Ադրբեջանցի «շամանների» անիմաստ պարերը

Ադրբեջանցի «շամանների» անիմաստ պարերը

Բաքուն այդպես էլ դասեր չքաղեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից այլ հարթակ տեղափոխելու բազմամյա անիմաստ փորձերից:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանակ առ ժամանակ հանկարծ սկսում է դժգոհել ԵԱՀԿ ՄԽ գործունեությունից` ի դեմս համանախագներ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի: Դժգոհության նոպաների արանքում Ադրբեջանի նախագահը միանգամայն նորմալ է շփվում միջնորդների հետ, համենայնդեպս, առերևույթ այդպես է` չի բոյկոտում բանակցությունները, չի մերժում հանդիպման հրավերները:

PanARMENIAN.Net - Բաքվին անհաճո ցանկացած իրավիճակում ադրբեջանական քարոզչությունն Ալիևի գլխավորությամբ իր ամբողջ «մաղձը» թափում է միջնորդների գլխին:

Այս անգամ այդպիսի իրավիճակ ստեղծվեց ԵԽԽՎ-ում բրիտանացի պատվիրակ Ռոբերտ Ուոլթերի ներկայացրած հակահայկական բանաձևի մերժման արդյունքում:

ԵԽԽՎ-ում զեկույցի քննարկմանն ընդառաջ ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ արեց վեհաժողովին զերծ մնալ բանակցային գործընթացին վնասող գործողություններից: «ԵԱՀԿ Մինսկի խումբը հիմնախնդրի լուծման ու բանակցությունների միակ ձևաչափն է: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, բայց հորդորում ենք չձեռնարկել այնպիսի քայլեր, որոնք կվնասեն ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ կբարդացնեն շարունակվող բանակցային գործընթացը»,- նշվում է համանախագահների հայտարարության մեջ:

ԵԽԽՎ անդամներն ականջալուր եղան միջնորդներին և զեկույցը մերժվեց: Դա ամենևին դուր չեկավ Բաքվին, որը փաստացի «կերակրում էր» Ուոլթերին նավթադոլարներով շաղախված սև խավիարով:

Բայց քանի որ բացահայտ վրդովվել այն հանգամանքով, որ բրիտանացի պատգամավորն արժանին չմատուցեց խավիարի դիմաց, մի տեսակ «անհարմար էր», Բաքուն իր ամբողջ հիասթափությունը բարդեց Մինսկի խմբի վրա: Իլհամ Ալիևն ուղղակի մեղադրեց միջնորդներին Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» բանաձևը տապալելու մեջ:

«Համանախագահները ճնշում էին գործադրում, որպեսզի այդ հարցը չքննարկվի: Հենց այդ սադրիչ գործողությունների հետևանքով մենք զրկվեցինք բանաձևի ընդունման համար անհրաժեշտ 4 քվեից: Ուստի, ինչ գնահատական կարելի է տալ Մինսկի խմբի համանախագահներին: Միայն բացասական»,-ասել է Ասանժը:

Անշուշտ, Ալիևի մտքով անգամ չանցավ, որ դա ԵԽԽՎ խորհրդարանականների խելամտության կամ անաչառության արդյունքն է: Ամենից հեշտ էր նրանց մեղադրելը:

«Համանախագահների այսօրվա գործունեությունը միանգամայն անիմաստ է: Նրանք ոչ միայն ճնշում չեն գործադրում Հայաստանի հանդեպ, այլ նաև պաշտպանում են հնարավոր խնդիրներից: Տեսեք, թե ինչ արդյունք ունեցավ նրանց սադրիչ գործունեությունը Եվրոպայի խորհրդի վերջին լսումներում: Հարց է առաջնում. նրանք ո՞ւմ տեղն են իրենց դրել»,-բողոքել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահից չցանկացավ հետ մնալ նաև այդ երկրի ԱԳ նախարարը: Էլմար Մամեդյարովը «դժգոհություն» հայտնեց համանախագահների աշխատանքից` ասելով, որ բողոքի նամակ է հղել համանախագահ երկրների ԱԳՆ-ներ` նշելով , որ «Լեռնային Ղարաբաղի հետ կապված ցանկացած հարցի արծարծում Ադրբեջանի անձնական գործն է: Ոչ ոք չի կարող դրան միջամտել: Նրանք չեն կարող ճնշում գործադրել եվրոպացի խորհրդարանականների վրա: Դա անտրամաբանական է»:

«Համանախագահների նամակը Ստրասբուգ միայն ծիծաղ է առաջացնում»,-ասել է նա:

Իսկ եթե, անկեղծ, ծիծաղելի են Ադրբեջանի «պարզերես դուրս գալու» ճիգերը:

Բաքուն այդպես էլ դասեր չքաղեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից այլ հարթակ տեղափոխելու բազմամյա անիմաստ փորձերից: Անընդհատ նույն արդյունքը ստանալով, ադրբեջանական ղեկավարությունը վաղուց արդեն պետք է հասկանար` միջազգային հանրության համար միակ ընդունելի ձևաչափը Մինսկի խումբն է; Եվ իրավիճակը փոխելու բոլոր փորձերը մատնված են անհաջողության:

Սակայն ադրբեջանցի բարձրաստիճան «շամանները» նույն եռանդով շարունակում են անիմաստ ծիսական պարերը խարույկի մոտ:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---