Ռուսաստանում ընդունված նոր կանոնները վնասում են հայաստանյան կինոթատրոններին

Ռուսաստանում ընդունված նոր կանոնները վնասում են հայաստանյան կինոթատրոններին

Ինչպե՞ս շտկել իրավիճակը

ՌԴ կառավարությունը մարտի սկզբին հաստատել է «Ցուցադրման (պրոկատի) համար ֆիլմ տրամադրելու, մերժելու և ֆիլմի ցուցադրության հավաստագիրը չեղարկելու, և Ֆիլմերի պետռեգիստրը վարելու կանոնների» թարմացված տարբերակը: Ըստ փաստաթղթի, այժմ ՌԴ մշակույթի նախարարությունը կարող է ցուցադրման հավաստագիր չտալ հոլիվուդյան մեծ կինոֆիլմերին, որոնք կարևոր ռուսական նախագծերի հետ նույն օրերին են էկրան բարձրանում:

PanARMENIAN.Net - Քանի որ հայկական կինոշուկան սերտորեն կապված է ռուսականի հետ, որոշումն արդեն իսկ ազդում է Հայաստանում կինոպրեմիերաների ժամկետների վրա:

Ապրիլի 21-ին էկրան է բարձրանում ռուսական արտադրության «Անձնակազմ» բլոկբաստերը: Հետևելով Ռուսաստանում ընդունված նոր կարգին` ՌԴ մշակույթի նախարարությունն առաջ է տանում հենց այդ կարևոր ռուսական նախագիծը, ինչն անմիջական ազդեցություն ունի հայաստանյան կինոթատրոնների աշխատանքի վրա: KinoPark կինոթատրոնի տնօրեն Վազգեն Սաղաթելյանը PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է, որ նոր կանոնների պատճառով դիստրիբյուտորները, որոնց հետ աշխատում են հայկական կինոթատրոնները, չեն կարող հիթային պոտենցիալ ունեցող ռուսական նախագծերի հետ միաժամանակ ցուցադրել նաև մեծ արևմտյան կինոնկարներ, որոնց հասույթն, անկասկած, ազդելու է ռուսական ֆիլմերի ֆինանսական ցուցանիշների վրա:

Դրվագ «Անձնակազմ» ֆիլմից, ռեժիսոր` Նիկոլայ Լեբեդև

«ՌԴ կինոթատրոնների համար դա մեծ խնդիրներ չի առաջացնի: Չնայած, որ ռուսական կինոն նույնքան հանդիսատես չի հավաքում, որքան հոլիվուդյան ֆիլմերը, հսկայական շուկան կարող է ծածկել ցանկացած վնաս: Հայաստանի պարագայում ամեն ինչ շատ ավելի բարդ է` շուկան փոքր է, ռուսական ֆիլմերի այցելության մակարդակը` չնչին, իսկ ՌԴ-ից խոշոր ֆիլմի հայտնվելը թույլ չի տալիս միաժամանակ ցուցադրել ֆինանսապես ավելի կայացած հոլիվուդյան ֆիլմերը, քանի որ դիստրիբյուտորները, որոնց հետ մենք աշխատում ենք, չափից շուտ են սկսում ցուցադրությունը, կամ էլ ռուսական պրեմիերայից ավելի ուշ: Ստացվում է, որ նույն «Անձնակազմի» շուրջ կինոպրեմիերաների ժամանակացույցը վակուումի մեջ է հայտնվում, քանի որ ցուցադրվում են ֆինանսական տեսակետից ոչ այնքան հաջողակ ֆիլմերը: Ապրիլի 21-ին նախատեսված է «էլվիսը և Նիքսոնը» կատակերգության պրեմիերան, իսկ ապրիլի 28-ին` «Անտանելի լեդիները» կատակերգության և գերմանական «Պայթեցնել Հիտլերին» դրամայի պրեմիերան: Այդ ֆիլմերը ֆինանսապես խոստումնալից չեն թույլ գովազդային արշավի և թիրախային լսարանի սահմանափակ լինելու պատճառով: Հաշվի առնելով հայ հանդիսատեսի թույլ հետաքրքրությունը ռուսական կինոյի հանդեպ, ստացվում է, որ ապրիլի վերջին տասնօրյակը բավականին բարդ է լինելու կինոթատրոնի համար հասույթի ապահովման տեսակետից»,-ասել է զրուցակիցը:

Դրվագ «Պայթեցնել Հիտլերին» ֆիլմից, ռեժիսոր` Օլիվեր Հիրշբիգել

Ռուսական շուկայում աշխատող դիստրիբյուտորներն, ըստ էության, աշխատում են ԱՊՀ ամբողջ շուկայի համար, քանի որ չեն դիտարկում հայկական շուկան որպես առանձին միավոր վերջինիս փոքր չափերի պատճառով: Ուստի, նրանք սկսում են ֆիլմի ցուցադրումն ԱՊՀ ամբողջ տարածքում ՌԴ հետ միաժամանակ: «Իրավիճակը շտկելու մի քանի ճանապարհ կա: Կանոնակարգողները, որոնք մերժում են ցուցադրության իրավունքի տրամադրումը ՌԴ տարածքում, տեսականորեն կարող են ԱՊՀ մյուս երկրները դիտարկել առանձին և չխոչընդոտել ֆիլմերի ցուցադրությանը նախանշված ժամկետում: Կամ Հայաստանում պետք է հայտնվեն սեփական դիստրիբյուտորները, որոնք կաշխատեն անմիջապես ստուդիաների հետ, իսկ դա ավելի բարդ է: Մյուս կողմից` նման «վակուումային օրերը» կարող են նպաստավոր լինել հայկական ֆիլմարտադրության համար: Հաշվի առնելով, որ վերջին շրջանում հայկական ֆիլմերը մեծ պահանջարկ ունեն հանդիսատեսի շրջանում, և որ ռուսական ֆիլմերը մրցակցային գործոն չեն հանդիսանում, մեծ հոլիվուդյան նախագծերի բացակայությունը կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ մեծ հասույթ ստանալու համար, ինչը նպաստավոր կլինի նաև կինոթատրոնների համար»:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---