Սինթետիկ վիտամիններ. Օգտակա՞ր են, թե՝ վնասակար

Սինթետիկ վիտամիններ. Օգտակա՞ր են, թե՝ վնասակար

Վիտամինների լավագույն և ամենաարդյունավետ աղբյուրը թարմ միրգն ու բանջարեղենն է

Բժիշկների փորձն ու կլինիկական դիտարկումները վաղուց ի հայտ են բերել մի շարք այնպիսի հիվանդություններ, որոնք անմիջապես կապված են թերի սննդի հետ: Այդ է վկայում նաև տևական ճանապարհորդությունների մասնակիցների դարերի փորձը:

PanARMENIAN.Net - Հիվանդությունները, որոնք առաջանում են օրգանիզմում այս կամ այն վիտամինի պակասից, կոչվում են ավիտամինոզ: Հաճախ խոսքը գնում է որևէ կոնկրետ վիտամինի հարաբերական պակասի մասին: Այդպիսի հիվանդությունը կոչվում է հիպովիտամինոզ: Իր հերթին որոշ վիտամինների գերակայությունն օրգանիզնում կարող է առաջացնել հիպերվիտամինոզ կոչվող հիվանդությունը:

Օրգանիզմի համար գրեթե բոլոր կարևորագույն վիտամինները որոշվել և սինթեզվել են 20 դարի սկզբում: Սինթետիկ վիտամինների դարաշրջանին սկիզբ դրեց լեհ կենսաքիմիկոս Կազիմիր Ֆունկը, որին էլ պատկանում է վիտամին տերմինը:

Այժմ հայտնի է մոտ 20 վիտամին: Հաստատված է նրանց քիմիական կազմը: Դա հնարավորություն է տվել կազմակերպել վիտամինների արդյունաբերական արտադրություն ոչ միայն այդ վիտամինները պարունակող ապրանքների վերամշակման միջոցով, այլ նաև արհեստական` քիմիական սինթեզի օգնությամբ:

Սկզբից սինթետիկ վիտամինները կիրառվում էին միայն ավիտամինոզի կանխարգելման և բուժման համար վիտամինների պակասի բարձր ռիսկայնության խմբերում` նավաստիների, սուզանավորդների, բևեռախույզների, տիեզերագնացների, հեռավոր ավիացիայի օդաչուների շրջանում:

Սակայն, իրավիճակն արմատապես փոխվեց, երբ 20 տարի առաջ գիտնականները առաջ քաշեցին ազատ ռադիկալների թեզը: Ըստ այդ տեսության, օրգանիզմում տարբեր պատճառներով առաջանում են բարձր թթվային հատկություններով թթվածնի միացություններ, որոնք թթվայնացնում և քայքայում են բջիջների բաղադրիչ մասերն ու տարբեր հիվանդություններ առաջացնում: Սակայն կան այնպիսի նյութեր` հակաօքսիդանտներ, որոնք խափանում են թթվածնի ակտիվ միացությունները կամ ընդհանրապես թույլ չեն տալիս դրանց առաջանալ: Դա առաջին հերթին C, E վիտամիններն են և բետա-կարոտինը (պրովիտամին A): Հակաօքսիդանտները հատկապես շատ են մրգերում և բանջարեղենում, և հենց դրանցով է պայմանավորված մրգերի և բանջարեղենի օգտակարությունը: Ըստ այդ տեսության, հակաօքսիդանտները` А, С և Е վիտամիններն, անհրաժեշտ մասնաբաժինը 10-15 անգամ գերազանցող բաժիններով օգտագործելու դեպքում, կարող են պայքարել մարդկության գլխավոր թշնամիների` սիրտանոթային և քաղցկեղային հիվանդությունների դեմ:

Ուստի համաշխարհային հետազոտական կենտրոններն ուսումնասիրում են վիտամինների ազդեցությունն օրգանիզմի վրա:

Փորձեր են դրվել, երբ առողջ մարդկանց վիտամինային պրեպարատներ են նշանակվել, որոնց արդյունքներն անսպասելի եղան. որպես նորմալ, բազմազան սննդի հավելում ընդունվող վիտամիններն ավելի հաճախ անօգուտ են, նույնիսկ` վնասակար:

2003թ. «Լանցետ» բժշկական ամսագիրը հրապարակեց սրտաբան Մարկ Փենի հոդվածը, որն ամփոփել էր վիտամին E-ի և բետա-կարոտինի կիրառմամբ 1,5-12 տարվա ընթացքում 15 նման էքսպերիմենտի արդյունքները: Պարզվեց, որ փորձերի 82 հազար մասնակցի մոտ վիտամին E-ի լրացուցիչ բաժինները չեն նվազեցրել աթերոսկլերոզի, սրտամկանի կաթվածի և ինսուլտի հավանականությունը և չեն ավելացրել կյանքի տևողությունը: Բետա-կարոտինն, որից օրգանիզմը ստանում է A վիտամին, կիրառվելով 140 հազար առողջ մարդու մոտ, նույնիսկ մի փոքր ավելացրել էր նրանց մահացության ցուցանիշը: Գիտնականը նույնիսկ պահանջել էր դադարեցնել բետա-կարոտինով նման փորձերը:

Մեկ այլ էքսպերիմենտ անցկացվեց Իսրայելում: Այստեղ փորձում էին հասկանալ, թե արդյոք E և C վիտամիններ ընդունելու դեպքում, տարեց կանանց արյունատար անոթների պատումը կալցիումով կնվազի: էքսպերիմենտը տևեց 3 տարի: Մասնակիցների մի մասը ստանում էր վիտամինները, մյուս մասը` ևս, սակայն չեզոք նյութերի հետ: Արդյունքը հետևյալը եղավ` վիտամիններ ստացողների ավելի քան մեկ երրորդի մոտ, նստվածքն անոթների պատերին էքսպերիմենտի ավարտին ավելի շատացավ, քան նրանց մոտ, ով «փուչիկ էր» ստանում: Մասնակիցների կեսի մոտ ոչ մի տարբերություն չհայտնաբերվեց, և միայն 14 տոկոսի մոտ վիտամինները մի փոքր նպաստեցին կալցիումի կուտակմանն անոթների պատերին: Նման արդյունքներ են ստացել գիտնականներն ԱՄՆ Հարավային Կալիֆորնիայի համալսարանից. Վիտամին C-ի բարձր դոզաները հանգեցնում են գլխուղեղի արտերիայի պատերի հաստեցմանը:

Վերջերս հրապարակվել է 170.000 մարդու շրջանում կատարված սերբ, դանիացի և ամերիկացի գիտնականների համատեղ հետազոտությունը: Հետազոտման արդյունքում պետք է պարզվեր, թե արդյոք A, С և Е վիտամինների ընդունումը պաշտպանում է մարսողական օրգանները քաղցկեղից: Պարզվեց, որ այդ վիտամինների ընդունումը մի փոքր, սակայն միանշանակ բարձրացնում է նման ուռուցքների ռիսկը, իսկ հատկապես վտանգավոր է A և բետա-կարոտինի կոմբինացիան: Այն բարձրացնում է ստամոքսի քաղցկեղի ռիսկը 30 տոկոսով:

2004-ի աշնանը հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ շաքարախտով հիվանդ տարեց կանանց մոտ վիտամին C-ի ընդունումը կարող է նպաստել սրտի հիվանդությունների զարգացմանը:

Սրտի հիվանդությունների դեմ պայքարող գերմանական հիմնադրամը զգուշացում է թողարկել վիտամինների անօգուտ լինելու մասին նորմալ սնվող մարդու համար: «Վիտամինները չեն կանխում ոչ քաղցկեղը, ոչ սրտի կաթվածը, ոչ էլ բուժում են այդ հիվանդությունները»,-գրում է հիմնադրամի նախագահ, պրոֆեսոր Բեքքերը:

Անգլիացի իմունոգետ Թոնի Սեգալը գտնում է, որ ազատ ռադիկալներն ընդհանրապես բջիջները վնասող պատճառ չեն, այլ քիմիական ռեակցիաների երկրորդական արտազատում: Եվ հետո սխալ կլիներ ձգտել օրգանիզմում ազատ ռադիկալների ոչնչացմանը. արյան սպիտակ գնդիկներն օգտագործում են դրանք վարակից պաշտպանվելու համար: Վիտամիններից չի կարելի ակնկալել, որ դրանք պայքարելու են ազատ ռադիկալների հետ, վիտամինները շատ ավելի կարևոր դեր ունեն` մասնակցելով որպես կատալիզատորներ կենսաքիմիական ռեակցիաների:

Խոսքն, անշուշտ, սինթետիկ վիտամինների մասին է, որոնք նման են, սակայն համարժեք չեն բնականներին և օրգանիզմը զգում է այդ տարբերությունը: Արհեստական վիտամիններն այն օգտակար նյութերի ոչ լիարժեք փոխարինողներն են, որոնք առկա են թարմ մրգերում և բանջարեղենում: Դրանք կարելի է օգտագործել միայն այն ժամանակ, երբ բացակայում է բնական օրիգինալը, կամ, երբ ինչ-ինչ պատճառներով մեր սննդակարգն աղքատ է և միապաղաղ:

Եզրակացությունը հետևյալն է. վիտամինների լավագույն և ամենաարդյունավետ աղբյուրը թարմ միրգն ու բանջարեղենն է: Բուսական սննդի մեջ բնության կողմից բալանսավորված մոտ 10.000 այլ նյութեր կան: Մարդիկ, որոնք մեծ քանակությամբ բուսական սնունդ են օգտագործում, շատ ավելի առողջ են և երկար են ապրում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---