Զիկա վիրուսը. Ախտանշանները, տարածումը և բուժումը

Զիկա վիրուսը. Ախտանշանները, տարածումը և բուժումը



2015-ի վերջում լրատվամիջոցներում հաղորդագրություններ հայտնվեցին Կենտրոնական և Հարավային Ամերիկայի երկրներում Զիկա վիրուսով պայմանավորված վարակիչ հիվանդության տարածման մասին: Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մարդուն մոծակների միջոցով և բնութագրվում է որպես բարորակ ընթացք ունեցող տենդ, որը նման է Դենգեի, Արևմտյան Նեղոսի և Չիկունգունիա տենդերին:

PanARMENIAN.Net - Իր անվանումը հիվանդությունը ստացել է այն վայրից, որտեղ առաջին անգամ հայտնաբերվել է վիրուսի կրողը` կապիկին որսացել էին Զիկա անտառում, որը թարգմանաբար նշանակում է «անտառային թավուտներ»:

Հիվանդությունը տարածվում է արևադարձային և մերձարևադարձային կլիմայում, 2015-ի վերջում այն հատկապես մեծ տարածում ստացավ Բրազիլիայում: ԱՀԿ պաշտոնական աղբյուրները հայտնում են աշխարհում Զիկա տենդով վարակվելու ավելի քան 4 մլն դեպքի մասին:

Վիրուսը հայտնվում է մարդու արյան մեջ մոծակների խայթոցի հետևանքով, որոնք դասվում են Aedes ցեղատեսակին: Մի քանի օրում վարակվածների մոտ ի հայտ է գալիս բարձր ջերմություն, ցան, շաղկապենու բորբոքում:

Զիկայի շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Ուգանդայում, Աֆրիկայում դեղին տենդի տարածման կապակցությամբ սկսված գիտական հետազոտությունների արդյունքում: Այն հայտնաբերվել է մակակաների արյան մեջ 1947 թ., հետագա հետազոտություններն ի հայտ են բերել նրա առկայությունը երկրի բնակիչների օրգանիզմում:

Հաստատվել է նաև, որ Զիկա վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն սեռական շփման դեպքում, և մորից երեխային` ներարգանդային զարգացման փուլում:

Հիվանդության ինկուբացիոն շրջանի մասին քիչ բան է հայտնի, հավանաբար այն կազմում է 1-3 օր: Ախտանշանները վառ արտահայտված չեն և նման են այլ ինֆեկցիոն հիվանդություններին: Վարակի ընթացքը միշտ ավելի սուր է, խրոնիկ ձև հիվանդությունը չունի: Անցնում է բավականին արագ, սակայն վիրուսը կարող է փոխել մարդու օրգանիզմի գենային կառուցվածքները և հազվադեպ, բայց վտանգավոր բարդություններ առաջացնել:

Զիկայի վիրուսով վարակվելու կլինիկական ախտանշանները հետևյալն են.

• թեթև գլխացավ

• ընդհանուր թուլություն

• քոր և ցան մաշկի վրա (սկզբից ցանը հայտնվում է դեմքի վրա, հետո` տարածվում ամբողջ մարմնով)

• տենդ

• մկանացավ և հոդացավ, հոդերի հնարավոր այտուցով

• շաղկապենու բորբոքում

• ցավ ակնախոռոչի շրջանում

• խուսափում վառ լույսից

Եթե հիվանդը հղի կին է, քանի որ Զիկա վիրուսը կարող է ներթափանցել զարգացող պտղի օրգանիզմի մեջ, ի հայտ են գալիս պտղի զարգացման արատներ, որոնց թվին է դասվում նաև միկրոցեֆալիան` երեխան ծնվում է գլխուղեղի փոքր քաշով և փոքր գանգով: Դա ուղեկցվում է երեխայի մտավոր թերզարգացմամբ հետագայում իմբեցիլության և տկարամտության զարգացմամբ: Մեծահասակների մոտ վարակից հետո զարգանում է Գիեն-Բարեի ախտանիշը, որի դեպքում ձևավորվում է աուտոիմունային գործընթաց` արտահայտված մկանների թուլությամբ (միաստենիա): Սովորաբար այդ սինդրոմի դրսևորումներն անհետանում են ինքնուրույն առանց մնացորդային երևույթների:

Հատուկ բուժում, ուղղված պաթոլոգիկ գործընթացի հարուցիչի ոչնչացմանը, Զիկա տենդի համար գոյություն չունի: Բուժումը ենթադրում է անկողնային ռեժիմ, հեղուկների օգտագործում ինտոկսիկացիայի մակարդակի նվազեցման նպատակով, ինչպես նաև հեշտ յուրացվող և վիտամիններով հարուստ սնունդ: Բարձր ջերմությունն իջեցնելու և հոդերում ցավոտ զգացողությունների նվազեցման համար կարող են կիրառվել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներ (ացետիլսալիցիլաթթու, իբուպրոֆեն, պարացետամոլ), բացառելու համար Դենգեի տենդի զարգացումը, որի դեպքում կա տարբեր լոկալիզացիայի արյունահոսությունների վտանգ: Սովորաբար ընդհանուր խորհուրդները կատարելուց մի քանի օր անց Զիկա տենդի դրսևորումները նվազում են, իսկ հիվանդության սկզբից 7-8-րդ օր անց անհետանում են:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---