Հայկական գորգն ու եվրոպական Վերածնունդը. Մաս 1

Հայկական գորգն ու եվրոպական Վերածնունդը. Մաս 1

Հայկական գորգագործական մշակույթը հազարամյակների պատմություն ունի։ Հնագիտական տվյալների ու գրավոր աղբյուրների, ինչպես նաև մշակութաբանական հետազոտությունների հիման վրա հայտնի է, որ այն դարեր շարունակ լայնորեն հայտնի է եղել նաև հարևան ու հեռավոր երկրներում։

Բավական է նշել, որ աշխարհում գորգի մինչև այժմ հայտնի ամենավաղ նմուշը՝ Ալթայում գտնված «Պազիրիկ» գորգը (մ․թ․ա․ 5-րդ դ․), առնվազն «որդան կարմիր» ներկով ներկված լինելու հանգամանքով, ինչպես նաև իր գեղազարդման համակարգով հետազոտողների կարծիքով առնչվում է Հայկական լեռնաշխարհին։

PanARMENIAN.Net - Գորգը դարեր շարունակ բարձր է գնահատվել տաբեր երկրներում, այդ թվում՝ միջնադարյան Եվրոպայում, որտեղ այն նաև պատկերվել է բազմաթիվ նկարիչների հարյուրավոր գործերում։ PAN-ը մաս առ մաս ներկայացնում է առավել ուշագրավ ստեղծագործությունները։

Հայաստանում գորգագործական մշակույթը միջնադարում մեծ զարգացման է հասել հատկապես 8-14-րդ դարերում, և հենց այդ ժամանակաշրջանում էլ հայկական գորգը բարձր է գնահատվել ու արտահանվել է արաբական, ապա նաև եվրոպական երկրներ՝ դառնալով ընդհանրապես բարձրարժեք գորգի հոմանիշ ու հարստության ցուցանիշ։ Միջնադարյան արաբ պատմագիրները վկայել են, որ «խալի» («կալի») բառը ծագում է հայկական Կարին քաղաքի անունից, որը արհեստների, մասնավորապես գորգագործության խոշոր կենտրոն էր։ Իսկ Հ․ Աճառյանի և այլ հետազոտողների կարծիքով, հայկական քաղաքներից, մասնավորապես Կիլիկիայից դեպի Եվրոպա գորգի արտահանման հետ մեկտեղ, հայկական «կարպետ» բառն անցել է եվրոպական լեզուներ (carpet)։

Հայկական գորգը Եվրոպայում հայտնվելով՝ 13-14-րդ դարերից սկսած դարձել է նախավերածննդյան և Վերածննդի շրջանի եվրոպական մեծ թվով նկարիչների ստեղծագործության օբյեկտ։ Այն պատկերվել է նախ քրիստոնեական թեմատիկայով, ապա նաև Վերածննդին բնորոշ աշխարհիկ թեմաներով բազմաթիվ (մի քանի հարյուրի հասնող) գործերում՝ հիմնականում որպես ազնվականների, մեծահարուստների պալատները, ինչպես նաև քրիստոնեական տաճարները զարդարող տարր։ Հայկական գորգերն ու կարպետներն այդ գործերի մեծ մասում հանդես են գալիս ոչ թե որպես կողմնակիորեն պատկերված երկրորդական մի դետալ, այլ իբրև հիմնական բովանդակությունը ներդաշնակորեն լրացնող, յուրահատուկ շունչ ու կոլորիտ հաղորդող և որ ամենակարևորն է՝ իմաստավորված ու խորհրդանշական տարրեր։

Լիպո Մեմմի

Եվրոպական միջնադարյան արվեստում հայկական գորգի պատկերման մասին խոսելիս անհրաժեշտ է նշել մի կարևոր հանգամանք։ Ընդհանրապես արվեստագիտության մեջ Վերածննդի արվեստի համատեքստում ընդունված է առավել ընդհանրական՝ «արևելյան կարպետ» (Oriental carpet) հասկացությունը՝ նկատի ունենալով վերոնշյալ ստեղծագործություններում պատկերված մերձավորարևելյան ծագում ունեցող ցանկացած տեսակի գորգագործական նմուշ՝ թե քրիստոնեական, թե մահմեդական մշակույթների կողմից ստեղծված։ Ամբողջ հարցն այն է, որ 19-րդ դարի վերջից ու հաջորդ դարասկզբից սկսած, երբ Եվրոպայում կտրուկ մեծացավ արևելյան ծագում ունեցող գորգերի նկատմամբ հետաքրքրությունը, և դրանց ուսումնասիրությունը դրվեց գիտական հիմքերի վրա, թերևս ոչ առանց որոշակի քաղաքական համատեքստի, գերմանացի, ամերիկացի, ապա նաև թուրք հետազոտողները (Կ . էրդման, Շ․ Էդքին և այլք) արևելյան գորգերի համակարգում լայն շրջանառության մեջ դրեցին «սելջուկյան», «անատոլիական», «քոչվորական» գորգ հասկացությունները, որոնք 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած մերժվել կամ քննադատության են ենթարկվել շատ գորգագետների կողմից։ Սակայն արդյունքում այսօր Արևմուտքում հաճախ որպես սելջուկյան կամ անատոլիական են ներկայացվում հայերի, հույների, ինչպես նաև ասորիների կամ արաբների կողմից ստեղծված գորգագործական նմուշները՝ գերազանցապես հաշվի առնելով միայն դրանց ստեղծման աշխարհագրությունը կամ ժամանակաշրջանը։

Տադեո Գադդի, սուրբ Էլոյ

Բացառություն չէ նաև Վերածննդի արվեստի արևելյան գորգերի պատկերման հարցը։ Այնուամենայնիվ, հիմնելով մի շարք հետազոտական աղբյուրների վրա՝ ներկայացնենք նախավերածննդյան և Վերածննդի վաղ շրջանի (13-15-րդ դդ․) եվրոպական նկարիչների գործերում հենց հայկական գորգերի պատկերման մի շարք օրինակներ։ Ուշագրավ է, որ ավստրիացի արվեստաբան Ալոիզ Ռիգլի (Alois Riegl) համոզմամբ՝ «Իտալիա և ապա Հոլանդիա ներմուծված հայկական գորգերի յուրահատուկ երանգավորումը ազդել է ողջ եվրոպական գեղանկարչության վրա»:

Հանս Մեմլինգ

Հատկանշական է, որ հայկական հորգի տիպաբանության մեջ առանձին տեսակներ պայմանականորեն կոչվում են Վերածննդի մի շարք նկարիչների անուններով, որոնք իրենց կտավներում պատկերել են դրանք ներկայացնող ժամանակաշրջանի բնորոշ գորգեր։ Այդ սկզբունքով առանձնացվում են, մասնավորապես, «Հոլբայն», «Մեմլինգ», «Գիրլանդաո», «Լոտտո» տիպերը։

Գիրլանդաիո. Սբ Զենոբիուսն ու Սբ Իուստուսը երկրպագում են Տիրամորն ու մանկանը; Գահին նստած Տիրամայրը սրբերի հետ

Նախավերածննդյան շրջանի (13-14-րդ դդ․) եվրոպացի նկարիչների կողմից հայկական գորգի ու կարպետի պատկերման առաջին օրինակներից նշենք մի քանիսը։ Դրանցից են «Ավետման հրաշքը» (անհայտ նկարիչ, Ֆլորենցիա, 1252 թ․), «Կենաց ծառը» (անհայտ նկարիչ, Սիենա, մոտ․ 1300թ․), որտեղ պատկերված գորգերը ամերիկացի արվեստաբան Լորեն Առնոլդի կարծիքով Իտալիա են հասել Նախիջևանից ու Կիլիկիայից, Ջոտտոյի 1330 թ. տրիպտիխը, «Մոգերի երկրպագությունը» որմնանկարը, Լիպո Մեմմիի «Աստվածածինը մանկան հետ» նկարը, Ամբրոջո Լորենցետիի «Աստվածամայրը գահի վրա», «Լավ կառավարման այլաբանությունը» որմնանկարները, Տադեո Գադդիի «Սուրբ Էլոյ» նկարը (1360թ․, Պրադո, Մադրիդ) և այլն։ Այս շրջանում մեծ թիվ են կազմում երկրաչափական պատկերներով, նաև խիստ ոճավորված, գծային կենդանական (թռչուններ, վիշապ, ֆանտաստիկ կերպարներ), կյանքի ծառի խորհրդանշական պատկերներ: Մոտավորապես 1250-1455 թթ. ավելի քան 40 եվրոպական կտավներում ու որմնանկարներում պատկերված են կենդանական պատկերներով գորգեր (որոնց զգալի մասը ենթադրաբար հայկական է), որոնցում առկա է նաև հայկական վիշապագորգի մոտիվը։

Վան Էյկ. «Տիրամայրը մանուկ Հիսուսի, սրբերի և կանոնիկոս Պալեի հետ», Լուկայի տիրամայրը

Վաղ Վերածննդի նկարիչների նմանատիպ գործերից նշենք հոլանդացի Յան Վան Էյկի «Տիրամայրը մանուկ Հիսուսի, սրբերի և կանոնիկոս Պալեի հետ» (1436թ․, Խրունինգե թանգարան, Բրյուգգե), «Լուկայի տիրամայրը», (1436թ., Ֆրանկֆուրտ), գերմանա-ֆլամանդացի Հանս Մեմլինգի «Տիրամայրը մանկան հետ Սբ Հակոբի և Սբ Դոմինիկի միջև» (1488–1490թթ․), իտալացի Դոմինիկո Գիրլանդաիոյի «Գահին նստած Տիրամայրը սրբերի հետ» (1486թ․, Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) և «Սբ Զենոբիուսն ու Սբ Իուստուսը երկրպագում են Տիրամորն ու մանկանը» (1483թ․, Ուֆիցի պատկերասրահ, Ֆլորենցիա) կտավները։

Շարունակությունը` այստեղ:

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---