Երկու հսկաների բախումը

Երկու հսկաների բախումը

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» ֆիլմի գրախոսականը

Մարտի 24-ին Երևանի կինոթատրոններում տեղի կունենա ամենասպասված բլոկբաստերներից մեկի պրեմիերան: «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին» ֆիլմը հերթական թանկարժեք խաղալիքը չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Դա դարակազմիկ իրադարձություն է կինոյի համար, որը տասնամյակներ շարունակ ձգտում էր էկրանին իրար դեմ հանել կոմիքսների ամենահայտնի հերոսներին: 2013-ին «Պողպատե մարդը» կինոֆիլմի հայտնվելն ու բավականին լավ հասույթը հնարավորություն տվեցին մշակել այդ հսկայական նախագիծը, իսկ անգերազանցելի Զաք Սնայդերը հերթական անգամ զբաղեցրեց ռեժիսորի աթոռը:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net –ը ներկայացնում է երկու տիտանների բախման մասին կինոֆիլմից ստացած իր տպավորությունները:

«Պողպատե մարդը» ֆիլմում նկարագրված իրադարձություններից հետո Սուպերմենը տատանվում է մարդկության պաշտպանը լինելու և այն գործոնի միջև, որ ոմանք վախենում են իր ուժից, իսկ մյուսները երկրպագում են Աստծո նման: Լարված իրավիճակն իր և Բեթմենի միջև կրկնակի է սրվում, քանի որ հերոսները ծառայում են արդարությանը, բայց տարբեր մեթոդներով. Սուպերմենը գերադասում է աշխատել Երկրի կառավարություններից անկախ, սակայն օրենքի շրջանակում, իսկ Բեթմենը չի ճանաչում օրենքն որպես այդպիսին` հաշվի չնստելով բարոյականության համամարդկային նորմերի հետ:

Հավանաբար, արժե սկսել հետևյալ փաստի արձանագրումից. Զաք Սնայդերը հիանալի վիզիոներ է, նա կարողանում է վիրտուոզ և գեղեցիկ կերպով բեմադրել յուրաքանչյուր կադրը, ընտրել ռակուրսը, գունային գամման ու գեղարվեստական ձևավորումը: Սակայն, որպես պատմիչ Սնայդերը միանգամայն անօգնական է, եթե նրան «ձեռիքց բռնած» չեն ուղորդում: Պաշտամունքային «300 սպարտացիները» չէին լինի այդպիսին, եթե չլիներ Ջորջ Մարտինի օգնությունը, իսկ «Պահապանները» ֆիլմը գլուխգործոց է ոչ միայն Սնայդեր-բեմադրիչի, այլ նաև հանճարեղ Ալան Մուրի կերպարների ու երկխոսությունների հարուստ ներկապնակի շնորհիվ: Առանց լավ հեղինակի Սնայդերն արագ կորցնում է շարադրանքի թելը` խորանալով անիմաստ ու անողոք էքշընի տեսաշարի մեջ, որն անվերջ է թվում:

«Պողպատե մարդն» այդ տեսակետից շատ բնորոշ է: Լավ տեսաշարի և հսկայական թափի հետ մեկտեղ այն ներկայացնում է իրենից բովանդակային կլիշեների անհասկանալի մի հավաքածու, որոնք վատ են համակցվում և վերածում են այդ հսկայական կառույցը խարխուլ մի բանի: Դրամատիզմից զրկված մենամարտերի միապաղաղ տեսարանները ոչ մի կերպ չեն նպաստում կերպարների կամ դրանց մոտիվների բացահայտմանը: Սնայդերին հաջողվել է մասնակիորեն հաղթահարել միայն տեսաշարի վրա կենտրոնանալու իր ձգտումը` հետին պլան մղելով սյուժեն:

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի գլխավոր խնդիրն այն է, որ «Պողպատե մարդու» հետ ծանոթ հանդիսատեսին բարդ կլինի իմաստավորել այն, ինչ կատարվում է էկրանին` ոչ միայն կերպարների մոտիվներն ու արարքները, այլ նաև իրադարձությունները, որոնք սկսում են թափ առնել առաջին իսկ րոպեից: Սակայն, մյուս կողմից, Սնայդերը կարողացել է ձերբազատվել «մենամարտը երկար ու մասշտաբային անելու» մանիակալ ձգտումից` համեմելով տեսաշարի տեսակետից հիասքանչ էքշըն-պատկերները յուրաքանչյուր կերպարի անձնական դրամայով: Ընկալման պակասը կինոնկարի գլխավոր ուղերձն է` թեև ուժը ենթադրում է նաև պատասխանատվություն, յուրաքանչյուրը բարոյական երկընտրանքի իր ընկալումն ունի: Եվ միայն ի դեմս ընդհանուր թշնամու Բեթմենն ու Սուպերմենը կարող են, թեկուզ ժամանակավոր, մի կողմ թողնել թերըմբռնումն ու կռվել կողք կողքի:

«Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը շահեկանորեն տարբերվում է առաջին ֆիլմից նաև նրանով, որ «մարդու կերպարանքով» հանդես եկող կերպարներն ավելի մարդկային են: Քլարկ Քենթը հիշեցնում է ընտանիքի օրինակելի հոր, իսկ Բրյուս Ուեյնը այդ կերպարին բնորոշ տարօրինակություններով հանդերձ, թեև ոչ այնքան ընկալելի դրդապատճառներով, օրենքի անմահ պահապանի տպավորություն չի թողնում: Ամենանշանակալի կերպարը Լեքս Լյուտորն է (Ջեսսի Այզենբերգի կատարմամբ), որը ոչ թե համաշխարհային չարիք է, այլ խորամանկ, հաշվենկատ սադրիչ, որը կռիվ է հրահրում գերհերոսների միջև, իսկ հետո հրճվանքով դիտում է նրանց կռիվներն ու հետևում Մետրոպոլիսի ավերմանը:

Ընդհանուր առմամբ «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը մի գլուխ բարձր է «Պողպատե մարդուց»` ավելի սլացիկ է և ամուր կառուցվածք ունի, թեև օրգանական կապ ունի խախուտ «պրիկվելի» հետ: Հեղինակներին հաջողվել է շտկել սխալները, և թեև ամեն ինչ այդքան իդեալական չէ, ինչպես ցանկալի կլիներ, հույս է մնում, որ առաջիկա «Արդարության լիգայում» թերությունների շտկումը գագաթնակետին կհասնի:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---