Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում. Երուսաղեմի գանձերը

Հայկական մշակույթն աշխարհի թանգարաններում. Երուսաղեմի գանձերը



Հայկական մշակույթը հազարամյակների հարուստ պատմություն ունի: Տարբեր պատճառներով հայկական նյութական մշակույթի բազմաթիվ նմուշներ տարածվել են աշխարհով մեկ և այժմ պահպանվում ու ցուցադրվում են տարբեր երկրների թանգարաններում:

PanARMENIAN.Net - ը շարունակում է ներկայացնել աշխարհի տարբեր թանգարաններում ցուցադրվող հայկական մշակութային ժառանգությունը և այս անգամ անդրադառնում է Երուսաղեմում պահվող հավաքածուներին։

Երուսաղեմը վաղ միջնադարից ի վեր հայ մշակույթի կարևորագույն կենտրոններից է, որտեղ շարունակաբար զարգացած են եղել գրչությունը, արվեստի կիրառական ձևերը: Սրբոց Հակոբյանց վանքին կից պահվել են տարբեր ժամանակներում ուխտավորների կողմից Երուսաղեմ բերված՝ հայ վարպետների պատրաստած ոսկե, արծաթե զանազան իրեր, եկեղեցական սպասք, կանթեղներ, վարդապետական և եպիսկոպոսական գավազաններ, ձեռագրակազմեր, ինչպես նաև ձեռագիր մատյաններ:

Ներկայում Երուսաղեմում՝ Հին քաղաքի հայկական թաղամասի տարածքում, գործում է Հայ արվեստի և մշակույթի Էդվարդ և Էլեն Մարտիկյան թանգարանը: Այն գործում է 1979 թ. սկսած և կրում է թանգարանային շինության վերակառուցման հովանավորների անունը: Բուն շինությունը կառուցվել է 19-րդ դարի սկզբին՝ ծառայելով որպես Հայոց պատրիարքության հոգևոր սեմինարիա: Թանգարանի՝ հայ մշակույթի ավելի քան 3-հազարամյա պատմությունը ներկայացնող բավական հարուստ հավաքածուի կազմում ինչպես դարեդար Երուսաղեմ բերված տարբեր ցուցանմուշներ են, այնպես էլ նոր ձեռքբերումներ:

Թանգարանի ցուցադրությունը բաղկացած է երեք հատվածից: Առաջինում ներկայացված են պատրիարքարանի և նրան ենթակա եկեղեցիների բազմադարյա հավաքածուն, հայ հոգևորականների օգտագործած սպասքի ու այլ իրերի նմուշներ, սրբերի մասունքներ:

Հաջորդ հատվածում ցուցադրված են Երուսաղեմում հայ արվեստի զարգացման ուղին, ինչպես նաև ընդհանրապես հայր մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող նմուշներ: մասնավորապես, առկա են Երուսաղեմի հայ վարպետների կողմից ստեղծված՝ կիրառական արվեստի գլուխգործոցներ, հատկապես՝ Քյոթահիայի նշանավոր հայկական հախճապակու արվեստի տեղական նմուշներ, Թորոս Ռոսլինի նկարազարդ ձեռագրերի հիմնական մասը, փայտագործական արվեստի առարկաներ, ձեռագործ գորգեր, հին ու Հայաստանի առաջին Հանրապետության շրջանի դրամներ և այլն:

Երրորդ հատվածը նվիրված է Հայոց ցեղասպանության պատմությանը. ներկայացված են հայերի կոտորածների վերաբերյալ զանազան փաստական արժեք ունեցող ցուցանմուշներ: Առաջին աշխարհամարտի տարիներին թանգարանի շենքում են ապաստանել թուրքերի կոտորածներից մազապուրծ հայ որբեր, որոնք շենքի պատերին թողել են իրենց հետաքրքիր հիշողությունները:

Երուսաղեմի հայկական թանգարանում ներկայացված են նաև այլ հետաքրքիր նմուշներ՝ Կիլիկիայի հայոց թագավոր Հեթում Ա-ի մականը, հայ ուխտավորների աշխարհագրական քարտեզները, «Համատարած աշխարհացոյց»-ի մի կրկնօրինակ, գլոբուսներ, տարբեր ուշագրավ ձեռագրեր:

Եզակի նմուշներից են Յոհան Գուտենբերգի տպագրական մեքենայի կրկնօրինակը, Մուհամեդ մարգարեի և Օմար խալիֆի ֆերմանները` Երուսաղեմում հայոց իրավունքերը ճանաչելու մասին, Պաղեստինի տարածքում հռոմեական 10-րդ լեգեոնի թողած հետքեր, խաչակիր ասպետների կողմից հայերին նվիրված հանդերձանք ու զենքեր, հայ վարպետների պատրաստած մեծ պղնձյա կաթսաներ, թանկարժեք մետաղներից ու քարերից եկեղեցական պարագաներ և այլն: Առանձնակի հետաքրքիր են այստեղ պահվող՝ Մերձավոր Արևելքի առաջին տպագրական մեքենան և հայոց Եսայի պատրիարքի՝ 1853թ.-ին արված Երուսաղեմի առաջին լուսանկարները, որոնց միջոցով հնարավոր է լայն պատկերացում կազմել այդ ժամանակաշրջանի առօրյայի վերաբերյալ:

Առջևի պլանում՝ Մերձավոր Արևելքի առաջին տպագրական մեքենան

Թանգարանի կողմից պահպանվում է նաև Երուսաղեմի վաղ միջնադարյան հայկական եզակի խճանկարը, որը մեծ պատկերացում է տալիս այդ դարաշրջանի հայ կերպարվեստի զարգացման մակարդակի վերաբերյալ:

Հայկական մանրապատկեր Երուսաղեմում

Երուսաղեմի հայկական գիտամշակութային հաստատություններից է նաև Հայոց պատրիարքության Գալուստ Գյուլբենկյան գրադարան-մատենադարանը։ Պատմական տվյալների համաձայն Սրբոց Հակոբյանց վանքին կից ձեռագրատուն է եղել դեռևս 12-րդ դարից սկսած, իսկ 1932 թ. սկսել է գործել Գյուլբենկյանի հովանավորությամբ բացված գրադարանը։ Այժմ գրադարանում պահվում է ավելի քան 4 հազար հայերեն ձեռագիր` իր մեծությամբ աշխարհում երկրորդ տեղը զբաղեցնող հավաքածուն Երևանի Մատենադարանից հետո։

Գրադարանում պահվող մշակութային գանձերից է «Կեռան թագուհու ավետարան»-ը։ 1272 թվականին Սսում Կիլիկիայի հայոց Կեռան թագուհու պատվերով գրված մատյանում ամբողջանում են 13-րդ դարի դարի 2-րդ կեսի կիլիկյան մանրանկարչության լավագույն ավանդույթները։ Այստեղ է պահվում նաև Կարսի Գագիկ Աբասյան թագավորի (1029-1064) համար գրված և պատկերազարդված ավետարանը, որտեղ թագավորին, թագուհուն և արքայադստերը պատկերող մանրանկարն իր պատկերազարդման հարուստ տարրերով և ոճավորման համակարգով հայ մանրանկարչության այդ շրջանի եզակի նմուշներից է։ Հետաքրքիր է, որ արքայական ընտանիքի ոտքերի մոտ պատկերված գորգը, որոշ հետազոտողների կարծիքով, ավելի ուշ շրջանի եվրոպական կերպարվեստում քրիստոնեա-արևելյան գորգի պատկերման նախատիպերից է։

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---