Հայկական ստարտափի ստեղծած տեխնոլոգիան նպաստում է գյուղատնտեսության արտադրողականության աճին

Հայկական ստարտափի ստեղծած տեխնոլոգիան նպաստում է գյուղատնտեսության արտադրողականության աճին

Գյուղատնտեսությունն էկոնոմիկայի ամենամեծ ու կարևոր հատվածն է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում

Ժամանակակից աշխարհում պարենային անվտանգության խնդիրը շատ արդիական է: Գլոբալ կլիմայական փոփոխություններն ու բնակչության թվաքանակի մշտական աճը ստիպում են գիտնականներին գյուղատնտեսության օպտիմալացման նորանոր միջոցներ մշակել` նվազագույն ծախսով հնարավորինս մեծ բերք ստանալու ակնկալիքով: Այսպես կոչված «ավանդական» գյուղատնտեսությունը դադարում է արդյունավետ լինել: Նոր լուծումներ է առաջարկում նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտը` օգտագործելով մարդկային մտքի վերջին նվաճումները: Հայկական Eco Technology սկսնակ ընկերությունը, հիմք ընդունելով նորագույն մշակումները պոլիմերիզացիայի ոլորտում, ստեղծել է AquaSource կոչվող պրոդուկտը:

PanARMENIAN.Net - Eco Technology-ի ղեկավար Աշոտ Բաղդասարյանը PanARMENIAN.Net ին է ներկայացրել AquaSource-ի հնարավորությունները:

Եթե կարճ` ստարտափը մշակել է գյուղատնտեսության և դեկորատիվ այգեգործության համար նախատեսված կենսաքայքայվող աբսորբենտի արտադրության տեխոնոլգիա: Տեսքից AquaSource-ը փոշենման զանգված է հիշեցնում, որի յուրքանչյուր հատիկը մոտ 3 մմ է: Ջրի (լինի դա սովորական ջուր, գոլորշի, մառախուղ, ցող, ցանկացած խոնավություն) առկայության դեպքում նյութն արձագանքում է և անմիջապես սկսում է ներծծել խոնավությունը: Աբսորբենտի յուրաքանչյուր հատիկը` գրանուլան, կարող է մեծանալ 350-400 անգամ, այսինքն AquaSource-ը ներծծում է 400 մգ ջուր: Եվ ամենակարևորը` AquaSource-ը ջուրը տրամադրում է «ըստ պահանջի», որտեղ այս դեպքում պահանջողի դերում կարող են լինել բույսի արմատները, հողը, ինչ ասես:

«Ինչպես պարզվեց հետագայում, AquaSource-ը կիրառելի է ոչ միայն գյուղատնտեսության, այլ նաև բոլորովին այլ ոլորտներում` երբ անհրաժեշտ է վերացնել ավելորդ խոնավությունը: Ծաղկաբուծության, գյուղատնտեսության ոլորտում այս նյութի շնորհիվ բույսերը ջրելու անհրաժեշտությունը կրճատվում է 50-60 տոկոսով: Ավելի խոնավ շրջաններում կրճատումը կարող է հասնել մինչև 80 տոկոսի: Որպես հետևանք, բերքատվությունն աճում է 40 տոկոսով: Անշուշտ, ամեն ինչ կախված է հողից, կլիմայից, նրանից, թե որքան մասնագիտորեն է այն օգտագործվում»,-ասել է զրուցակիցը:

AquaSource-ի շնորհիվ արմատային համակարգի տակ առկա է լինում հեղուկի մշտական պաշար: Սովորական գյուղատնտեսության մեջ բույսերը ջրում են ոչ միայն դրանք ջրով ապահովելու համար: Հողի մեջ գտնվող սննդարար միկրոտարրերը պետք է լուծվեն ջրի մեջ ու հասնեն արմատներին: Հաշվի առնելով, որ հողը Հայաստանում հիմնականում վատորակ է, ջրելու համար օգտագործվում է ջրի հսկայական քանակ, ինչն անարդյունավետ է, քանի որ հաճախ կարևոր տարրերն ավելի խորը հողի մեջ են անցնում: AquaSource-ը ներծծում է ջրում լուծված սննդարար տարրերն ու լրացուցիչ պարարտանյութերը` դանդաղեցնելով սննդարար նյութերի արտահոսքը հողից: Արդյունքում, արմատը, ծակելով մեծացած գրանուլան, մշտական սնունդ է ստանում: Դա կարելի է պատկերացնել արմատային համակարգի տեսքով, որի յուրաքանչյուր արմատ իր «տանկերն» ունի, որից բույսը սնվելու է միայն այն ժամանակ, երբ անհրաժեշտ է:

«Ջրից և սննդարար տարրերից բացի, արմատները պետք է նաև օդով հագենան: Պատկերացրեք գրեթե չշնչող կավահող: AquaSource-ի գրանուլան, «տեսնելով» ջուրը, ներծծում է այն` մեծանալով և ցրելով հողը: Բույսի արմատը մտնում է գրանուլայի մեջ, ներծծում է ջուրը, որից հետո գրանուլան նորից փոքրանում է` փոսորակ թողնելով հողի մեջ: Արդյունքում, արմատի տակի հողը փխրուն է դառնում` շնչող»,-ասում է Աշոտ Բաղդասարյանը:

AquaSource-ը կարող է գործել հողում 7 տարի` այդ ընթացքում նրա հատկությունները չեն կորչում: Մեկ տարվա ընթացքում գրանուլաների 10-15 տոկոսը տրոհվում է սննդարար նյութերի, որոնք ևս ներծծվում են բույսի կողմից: AquaSource-ի կենսաքայքայվող պոլիմեր է, և, անկասկած, աշխարհում կան դրա նմանակները: Սակայն, բոլորի հիմքում կանցերածին ակրիլամիդն է: AquaSource-ում այն չկա:

Ըստ Բաղդասարյանի, միակ խնդիրը, կապված AquaSource-ի հետ, տեխնիկական է և կապված է կիրառման հետ:

«Գոյություն ունի կիրառման 2 եղանակ: Առաջինը` չոր վիճակում AquaSource-ն օգտագործվում է, եթե գյուղացին ինչ-որ բան է տնկում կամ ցանում: Այսինքն, փորած փոսի մեջ է լցվում նյութի որոշոկի քանակ սերմերի հետ միասին: Սակայն աճող բույսերի` ծառերի, թփերի դեպքում, հարկավոր է ներարկում անել` AquaSource-ը նախապես խառնել ջրի հետ, ներծծել որոշակի համամասնությամբ, ծակոտիներ անել բույսի շուրջ և մեծ ճնշման տակ ներարկել արմատային համակարգի մեջ: Ստեղծվել է ներարկման հատուկ տեխնոլոգիա ձեռքով աշխատելու համար, սակայն խոշոր ցանքատարածությունների կամ այգիների դեպքում, հարկավոր է ավելի օպտիմալ ինչ-որ բան մշակել»:

Eco Technology թիմը շահել է 50 տոկոսով համաֆինանսավորվող դրամաշնորհը, որը հատկացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնարդմի կողմից տեխնոլոգիական մրցույթի շրջանակներում` ՀԲ և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---