլմի ստեղծողներից մեկը նոր նախագիծ է մշակել հակաուտոպիայի ժանրում: Ոչ այնքան հեռավոր ապագայի Լոս Անջելեսը վերածվել է գաղութի, որն առանձնացած է մնացած աշխարհից բարձր պատով: Նոր կառավարությանը հավատարիմ քաղաքացիները չափավոր կյանք են վարում, իսկ անհամաձայնները ստիպված են ամեն օր կենաց ու մահու կռիվ տալ: Ուիլն ու Քեյթի Բոումենները կառավարությանը սատարողների թվում են, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ անհետանում է նրանց որդին: Երեխային վերադաձնելու համար Ուիլլը որոշում է վտանգավոր գործարք կնքել, ինչն անկանխատեսելի հետևանքներ է ունենում: Հեղինակների ակնհայտ զուգահեռները «Կփախչեմ Նյու Յորքից» ֆիլմի հետ և լավ դերասանական կազմը, թույլ են տալիս հուսալ, որ երկարաժամկետ նախագիծ կստացվի:

«Միլիարդները» (օրիգ. անվանումը` Billions)

Սեզոն` 1

Հեղինակներ` Բրայան Կոպպելման, Դևիդ Լևին

Դերերում` Դեմիեն Լյուիս, Փոլ Ջամատի, Մալին Աքերման, Դևիդ Կոստաբայլ, Թոբի Լեոնարդ Մուր

Պրեմիերան հունվարի 17-ին

Ալիքը` Showtime

Դրամատիկ սերիալը պատմում է հսկայական ֆինանսական մեքենայի աշխատանքին առնչվող մարդկանց բարդ փոխհարաբերությունների պատմությունը: Գործողությունը կատարվում է Նյու Յորքում, մեծ փողերի աշխարհում և պատմում է հեջ-ֆոնդերի հավակնոտ միապետ Բոբբի Աքսելրոդի և դաշնային դատախազ Չակ Ռոդսի դիմակայության մասին: Գերազանց դերասաններ Դեմիեն Լյուիսը (Նիկոլաս Բրոուդի «Հայրենիք» սերիալից) և Փոլ Ջամատին միանգամայն ունակ են իրենց ուսերին կրելու շոուն մի քանի սեզոն շարունակ: Կարևորն այն է, որ սյուժեն նույնքան հետաքրքիր ու գրավիչ լինի, որքան Showtime-ի արտադրության յուրաքանչյուր սերիալի դեպքում:

«Գաղտնի նյութեր» (օրիգ. անվանումը` The X-Files)

Սեզոն` 10

Հեղինակ` Քրիս Քարթեր

Դերերում` Դևիդ Դուխովնի, Ջիլիան Անդերսեն, Միչ Փիլեջի, Ուիլյամ Դևիս, Ջոել Մաքհեյլ

Պրեմիերան հունվարի 24-ին

Ալիքը` Fox

«Գաղտնի նյութեր» սիրված սերիալի վերջին` 9-րդ, սեզոնն ավարտվեց 2002-ի մայիսին: Հետո հայտնվեց երկրորդ լիամետրաժ «Ուզում եմ հավատալ» ֆիլմը, որը պրոդյուսերների համար ձախողված էր: 13 տարի անց շոուի անփոխարինելի հեղինակ Քրիս Քարթերը որոշեց վերակենդանացնել սերիալը. ըստ էության, շարունակությունը ոչ թե 10-րդ սեզոնն է, այլ մի նոր մինի-սերիալ, բաղկացած 6 էպիզոդից: Դևիդ Դուխովնին և Ջիլիան Անդերսոնը հերթական անգամ զբաղվելու են պարանորմալ պատահարների բացահայտմամբ արդեն 21-րդ դարի նոր իրողություններում:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---