«Վաճառիր դա ինձ». Օրիգինալ մարքեթինգը կինոյում դուրս է մղում ավանդական մոտեցումները

«Վաճառիր դա ինձ». Օրիգինալ մարքեթինգը կինոյում դուրս է մղում ավանդական մոտեցումները

Գեղեցիկ փաթեթավորման շնորհիվ կարելի է ինչ ասես վաճառել: Իսկ ինչ-որ ինտրիգ մտցնելու դեպքում, սպառողն ավելին կպահանջի

Երբեմն կինոն գովազդելն այն նկարահանելուց ավելի դժվար է լինում: Կինոմարքեթինգը բազմաշերտ ու պատասխանատու ոլորտ է, քանի որ լավ գովազդն է շատ անգամ որոշիչ լինում կինոնկարի հետագա ճակատագրի համար: Հսկայական միջոցներ ներդնելով գովազդի համար`ստուդիաները հիմնականում ավանդական միջոցներով են դա անում և լայնածավալ գովազդային արշավը հազվադեպ է դուրս գալիս նախանշված սխեմաների շրջանակներից: Սակայն, վերջին շրջանում ի հայտ են եկել երիտասարդ և հավակնոտ շուկայագետներ, որոնք կոտրում են կարծրատիպերն ու միանգամայն նոր, օրիգինալ միջոցների դիմում: Նրանց շնորհիվ, երբեմն գովազդային արշավին հետևելն ավելի հետաքրքիր է լինում, քան կինո գնալը:

PanARMENIAN.Net - Նույնիսկ փոքր ինտրիգը գովազդային արշավում հրաշքներ է գործում. PanARMENIAN.Net ը ներկայացնում է օրիգինալ կինոմարքեթինգի մի քանի օրինակ:

Ցինիկ

Հենց ցինիզմն է «Դեդփուլ» մականունով գերհերոսի մասին նոր ֆիլմի գովազդային արշավի հիմքում: Կոմիքսների հայտնի կերպար Marvel-ը հանդուգն, դաժան ու ցինիկ հակահերոս է, և շուկայագետները կենտրոնացել են հենց նրա «արժանիքների» վրա` մանրակրկիտ կերպով կառուցելով ամենազարմանալի գովազդային արշավներից մեկը:

Հրապարակված պաստառներում Դեդփուլը ոչ միայն ծաղրում է կոմիքսների մյուս կերպարներին (որոնք հաճախ կոմիքսների բոլորովին այլ «աշխարհից» են), այլ նաև այլ ֆիլմերի հերոսներին: Բավականին արյունալի թրեյլերից հետո, գովազդային արշավն ավելի կոշտ դարձավ` տարբեր քաղաքներում հայտնվեցին բաններներ, շուկայագետները նույնիսկ Սբ Վալենտինի օրվան նվիրված «ռոմանտիկ» պաստառ ու թրեյլեր են մշակել` դրանով իսկ ծաղրելով երիտասարդական ռոմանտիկ ֆիլմերի սիրահարներին: Քանի որ «Դեդփուլը» «մեծահասակների համար» վարկանիշն ունի (հեղինակները բազմիցս են ասել, որ մտադիր չեն հրաժարվել դրանից), այդ փաստը հաճախ ներկայացվում է որպես ֆիլմի գլխավոր առավելություն:

Ագրեսիվ

Ձեռք բերելով Lucasfilm ընկերությունը` ամերիկյան Disney-ն անմիջապես սկսեց լեգենդար «Աստղային պատերազմների» շարունակության արտադրությունը: Հսկայական միջոցներ ներդնելով` ստուդիան շռայլ եղավ նաև մարքեթինգի գործում, սկսելով վերջին տարիների ամենաագրեսիվ գովազդային արշավներից մեկը:

Լայնածավալ գովազդային արշավը ներթափանցեց կյանքի գրեթե բոլոր ոլորտներ: Համագործակցելով ՏՏ ոլորտի հսկաների հետ` Disney-ն արագորեն ավելացրեց այն հարթակների քանակը, որտեղ կարող էր ծավալել «Աստղային պատերազմների» գովազդը: Google-ի հետ համատեղ ներկայացվեց Chrome բրաուզերի ընդլայնումը, որը թույլ է տալիս ընտրություն կատարել Ուժի երկու կողմի միջև: Ընտրելուց հետո բրաուզերի օգնությամբ կատարվող գրեթե բոլոր գործողությունները այսպես, թե այնպես ակնարկում էին սագան: Հետաքրքիր լուծում էր նաև բրաուզերային խաղի մշակումը, որը թույլ է տալիս օգտվել լուսային թուրից սմարթֆոնի օգնությամբ:

Լայնածավալ գովազդային արշավը տվեց իր պտուղները` այս պահի դրությամբ պատումի 7-րդ էպիզոդը համաշխարհային կտրվածքով հավաքել է արդեն $1.9 մլրդ` ետևում թողնելով բոլոր մրցակիցներին:

Խորհրդավոր

Այդպես է կոչվում «վիրուսային գովազդը»` հայտնի ռեժիսոր Ջեյ Ջեյ Ադամսի գլխավոր գրավականը: Նրա պրոդյուսերական նախագծերը նկարահանման ընթացքում գրեթե միշտ խորհրդավոր մշուշով են պարուրված և ինտրիգով, որը ժամանակ առ ժամանակ հայտնվում է համացանցում:

2008-ին էկրաններ բարձրացած ֆանտաստիկ «Հրեշը» (օրիգ անվ.` Cloverfield) մինչև վերջին պահը գաղտնիք էր կինոսերի համար. նույնիսկ դրամարկղի մոտ հանդիսատեսը պատկերացում անագմ չուներ, թե ինչ է ցուցադրվելու մեծ էկրանին: Մոտեցումը լիովին արդարացրեց իրեն: Կինոնկարի սիքվելի մասին խոսակցությունները չէին մարում տարիներ շարունակ, թեև վերջերս սկսել էին նվազել: Եվ հենց որ երկրպագուները կորցրեցին զգոնությունը, ինչպես ամպրոմը պարզ երկնքում, հայտնվեց 10 Cloverfield Lane խորհրդավոր նախագծի թիզեր-թրեյլերը և տեղեկությունն այն մասին, որ պրեմիերան տեղի կունենա 2016-ի մարտի սկզբին:

Չնայած, որ անվանումն արդեն բացահայտ հղում է պարունակում 2008-ի ֆիլմի վրա, տեսահոլովակը ոչ մի պատկերացում չի տալիս, թե ընդհանրպես ինչի մասին է ֆիլմը: Շատ հավանական է, որ սա հենց այն սիքվելն է, թեև դրանում չի կարելի մինչև վերջ վստահ լինել նույնիսկ պրեմիերայի օրը:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---