Ադրբեջանի ռազմաշունչ լկտիությունը

Ադրբեջանի ռազմաշունչ լկտիությունը

Բաքուն լսեց Կասպրշիկին և ճիշտ հակառակն արեց

Տարիներ շարունակ միջազգային միջնորդների լռությունը խրախուսում է Բաքվին մշտապես դիմել դիվերսիաների և սադրանքների: Ադրբեջանցիները ոչ միայն շարունակում են գնդակոծել հայկական դիրքերն ու բնակավայրերը, այլ նաև գնալով ավելի ծանր զենք են կիրառում` ինքնաձիգերից հասնելով տանկերի ու հրթիռային կայանքների:

PanARMENIAN.Net - Սբ Զատկի նախօրեին, ինչպես և ակնկալվում էր, հերթական առիթը դարձավ Ադրբեջանի համար ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում և Հայաստանի հետ սահմանին սադրանքներ հրահրելու համար: Հավանաբար, ակնկալելով, որ Բաքուն զերծ չի մնալ հերթական սադրանքներից, սակայն, ինչպես սովորաբար, չցանկանալով իրերն իրենց անունով կոչել, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կոչ արեց ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել որևէ գործողություններից, որոնք կարող են լարվածության աճի հանգեցնել Սբ Հարության և Նովրուզի շեմին:

Կասպրշիկի կոչին միացավ նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը:

Սակայն, ինչպես նախկինում, Ադրբեջանի իշխանություններն այս անգամ ևս ցույց տվեցին, որ ոչ մի բանի տեղ չեն դնում միջնորդների կարծիքը: Խաղաղության կոչերին հաջորդեցին հրադադարի առավել ակտիվ խախտումներն ադրբեջանցիների կողմից, որոնք զուգահեռաբար նաև ապատեղեկատվություն էին տարածում շփման գծում լարվածության աճի մասին` դրանով իսկ հող նախապատրաստելով լայնածավալ սադրանքների համար, որոնք երկար սպասեցնել չտվեցին:

Այդ օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը կրակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, ՀԱՆ-17 ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից: Չբավարարվելով դիրքերի գնդակոծմամբ, ադրբեջանական ստորաբաժանումները թիրախ են դարձրել նաև գյուղերն ու խաղաղ բնակիչներին: Ընդհանուր առմամբ մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը, այնսինք Սբ Զատկի նախօրեին, Ադրբեջանի ԶՈւ ավելի քան 2500 կրակոց է կատարել միայն ԼՂՀ ՊԲ դիրքերի ուղղությամբ:

Շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը շարունակել է կիրառել նաև 60 (39 արկ) և 82 (34 արկ) միլիմետրանոց ականանետեր, ՀԱՆ-17 (48 արկ) ու ՌՊԳ-7 տիպի նռնականետեր (5 արկ): Ավելին` մարտի 26-ին հակառակորդը TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքներից շփման գծի հարավարևելյան ուղղությամբ՝ 5 կմ խորությամբ, արձակել է 45 արկ:

Տեղեկանք.

TR-107 տիպի զենիթահրթիռային կայանքը նախատեսված է լեռնային տեղանքի պայմաններում գործող հատուկ նշանակության ջոկատների համար: Դրանք կարող են տեղակայվել նաև փոքր ու մանևրային մեքենաների վրա:

Այդպիսով, կայանքները սեղմ ժամկետում դուրս են բերվում անհրաժեշտ տարածք, կրակային հարվածներ են հասցնում հակառակորդի դիրքերին, իսկ հետո էլի սեղմ ժամկետում փոխում են դիրքերը:

ROKETSAN ֆիրմայի TR-107 տիպի կայանքները կրակում են հեռահար հրթիռներով` մինչև 11 կմ հեռավորության վրա, ինչն ավելին է, քան ԱՊՀ-ում տարածված ռուսական և ուկրաինական արտադրության հրթիռների դեպքում:

Արկակոծման հետևանքով վիրավորում է ստացել Թաղավարդ գյուղի բնակիչ, 1989թ. ծնված Երվանդ Կարոյի Ֆիրյանը, որը զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով:

Մարտի 25-ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել Իջևանի տարածաշրջանի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ուսից վիրավորվել է Բերքաբերի 55-ամյա բնակիչ Նորիկ Ալիխանյանը:

Հազիվ թե կարելի է ակնկալել, որ Բաքվի սադրիչ գործողությունները պատշաճ գնահատական կստանան միջնորդների և միջազգային հանրության կողմից: Այդ նույն հանրությունը լռեց, երբ Ադրբեջանն առաջին անգամ TR-107 տիպի զենիթահրթիռային կայանք կիրառեց 2015-ի օգոստոսին: Լռեց, երբ գնդակոծվում էին հայկական սահմանամերձ գյուղերը, երբ զոհվեցին և վիրավորեցին սահմանամերձ գյուղերի բնակիչներ: Երբ նույն թվականի սեպտեմբերին ադրբեջանական ստորաբաժանումները 122 մմ Դ-30 հաուբից կիրառեցին, երբ 2015-ի դեկտեմբերին հայկական դիրքերը գնդակոծվեցին տանկերից:

Այնպես որ, սպասենք ԵԱՀԿ Մինսկի խմբի և մյուս «շահագրգիռ» ատյանների հերթական լղոզված ու ոչ մի նշանակություն չունեցող հայտարարություններին, որոնց լռելյայն մասնակցությամբ է Ադրբեջանն անպատիժ շարունակում դիվերսիաներն ու սադրանքները:

Մարինա Անանիկյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---