Ինչպես ՏՏ-ն կարող է օգնել ռազմարդյունաբերության կայացմանը

Ինչպես ՏՏ-ն կարող է օգնել ռազմարդյունաբերության կայացմանը

DAPRA-ի հայկական տարբերակն է ստեղծվում

Ապրիլյան «քառօրյա» ռազմական գործողությունները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում աչքի ընկան հակառակորդի կողմից մարտական անօդաչու թռչող սարքերի լայն կիրառմամբ: Դրոններից շատերը ոչնչացվեցին հայկական կողմի ՀՕՊ օգնությամբ, սակայն զոհեր ևս եղան` իսրայելյան արտադրության IAI Harop կամիկաձե անօդաչու սարքը հարվածեց կամավորների ավտոբուսին, որի հետևանքով 7 մարդ զոհվեց: Հայկական ՏՏ ընկերություններն արդեն ցանկություն են հայտնել համագործակցելու պաշտպանության նախարարության հետ` համատեղ մշակելու համար հայտնաբերման, պաշտպանության և հետախուզման արդիական համակարգեր:

PanARMENIAN.Net - Պաշտպանական գերատեսչության և ՏՏ ոլորտի հայկական ընկերությունների միջև համագործակցության հեռանկարների մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պատմել է Instigate Robotics ընկերության տնօրեն Ռուբեն Օսիպյանը:

Կարո՞ղ են արդյոք հայկական ՏՏ ընկերությունները համագործակցել պաշտպանության նախարարության հետ նոր լուծումներ մշակելու համար` նույն անօդաչու սարքերի դեպքում: Արդյո՞ք ընկերություններն ունեն այդպիսի ներուժ:

Հայկական ՏՏ ընկերությունները, մասնավորապես, մենք պատրաստ ենք համագործակցել ՊՆ հետ: Սակայն ասել, թե ինչ-որ մի ընկերություն ունի ռազմարդյունաբերության պահանջները բավարարելու ներուժ, շատ և շատ պարզունակ մոտեցում կլինի: Մենք զինվորականներ չենք և զենք չենք արտադրում: Մեր արտադրանքը` կոնկրետ լուծումներ է ենթադրում կոնկրետ իրավիճակների համար: Ռազմարդյունաբերության պահանջները բավարարելու համար հեծանիվ հայտնագործելու կարիք չկա:

Աշխարհում այդպիսի որոշակի փորձ է կուտակվել, այդ թվում նույն Իսրայելում, կամ ԱՄՆ-ում: Նրանք օգտագործում են աշխատանքի հետևյալ մոդելը` կա մասնագիտացած կառույց, օրինակ, ԱՄՆ-ում DARPA-ն (Defense Advanced Research Projects Agency ` արդիական ռազմական հետազոտական նախագծերի գործակալություն): Գործակալությունը պատվեր է ստանում ՊՆ-ից, վերլուծում է այն, ապառազմականացնում խնդիրը և դրանից հետո ներկայացնում ՏՏ ոլորտին: Տարվա ընթացքում պարբերաբար հսկայական գումարների մրցույթներ են հայտարարվում, որոնք էլ կատարում են ՏՏ ընկերությունները: Իրականում, այդ ընկերությունները գաղափար չունեն, թե ի վերջո, ինչի վրա են աշխատում: Հետագայում պատրաստի լուծումներն ամբողջացվում են DARPA-ում:

Մենք առաջարկեցինք այդ մոտեցումը կառավարությանն ու պաշտպանության նախարարությանը, սակայն մինչ օրս պատասխան չենք ստացել: Մյուս կողմից, մենք ինչ-որ չափով փորձեցինք նման համախմբում իրականացնել ներքևից և մեր ընկերությունների ուժերով ստեղծվեց «Հրազդան» կոնսորցիումը: Այն ներառում է մի քանի ընկերություն, որոնք լուծումներ են ներկայացնում` դրանք կարելի է օգտագործել անօդաչու թռչող սարքերում, բարդ ռոբոտացված ինժեներային համակարգերում` կան լուծումներ, կապված կապի, լոկալիզացիայի հետ և այլն: Կոնսորցիումի շնորհիվ Instigate Robotics ընկերությունը կարողացավ կատարել սինգապուրցի գործընկերների պատվերը:

Ի՞նչ պատվերի մասին է խոսքը

Մենք մշակել ենք մի համակարգ, որը տեսադիտարկում է ենթադրում ԱԹՍ միջոցով: էլեկտրականությունից սնուցվող դրոնների թռիչքի տևողությունը սահմանափակ է: Խնդիր էր դրված մշակել մի համակարգ, որը ոչ միայն կարող է որոշակի բեռ բարձրացնել (տեսախցիկ), այլ նաև կարող է բավականին երկար ժամանակ օդում մնալ` տեսադիտարկելով նավահանգիստ մտնող բեռնատար նավերը: Հաշվի առնելով բարդ ծովային եղանակային պայմանները` ալիքներ, քամի, խոնավություն, անօդաչուն պետք է առավելագույն կայունությունն ունենար: Մենք կարողացանք ապահովել այդպիսի կայունություն ավտոպիլոտի մեր մշակած համակարգի միջոցով:

Մենք նաև լուծում գտանք սարքը մշտապես օդում պահելու համար` դրա համար ցամաքային կայանը (ցամաքային արտահայտությունն այստեղ պայմանական է, քանի որ խոսքը ծովում գտնվող նավակի մասին է) զինվում է էլեկտրաէներգիայի գեներատորով, որը կապված է անօդաչու սարքի հետ երկար սնուցող կաբելով: Բուն անօդաչու սարքը ապահովված է պաշտպանության լրացուցիչ համակարգով` մարտկոցներով, որոնց շնորհիվ, նույնիսկ կաբելի կտրվելու դեպքում, սարքը կկարողանա ինքնուրույն վերադառնալ կայան: Այսինքն, արդեն կա համախմբում մեր ընկերությունների միջև, որի շնորհիվ մենք կարող են որոշակի լուծումներ առաջարկել: Այդ տեսակետից մենք լիովին պատրաստ ենք համագործակցության:

Ինչ վերաբերում է ներուժին: Վերջին մի քանի տարում ՏՏ ոլորտի հայկական ընկերությունները մեծ հաջողություններ արձանագրեցին համաշխարհային մասշտաբով: Ավտոմատ կառավարման համակարգերի ոլորտում դեռ խորհրդային տարիներից կա «դպրոց», որն այն ժամանակ սպասարկել է ԽՍՀՄ ռազմարդյունաբերական համալիրը: Կան որոշակի փորձ ու գիտելիքներ ունեցող մարդիկ, որոնց շնորհիվ էլ պահպանվել են այդ դպրոցի հիմքերը: Եթե մենք չկարողանանք հիմա օգտագործել նրանց գիտելիքներն ու փոխանցել հաջորդ սերնդին, հիմքը կկորցնենք և հետագայում դժվար կլինի վերականգնել այդ ամենը: Այսինքն, այդ իմաստով ևս կա հետագա զարգացման համար անհրաժեշտ հիմք:

ՏՏ ոլորտի կոնկրետ որևէ ընկերություն չի՞ կարող համագործակցել պաշտպանության նախարարության հետ: Համախմբումն այս դեպքում պարտադի՞ր է:

Կարևոր է հասկանալ, որ առաջին հերթին, դա հետազոտական աշխատանք է, որը ներդրումներ է պահանջում, փորձնական մոդելների ստեղծում, մեծաքանակ տեխնոլոգիաների ներդրում և ճիշտ օգտագործում, նախատիպերի մշակում: Անհրաժեշտ է փորձարկել նախատիպն այնքան ժամանակ, մինչև որ այն «կկոտրվի», այսինքն ի հայտ կբերվեն և կշտկվեն բոլոր թերությունները: Միայն դրանից հետո հնարավոր կլինի վերջնական արտադրանք ստանալ: Կարճաժամկետ հեռանկարում, անշուշտ, ծախսերն ավելի շատ կլինեն, քան արդեն պատրաստի տեխնոլոգիան արտերկրից գնելու դեպքում: Սակայն, երկարաժամկետ հեռանկարում հիմք կստեղծվի սեփական արտադրության և սպասարկման համար:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net, Վարո Ռաֆայելյան / PanPhoto
 Ամենաընթերցվողը բաժնում
Ջեյմս Ուեբի աստղադիտարանը Տիեզերքի խորքային ուսումնասիրության ընթացքում խիստ անսովոր օբյեկտներ է գտնում
Instigate Mobile-ը հանդես է գալիս նոր` zealous բրենդով
Մեծ ադրոնային կոլայդերում սկսել են ռեկորդային էներգիայով մասնիկների բախումները
Որոնք էին Summer Game Fest 2022-ի գլխավոր անոնսները
 Ուշադրության կենտրոնում
Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք

Փորձագետ․ Տելեգրամով նոր վիրուս են տարածում, զգուշացեք Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում

 Բաժնի այլ նյութերը
Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների
Վերջին սլոուփոքը Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Սոֆթը շատ, երկաթը՝ քիչ WWDC 2022-ին Apple-ի գլխավոր նորույթները
---