// IP Marketing video - START// IP Marketing video - END
Ստարտափը հայկական ֆիլմերը հասանելի է դարձնում ամբողջ աշխարհին

Ստարտափը հայկական ֆիլմերը հասանելի է դարձնում ամբողջ աշխարհին

Հայկական ստարտափ ընկերությունը ստեղծել է Netflix ծառայության իր տարբերակը

Հեռահաղորդակցային տեխնոլոգիաների զարգացման հետ գնալով ավելի մեծ տարածում են ստանում հոսքային տեսանյութերի տեսքով ծառայություններ մատուցող հարթակները: Խոշորագույններից մեկը` ամերիկյան Netflix-ը, սպառնում է ամբողջությամբ փոխել կինոարտադրանքի դիտման կուլտուրան: Հարմարավետ կինոդիտման համար այլևս պարտադիր չէ կինոթատրոն այցելել և հերթ կանգնել` բջջային տեխնոլոգիաները թույլ են տալիս տառացիորեն ամբողջ համաշխարհային կինոն գրպանում պահել: Հետևելով համաշխարհային միտումներին` հայկական Fambox սկսնակ ընկերությունը մշակել է Netflix ծառայության իր տարբերակը: Գլխավոր տարբերությունն այն է, որ այստեղ կան հայկական արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը:

PanARMENIAN.Net - Ոչ միայն կինոն, այլ նաև հեռուստատեսությունը: Ստարտափի ղեկավար Դավիթ Հյուսյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պատմել է հարթակի և նրա հնարավորությունների մասին:

«Մենք գործնականում զրոյից ենք սկսել` նախապես ուսումնասիրելով համաշխարհային անալոգները: Այս պահի դրությամբ ավարտված է սոֆթի ծրագրավորման փուլը, հարթակի ամբողջական տարբերակը հասանելի կլինի արդեն այս ամիս»,-պատմել է զրուցակիցը:

Եվ այսպես. Fambox ծառայությունը ոչ միայն բջջային հավելված է iOS և Android-ի համար, այլ նաև վեբ կայք է և հավելված «խելացի հեռուստացույցների» (smart TV) համար: Առցանց տեսապորտալը ներառում է հայկական արտադրության գրեթե բոլոր ֆիլմերը` մոտ 1000 կինոնկար, սկսած նախորդ դարի 30-ականներին նկարահանվածներից մինչև վերջին ֆիլմերը: Բացառություն է կազմում «Արմենֆիլմի» ոսկե ֆոնդը, քանի որ արտոնագիր ստանալու հարցը դեռ հարցականի տակ է: Fambox-ի շնորհիվ, հայ արվեստի այս շերտը մատչելի է դառնում ամբողջ աշխահում, և ցանկացած բջջային գաջեթի, համակարգչի կամ «խելացի հեռուստացույցի» միջոցով օգտատերը հեշտությամբ կգտնի և կդիտի անհրաժեշտ ֆիլմը: Թիմը մտադիր է ծառայությունների ցանկում ընդգրկել նաև հայկական հեռուստաալիքները` ոչ միայն մայրաքաղաքի և մարզերի, այլ նաև հայկական բովանդակությամբ օտարերկրյա ալիքները: Եվ սա միայն առաջին մակարդակն է: Հետագայում մտադրություն կա դուրս գալու համաշխարհային շուկա: Թիմը մտադիր է ընդլայնվել նախկին ԽՍՀՄ երկրների շրջանակում, իսկ հետագայում` հնարավոր է համարում համագործակցությունն արևմտյան դիստրիբյուտորների հետ:

«Հարթակը կներկայացնի նաև հայկական արտադրության նորագույն կինոնկարների պրեմիերաները, որոնք կինոթատրոններում ցուցադրվելուց անմիջապես հետո հասանելի կլինեն աշխարհի ցանկացած կետում: Դա հիշեցնում է տոմսի գնում և կինոդահլիճի այցելություն, ուստի և գները համապատասխան են, իսկ կինոնկարը տրամադրվում է 48 ժամով: Հետագայում մտադրություն կա վճարման նոր ձևեր ներմուծել: Կան նաև թագմանված ֆիլմեր, ենթագրերով կինոֆիլմեր` հեռակառավարման վահանակի միջոցով կարելի է ընտրել լեզուն: Թիրախային շուկաներն են` ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Հայաստանը: Օրինակ, Ռուսաստանում հսկայական հայկական սփյուռք կա, որի ներկայացուցիչները հնարավորություն չունեն դիտելու հայկական արտադրության նոր ֆիլմերը»,-պարզաբանել է Հյուսյանը:

Տրամադրվող բովանդակությունը լիովին օրինական է` թիմը գնում է ֆիլմի արտոնագիրն արտադրողից ամենաբարձր որակով: «Կան նախորդ դարի 30-ականներին նկարահանված ֆիլմեր: Մենք փորձել ենք ինչ-որ կերպ բարելավել պատկերի որակը, որպեսզի դրանք համապատասխանեն մեր համակարգի ձևաչափին, շտկել ենք գույնն ու ֆոկուսը: Այսպիսի հարթակի առկայությունը շահավետ է նաև արտադրողի համար, չէ որ կինոթատրոններում ցուցադրվելուց հետո, կինոն էլ «չի աշխատում» և եկամուտ չի բերում: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ հարթակները ֆիլմերը ցուցադրում են կինոթատրոններում ցուցադրության ավարտից անմիջապես հետո` այսինքն արտադրողի համար սա «երկրորդ անգամ բերք ստանալու» հնարավորություն է:

Հիմա հարթակում ամեն ինչ անվճար է` հասանելի է Samsung ընկերության «խելացի հեռուստացույցների» համար նախատեսված հավելվածը, ինչպես հայտնի է, Samsung-ը շուկայի այդ հատվածի առաջատարներից է աշխարհում: Մեկ ամսում գրանցվել է մոտ 15000 ներբեռնում: Հետագայում անվճար կլինեն գրեթե բոլոր հին ֆիլմերը:

Fambox-ի թիմը հաղթել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տեխնոլոգիական մրցույթի շրջանակում` ստանալով 85 տոկոսով համաֆինանսավորվող դրամաշնորհ, մրցույթն անցկացվել է Համաշխարհային բանկի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության աջակցությամբ:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
 Ուշադրության կենտրոնում
Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրել է Galaxy Note 9-ը՝ ամենաթանկ Android սմարթֆոնը Սմարթֆոնը կթողարկվի 3 երանգով՝ սև, ինդիգո, պղնձագույն

 Բաժնի այլ նյութերը
Հայ պատանիները կոդ կգրեն ՆԱՍԱ-ի համար ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս