Գառնի, Գեղարդ` գուցե նո՞ր ուղղություններ

Գառնի, Գեղարդ` գուցե նո՞ր ուղղություններ

Հայկական առցանց հարթակը թույլ է տալիս զբոսաշրջիկներին անհատական տուրեր ձևավորել և ընտրել լավագույն զբոսավարին

Փոքր Հայաստանը հարուստ է տեսարժան վայրերով, ուստի առաջին անգամ երկիր այցելած զբոսաշրջիկը բավականին բարդ ընտրության առջև է կանգնում: Լայն ընտրության հնարավորությունը հաճախ թույլ չի տալիս կողմնորոշվել, իսկ զբոսաշրջային գործակալությունները հիմնականում առաջարկում են ճանաչված ու ստանդարտ երթուղիներ: Իսկ եթե՞ օտարերկրացին ցանկանում է լինել այն վայրերում, որոնք նախատեսված չեն երթուղով: Դիմե՞լ տարբեր զբոսաշրջային գործակալություններին` կորցնելով թանկարժեք ժամանակը, ստանալով ոչ միանշանակ գնային առաջարկներ և չիմանալով ինչի հետ կարելի է դրանք համեմատել: Ո՞վ կլինի ձեր զբոսավարը և որքանո՞վ պրոֆեսիոնալ: Պատասխանը հետևյալն է` ցավոք, զբոսաշրջիկը դա կարող է պարզել միայն ուղևորության վերջում: Սակայն, անցյալ տարի բացված հայկական ստարտափը մշակել է Localz առցանց հարթակը, որը թույլ է տալիս զբոսաշրջիկներին ձևավորել անհատական տուրեր և ընտրել լավագույն զբոսավարին:

PanARMENIAN.Net - Այն մասին, թե ինչ է Localz-ը և որն է նրա նպատակը, PanARMENIAN.Net ին է պատմել ընկերության համահիմնադիր և տնօրեն Արտավազդ Սոխիկյանը:

Զբոսավարն առանցքային դերակատարություն ունի զբոսաշրջային ճամփորդության դեպքում, քանի որ նրա պրոֆեսիոնալ մակարդակից է կախված, թե ինչպիսին կլինի տուրը: Եվ, անշուշտ, զբոսաշրջիկն իրավունք ունի ինքնուրույն ընտրելու զբոսավարին, ղեկավարվելով մի քանի գործոնով` գնային առաջարկ, զբոսավարի պրոֆեսիոնալ որակ ու նրա ցանկությունը` կազմակերպել ճամփորդությունը հենց զբոսաշրջիկի նախընտրած երթուղով: Localz-ը առցանց հարթակ է, որը թույլ է տալիս զբոսաշրջիկին կամ ընտրել արդեն գոյություն ունեցող տուրերի թվից, կամ ձևավորել ուղևորությունն ըստ սեփական ցանկության: Դրանից հետո հյուրը ստանում է զբոսավարից իր անհատական հարցման վերաբերյալ գնային առաջարկները:

«Հարթակի գլխավոր նպատակն է ապահովել, որպեսզի զբոսաշրջիկը ստանա գնային առաջարկը հարցումն ուղարկելուց հետո առաջին 30 րոպեում: Localz-ի օգնությամբ զբոսաշրջիկն ընտրում է ուղևորության տարրերը` ըստ ցանկության հեռացնելով այն ամենն, ինչ ավելորդ է համարում: Օրինակ, եթե նա ցանկանում է այցելել Գառնի կամ Գեղարդ, բայց մտադրություն չունի տեսնելու Քարերի սիմֆոնիան, կարող է հեռացնել այդ կետը: Իր հարցման հիման վրա զբոսաշրջիկը գնային առաջարկ է ստանում մասնավոր զբոսավարից, որը գրանցված է հարթակում: Յուրաքանչյուր զբոսավար իր պրոֆիլն ունի, որտեղ արտացոլվում է նրա վարկանիշը` հիմնված նախորդ զբոսաշրջիկների գնահատականների վրա, և իր հետ կապված մեկնաբանությունները` կրկին նախորդ զբոսաշրջիկների, որոնք օգտվել են նրա ծառայություններից: Այսինքն, գնային առաջարկը կախված է ոչ միայն երթուղու կառուցվածքից, այլ նաև զբոսավարի վարկանիշից և պրոֆեսիոնալիզմից»,-նշել է մեր զրուցակիցը:

Զբոսաշրջիկը հնարավորություն ունի համեմատելու տարբեր գնային առաջարկները և ընտրել առավել հարմարավետը` ծառայության համար վճարելով առցանց: Կա նաև զբոսավարի և զբոսաշրջիկի միջև շփվելու հնարավորություն ներկառուցված մեսինջերի օգնությամբ, որը թույլ է տալիս նախապես մշակել ուղևորության բոլոր մանրամասները: Հարթակը ներկայացված է վեբ-կայքի տեսքով և iOS և Android-ի համար անվճար հավելվածով: Այս պահի դրությամբ գործարկվել է պիլոտային տարբերակը, իսկ լիարժեք բացումը տեղի կունենա մարտի 17-ին:

Localz-ն աշխատում է հիմնականում մասնավոր զբոսավարների հետ: Մասնագետները գրանցվում են հարթակում, վավերացվում են անձնագրային տվյալների միջոցով և ստանում են իրենց պրոֆիլը: Այս պահի դրությամբ գրանցված է 70 զբոսավար` գրանցումն անվճար է:

«Մենք դեմ չենք, որ մեզ մոտ գրանցվեն զբոսաշրջային ընկերությունները, սակայն ավելի շատ խրախուսվում են մասնավոր զբոսավարները: Հարցումները վկայում են, որ զբոսաշրջային գործակալությունները, հանդես գալով որպես միջնորդ, բավականին մեծ գումար են գանձում նրանցից: Իսկ մենք փորձում ենք անհատ զբոսավարին տալ այնպիսի գործիք, որը թույլ է տալիս կառավարել սեփական գնային քաղաքականությունը` կախված միայն պրոֆեսիոնալիզմի մակարդակից: Բացի այդ, նա անմիջական շփման մեջ է մտնում զբոսաշրջիկի հետ` իր ծառայություններն առաջարկելով առանց միջնորդի»,-բացատրում է Արտավազդ Սոխիկյանը:

Հարթակի փորձնական տարբերակը գործարկվել է Հայաստանում, սակայն, հեղինակներն ակնկալում են, որ մինչ զբոսաշրջային սեզոնի բացումը կհաջողվի ընդլայնվել նաև հարևան Վրաստանում: Գլոբալ առումով Localz-ը միտված է եվրոպական շուկային, որտեղ չափազանց տարածված են մեկօրյա տուրերը (daily tours): Հարթակն ունի մրցակիցներ, որոնք, սակայն, միանգամայն այլ սկզբունքով են աշխատում:

«Մրցակիցները վաճառում են արդեն պատրաստ տուրերը: Զբոսավարը գրանցվում է և ընտրում է տուրը, իսկ զբոսաշրջիկի համար շատ բարդ է լինում ընտրություն կատարել տուրերի և դրանց ամրագրված զբոսավարների միջև: Մենք վստահ ենք, որ այդ գործընթացի կենտրոնում պետք է զբոսաշրջիկը լինի, որն ինքն է ձևավորում անհատական տուրը: Այդ տեսակետից Localz հարթակը եզակի է` ոչ ոք այդպես չի աշխատում:

Localz-ի թիմը շահել է 85-տոկոսանոց համաֆինանսավորվող դրամաշնորհ, որը տրամադրվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական լուծումների շրջանակում և անցկացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---