Բոլորին մեկ է` ով է աղոթելու Շուշիում

Բոլորին մեկ է` ով է աղոթելու Շուշիում

Ինչու չի ավարտվում հայ-ադրբեջանական հակամարտությունը

Արցախյան բախումների թնդանոթները, կարծես, սառում են: Ռազմական հանրությունը վերլուծում է աննախադեպ առճակատումը, հասարակությունն էլ աստիճանաբար կենտրոնանում է այս օրերին ամենազայրացնողի՝ դաշնակիցների ու միջազգային հանրության պահվածքի վրա:

PanARMENIAN.Net - Խնդիրը կենտրոնական է բանակի մարտիրոսության արդյունքը խիստ պայմանական «խաղաղության» պայմաններում չմսխելու համար: Ուստի անհրաժեշտ է կողմ դնել էյֆորիան, զայրույթն ու այլ զգացմունքներն ու մաքսիմալ սթափ հասկանալ, ինչ կատարվեց արցախյան բախումների օրերին և ինչու:

Նախ` ո՞վ ենք մենք նրանց համար

Տնտեսապես անկարևոր, աշխարհի գլխավոր տրանսպորտային հանգույցներից հեռու տարածաշրջան, որի ամենամեծ նշանակությունը Ռուսաստանին հարևան լինելն է: Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գումարային ՀՆԱ-ն ավելի փոքր է, քան Ռումինիայի տնտեսությունը: Ամենազգալի ծավալներով արտահանվող ապրանքը՝ ադրբեջանական նավթը, համաշխարհային նավթային առևտրի 0.66%-ն է: Որևէ բացառիկ բան այստեղ չի արտադրվում՝ արտահանում ենք հումք, գյուղարտադրանք: Բնակչությունը փոքր է: Հարևանները (բացի Թուրքիայից) հումքից բացի գրեթե ոչինչ չարտահանող, նույնատիպ պրիմիտիվ տնտեսությամբ երկրներ են, իրար վաճառելու գրեթե բան չունեն, արտաքին աշխարհի հետ էլ կապվում են ծովով կամ եղած ուղիներով: Ուստի, տրանզիտային նշանակությունն էլ փոքր է, ու հենց այդ պատճառով տասնամյակներով խոսվում, բայց չեն իրագործվում կամ կրիայի տեմպերով են կառուցվում «Հյուսիս-Հարավը», Կարս-Ախալքալաք-Բաքուն, Իրան-Ադրբեջան կամ Հայաստան-Իրան երկաթուղիները ու բազմաթիվ այլ ամպագոռգոռ նախագծեր (դա, ի դեպ, նաև Բաքվում օրերս մեծ շուքով հայտարարված, 2005-ից «կառուցվող», բայց այդպես էլ ցայսօր գոյություն չունեցող Իրան-Ադրբեջան երկաթուղուն է վերաբերում): Բոլոր այդ ծրագրերը փուչիկ են տնտեսական առումով ու բովանդակություն են ստանում միայն այն ժամանակ, երբ դրանք կառուցելը քաղաքական նշանակություն է ստանում: Պոտենցիալ ռազմագոտիներում բնակչությունն էլ է փոքր՝ փախստականների մեծ ալիք Արևմուտքին չի սպառնում:

Այսպիսով, արձանագրենք՝ մենք կարևոր չենք աշխարհի համար: Եթե նույնիսկ այստեղ ատոմային պատերազմ սկսվի, այս տարածքից դուրս գրեթե ոչ մեկի կյանքի վրա դա չի անդրադառնա՝ միջազգային առևտուրը չի կանգնի, Եվրոպան չի խեղդվի նավթի ու կոնյակի դեֆիցիտից, միլիոնավոր հայեր կամ ադրբեջանցիներ չեն լցվի Բեռլին ու Փարիզ: Մենք ոչ մեկի պետքը չենք՝ բացի մեզնից ու հերթական թեժ կետից լուրերին կարոտ ԶԼՄ-ներից: Հենց այդ պատճառով էլ մարդիկ զոհվում են տասնյակներով, իսկ միջնորդները բարեհաճում հավաքվել ռազմական գործողությունների մեկնարկից չորս օր անց: Միակը, ով, միգուցե, մի փոքր ավելի է հետաքրքրված մեզանում, իր հարավային սահմանները պաշտպանել փորձող Ռուսաստանն է:

Ի՞նչ է ուզում Ռուսաստանը

Մեծ հաշվով, մեկ բան՝ լոյալություն: Ղարաբաղյան համակարտությունն էլ նրան հետաքրքիր է հենց լոյալության տեսանկյունից: Մոսկվան շատ լավ հասկանում է՝ եթե այն ավարտվի (կարևոր չէ՝ ում օգտին), իր ազդեցությունն այստեղ պատիկներով նվազելու է: Հայաստանն այլևս թույլ չի տա ռազմաբազային տեղակայված լինել իր տարածքում անվճար, չի հանդուրժի ԵՏՄ-ին անդամակցելու պարտադրանքը, չի հանձնի Ռուսաստանին բոլոր ենթակառուցվածքները: Ադրբեջանին էլ են երբեմն լրջորեն սպառնում՝ Ղարաբաղն անմիջականորեն ռուսական բանակով պաշտպանելու հեռանկարով (օրինակ, հիշենք 2013-ին 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հարցազրույցը): Զուգահեռաբար, սակայն, հետը միլիարդավոր դոլարների գործարքներ են կնքվում՝ պատրանք ստեղծելով, թե դաշնակցին կարելի է և դավաճանել: Որպեսզի Բաքուն կարծի, թե Ղարաբաղը վերագրավելու ու հայաթափելու շանս կա, ու հանուն դրա գոնե մի քիչ զուսպ լինի Թուրքիայի հետ մերձեցումից, հանկարծ չապակայունացնի Հյուսիսային Կովկասը, գոնե մի փոքր հեռու մնա հակառուսական նախագծերից: Ուրեմն, կարծում են Մոսկվայում, լավ է, որ չկա հաշտության պայմանագիր, երկու կողմն էլ քեզնից կախվածություն ունեն, ու թող այսպես էլ մնա: Իհարկե, վատ չէր լինի, որ այսպիսի առկախված վիճակը պահպանվեր՝ առանց տանկեր ու «Սմերչեր» կիրառելու ու հեղինակության համար նորանոր վնասների, բայց դա այն կանխատեսելի գինն է, որը Ռուսաստանն իր համար կողմնորոշել էր մինչև խաղը սկսելը: Կարևորը՝ կողմերից ոչ ոք չափից ավելի «չարխայնանա», պատերազմի ժամանակ էլ՝ վերջնականապես չջախջախի մյուսին: Ուստի, հայերը հաղթելու լինեն՝ կօգնեն Բաքվին, Ադրբեջանը հաղթելու լինի՝ հայերին: Նման փորձ դեռ 1990-ականներից կա՝ երբ Բաքու զորք մտցրին եռօրյա հայկական ջարդերից հետո, իբր հայերին փրկելու, իրականում՝ անկախականներին սանձելու համար: Կամ երբ դատարկում էին Գետաշենը: Եվ այսօր էլ կարևոր չէ՝ հայերը տարածք կկորցնեն, թե Բաքուն: Միայն թե որևէ մեկի պարտությունը չլինի անդառնալի ու վերջնական:

Ի՞նչ է ուզում Արևմուտքը

Արևմուտքի համար էլ է մեր արժեքը Ռուսաստանին հարևան լինելով պայմանավորվում: Ուստի, լավ կլիներ, որ հակամարտությունը լուծվեր, Մոսկվայի դիրքերն էլ թուլանային: Բայց քանի որ տարածաշրջանը, ինչպես վերևում արդեն նշվեց, չունի գերկարևոր նշանակություն (հատկապես, որ ամուր հենք ի դեմս Վրաստանի այստեղ արդեն կա), ոչ ոք չի պատրաստվում «խաղաղություն պարտադրել» կողմերին: Կրկին՝ լավ կլինի խուսափել պատերազմից՝ ավելորդ խնդիրներից զերծ մնալու համար, սակայն բախումներն էլ «անհրաժեշտ չարիք են»: Եթե կողմերից մեկը ջախջախի մյուսին ու հաշտություն պարտադրի՝ կլինեն բազմաթիվ «խորին մտահոգություններ», և վերջ:

Այսպիսով, մեկ միջնորդական ձևաչափում գործող արտաքին խաղացողները համակարծիք են՝ տարբերություն չկա, թե ով կապրի Արցախում: Սակայն դրանցից մեկին ձեռնտու է հակամարտության լուծումը (կարևոր չէ՝ ում օգտին), մյուսին՝ սառեցումը: Այստեղ նշենք, որ, իհարկե, միայն արտաքին խաղացողների հակասությունը չի, որ խանգարում է բանակցել. ամենակարևոր պատճառը, միևնույն է, այստեղ է, այս տարածաշրջանում: Ադրբեջանը չի ուզում բանակցել, նա քեզ սպանել է ուզում: Ու քեզ սպանելու համար այդ պետությանը պետք է ոչ թե պատճառ, այլ հարմար առիթ:

Այս հիմնավոր հակասությունները խանգարում են հակամարտության լուծմանը: Ու 20 տարուց ավելի է՝ պարբերաբար «դաշտ» են բերվում տարբեր աստիճանի տարօրինակության հասնող գաղափարներ («ընդհանուր պետություն», Մեղրի՝ Ղարաբաղի դիմաց, անկախության հերթական հանրաքվե ու խաղաղապահներ): Վերջիններս այս օրերին էլ հիշատակվեցին:

Հետաքրքիր զուգադիպություն. խաղաղապահության թեման օրակարգ եկավ ապրիլի 7-ին, Ռուանդայում ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Այն ցեղասպանության, որը տեղի ունեցավ, երբ խաղաղապահները փախան առաջին արյունից հետո: Ու որի ժամանակ երկիր շտապ մտցված արևմտյան ստորաբաժանումները փրկում էին միմիայն սպիտակներին՝ չունենալով տեղի բնակչությանն աջակցելու հրաման: 3 րոպե ժամանակ հատկացրեք՝ դիտեք այս տեսանյութը:

Ի՞նչ արեց զինվորը

Հայկական բանակը՝ տասնյակ զոհերի գնով, ապացուցեց, որ մենք ունենք հակառակորդին զսպելու ու ռազմական հաջողություններ գրանցելու ներուժ: Սակայն քաղաքական առումով իրավիճակը փոխելու հնարավորություն, կարծես, առայժմ չկա (նույն նոր զենքն առնում ենք Մոսկվայից, այն էլ՝ վարկով): Եթե չհաջողվի այդ հնարավորությունը ձեռք բերել, եղած իրավիճակը կպահպանվի, կամ, գուցե, նոր ստատուս քվո կլինի՝ առանց վերջնական խաղաղության (հօգուտ կամ ի վնաս մեզ տարածքային փոփոխություններով): Այլ գիտաֆանտաստիկ տարբերակներ՝ հայերի կամավոր ընդգրկումն Ադրբեջանի կազմում, կամ Բաքվում ադեկվատ մարդկանց իշխանության գալն ու հասարակության բուժումը շովինիզմից ու ռևանշիզմից չենք դիտարկում:

Մի այլ երկրի մի այլ դաշնակցի մասին

Մենք՝ հայերս, դրսում անընդհատ կրկնօրինակելու մոդելներ ենք փնտրում: Հիմա էլ, հերթական անգամ, կարդում ենք Իսրայելի մասին «գովազդային» հոդվածներ, որտեղ հրեական պետությունը բացառապես ինքնուրույն ջանքերով կառուցած դյուցազուն է ներկայացվում: Կարդում ենք ու փորձում հասկանալ, թե ինչու մեզ մոտ նույն բանը չի ստացվում: Պատճառներից մեկն էլ (մեր բազում մեղքերը դեռ մի կողմ) դաշնակիցների տարբեր էությունն է: Միայն 1971-80 թթ ժամանակահատվածում ԱՄՆ պետական աջակցությունը Իսրայելին (զուտ պետականը` սփյուռքի հանգանակությունները չհաշված) կազմել է երկրի տասնամյա ՀՆԱ-ի 14,4%-ը, առանձին տարիներին հասնելով մինչև աստղաբաշխական 23,6%: Մեր մասշտաբներով դա նույնն է, որ Ռուսաստանը վերջին 10 տարում Հայաստանին անվերադարձ $14-15 միլիարդ հատկացներ՝ ներդնելով այն պաշտպանության, գիտության և սոցիալական ոլորտի մեջ (ու, ի դեպ, խիստ հետևելով, որ չգողանան): Սա է կոչվում դաշնակցություն՝ երբ դու թև ու թիկունք ես նրան, ով քեզ ապավինել է: Եվ հենց այդ տարբերության պատճառով Մոսկվան, մեծ հաշվով, պարտվում է Վաշինգտոնին. Միացյալ Նահանգների հետ դաշնակցում են զարգացման հույսով, իսկ Ռուսաստանի հետ՝ անճարությունից:

Նիկոլայ Թորոսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Բաքուն պարզաբանել է` ինչու չի ցուցադրվել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---