«Է՛վրիկա». Փետրվարի գլխավոր գիտական իրադարձությունները

«Է՛վրիկա». Փետրվարի գլխավոր գիտական իրադարձությունները



2016-ին Նոբլեյան կոմիտեն ներկայացրել է գլխավոր գիտական մրցանակի հավակնորդների առավելագույն քանակը: Եվ դա հասկանալի է` տեխնոլոգիաների զարգացման հետ, նշանակում է` նաև էքսպերիմենտալ գիտության հնարավորությունների ընդլայնմանը զուգահեռ, գիտնականները կարող են առավել մեծ ճշգրտությամբ ստուգել իրենց տեսությունները: Գիտության աշխարհը համընդհանուր համերաշխության աշխարհ է, որը չի ճանաչում ոչ մի սահման և զերծ է քաղաքականությունից: Ուստի գիտությունը համարվում է միջազգային գործակցության և ընդհանրապես մարդու գործունեության ամենաբեղմնավոր ոլորտներից մեկը: Եվ դա, ինչ օրինաչափ է, տարեցտարի նպաստում է ֆունդամենտալ հայտնագործությունների քանակի աճին:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ի նոր խորագիրն ամեն ամիս կներկայացնի առավել ցայտոն գիտական հայտնագործությունները, որոնք տեղի են ունեցել նախորդ ամսում: Առաջին հոդվածը փետրվարյան գիտական իրադարձությունների մասին է:

Կենսաբանություն

Ծնելիության վերահսկման և սաղմնաբանության հարցերով զբաղվող բրիտանական կոմիտեն պաշտոնապես թույլ է տվել Ֆրենսիս Քրիկի ինստիտուտին անցկացնել մարդկային սաղմի գենոմի փոփոխության հետ կապված փորձեր: Գիտնականները մտադիր են CRISPR/Cas9 տեխնոլոգիայի միջոցով խմբագրել մարդու սաղմի ԴՆԹ-ն 1-7 օրական հասակում: Հետազոտության նպատակն է նվազեցնել վիժումների քանակն ու բարձրացնել անպտղության բուժման արդյունավետությունը:

Արևմտյան և կենտրոնական Աֆրիկայում բնակվող շիմպանզեների որոշ պոպուլյացիաներ անսովոր վարք են դրսևորում: Նրանք քարեր են նետում ծառերի ուղղությամբ, թակում են ծառերը փայտով` այնպես, որ փչակներում և արմատների միջև դատարկ մասերում քարերի կույտեր առաջանան: Գիտնականները երկու հիպոթեզ են առաջ քաշել: Առաջինը բավականին պարզ է` որձերն օգտագործում են քարերը հաստատելու համար իրենց կարգավիճակը խմբում: Ըստ երկրորդ վարկածի` այդ վարքը նման է նախնադարյան մարդկային ցեղերի ծեսերին, որոնց ժամանակ առարկաների կույտեր էին հավաքվում որոշակի տեղերում տևական ժամանակի ընթացքում:

Բժշկություն

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ գրիպի դեմ ունիվերսալ պրեպարատ են ստեղծել: Նրանք հավաստիացնում են, որ HB36.6 կոչվող դեղորայքն արդյունավետ կգործի վիրուսի տարբեր շատմերի դեպքում: Այն քայքայում է վիրուսի սպիտակուցը` հեմագլյուտինինը և նեյրամինազը: Սակայն իրենք գիտնականները հիշեցնում են, որ պետք չէ ակնկալել, որ մոտ ապագայում դեղը կհայտնվի դեղատներում: Կենդանիների վրա փորձարկումների ավարտից հետո մասնագետները պետք է կլինիկական փորձարկումներ անցկացնեն մարդկանց մասնակցությամբ:

Սիեթլի Ֆրեդ Հաթչինսոնի անվան ուռուցքաբանական գիտական կենտրոնի գիտնականները ներկայացրել են քաղցկեղի բուժման միանգամայն նոր ու բարձր արդյունավետություն ունեցող մեթոդաբանություն, մասնավորապես, խոսքը ոչ խոջկինյան լիմֆոմայի և քրոնիկ լիմֆոլեյկոզի մասին է: Գիտնականները ծրագրավորել են իմունային համակարգի բջիջներն (T-լիմֆոցիտներ) այնպես, որ վերջիններս կարողանան նույնականացնել CD19 սպիտակուցը, որը մասնակցում է լիմֆոմաների և լեյկոզների առաջացմանը: Այս մեթոդաբանության կիրառումից հետո սուր լիմֆոբլաստոմային լեյկոզի մահացու տեսակով 29 հիվանդից 27-ի մոտ բարելավում է արձանագրվել:

Աստղագիտություն

Փետրվարի 12-ին Եվրոպական տիեզերական գործակալության (ESA) ներկայացուցիչները պաշտոնապես հայտարարեցին, որ Չուրյումով-Գերասիմենկոյի գիսավորի վրա վայրէջք կատարծ «Ֆիլի» զոնդն ընդմիշտ «մարել» է: Անհաջող վայրէջքը, որի արդյունքում զոնդը զրկվել է լիցքավորման համար անհրաժեշտ արևային էներգիայից, տեղի էր ունեցել 2014-ի նոյեմբերին:

Ֆիզիկա

Փետրվարի 11-ին տեղի ունեցավ 21-րդ դարի գլխավոր գիտական իրադարձություններից մեկը: «Մենք որսացինք գրավիտացիոն ալիքները, մենք արեցինք դա»,-հայտարարեց LIGO խոշորագույն գիտական նախագծերից մեկի ներկայացուցիչը: Հայտարարությունը պայթած ռուբի էֆեկտ ունեցավ` համացանցի բոլոր լրատվական ռեսուրսները հաղորդագրություններ տարածեցին այն մասին, որ իրականացել է մեծն Էյնշտեյնի երազանքը, որը դեռ 100 տարի առաջ կանխատեսել էր խորհրդավոր ալիքների գոյությունը: Անկասկած, վերջին տասնամյակների կարևորագույն գիտական գյուտերից մեկը հսկայական նշանակություն ունի ֆունդամենտալ ֆիզիկայի համար: Եվ միայն նեղ մասնագետները կարղ են ամբողջությամբ ընկալել այդ բացահայտման մեծությունը: Առավել մանրմասն հայտնագործության մասին:

Փետրվարի վերջում Էնրիկո Ֆերմիի անվան Ազգային արագացուցիչ լաբորատորիայի ֆիզիկոսները հայտարարեցին նոր տարրական մասնիկի` տետրաքվարկի հնարավոր հայտնագործության մասին: Քվարկերը-ֆունդամենտալ մասնիկներ են, որոնք մտնում են ադրոնների (պրոտոնների, նեյտրոնների և ուժեղ համագործակցող այլ մասնիկների) կազմի մեջ: Էլեմենտար մասնիկների հետազոտման ժամանակ ֆիզիկոսները հաճախ են հանդիպում ադրոնների, որոնք 2 կամ 3 քվարկ ունեն: Սակայն հայտնաբերված մասնիկն ունի 4 քվարկ:

Մարդաբանություն

2003-ին Ինդոնեզիայի Ֆլորես կղզում հայտնաբերվել են մարդկանց մասունքներ, որոնց հասակը չի գերազանցել 1 մ, իսկ քաշը` 55 կգ: Homo floresiensis,, կամ «ինդոնեզական հոբիթները» հետազոտման առարկա են եղել տարիներ շարունակ: Եվ վերջապես, 2016-ի փետրվարին գիտնականները հայտարարեցին, որ այդ էակները, որոնք ապրել են մոտ 15.000 տարի առաջ, կապ չունեն բանական մարդու` Homo sapiens-ի հետ: Սակայն, գիտնականները չեն բացառում, որ ինդոնեզացի գաճաճները կապ ունեն Homo erectus-ի հետ:

Հնագիտություն

Հնագետները պարզել են, որ մայաների քաղաքակրթության անկման հիմնական պատճառներից մեկը բարդ քաղաքական իրավիճակն է եղել ու լարված հարաբերությունները քաղաքակրության հյուսիսային և հարավային տարածքների միջև: Երկար ժամանակ մայաների քաղաքակրթության անկման հիմնական պատճառ էր համարվում IX դարի ուժգին երաշտը: Սակայն, պարզվեց, որ նույնիսկ երաշտի ժամանակ հյուսիսային տարածքների բնակիչները ստեղծարար ու հանրորերն ակտիվ էին, քանի որ կլիմայական աղետն ավելի հզոր բացասական ազդեցություն է ունեցել հարավային տարածքների վրա: Տուժած հարավային քաղաքները սկսել են պայքարել հյուսիսայինների հետ սննդամթերքի համար, ինչն էլ հին պետության լուրջ տրոհման պատճառ դարձավ:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---