Հայկական Եգիպտոս․ Ինչպես հայ վեզիրները խելքի բերեցին Ֆաթիմյան խալիֆայությունը

Հայկական Եգիպտոս․ Ինչպես հայ վեզիրները խելքի բերեցին Ֆաթիմյան խալիֆայությունը

Դարեր շարունակ տարբեր օտար երկրներում հայտնված բազմաթիվ հայեր կարողացել են բարձր ռազմական ու վարչական պաշտոնների հասնել։

Հատկապես հայտնի է, որ հին ու միջին դարերում Բյուզանդիայում, նոր ժամանակներում՝ Ռուսաստանում ու եվրոպական երկրներում, իրենց կառավարչական հմտություններով ու քաջությամբ հռչակված շատ հայեր են եղել։

PanARMENIAN.Net - ը ներկայացնում է համեմատաբար քիչ հայտնի՝ միջնադարյան Եգիպտոսում հայկական մեկդարյա ներկայության պատմությունը։

11-12-րդ դարեր. հայ վեզիրների դարաշրջանը

Ժամանակակից Եգիպտոսի պատմության մեջ քաջ հայտնի է երկրի առաջին վարչապետ (խեդիվ), հետագայում ևս երկու անգամ այդ պաշտոնը զբաղեցրած Նուբար փաշան (նշանավոր գործիչ Պողոս Նուբարի հայրը)։ Սակայն հայերը Եգիպտոսի կառավարչի պաշտոնին «ծանոթ էին» դեռևս միջնադարում, երբ գրեթե մեկ ամբողջ դար միապետից հետո վեզիրի բարձրագույն պաշտոնում փաստացի իշխում էին այդ երկրում։ Ուշագրավ է, որ հայերը նման հաջողության են հասել Եգիպտոսի համար ծանր ու անկայուն ժամանակաշրջանում՝ զգալիորեն նպաստելով երկրի կայունացմանն ու հզորացմանը։

Ֆաթիմյան խալիֆայությունը ծաղկման ժամանակաշրջանում

Հայերը Եգիպտոսում սկսել են հաստատվել դեռևս մ․թ․ առաջին դարից։ 7-9-րդ դդ․ այստեղ զինվորական և պետական բարձր պաշտոններ են զբաղեցրել իսլամացած շատ հայեր՝ Վարդանը, Յահյա ալ-Արմանին և ուրիշներ։ Իսկ Ֆաթիմյան դինաստիայի օրոք (969-1171 թթ․) քրիստոնյաների նկատմամբ ցուցաբերվող զգալի հանդուրժողականության շնորհիվ հայերի մեծ հոսք է սկսվել դեպի այդ երկիր։ 11-րդ դարի կեսերին Ֆաթիմյան խալիֆների իշխանությունը խիստ թուլացել էր և փաստացի դարձել միայն անվանական։ Երկրի ռազմական իշխանությունը միմյանց հակադիր երեք խմբավորումների՝ բերբերների, սուդանցիների և թյուրքերի ձեռքում էր, մայրաքաղաք Կահիրեում դրության իսկական տերը թյուրքերն էին, որոնք չէին ենթարկվում խալիֆին։ Անելանելի դրության մեջ հայտնված խալիֆ ալ-Մուսթանսիրը, այլ ելք չգտնելով, օգնության խնդրանքով դիմեց հայազգի Բադր ալ-Ջամալիին։ Վերջինս մամլուքների դասից էր (մանուկ հասակում ստրկացված այլազգիներից բաղկացած զինվորականներ), ապա իր ընդունակությունների շնորհիվ դարձել էր Դամասկոսի էմիրության, այնուհետև պաղեստինյան Աքքա (Աքրա) քաղաքների կառավարիչ։

Ջույուշի մզկիթ, կառուցված Բադր ալ-Ջամալիի օրոք

1073 թ․ ալ-Ջամալին Ասորիքի հայերից բաղկացած իր զորաբանակով մտավ Կահիրե ու դարձավ վեզիր ու զորքերի գլխավոր հրամանատար։ Նա կարողացավ շատ արագ կարգուկանոն հաստատել՝ պատժելով բոլոր կենտրոնախույս ուժերին և նրանց հետ համագործակցած եգիպտացի պաշտոնյաներին։ Հայազգի վեզիրը ոչ միայն երկիրը դուրս բերեց քաոսից, այլև նոր շունչ հաղորդեց Ֆաթիմյան դինաստիայի իշխանությանն ու ռազմական հաջող գործողությունների շնորհիվ վերականգնեց ծայրամասերի նկատմամբ վերահսկողությունը։ Կառավարելով մինչև իր մահը (1094 թ.)՝ ալ-Ջամալին Եգիպտոսում գրեթե անսահմանափակ իշխանություն ուներ։ Նա աչքի ընկավ նաև որպես երկրի բարենորոգիչ ու շինարար։ Արաբ պատմիչ Մակրիզին նշում է, որ Կահիրեի պարիսպների ու դարպասների մեծ մասը կառուցվել է Բադրի ջանքերով, իսկ ճարտարապետները Եդեսիացի հայեր էին։ Մահմեդականացած Բադր ալ-Ջամալիի գլխավոր հենարանն ու իր բանակի կորիզը հայկական 7-հազարանոց հեծյալ ու հետևակ գնդերն էին։ Հայ զինվորներն իրենց ընտանիքներով տեղաբաշխված էին Կահիրեի առանձին թաղամասում։ Ընդհանրապես, Բադր ալ-Ջամալիի օրոք հայկական համայնքը Եգիպտոսում բարգավաճում էր՝ մեծապես շնորհիվ իր հայրենակիցների նկատմամբ նրա չափազանց բարյացակամ վերաբերմունքի։ Հայերը արտոնություն ստացան տներ ու նոր եկեղեցիներ կառուցելու Կահիրեում և այլուր։

Կահիրեի բերդի Բաբ ալ-Ֆութուհ դարպասը, կառուցվել է Բադր ալ-Ջամալիի օրոք

Ալ-Ջամալին այնքան մեծ հեղինակություն ու ազդեցություն ուներ, որ մահից հետո վեզիրի և զորքերի հրամանատարի պաշտոնը սահուն կերպով անցավ նրա որդուն՝ ալ-Աֆդալ Շահնշահին (1094-1121)։ Դեռևս հոր օրոք բարձր դիրքի հասած Աֆդալը էլ ավելի մեծ իշխանություն ուներ Եգիպտոսում՝ դառնալով երկրի փաստացի ու ամենազոր տիրակալը։ Խալիֆ ալ-Մուսթանսիրի մահից հետո, խախտելով գործող կարգը, նա իր հայեցողությամբ նոր գահակալ նշանակեց խալիֆի կրտսեր որդուն՝ ալ-Մուսթաալիին, նաև կարողացավ հաղթահարել այդ որոշման առաջ բերած հզոր դիմադրությունը։ Մի քանի տարի անց՝ վերջինիս մահից հետո, հայազգի վեզիրը նոր խալիֆ հռչակեց նրա հնգամյա եղբորը՝ ալ-Ամրին, և դարձավ նրա խնամակալը։ Իր իշխանության տարիներին ալ-Աֆդալն ավելի ամրապնդեց երկրի ներքին կայունությունը, որոշ ժամանակ նաև հաջող պայքար մղեց թյուրք-սելջուկների դեմ՝ վերահաստատելով Պաղեստինի վրա եգիպտական վերահսկողությունը, փորձեց նրանց դեմ համատեղ պայքարի դաշինք կնքել խաչակիրների հետ, սակայն ապարդյուն։ Հաջորդ հայ վեզիրը Աֆդալի որդի Ահմեդն էր, որը 1130 թ․ ապստամբության միջոցով անցավ իշխանության գլուխ և նույնիսկ բանտարկել տվեց նոր խալիֆին, խաղաղությամբ կառավարեց ավելի քան մեկ տարի։ Սակայն շուտով Ահմեդի դեմ ապստամբեց իր հոր որդեգիրը՝ Յանիս ալ-Արմանին, ով իշխեց մեկ տարի միայն։

Կահիրեի բերդի Բաբ Զուեյլա դարպասը` կառուցված Բադր ալ-Ջամալի օրոք

Բահրամ ալ-Արմանի․ Ֆաթիմյանների միակ քրիստոնյա վեզիրը

Եգիպտոսի բոլոր հայ վեզիրների մեջ առանձնահատուկ է Վահրամ Պահլավունու (Բահրամ ալ-Արմանի) դերը․ հայկական նշանավոր իշխանական տան ներկայացուցիչը Եգիպտոսի կառավարչի պաշտոնում հավատարիմ մնաց իր ազգային ծագմանն ու կրոնին։Ականավոր գործչի կյանքին ու գործունեությանը լայնորեն անդրադարձել է արաբ միջնադարյան մատենագրությունը։

Վահրամը ժամանակի Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի քրոջ որդին էր և Ներսես Շնորհալու հորեղբայրը: Հավանաբար Եգիպտոս է գաղթել Բադրի օրոք և մտել պետական ծառայության։ Երբ 1075 թ․ Գրիգոր Բ կաթողիկոսը խալիֆի հրավերով այցելում է Եգիպտոս, այդտեղ իր քրոջորդուն՝ Գրիգորիսին, ձեռնադրում է արդեն բավական մեծացած հայ համայնքի եպիոսկոպոս։ Շուտով Եգիպտոս եկան նաև վերջինիս եղբայրները՝ Վահրամն ու Վասակը, և մյուս եղբոր՝ Ապիրատի որդիները։ Վահրամի մասին արաբ պատմիչները առաջին անգամ հիշատակում են 1130-ականներին՝ որպես Նեղոսի դելտայի Ղարբիայի նահանգի կառավարիչ։

1135-ին, օգտվելով Եգիպտոսում տիրող քաոսային դրությունից, Վահրամը հայկական զորագնդով շարժվում է դեպի Կահիրե և ստիպում խալիֆ ալ-Հաֆիզին իրեն հանձնել վեզիրության պաշտոնը։ Նոր վեզիր Բահրամ ալ-Արմանին, ինչպես նրան անվանում էին եգիպտացիները, իրեն շրջապատեց մեծ թվով հայերով․ նրանց թիվը հասավ 2 հազարի։ Եղբայրը՝ Վասակը, նշանակվում է Վերին Եգիպտոսի Կուս (Քուշ) նահանգի նահանգապետ, վարչական մեծ պաշտոններ ստացան նաև նրա եղբորորդիները։ Կահիրեում Վահրամն իր տրամադրության տակ հայերից կազմված 20-հազարանոց զորաբանկ ուներ, որի ծախսերը պետությունն էր հոգում։ Վահրամ Պահլավունու օրոք հայկական համայնքը մեծ զարգացում ապրեց։ Կառուցվեցին նոր եկեղեցիներ ու վանքեր։ Նրա խրախուսական քաղաքականության շնորհիվ հայերի թիվը Եգիպտոսում աճեց՝ հասնելով ավելի քան 30 հազարի։

Սակայն շատ շուտով քրիստոնյա վեզիրի կառավարումը հարուցում է մոլեռանդ մահմեդական ավագանու դժգոհությունը։ Հաֆիզ խալիֆը Սիցիլիայի թագավորին գրած նամակում նույնիսկ նշում է, թե Վահրամի կողմից Կիլիկիայից հայկական զորագնդերի հրավիրումը «ինչ-որ սատանայական խորհրդի նշան է»։ Խալիֆն ու ավագանին արդեն հայերի ուժեղացման մեջ Ֆաթիմյան դինաստիայի համար լուրջ վտանգ էին տեսնում։ Վահրամի դեմ դժգոհության հոսանքը գլխավորեց Ղարբիայի նահանգապետ Ռիդուան իբն-Ուալախշին, որը, երեսուն հազար մոլեռանդ կամավորների գլուխ անցած, խալիֆի համաձայնությամբ 1137 թ․ արշավեց դեպի Կահիրե՝ «քրիստոնյա կառավարչից երկիրն ազատելու համար»։ Վահրամն իր հայկական զորագունդը միավորում է պետական զորքին և պատրաստվում ճակատամարտի, սակայն վճռական պահին պետական զորքն անցավ հակառակորդի կողմն ու կանխորոշեց հայ վեզիրի պարտությունը։ Վահրամն իր կողմնակիցներով հեռանում է Կիլիկիա, ապա խալիֆի թույլտվությամբ վերադառնում է Եգիպտոս ու հայկական մի փոքր զորաջոկատով քաշվում Վերին Եգիպտոսի Ճերմակ վանքը՝ դառնալով հոգևորական։

Հաջորդ վեզիր իբն-Ուալախշին կատաղի հալածանքներ սկսեց հայերի դեմ, նրա հրամանով մոլեռանդ ամբոխը ավերում և կողոպտում է հայկական թաղամասը։ Վասակը սպանվեց, իսկ հայերը ազատվեցին զբաղեցրած պաշտոններից։ Մյուս կողմից, նոր վեզիրն իր ապիկար գործունեությամբ զգալի հարված հասցրեց պետության վարչական ու տնտեսական քաղաքականությանը՝ վատթարացնելով երկրի վիճակն ու հարուցելով ժողովրդի դժգոհությունը։ Խալիֆն ստիպված էր 1240 թ․ Վահրամին կրկին հրավիրել արքունիք․ անսալով ալ-Հաֆիզի խնդրանքին՝ հայ գործիչը տապալեց իբն-Ուալախշիին ու անպաշտոն կերպով ստանձնեց վեզիրի պարտականությունները, սակայն մեկ տարի անց մահացավ և թաղվեց մեծագույն պատիվներով։

Վահրամի մահվանից հետո, թեև դարձյալ հայազգի վեզիրներ եղան, սակայն հայ գաղութն այլևս չբարգավաճեց։ Վերջին հայ վեզիրները Ռուզիքների ընտանիքից էին՝ Թալայ բին Ռուզիքն ու որդին՝ Իբն Ռուզիք Սալիհը, որոնք 1154-63 թթ․ հաջորդաբար կառավարեցին Եգիպտոսը։ Հայկական զորամասերը ցրվեցին Այուբյանների ու առաջին խալիֆի՝ Սալահ ադ-Դինի կողմից։ Հաջորդ դարաշրջանում թեև եղան հայազգի գործիչներ և մեկ վեզիր, սակայն նրանք արդեն կտրել էին իրենց կապը հայության հետ։

Օգտագործված աղբյուրներ․

Գ․ Մըսրլեան, Ականավոր հայեր Եգիպտոսի մէջ, Կահիրե, 1947 M. Canard, Bahram, Enc. de l’Islam, 1960, t. I Ա․ Ալպոյաճեան, Արաբական միացյալ հանրապետության Եգիպտոսի նահանգը և հայերը, Կահիրե, 1960

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---