Հին Հայաստանի բժշկությունը. Անվճար բուժում, բացահայտումներ և գիտական առաջընթաց

Հին Հայաստանի բժշկությունը. Անվճար բուժում, բացահայտումներ և գիտական առաջընթաց

Հայերը հնում բավականին խորը գիտելիքներ են ունեցել բժշկության ոլորտում

Հայաստանում քրիստոնեության տարածման շրջանում նոր հավատի մոլեռանդ երկրպագուները ոչնչացնում էին հեթանոսական տաճարները, որոնք բացի պաշտամունքի վայր լինելուց, նաև եզակի գիտելիքների` դարերով կուտակված գիտական մտքի շտեմարաններ էին: Տաճարներում էին պահվում մարդկային կյանքի բոլոր ոլորտներին` աստղագիտությանը, մաթեմատիկային, բժշկությանը, մետաղագործությանը, ճարտարապետությանը, ռազմագիտությանը, գինեգործությանը, հողագործությանն առնչվող գիտելիքները: Արդյունքում սերունդների համար չպահպանվեց տեղեկությունների մի մեծ շերտ, ինչպես նաև բազում գյուտեր ու հետազոտություններ, որոնք ավելի ուշ հարկ եղավ նորից բացահայտել: Բացի այդ, բազում տեղեկություններ, այդ թվում բժշկագիտության ոլորտից, տեղափոխվեցին հարևան երկրներ, ուր փախան, ջարդերից փրկվելով, քրմերը:

PanARMENIAN.Net - Բժշկությունը Հայաստանում սկիզբ է առնում դարերի խորքից: Արարատյան թագավորության (Ուրարտու) և ավելի վաղ շրջանի հնագիտական պեղումների արդյունքները (բրոնզե դարի բժշկական գործիքներ, վիրահատության հետքերով գանգեր, մոր և մանկան քարե և մետաղյա պատկերներ, որը համարվում էր մայրության և պտղաբերության խորհրդանիշ, և այլն) վկայում են, որ բժշկությունը հին Հայաստանում բավականին զարգացած է եղել: Հայերը հնում բավականին խորը գիտելիքներ են ունեցել բժշկության ոլորտում: Հնագիտական պեղումների ժամանակ նույնիսկ 6-հազարամյա վաղեմության պլոմբած ատամ է հայտնաբերվել:

Դարեր շարունակ բժշկական գործունեությունը սերտորեն կապված է եղել կրոնի, պաշտամունքի, տաճարների հետ: Այդ շրջանը բժշկագիտության պատմության մեջ կոչվում է քրմական կամ տաճարային բժշկություն: Այդ դարաշրջանում բժիշկների թվում նաև կանայք են եղել:

Հին Հայաստանի բժիշկները կատարել են վիրահատություններ, կիրառել են դա և խաղաղ պայմաններում, և մարտի դաշտում` հեռացնելով նետերը, մետաքսի թելով կարելով վերքերը, դադարեցնելով արյունահոսությունը: Հնագետները պեղել են բազմաթիվ վիրաբուժական գործիքներ` լանցետներ, լավիտներ, մկրատներ, սայրեր և այլն: Վիրահատական գործողությունների ժամանակ օգտագործվել են միջոցներ, որոնք նվազեցնում էին հիվանդի մոտ ցավի զգացողությունը` ափիոն, բանգ, կանեփ, մանրագորի արմատներից պատրաստված թուրմ:

Հիգիենիկ խորհուրդներ էին տրվում կանանց հղիության և ծծնդաբերության շրջանի համար, մշակվել էին միջամտության ձևերը ծանր ծննդաբերության դեպքում, պտղի սխալ դիրքի դեպքում: Այն ժամանակվա բժիշկները ծանր ծննդաբերության դեպքում պտղի դիրքը փոխելու փորձեր էին անում, կեսարյան հատում և պտղահատում (էմբրիոտոմիա):

Հայաստանը հայտնի է եղել իր դեղաբույսերով, որոնք արտահանվում էին Արևելքի և Արևմուտքի բազմաթիվ երկրներ և ընդգրկվել են հնագույն դեղագիտարաններում: Այլ ժողովուրդներ հայկական բժշկությունից են փոխառել հայկական կավը (bolus armena), բորակը, անուշադիրը: Կիրառվում էին նաև երկաթի միացությունների պարունակցությամբ որոշ դեղամիջոցներ մի շարք հիվանդությունների բուժման համար, որոնք կիրառվում են մինչ օրս: Դեղամիջոցների ցանկում իր ուրույն տեղն ունեին սնդիկի միացությունների պարունակությամբ դեղամիջոցները, որն արդյունահանվում էր Հայաստանում, այդ թվում` կինաբարը: Հերոդոտոսը, Ստրաբոնը, Քսենոփոնը, Տացիտոսն իրենց նկարագրություններում հիշատակում են հայկական դեղաբույսերի բուժիչ հատկությունները:

Պատմաբան Մովսես Խորենացին (V դ.) գրում է, որ հայոց Վաղարշակ թագավորը (II դար մ.թ.ա) Տայքի և Կողի ճահճոտ վայրերում այգիներ և բուրաստաններ է հիմնել: Հայաստանի վայրի բնության մեջ հանդիպող բուժիչ բույսերն աճեցվում էին նաև հատուկ պարտեզներում, որ հիմնվել էին Արտաշես թագավորի (I դար մ.թ.ա.) նախաձեռնությամբ: Պոնտոսի թագավոր Միհրդատը՝ (Հայոց արքա Տիգրան II ազգականը) հին աշխարհի ականավոր բժիշկ և թունագետը, իր հռչակավոր հակաթույնը պատրաստում էր Հայաստանի դեղաբույսերից:

Չնայած այն հանգամանքին, որ հնագույն ժամանակաշրջանում հայտնի ոչ բոլոր գիտելիքներն են պահպանվել, միջնադարյան հայ բժշկությունը եղել է ժամանակի առաջավոր բժշկագիտության դիրքերում։

Հայ բժշկին բարձր բարոյական պահանջներ էին ներկայացվում` աղքատները անվճար բուժում ստանալու իրավունք ունեին: Հիվանդին մերժած բժիշկը զրկվում էր իր կոչումից:

3 դարում հայկական վանքերին կից բացվեցին առաջին քաղաքացիական բուժական հաստատություններն ու ապաստաններ չքավորների համար, որոնք պահվում էին բնակչության հաշվին: Աշտիշատի եկեղեցական ժողովը (365 թ) որոշեց` «Վարակիչ հիվանդությունների տարածվելը կանխելու համար՝ հիմնել բորոտների համար բորոտանոցներ, հիվանդների համար հիվանդանոցներ, հաշմանդամների և կույրերի համար՝ ապաստաններ»: Որոշման մեջ ասվում էր` այդ հաստատությունները պահելու համար հարկեր ու տուրքեր սահմանել քաղաքների ու ավանների համար, նշանակել ծառայողներ և հսկիչներ: Ամեն մի ավանում…հիվանդանոց բացել»: Առավել հայտնի էին Սեբաստիայի և Կեսարիայի հիվանդանոցները, որոնք ունեին հիվանդասենյակներ, մեկուսարաններ ու ապաստաններ:

Հայ բժիշկներն ակտիվ գործունեություն են ծավալել նաև Մերձավոր Արևելքում: Առաջին հիվանդանոցը ժամանակակից իմաստով բացվել է Բաղդադում 800 թ.: Խալիֆ Հարուն ալ Ռաշիդի նախաձեռնությամբ հիվանդանոցը բացել է հայ բժիշկ Ջիբրաիլ իբն Բահտիշին:

Անիի, Սանահինի, Հաղպատի համալսարաններում դասավանդվում էր ոչ միայն աստվածաբանություն, փիլիսոփայություն, այլ նաև բնական գիտություններ, այդ թվում` բժշկություն: Այն տարիներին կուտակված փորձը ավելի ուշ իր արտացոլումը գտվալ հայտնի բաժիշկներ Միխթար Հերացու (ХII դ.), Ամիրդովլաթ Ամասիացու (XV դ.), Գրիգորիսի (ХII դ.) աշխատություններում: Նրանց աշխատություններում նկարագրված են բազմաթիվ հիվանդությունների ընթացքը, առաջացման պատճառները ու բուժման միջոցները` այդ գիտելիքները եզակի են այն ժամանակվա համար: Օրինակ, ««Ջերմանց մխիթարություն» գրքում Հերացին որոշ տենդային վիճակների առաջացումը կապում է «բորբոսային» գործոնի հետ: Այսինքն, ինչպես նկատել է բժշկագիտության պատմության դոկտոր Լևոն Հովհաննիսյանը, նա «առավելագույնս է մոտեցել վարակիչ հիվանդությունների առաջացման պատճառներին մանրէների հայտնագործությունից շատ առաջ»:

Եվս մեկ հետաքրքիր փաստ, որը վկայում է հայ բժշկության առաջընթացի մասին` հռոմեացի բժիշկ Գալենը (I դար) կարծում էր, որ սիրտը մկանային հյուսվածք չէ: Նա բացատրում էր դա նրանով, որ հակառակ դեպքում, չէր կարողանա այդքան բարդ գործառույթ կատարել: Եվրոպայում այդ տեսակետը գերիշխում էր մինչև XVI դ.: Լեոնարդո դա Վինչին կարծում էր, որ սիրտը կռճիկի է նման, իսկ հայ բժիշկներն արդեն XI դարում գիտեին, որ սիրտը հատուկ հարթ մկաններից է բաղկացած:

Արդեն Կիլիկյան Հայաստանում (XI-XIV դ.) բժշկությունը պետական կարևորության գործ էր համարվում: Նախկինում միայն վանքերին կից գործող հիվանդանոցները, Կիլիկյան թագավորության շրջանում, հայտնվեցին պետության հովանու ներքո: Բժշկանոցներին կից գործում էին բարձրագույն բժշկական դպրոցներ: Այստեղ երիտասարդ մասնագետները գործնական և տեսական գիտելիքներ էին ստանում, դասավանդվում էր մարդակազմություն և ֆիզիոլոգիա: Այդ են հաստատում Մատենադարանում պահվող ավելի քան 100 ձեռագրերը:

Բազում տեղեկություններ կան նաև բժշկության այնպիսի յուրահատուկ ոլորտի մասին, ինչպիսին է դատական բժշկությունը: Դրա մասին կարելի է տեղեկություններ գտնել միջնադարյան հայկական դատաստանագրքերում: Օրինակ, Մխիթար Գոշի դատաստանագրքում, եթե կինը վիժել էր հարվածի հետևանքով, թույլատրվում էր հետազոտել ինչպես պտուղը, այնպես էլ տուժածին: Դա թույլ էր տալիս պարզել, թե արդյոք հղիությունն ընդհատվել է հարվածից, թե որևէ այլ պատճառով: Բացի այդ, որոշվում էր հղիության ժամկետը, որից կախված էր հանցագործի պատժի աստիճանը: Ի դեպ,այն ժամանակ արդեն հատուկ ուսումնասիրություններ էին իրականացվում` պարզելու համար վնասվածքների և դրանց հաջորդած մահվան պատճառահետևանքային կապը:

Ձեռագրերում նույնիսկ վկայություններ կան մի օրենքի գոյության մասին, որի համաձայն որոշ դեպքերում բժիշկների մասնակցությունը հանցագործությունների հետաքննությանը պարտադիր է եղել:

Ցավոք, Կիլիկյան թագավորության անկումից հետո Հայաստանը դարեր շարունակ զրկված է եղել սեփական գիտությունը զարգացնելու հնարավորությունից: Այդ շրջանում գիտնականներից շատերը գաղթել են այլ երկրներ` հիմք ստեղծելով արդեն եվրոպական գիտական մտքի զարգացման համար:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---