«Սպանելով» քաղցկեղը. Գիտնականները մտադիր են հաղթահարել հիվանդությունը` հակադրելով դրան մարդու իմունային համակարգը

«Սպանելով» քաղցկեղը. Գիտնականները մտադիր են հաղթահարել հիվանդությունը` հակադրելով դրան մարդու իմունային համակարգը



Բրիտանացի գիտնականները վստահորեն հայտարարել են, որ առաջիկա տարիներին կկարողանան հաղթահարել քաղցկեղը: Բուժման նոր միջոցը հիմնված է հատուկ իմունային բուժման վրա: Բուժման այդպիսի եղանակի մասին խոսում են արդեն տարիներ շարունակ, սակայն միայն հիմա է, ըստ Լոնդոնի Համալսարանական քոլեջի գիտնականների, նրանց հաջողվել քաղցկեղի կառուցվածքում «թույլ» հատվածների նույնականացման մեխանիզմներ գտնել:

PanARMENIAN.Net - Քաղցկեղային բջիջը կարելի է սպանել, թունավորելով այն որևէ դեղամիջոցով, կամ իմունային համակարգի օգնությամբ: Իմունիտետն առավել նախապատվելի միջոց է թվում, քանի որ դա օրգանիզմի սեփական զենքն է, ոչ թե օտարածին քիմիկատ, և, բացի այդ, այն կարող է ավելի արդյունավետ լինել, քան քիմիաթերապիան` իմունային «գործակալներն» ունակ են գտնելու չարորակ բջիջները, որտեղ էլ դրանք թաքնված լինել:

Իմունիտետը պետք է ոչնչացնի քաղցկեղային բջիջները, սակայն միշտ չէ, որ արդյունավետ: Այդ գործում նրան կարելի է օգնել, եթե կարողանանք «սովորեցնել» իմունային բջիջներին զանազանել ուռուցքի եզակի առանձնահատկությունները: Հայտնի է, որ չարորակ անոմալիաների և ինֆեկցիաների տարբերակումը տեղի է ունենում դենդրիտային բջիջների միջնորդությամբ, որոնք արտաքին միջավայրից որսում են կասկածելի մոլեկուլներն ու վերամշակում դրանք, իսկ հետո տառացիորեն ցույց են տալիս T-բջիջներին: Այս ամենը միասին կոչվում է հակագենի ցուցադրում: T-բջիջները, մոլեկուլային հրահանգներ ստանալով դենդրիտային բջիջներից` հայտնաբերված վնասատուների որս են սկսում, որոնց թվում կարող են լինել նաև ուռուցքի բջիջներ:

Սովորական պատվաստումից այս գործընթացը տարբերվում է նրանով, որ օրգանիզմ են ներմուծվում ոչ թե օտարածին մոլեկուլներ, ոչ թե հիվանդության հարուցիչի մասեր, այլ իմունային բջիջներ, որոնք պատշաճ կերպով «դաստիարակվել են» փորձանոթում: Այդպիսի բջիջների առավելությունն այն է, որ նրանց ցույց են տվել միայն քաղցկեղով ախտահարված սպիտակուցներ, և հիմա նրանք չպետք է շփոթեն չարորակ և առողջ բջիջների նշանները: Բացի այդ, նրանց սովորեցրել են ճանաչել միայն այն մոլեկուլները, որոնք կարող են հանդիպել միայն կոնկրետ հիվանդի մոտ, այնպես որ պաշտպանիչ արձագանքն այս դեպքում անհատական կլինի` ուղղված կոնկրետ ուռուցքի դեմ:

Այս բացահայտումը ենթադրում է անհատական մոտեցում քաղցկեղի յուրաքանչյուր առանձին դեպքի համար, յուրաքանչյուր ուռուցքի բջիջների հետազոտում, ինչն իրականում կարող է շատ թանկ լինել: Անշուշտ, գիտնականները դեռ բազում չլուծված խնդիրներ ունեն, սակայն, այս պահի դրությամբ, ասում են գիտնականները, սա վերջին տարիների ամենահուսադրող արդյունքն է այդ ոլորտում:

Քաղցկեղային ուռուցքը միասնական, հավասարաչափ կազմավորում չէ: Այն բաղկացած է բոլորովին տարաբնույթ, տարբեր կերպ մուտացիայի ենթարկված բջիջներից, ուստի և ուռուցքի տարբեր հատվածներ կարող են տարբեր վարքագիծ դրսևորել:

Ինչպես ասում են բժիշկները, նոր թերապիան կատարելության է հասցնում անհատական բուժումը: «Յուրաքանչյուր պացիենտի համար ըստ էության մշակվելու է բուժման եզակի միջոց»,-հայտարարել է պրոֆեսոր Չարլզ Սուոնթոնը Համալսարանական քոլեջի քաղցկեղի ինստիտուտից:

Գիտնականների վաստակն այն է, որ նրանք սովորել են ճանաչել ցողունի այն բջիջները, որոնք փոխում են հակագեները` սպիտակուցները, որոնք գտնվում են ուռուցքային բջիջների մակերեսին:

Ազդելու համար «ցողունի» մուտացիաների վրա, 2 տարբերակ է առաջարկվում. մշակել անհատական պատվաստանյութ յուրաքանչյուր հիվանդի համար, որը կօգնի իմունային համակարգին ճանաչել կամ գտնել իմունային բջիջներն օրգանիզմում, որոնք արդեն «հարձակվել են» մուտացիայի ենթարկված բջիջների վրա, բազմապատկել դրանց քանակը լաբորատոր պայմաններում և նորից ներմուծել օրգանիզմ:

«Դա շատ կարևոր քայլ է, որը թույլ է տալիս մեզ դիտարկել հետերոգենեզը որպես խնդիր ու հասկանալ, թե ինչու քաղցկեղն այդքան մեծ ուժ ունի»,-ասում է Մարկո Գերլինգերը Քաղցկեղի ուսումնասիրության ինստիտուտից: Ընդ որում գիտնականը խոստովանում է, որ դեռևս վաղ է ասել, թե որքանով դյուրին կլինի առաջարկվող մեթոդի կիրառումը:

Քաղցկեղի բուժման նոր մեթոդի կլինիկական փորձարկումները գիտնականները մտադիր են անցկացնել առաջիկա 2 տարում:

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---