Ծերության մեխանիզմները. Մարդիկ միևնույն կերպ չեն ծերանում

Ծերության մեխանիզմները. Մարդիկ միևնույն կերպ չեն ծերանում

Կենսաբանական տարիքը կարելի է վերահսկել սպորտի, կանոնավոր սննդի, կանոնավոր բժշկական հետազոտությունների և ծխելուց հրաժարվելու շնորհիվ

Ծերացումը մարդու օրգանիզմի մասերի և համակարգերի աստիճանական դեգրադացիայի կենսաբանական գործընթացն է և դրա հետևանքները:

PanARMENIAN.Net - Ֆիզիոլոգիական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում մարդու օրգանիզմում տարիքի հետ, առաջին հերթին դրսևորվում են կենսաբանական ֆունկցիաների նվազմամբ: Այդ ֆիզիոլոգիական փոփոխությունները սովորաբար ուղեկցվում են հոգեբանական և վարքագծային փոփոխություններով:

Գոյություն ունեն ծերացման բազում տեսություններ, որոնք բացատրում են գործընթացի մեխանիզմները: Պայմանականորեն դրանք կարելի է 2 խմբի բաժանել: Ըստ առաջինի` ծերացումը կենդանի օրգանիզմների անբաժան մասը չէ, այլ առաջացել է էվոլյուցիայի արդյունքում, որի նպատակն է, որ ծերացող և մեռնող օրգանիզմները կենսական տարածք ազատեն երիտասարդների համար: Ըստ երկրորդ խմբի` ծերացումը յուրաքանչյուր կենդանի օրգանիզմին բնորոշ և բնական գործընթաց է, որի էությունը բջջային վնասվածքների կուտակումն է, որոնց դեմ օրգանիզմն աշխատում է պայքարել:

Սակայն, ինչպես պարզել են գիտնականները, մարդիկ միևնույն կերպ չեն ծերանում, ոմանք ավելի արագ, մյուսներն` ավելի դանդաղ: Իրենց հետազոտությունը նրանք ներկայացրել են Proceedings of the National Academy of Sciences հանդեսի էջերին:

Ծերացման հետազոտումը ցույց է տվել, որ որոշ մարդկանց կենսաբանական տարիքն էականորեն տարբերվում է օրացուցայինից:

Դյուկի համալսարանի գիտնականների միջազգային խումբն ուսումնասիրել է 18 կենսամարկեր (բնութագրեր, որոնք օգտագործվում են որպես ամբողջ օրգանիզմի վիճակի ինդիկատոր), որոնց օգնությամբ կարելի է որոշել մարդու կենսաբանական տարիքն ու օրգանիզմի ծերացման արագությունը: Այստեղ կարևոր են` արյան ճնշումը, լյարդի և երիկամների գործունեությունը, մետաբոլիզմը, խոլեստերինի մակարդակը, սիրտանոթային համակարգի վիճակը, տելոմերների երկարությունը (քրոմոսոմների վերջութային հատվածները, որոնք կարճանում են բջիջների յուրաքանչյուր տրոհման հետ):

Հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են 954 բնակչի առողջության վիճակը: Աշխատանքն ընթացել է 12 տարի` երբ հետազոտման մասնակիցները 26-38 տարեկան են եղել:

Պարզվել է, որ որոշ մարդկանց օրգանիզմն իրական տարիքից երիտասարդ է, կարծես վերջին 12 տարիները ոչ մի կերպ չեն ազդել նրա վրա: Մյուսների վիճակն այդքան լավատեսական չէր: 38-ամյաների մեծ մասի մոտ կենսաբանական տարիքը 40-ից մի փոքր անց էր, ոմանց մոտ` նույնիսկ 50-ից անց, իսկ մեկի դեպքում` այն 61 էր: Դա նշանակում է, որ դիտարկման 12 տարում այդ մարդու օրգանիզմը սովորականից 2 անգամ ավելի արագ է ծերացել:

Ծերացման ֆիզիոլոգիական նշանները սովորաբար ավելի շուտ են ի հայտ գալիս, քան տարիքային հիվանդությունները: «Կենսաբանորեն ծեր» մարդիկ ավելի վատ են կատարում բալանսի և համակարգման թեստերը, ինչպես նաև անծանոթ խնդիրները:

«Արագ ծերացող մարդիկ դեռ հասուն տարիքում թուլանում են, կորցնում են տոկունությունը, նվազում են կոգնիտիվ ունակությունները, նրանք ավելի վատ են գնահատում իրենց առողջական վիճակը և տարիքից մեծ են երևում»,-նշում են հերոնտոլոգները:

Սակայն հետազոտողներն այլ բան են կարևորում` ապացուցվեց կենսաբանական մարկերների օգտագործման հնարավորությունը ծերացման գործընթացը չափելու համար միջին տարիքի հաճախորդների մոտ, որոնք դեռ շատ երիտասարդ են տարիքային հիվանդություններ նրանց մոտ հայտնաբերելու համար:

Գիտնականները նաև հայտարարում են, որ կենսաբանական տարիքը կարելի է վերահսկել սպորտի, կանոնավոր սննդի, կանոնավոր բժշկական հետազոտությունների և ծխելուց հրաժարվելու շնորհիվ: Այդ դեպքում նույնիսկ սթրեսային վիճակում առողջ ապրելակերպն օգնում է չեզոքացնել բացասական հետևանքներն ու պահպանել օրգանիզմի նորմալ գործունեությունը:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---