«SOS Գյումրին»՝   թվապատմամբ

«SOS Գյումրին»՝ թվապատմամբ

Վերջին շրջանի ամենաազդեցիկ բարեգործական ծրագիրը

2016-ի սկզբին գյումրեցի մի խումբ երիտասարդներ ձեռնարկել են քաղաքի անօթևան ընտանիքներից 13-ին բնակարանով ապահովել: Հայաստանում ու արտերկրում բավականին մեծ արձագանք ստացած նախաձեռնության արդյունքում այսօրվա դրությամբ սեփական տուն կստանան արդեն ոչ թե 13, այլ 22 ընտանիք: «SOS Գյումրի» նախաձեռնությունը մեկնարկել է գյումրեցի լուսանկարիչ Հայկ Բարսեղյանը՝ ներկայացնելով 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո անօթևան մնացած մարդկանց ապրելու պայմանները լուսանկարներում:

PanARMENIAN.Net - Մարտի 18-ի դրությամբ՝ բարեգործների կողմից նվիրաբերված բնակարանների թիվը հասել է 22-ի: Սկսվել է բնակարանների հանձնման գործընթացը։

Գործարարներից

Էլցանցերի սեփականատեր Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ` ընկերության միջոցների հաշվին 10 բնակարան է հանձնվելու 10 անօթևան ընտանիքին, ևս 2-ը ձեռք կբերվի ընկերության աշխատակիցների սեփական միջոցների և ևս մեկը` արհմիության շնորհիվ։ 60 մլն դրամի շրջանակում 10 բնակարան նվիրաբերելու մասին պայմանագիրը մարտի 18-ին ստորագրվել է «Գյումրին սռանց տնակների հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամների ու ընկերության միջև։

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը նվիրաբերել է 2-3 սենյականոց բնակարան 2 ընտանիքի համար: Բնակարանները մասնակի կահավորված են։

«ԳազպրոմԱրմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանը 3 սենյականոց բնակարան է նվիրել: «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արման Սահակյանը՝ 1 բնակարան:

Շիրակ Ջրմուղկոյուղին 500.000 դրամ է տվել, ՀԷՑ Գյումրու մասնաճյուղը՝ 1 մլն դրամ:

Crowdfunder

Հունվարին մեկնարկած դրամահավաքը անցկացվում է նաև բրիտանական Crowdfunder.co.uk կայքի միջոցով, որի նպատակն էր 53 օրում հավաքել 120.000 ֆունտ ստերլինգ 13 անօթևան ընտանիքին բնակարանով ապահովելու համար։ Սակայն, հետագայում, կայքի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որպեսզի £120.000-ը իջեցվի մինչև £27.000, քանի որ մինչև դրամահավաքի վերջնաժամկետը՝ մարտի 22-ը, այդքան գումար չէր հավաքվում, իսկ դրա դեպքում կայքի օրենքներով հավաքված գումարը պետք է վերադարձվեր նվիրաբերողներին: Այսպիսով, մարտի 22-ի դրությամբ 63 օրում հավաքվել է £28.617:

Մարզական աշխարհից

«SOS Գյումրի» ծրագրի շրջանակում նաև աճուրդների շարք է կազմակերպվում, որից հասույթը նույնպես ուղղվում է բնակարանների ձեռքբերմանը: Ֆուտբոլի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, լեգենդար ֆրանսահայ Յուրի Ջորկաեֆը իր ստորագրությամբ գնդակ է տրամադրել: Ռեալ Մադրիդը պաշտոնապես աջակցել է ծրագրին՝ նվիրելով ակումբի մարզաշապիկը: Դրա վրա գրված է. «Նվիրված Գյումրիի երկրաշարժից բոլոր տուժածներին, մեր ամբողջ ջերմությամբ»: Աճուրդը դեռևս չի կայացել:

Սպասվում է նաև Լիոնել Մեսսիի և Սերխիո Ագուերոյի Արգենտինայի հավաքականի մարզաշապիկները՝ իրենց ստորագրությամբ: Դրանք Արգենտինայից ուղարկվում են Հայաստան:

Ֆուտբոլային մեկնաբան Սենիկ Կարա-Պողոսյանը, որպես «Բարսելոնա ՖԱ»-ի պաշտոնական միակ ներկայացուցիչ՝ աճուրդին տրամադրել է կատալոնական ակումբի մեծ դրոշը, որի վրա տարիներ առաջ ստորագրել են մեկ մրցաշրջանում բոլոր 6 գավաթին տիրացած Պեպ Գվարդիոլան, Չավին, Անդրես Ինյեստան, Լեո Մեսսին, Թյերի Անրին, Կառլես Պույոլը, Սերժի Բուսկետսը, Դանի Ալվեսը, Պեդրոն և Գաբի Միլիտոն:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի ստորագրությամբ մարզակոշիկները աճուրդի լոտերի թվում էին, որոնք վաճառվել են 40.000 դրամով։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ստորագրությամբ գնդակը նույնպես կվաճառվի: Աճուրդի կհանվի նաև «Արարատ-73»-ի լեգենդների ստորագրությամբ գնդակը, Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մարզաշապիկը՝ ստորագրությամբ։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի մարզաշապիկը նույնպես բարեգործական աճուրդում է:

Երաժիշտների արձագանքը

Աշխարհահռչակ դաշնակահար, կոմպոզիտոր Տիգրան Համասյանի վերնաշապիկը՝ ստորագրությամբ, լինելու է լոտերից մեկը։ Գյումրիում երաժշտի բարեգործական համերգի ընթացքում իրականացված հանգանակության արդյունքում հավաքվել է. 546.110 դրամ՝ տուփում, 500.000 դրամ՝ Գյումրու քաղաքապետ Բալասանյանի ընտանիքից, 500.000 դրամ Հայկ Մարությանից (Կարգին Հայկո) 120.000 դրամ փոխանցվել է բանկային հաշվեհամարներից մեկին՝ տարբեր անձանցից, 200$՝ Լարիսա Մինասյանից, 1 մլն դրամ խոստացել է փոխանցել Գյումրու էլցանցի տնօրեն Ֆարզադյանը։

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Գյումրիի անօթևան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաքին:

Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես հենց նոր ստացա այս նամակը և հավատում եմ, որ սա լավ գործ է մշակութային գործիչների և ակտիվ երիտասարդների կողմից։ Մենք նույնպես հետևել ենք Գյումրիի տնակներում ապրող մարդկանց և ամեն ինչ արել ենք, որ նրանց պայմանները բարելավվեն»:

Նախաձեռնությանը ֆեյսբուքյան էջով արձագանքել է նաև Շարլ Ազնավուրը՝ տարածելով նախաձեռնությունը իր էջում:

Քաղաքական գործիչներից

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր 1 ամսվա աշխատավարձն է տվել՝ 857.905 դրամ: Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանը բարեգործական ծրագրին նույնպես նվիրաբերել է իր մեկ ամսվա աշխատավարձը։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 150.000 դրամ է տվել:

Քաղաքներ՝ Գյումրիի կողքին

Մարտի 20-ին Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի է ունեցել Արտաշատը Գյումրիի կողքին դրամահավաքը: Նախաձեռնողը Արտաշատի քաղաքացիական երիտասարդական կենտրոնն էր, որը միացել էր նախաձեռնությանը: Հավաքվել է $1100 և 70.240 դրամ: ի դեպ, $1000 փոխանցել է Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը:

Նաև 60.000 դրամ է հավաքվել Liberty փաբում կազմակերպված բարեգործական համերգի արդյունքում:

Գյումրիի համար Երևանի Հյուսիսային պողոտայում կազմակերպված դրամահավաքի ընթացքում հավաքվել է 30 եվրո, 400 դոլար, 920 ռուբլի, 37.000 իրանական ռիալ (մոտ $1.23) և 1.200.680 դրամ:

Շվեյցարահայ Թերեզա Մխիթարյանի նախաձեռնությամբ՝ Մոսկվայում բարեգործական ընթրիք է կայացվել, որի շրջանակում հավաքվել է $40.000: Այդ գումարով Գյումրիում հնարավոր կլինի գնել 3-4 բնակարան: Նախատեսվում է բարեգործական միջոցառումներ անցկացնել նաև Լոնդոնում ու Նյու Յորքում:

Մարտի 12-ին Ստամբուլի Հրանտ Դինքի անվան վարժարանի թատրոնի ուսուցիչ գյումրեցի Հարություն Գևորգյանի նախաձեռնությամբ բեմադրվել է Սամվել Խալաթյանի «Սիմոն թագավոր» մոնոներկայացումը: Դրա ընթացքում տեղի ունեցած հանգականակության ամբողջ հասույթը՝ $655, տրամադրվեց «SOS Գյումրիին»:

Ծրագրում մասնակցել է նաև Հրանտ Դինքի անվան վարժարանը իր սաների հետ միասին։

Ընդհանուր առմամբ մարտի 3-ի, ժամը 11:30 - ի դրությամբ Հայկ Բարսեղյանի հաշվեհամարին մուտք է եղել ավելի քան 5.675.390 դրամ: Այս գումարի մեջ մտնում է Գյումրու և Երևանի դրամահավաքների գումարը:

«Եթե սկզբում մենք կենտրոնացել էինք գումար հավաքելու վրա, այժմ աշխատում ենք հնարավորինս ճշգրիտ ընտրություն կատարել, քանի որ առաջացել է ընտանիքների կողմից այդ բնակարանները հետագայում վաճառելու հարց: Կան ընտանիքներ, որոնք ապրում են ծայրահեղ վիճակում, սակայն ունեն 1 սենյականոց բնակարան, որը վարձով են տալիս: Որոշում է կայացվել, որ բնակարան ստացող ընտանիքներն առնվազն 30 տարի իրավունք չեն ունենալու օտարել դրանք, իսկ վարձով տրվող ընտանիքների հետ պայմանավորվածություն է կնքվելու, որ իրենք կստանան բնակարան միայն այն դեպքում, եթե այդ վարձով տրվող բնակարանները հանձնեն մեզ, մենք էլ՝ մեկ այլ ընտանիքի: Նրանք պետք է պատրաստ լինեն այդ փոխզիջումներին», - նշում է «SOS Գյումրի» խումբը:

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը PanARMENIAN.Net ին տեղեկացրեց, որ Գյումրիում մոտավորապես 2.750 ընտանիք է ապրում տնակներում կամ կիսաքանդված շինություններում, բայց ոչ բոլորի պայմաններն են ծայրահեղ: 3000 տնակ կա, որից 500-ը փակ է՝ մարդ չի ապրում, այսինքն մոտ 2500 ընտանիք է տնակներում բնակվում: Մոտ 200-250 ընտանիք ծայրահեղ վատ պայմաններում է ապրում: Մոտ 500-600 ընտանիք հրաժարվել է բնակարաններից, քանի որ նորմալ պայմաններում են ապրում: Ընդհանուր առմամբ, մոտ 2000 բնակարան է պետք:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---