Ինչպես հայազգի գիտնականը դարձավ ռադիացիայից զոհված առաջին ամերիկացին

Ինչպես հայազգի գիտնականը դարձավ ռադիացիայից զոհված առաջին ամերիկացին



1945 թ․ օգոստոսի 21-ին միջուկային գիտափորձի անհաջող ընթացքի հետևանքով անդառնալի մահացու վնասվածք ստացավ ամերիկահայ խոստումնալից գիտնական 24-ամյա Հարրի Դաղլյանը: PAN-ը ներկայացնում է, թե ով էր Հարրի Դաղլյանը, և ինչպես տեղի ունեցավ մահվան պատճառ դարձած այդ գիտափորձը։

PanARMENIAN.Net - Հարություն (Հարրի) Գրիգոր Դաղլյան կրտսերը ծնվել է Կոնեկտիկուտ նահանգի Ուոթերբրի քաղաքում 1921 թ․մայիսի 4-ին Հարություն (Հարրի) Գրիգոր Դաղլյանի ընտանիքում։ Վերջինս ԱՄՆ է ներգաղթել 1913 թ․ (հավանաբար Օսմանյան կայսրությունից)։ Շուտով Դաղլյանների ընտանիքը տեղափոխվում է Նյու Լոնդոն, որտեղ էլ պատանի Հարությունը ստացել է իր նախնական ու միջնակարգ կրթությունը։ Հայրն աշխատում էր որպես ռենտգենյան ճառագայթների լաբորատորիայի տեխնիկ, հետագայում դարձել է տեղի հիվանդանոցներից մեկի ռենտգենյան լաբորատորիայի վարիչ։

Դեռ պատանի տարիքում կրտսեր Հարություն Դաղլյանն աչքի է ընկել արտակարգ մտավոր ունակություններով ու մաթեմատիկայի և բնական գիտությունների նկատմամբ հակվածությամբ, որն անկասկած խրախուսվում էր հոր և հորեղբոր՝ ֆիզիկայի ու աստղագիտության ուսուցիչ դոկտոր Կարապետ Դաղլյանի կողմից։ Ժամանակակիցների հուշերում նա ներկայանում է որպես խելացի, չափազանց հետաքրքրասեր, հանդարտ բնավորությամբ ու բոլորի կողմից սիրված երիտասարդ։ Գերազանց առաջադիմությամբ և արծաթե մեդալով է ավարտել միջնակարգ դպրոցը, նաև ջութակ է նվագել դպրոցական նվագախմբում։ 1938 թ․ ընդունվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետ։ Սակայն երկու տարի անց, ֆիզիկայի ու հատկապես մասնիկային ֆիզիկայի նկատմամբ աճող հետաքրքրությունից դրդված, տեղափոխվել է Ինդիանա նահանգ՝ Փըրդյուի համալսարան (Purdue University): 1942 թ․ բակալավրի աստիճան ստանալով՝ շարունակել է ֆիզիկոս Մարշալ Հոլոուեյի ղեկավարությամբ աշխատել ցիկլոտրոնների վերաբերյալ դոկտորական թեզի վրա։

1942-45թթ․ շրջադարձային էին ինչպես Հարություն Դաղլյանի, այնպես էլ ԱՄՆ-ի գիտական ու ռազմաքաղաքական ծրագրերի համար․ Լոս Ալամոսում մշակվում էր միջուկային զենքի ստեղծման «Մանհեթեն» նախագիծը։ Նախագծի գիտական ղեկավարը՝ Ռոբերտ Օպենհեյմերը, 1943 –ին նախագծի աշխատանքներին մասնակցելու համար Լոս Ալամոս հրավիրեց Մարշալ Հոլոուեյի գիտական թիմին։ Մեկ տարի անց մի շարք երիտասարդ գիտնականների թվում այդ հետազոտական այդ թիմին միացավ նաև Հարի Դաղլյանը՝ միաժամանակ Լոս Ալամոսում շարունակելով իր գիտական աշխատանքի կիրառական հետազոտությունները։ Այնուհետև միացել է միջուկի կրիտիկական զանգվածի հետազոտությամբ զբաղվող խմբին, որը ղեկավարում էր ավստրիական ծագմամբ Օտտո Ֆրիշը։ 1945 թ․ հուլիսի 16-ին ներկա է գտնվել առաջաին ատոմային ռումբի փորձարկմանը։

1945 թ․օգոստոսի 21-ը ճակատագրական դարձավ հայազգի գիտնականի համար։ Առայսօր պարզ չէ, թե ինչու էր այդ պահին Դաղլյանը մենակ աշխատում լաբորատորիայում, բայց լավ փաստագրված է, թե ինչպես պատահեց այն ճակատագրական միջադեպը, երբ ակնթարթային վրիպման հետևանքով մահացու ճառագայթային վնասվածք ստացավ։

Այդ օրն առավոտյան Դաղլյանը ներգրավված էր միջուկային նախագծի ամենաբարդ ու վտանգավոր հատվածի՝ կրիտիկական զանգվածի (ռադիոակտիվ նյութի նվազագույն զանգված, որի դեպքում կարող է ընթանալ ատոմային միջուկների տրոհման ինքնապահպանվող շղթայական ռեակցիան) որոշման գիտափորձում: Նա լաբորատորիայում 6.2 կգ զանգվածով պլուտոնիումի միջուկի շուրջ պետք է ձեռքով միջուկից ճառագայթող նեյտրոնների անդրադարձման համար նախատեսված՝ վոլֆրամի կարբիդից պատրաստված հատուկ աղյուսներ դասավորեր (քառանկյուն պարագծով)։ Նեյտրոնների այդ անդրադարձիչի նշանակությունը միջուկը կրիտիկական աստիճանի հասցնելու համար անհրաժեշտ զանգվածի նվազեցումն էր։ Աղյուսների շարքերը հերթով դասավորելու ընթացքում նեյտրոնային հատուկ հաշվիչները պետք է փորձարարին նախազգուշացնեին աղյուսների սահմանային քանակի մասին, որից հետո հաջորդ աղյուսի տեղադրումը կհանգեցներ կրիտիկական զանգվածի առաջացման։

Պարզվեց, որ միջուկի զանգվածը կրիտիկական է դառնում վոլֆրամի կարբիդի հինգ շարք և վեցերորդ շարքում ևս երկու աղյուս դասավորելուց դեպքում։ Այնուհետև Դաղլյանը որոշեց նույն փորձը կրկնել արդեն այլ չափի նմանատիպ աղյուսներ դասավորելու դեպքում։ Ճաշից հետո նա գնում է դասախոսություն լսելու, սակայն դասի ընթացքում մտադրվում է փորձի համար լաբորատորիա վերադառնալ նույն օրը երեկոյան՝ չնայած որ այն նախատեսված էր անցկացնել հաջորդ օրն առավոտյան։ Թեև Դաղլայնը գիտեր, որ միայնակ լաբորատորիա մտնելը անվտանգության կանոնների խախտում է, սակայն այդուհանդերձ արեց դա։ Իսկ լաբորատորիայի մուտքի մոտ նստած հսկիչը, որի պարտականությունների մեջ մտնում էր միայն հակահրդեհային անվտանգությունը պահպանելը, չխանգարեց նրան ներս մտնել։ Երեկոյան Հարի Դաղլյանը պահեստից հանեց նախատեսված աղյուսներն ու սկսեց շարել պլուտոնիումի միջուկի շուրջ։ Հինգերորդ շարքի կեսին հասնելուց հետո՝ ձախ ձեռքով միջուկի վրայով աղյուսն անցկացնելիս, հաշվիչն ազդանշան տվեց, որ չի կարելի նոր աղյուս ավելացնել։ Հարրին իսկույն ձեռքը հետ քաշեց և պատահաբար, ըստ էության ձեռքը դողալու հետևանքով, նա աղյուսը գցեց միջուկի վրա, ինչը հանգեցնելու էր միջուկի գերկրիտիկական վիճակի․ Դաղլյանը վայրկենապես աջ ձեռքով մի կողմ հրեց աղյուսը՝ այդպիսով կասեցնելով վերահաս շղթայական ռեակցիան։ Հսկիչը, աղյուսի անկման ձայնը լսելով, ներս մտավ ու տեսավ իրադրությունը գնահատել փորձող երիտասարդ գիտնականին։ Դաղլյանը որոշեց ռիսկը նվազեցնելու համար մասնակիորեն քանդել նաև միջուկը շրջապատող աղյուսների շարքը և ապա հսկիչին տեղեկացրեց պատահարի մասին։ Նրան անմիջապես տեղափոխեցին Լոս Ալամոսի հիվանդանոց, սակայն ճառագայաթահարման հետևանքներն անդառնալի էին։

Չնայած գործադրված ջանքերին՝ հիվանդանոցում Դաղլյանի առողջությունը մեծ արագությամբ սկսվեց քայքայվել։ Բժիշկների գնահատմամբ նա ճառագայթման շատ մեծ դոզա էր ստացել՝ մոտ 510 ռենտգեն (5.1 Զվտ)։ Ճառագայթահարման արդյունքում էլ Հարություն Դաղլայնը 25 օր անց մահացավ։

Դաղլյանի ընտանիքը նրա մահվան իրական պատճառի մասին միայն տարիներ անց տեղեկացավ։ Նրանք նույնիսկ չգիտեին, որ Հարությունը «Մանհեթեն» նախագծի մասնակիցներից մեկն է։ Հայտնի է, որ ամերիկյան նորաստեղծ ատոմային ռումբերով Հիրոսիմայի ու Նագասակիի ռմբակոծումից շաբաթներ անց Դաղլյանի մահվան հանգամանքերը գաղտնի են պահվել հանրությունից, և այն ներկայացվել է որպես քիմիական լաբորատորիայում տեղի ունեցած դժբախտ պատահար։

Ամերիկացի ականավոր հետաքննող գրող Ջո ՄքԳինիսը, որն ուսումնասիրել է նաև միջուկային ծրագրի զոհերի մահվան հանգամանքները, այդ առիթով նշել է, որ ամերիկայն բանակը ճշմարտությունը գաղտնի է պահել ճապոնական քաղաքների ռմբակոծությունների սարսափելի հետևանքների մասին ամերիկյան հասարակության հնարավոր տարատեսակ հարցերը կանխելու համար։

Փաստացի, Հարություն Դաղլյանը դարձավ միջուկային դարաշրջանի առաջին զոհերից մեկը և առաջին զոհը բուն Ամերիկայում, քանի որ մոտավորապես մեկ տարի անց դարձյալ լաբորատորիայում աշխատելիս համանման հանգամանքերի հետևանքով մահացավ մեկ այլ երիտասարդ գիտնական՝ Լուիս Զլոտինը։ Այժմ դեպքն ուսումնասիրած մասնագետները նշում են, որ զգուշորեն վարվելու դեպքում Հարրի Դաղլյանի կյանքը վտանգի չէր ենթարկվի։ Այնուամենայնիվ, բոլորը սեփական վրիպման հետևանքները հաղթահարելու նրա գործողությունները բնորոշում են որպես գիտակցված հերոսական արարք, որը կանխեց անխուսափելի միջուկային պայթյունը։

Հարություն Դաղլյանի անձնազոհ արարքը չմոռացվեց։ 2000 թ․ մայիսի 20-ին՝ ամերիկյան զինված ուժերի օրը, Նյու Լոնդոնում տեղի ունեցավ նրա պատվին համեստ մի հուշաքարի բացումը։ Հուշաքարի վրա գրված է․ «Մանհեթեն» նախագծի մասնակից փայլուն գիտնական Հարրի Դաղլյանի հիշատակին։ Նրա աշխատանքը նվիրված էր կրիտիկական զանգվածի որոշմանը։ Խոտորված գիտափորձի արդյունքում նա դարձավ ամերիկացի զոհը միջուկային դարաշրջանում։ Թեև ոչ համազգեստով՝ նա մահացավ ծառայելով իր երկրին»։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---