Զինվել համբերությամբ, մերժել կարծրատիպերը

Զինվել համբերությամբ, մերժել կարծրատիպերը

Ինչ մարտահրավերներ են ծառացած հայկական ստարտափերի առջև

Փետրվարի 5-ին Երևանում մեկնարկել է Startup Europe Week 2016 Yerevan միջոցառումը, որի նպատակն է համախմբել ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին և նպաստել երկրում մեկնարկած սկսնակ ընկերությունների միջավայրի զարգացմանը: Միջոցառմանը մասնակցում են ստարտափերի հայկական էկոհամակարգի գլխավոր «դերակատարները»: Քննարկումների ժամանակ ի հայտ կգան կարևոր խնդիրներն ու խոչընդոտները, որոնց բախվում են ՏՏ ոլորտի սկսնակ ընկերությունները:

PanARMENIAN.Net - «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը միջոցառումն աննախադեպ է համարում ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար: Ըստ նրա, դա թույլ կտա դիտարկել Հայաստանը որպես ՏՏ ոլորտի նոր ընկերությունների տեխնոլոգիական զարգացման կարևորագույն հանգույցներից մեկը Եվրոպայում: Զուգահեռաբար նման միջոցառում է անցկացվել 340 քաղաքում` այսօրվանից Երևանը դարձավ այդ մեծ էկոհամակարգի մասը, ինչին շատ քիչ քաղաքներ են կարողացել հասնել տարածաշրջանում:

«Դա չի նշանակում, որ գլոբալ էկոհամակարգին անդամակցում են առաջինը հայտ ներկայացրած քաղաքները: Այն փաստը, որ այսպիսի միջոցառում է անցկացվում Հայաստանում, վկայում է, որ մենք ասելիք ունենք աշխարհին: Մենք փայլուն ընկերություններ ունենք, որոնք արդեն հայտնի են ամբողջ աշխարհին և դարձել են մեր երկրի այցեքարտը: «Ստարտափերի եվրոպական շաբաթի» անցկացումը Երևանում նոր էջ է բացում մեր ընկերությունների համար: Մենք արդեն միայնակ չենք: Ստարտափերի գլոբալ էկոհամակարգի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են: Մեզ ցույց կտան, թե ինչպես են այսօր այդ խնդիրները լուծվում աշխարհում և, հավանաբար, մենք ևս ասելիք կունենանք»,-ասել է Ենգիբարյանը` ելույթ ունենալով միջոցառման մասնակիցների առջև:

Ըստ նրա, Հայաստանում հարկավոր է բարենպաստ միջավայր ստեղծել մասնավոր հատվածի, պետության, հասարակական կազմակերպությունների և տարբեր հիմնադրամների միջև համագործակցության համար: Առանց կողմնակի աջակցության ստարտափին շատ դժվար կլինի համբերությամբ զինվել ու գոյատևել: «Առաջին հերթին` մենք պետք է հասկանանք մեր խնդիրները: «Ստարտափերի եվրոպական շաբաթը» դրա համար շատ հետաքրքիր հարթակ է: Գոյություն ունեցող չափանիշները նույնն են բոլոր մասնակից քաղաքների համար, որտեղ անցկացվում է միջոցառումը: Դա նշանակում է, որ մենք կկարողանանք համեմատել մեզ աշխարհի զարգացած քաղաքների հետ, որտեղ կան բարենպաստ պայմաններ ստարտափերի զարգացման համար: Դա թույլ կտա հասկանալ, թե ինչն է մեզ պակասում: Վստահ եմ, ուրիշներն էլ մեզանից սովորելու բան կունենան»,-ասել է հիմնադրամի ղեկավարը:

Երևանը միայն սկիզբն է: Աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ նաև Գյումրիում, Վանաձորոմ և Կապանում: Հաջորդ միջոցառումների ժամանակ նրանք ևս կկարողանան ներկայացնել աշխարհին իրենց նվաճումները: Այս ամենն, անշուշտ, ոգեշնչում է: Հայաստանում ստարտափերի զարգացմանը խոչընդոտող գործոնների մասին Բագրատ Ենգիբարյանը պատմել է PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում: Նա պարզաբանել է, որ դրանք ոչ թե խոչընդոտներ են, այլ մարտահրավերներ, քանի որ եթե առկա խնդիրները լուծում չստանան, զարգացում ուղղակի չի լինի:

Ցանկացած սկսնակ ընկերության թիվ մեկ խնդիրը ֆինանսավորման մեխանիզմների առկայությունն է: Հայաստանում փորձ արվեց ստեղծել առաջին վենչուրային հիմնադրամը: Առաջին համաֆինանսավորվող դրամաշնորհները տրամադրվեցին 34 ընկերության Երևանում, Գյումրիում և Վանաձորում, որոնց հաջողության ցուցանիշը 70 տոկոս է: Սակայն, դա միայն մեխանիզմների առկայության և սկսնակ ընկերությունների հետ աշխատանքի մեթոդների ցուցադրություն էր: Ամենամեծ մարտահրավերն այդ մեխանիզմի ծավալների ընդլայնումն է: Հայաստանում 34 ստարտափ ֆինանսավորող այդպիսի մի քանի հիմնադրամ պետք է լինի: Հարկավոր են հարյուրավոր սկսնակ ընկերություններ: Մեր բախտն ուղղակի բերեց, որ հաջողության տոկոսը հասավ 70-ի: Ամբողջ աշխարհում այդ ցուցանիշը չի գերազանցում 30 տոկոսը:

Երկրորդ մարտահրավերը կապված է բիզնես վարելու մշակույթի հետ: Ստարտափերի դեպքում գործող բանկային, վարկային մտածողությունը` «փող եմ տվել, վերադարձրու արդյունքի տեսքով, թե չէ գրավը կվերցնեմ», չի աշխատում: Ֆինանսավորումից հետո հարկավոր է արդյունքը դիտարկել հեռանկարում, ընդհանուր ներկապնակի համատեքստում, ոչ թե յուրաքանչյուր ստարտափի: Իսկ դա պահանջում է`ճիշտ ընտրություն և համբերություն, քանի որ աշխարհում չկա այնպիսի ստարտափ, որն, օրինակ, կարող է հաջողության հասնել ասենք 2 տարում:

«Եվս մեկ խնդիր կա կապված կրթական համակարգի փոփոխության հետ: Մեր կրթական համակարգը նպատակ է դնում պատրաստել լավ գիտելիքներ ունեցող մարդկանց, սակայն, դա բավարար չէ: Պետք է փոխել մոտեցումը դպրոցում, բուհում` պետք է պատրաստել ստեղծագործ մարդկանց: Չէ որ ստարտափը պատվերներ կատարող չէ: Նա, ով ստարտափ է ստեղծում, պետք է հասկանա, թե որտեղ կարող է կիրառել իր գաղափարը, որն, իր հերթին, անընդհատ ձևափոխվում է: Ստարտափի դեպքում զարգացումը չի ենթադրում որևէ բանի ուղղում, շտկում: Հետևելով շուկային, սկսնակ ընկերությունը ճանապարհի կեսից կարող է միանգամայն այլ, նոր ուղղություն ընտրել: Նրանց հասանելի է ամբողջ գլոբալ տեղեկատվությունը, ուստի ընտրության հետ խնդիրներ չեն լինի»,-ասել է Ենգիբարյանը:

Մտածել նշանակում է չվախենալ, ինքնավստահ լինել: Ըստ հիմնադրամի ղեկավարի, Հայաստանում խնդիր կա կապված հասարակության մտածելակերպի հետ: «Մենք մի դեպք ունեցանք, երբ ծնողները ստիպեցին երիտասարդին հրաժարվել իր ստարտափի ստեղծումից և աշխատանքի անցնել գործող խոշոր ընկերությունում` ստանալով 300-400 000 աշխատավարձ: Դրանով նա լուծեց իր ընտանիքի խնդիրները, բայց ոչ իր: Այսպիսի մտածելակերպով շատ բարդ կլինի զարգացնել միջավայրը, քանի որ ստարտափի դեպքում համբերություն է հարկավոր: Այն փայլուն ընկերությունները, որոնք իրենց ուրույն տեղն են զբաղեցրել աշխարհի քարտեզում, հասել են այդ արդյունքին համառ և երկարատև աշխատանքի շնորհիվ»:

Անշուշտ, այդ ամենին անհնար է հասնել միայն մասնավոր հատվածի ջանքերով: Հարկավոր է մասնավոր հատվածի և պետության համագործակցություն: Նման գործակցության լավ դրսևորումներից մեկը կարելի է համարել անցյալ տարի ՀՀ կառավարության և Microsoft ընկերության միջև համաձայնագրի ստորագրումը, որի համաձայն ՏՏ ոլորտի համաշխարհային հսկան Հայաստանում կբացի մոբայլ լուծումների և ամպային տեխնոլոգիաների կենտրոն ստարտափերի համար: Դա նշանակում է, որ խոշոր ընկերությունը և կառվարությունը կարողացան Հայաստանի շուկա ներմուծել ոչ թե վաճառքի, այլ նորի ստեղծման բաղադրիչ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը

ՀՀ նախագահն ու Apple-ի Քուքը քննարկել են ՏՏ ոլորտում գործակցությունը Հանդիպումն անցել է Դավոսի համաժողովի շրջանակում

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս