Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում. Ամերիկյան հավաքածուները

Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում. Ամերիկյան հավաքածուները

Հայկական մշակույթը հազարամյակների հարուստ պատմություն ունի:

Տարբեր պատճառներով հայկական նյութական մշակույթի բազմաթիվ նմուշներ տարածվել են աշխարհով մեկ և այժմ պահպանվում ու ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում:

PanARMENIAN.Net - ը շարունակում է ներկայացնել ԱՄՆ-ի թանգարաններում ցուցադրվող հայկական մշակութային ժառանգությունը։

Շարքի նախորդ հոդվածում անդրադարձել էինք Ամերիկայի հայկական թանգարանին, որը Հայաստանի պատմության թանգարանից և Երուսաղեմի Հայոց պատրիարքության թանգարանից հետո հայկական թանգարանային ամենակարևոր հավաքածուն է։ ԱՄՆ-ի հայ համայնքին պատկանող մյուս խոշոր թանգարանը Արարատ-Էսքիջյան թանգարանն է։ Այն հիմնադրվել է 1996 թվականին Լոս Անջելեսում ճարտարապետ, բարերար Լյութեր էսքիջյանի կողմից՝ հայոց մշակութային և պատմական ժառանգությունը պահպանելու և ապագա սերունդներին փոխանցելու, ինչպես նաև կրթական-հետազոտական գործունեություն ծավալելու նպատակով։

Արարատ-Էսքիջյան թանգարանում գործում է նաև Հայոց ցեղասպանության հարցերն ուսումնասիրող հետազոտական կենտրոն և գրադարան։ Թանգարանում առկա են նաև այլ՝ հին եգիպտական, չինական, հռոմեական, բյուզանդական, պարսկական, ամերիկյան հնդկացիների, պարսկական մշակույթները ներկայացնող ցուցանմուշներ, Ջորջ Վաշինգտոնի փորագրանկարների բնօրինակներ։

Թանգարանի մուտքի առջև տեղադրված է «Մոխիրներից հառնող Մայր Հայաստան» բրոնզաձույլ արձանը (մտահղացումը և նախագիծը՝ Լյութեր էսքիջյանի), որի կրկնօրինակը գտնվում է Երևանում` Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում։

Թանգարանում հայկական նյութական մշակույթը ներկայացված է բավական լայնորեն։ Ցուցադրությունը ներառում է հնագիտական և պատմական (ուրարտական ժամանակաշրջանից մինչև մեր օրերն ընդգրկող), դրամագիտական (նախաքրիստոնեական, հնագույն, միջնադարյան, բյուգանդական ժամանակաշրջանի, ինչպես նաև Հայաստանի երեք հանրապետությունների դրամներ) բազմաթիվ նմուշներ, Հայոց ցեղասպանությանը վերաբերող զանազան փաստաթղթեր, գրականություն, միջնադարյան և ավելի ուշ շրջանի քարտեզներ, լուսանկարներ և այլն։

Հատկապես հարուստ է հայ ժողովրդական արվեստը ներկայացնող և ազգագրական մեծ արժեք ներկայացնող ցուցանմուշների հավաքածուն։ Ցուցադրված են 19-րդ դ․- 20-րդ դ․ սկզբի ձեռքի աշխատանքներ, տարազներ, գորգեր, զանազան կենցաղային իրեր, երաժշտական գործիքներ, տարբեր ժամանակների գեղանկարչական և քանդակագործական ստեղծագործություններ։

Բացի ներկայացված թանգարաններից, հայ մշակույթի բազմաթիվ գանձեր՝ առանձին նմուշներով կամ հավաքածուներով, ներկայացված են նաև ԱՄՆ այլ թանգարաններում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում։

Մասնավորապես միջնադարյան հայ մանրանկարչության եզակի նմուշներ կան Բալթիմորում գործող Ուոլթերի գեղարվեստական թանգարանում (Walters Art Gallery, Baltimore)։ Այստեղ են պահվում հայ մանրանկարչության՝ մեզ հասած հնագույն նմուշներ պարունակող 966 թ․ «Թարգմանչաց ավետարանը» (ընդօրինակող՝ Սարգիս), նշանավոր մանրանկարիչ Թորոս Ռոսլինի ծաղկած մի Ավետարան (1262 թ․), նույն թվականով թվագրվող «Սեբաստիայի ավետարանը» (ձեռ․ հեղ․՝ անհայտ): Թանգարանում պահվում է նաև 1475 թ․ թվագրվող արծաթապատ և կիսաթանկարժեք քարերով զարդարված գեղեցիկ կազմով մի ձեռագիր։

Լոս Անջելեսի Փոլ Գեթի թանգարանում պահվում է 1256 թ․«Զեյթունի ավետարանը»։

Հայ մանրանկարչության նմուշներ են պահվում նաև Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահում ( Freer Gallery of Art, Washington)՝ Կիլիկիայի նշանավոր գրչության կենտրոններից Գռների վանքում ստեղծված Ավետարանից (1263 թ.), Թորոս Ռոսլինին վերագրվող Ավետարանից (1268 թ․), 13-րդ դարով թվագրվող մեկ այլ Ավետարանից, ինչպես նաև 15-րդ դարի վերջով թվագրվող մանրանկարներ և այլ նմուշներ։

Փոքր չէ նաև Նյու Յորքի նշանավոր Մետրոպոլիտեն թանգարանի հայկական հավաքածուն, որտեղ ներկայացված է ավելի քան 100 ցուցանմուշ՝ ձեռագործ ժանյակներ, տարազներ, ձեռագրեր, եկեղեցական սպասք, կարպետներ, հագուստի նմուշներ և այլն։ Հատկապես տպավորիչ է գեղարվեստական շքեղ ձևավորմամբ կանացի կոշիկը (19-րդ դ․)։

Ֆիլադելֆիայի պատկերասրահում ներկայացված են հիմնականում հայկական գորգեր և ասեղնագործության նմուշներ, ինչպես նաև՝ Հովհ․ Այվազովսկու և Արշիլ Գորկու ստեղծագործություններից։ Ցավոք, ակնհայտորեն հայկական գորգագործության նմուշները ներկայացված են որպես թուրքական («անատոլիական»՝ ըստ ստեղծման վայրի) կամ «կովկասյան»․ վերջին դեպքում նշված է գորգի տեսակը՝ Վիշապագորգ, և ստեղծման վայրը՝ Շուշի։

Վերջապես, Ամերիկյան դրամագիտական միության հավաքածուների մեջ առկա են նաև հայկական դրամներ՝ հատված Արտաշեսյան արքաներ Տիգրան 1-ինի, Տիգրան 2-րդ Մեծի և Արտաշես 2-րդի կողմից։

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---