Պատերազմի աստվածները

Պատերազմի աստվածները

Հայկական հրետանու հերոսությունն Ադրբեջանի դեմ ապրիլյան մարտերում

Ապրիլի 1-5-ը Արցախում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գերազանց գործեցին բոլոր զորամիավորումները, այդ թվում՝ հայ հրետանավորները, տանկիստները և հակատանկային զորքերը։

PanARMENIAN.Net - Ընդհանրապես, քառօրյա մարտերը ռազմական գործիչների ու մասնագետների գնահատմամբ աչքի ընկան զինտեխնիկայի կիրառման մեծ ինտենսիվությամբ ու նոր զինատեսակների կիրառմամբ։ Այդ պայմաններում ադրբեջանական կողմի խիտ և հագեցված կրակին պատասխանելու համար ինքնաբերաբար առաջին պլան մղվեց հենց ծանր զինատեսակների կիրառումը։ PAN-ն ամփոփել և համառոտ ներկայացնում է քառօրյա մարտերի ընթացքում հայկական հրետանային զորքերի գրագետ գործողություններն ու մարտավարությունը, որոնք էական նշանակություն ունեցան հայկական կողմի հաջողությունների համար։

Մարտական գործողությունների հենց առաջին օրը հայկական զինուժի պատասխան գործողությունների զգալի ծանրաբեռնվածությունը կրում էին զրահատանկային և հրթիռահրետանային զորքերը։ Ընդգծենք, որ մեծապես հայ հրթիռահրետանավորների դիպուկ և գրագետ աշխատանքի շնորհիվ կայծակնային հաջողությունների հույսով գրոհող, բայց որևէ մարտավարական հաջողության չհասած ադրբեջանական ուժերը նախ կասեցվեցին առաջնագծի երկայնքով, ապա սկսեցին մեծ կորուստներ կրել՝ ինչպես մարդկային, այնպես էլ զինտեխնիկայի տեսքով։ Ընդ որում, եթե տանկային ուժերի հիմնական խնդիրը հակառակորդի գրոհող տանկերի և այլ զրահատեխնիկայի դեմ պայքարն էր և առաջնագծի ընթացիկ պաշտպանությունը, ապա հրետանու խնդիրը փաստացի դարձավ ոչ միայն ադրբեջանական կրակակետերի, նաև հենց տանկային ուժերի ճնշումը, այլև գրոհող և մեծ կորուստներ կրող ստորաբաժանումների ուժեղացման համար թիկունքից մոտեցող ռեզերվային ուժերի խոցումը։

Հայկական հրետանին հակառակորդի տանկային ուժերին ծանր հարվածներ հասցրեց ինչպես հյուսիս-արևելյան, այնպես էլ հարավ-արևելյան ուղղությամբ, բացի այդ՝ հակառակորդի համար անսպասելի հզոր հարված հասցրեց նաև կենտրոնական ուղղությամբ առաջնագծին թաքուն մոտենալով հընթացս հարձակվել փորձող ադրբեջանական տանկային խմբավորմանը՝ դրանով իսկ խափանելով հակառակորդի նախատեսած գրոհն այդ ուղղությամբ։

Ակտիվ ռազմական գործողությունների նախավերջին օրը՝ ապրիլի 4-ին, Ադրբեջանը վերջնականապես համոզվեց, որ չի կարողանում ճեղքել հայկական ամուր պաշտպանությունը: Այդ իսկ պատճառով Մարտակերտի (հյուսիսարևելյան) ուղղությամբ հայ դիրքապահների դեմ որոշվեց կիրառել «Սոլնցեպյոկ» ծանր հրանետային համակարգը: Խիստ մահաբեր այդ համակարգն օգտակար է թույլ զինված ստորաբաժանումների դեմ մարտերում՝ դիրքերի ոչնչացման համար: Սակայն այն ունի ընդամենը 6 կմ հեռահարություն, ինչը քիչ իմաստավորված ու ռիսկային է դարձնում դրա կիրառումը հակառակորդի չճնշված հրետանին գործի դնելու պարագայում: Այդ իսկ պատճառով Ադրբեջանի կողմից «Սոլնցեպյոկի» կիրառումն ավելի շատ նման էր հուսահատ ու բախտը փորձող քայլի, քան հաշվարկված մարտավարության: Փորձը, կրկին, ձախողվել է հրետանավորների ջանքերի շնորհիվ. հայկական դիրքերի ուղղությամբ «Սոլնցեպյոկի» առաջին կրակոցներից րոպեներ անց հրանետերի դիրքերը ու թիկունքը հայտնվեցին հայկական հրետանու ուժեղ ու շարունակական հարվածների տակ (արդյունքում կամ ոչնչացվելով, կամ մարտից դուրս բերվելով): Հրետանու վարպետության շնորհիվ Ադրբեջանը զրկվեց «Սոլնցեպյոկերի» կիրառման հնարավորությունից, ինչը տասնյակ հայ դիրքապահների կյանք ու տարածքների կորուստ կարող էր արժենալ:

Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմի հրետանու ձախողումը «ծածկելուն» միտված հուսահատ և վստահաբար ոչ ամբողջովին հաշվարկված քայլ էր նաև «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի կիրառումը, ավելի հստակ՝ խիստ անհաջող կիրառումը։ Քանի որ հայկական հրետանու աշխատանքի շնորհիվ ադրբեջանական կողմի հրետանային ուժերը չկատարեցին իրենց առջև դրված մարտավարական խնդիրները (փոխարենը ինտենսիվ կրակի տակ պահեցին հայկական խաղաղ բնակավայրերը), չի բացառվում, որ հակառակորդը փորձեց արդեն ՊԲ հրետանու հասանելիությունից դուրս՝ առաջնագծից ավելի խորք ընկած կրակադիրքից կիրառել 90 կմ հեռահարության «Սմերչ» համակարգ, որի արկերն, ըստ ՊԲ տվյալների՝ ոչ միայն բավական շեղ են ընկել հավանական նշանակետից, այլև հիմնականում չեն պայթել։

Հայկական կողմը կարող էր «Սմերչին» «Թայֆունով» (WM-80 հեռահար համակարգերի հարվածով) պատասխանել: Եղել է նման հարված թե ոչ՝ հայտնի չդարձավ, քանի որ «Սմերչի» կիրառումից ժամեր անց կրակի դադարեցման մասին բանավոր համաձայնություն է ձեռք բերվել:

Այն, որ հայկական հրետանին գործել է դիպուկ, չեն թաքցնում անգամ իրենք՝ ադրբեջանցիները: Այսպես, ապրիլի 13-ին Ադրբեջանի Զինված ուժերի գլխավոր վիրաբույժ, բուժծառայության գնդապետ Ֆամիլ Բաբաևը պատահաբար հաստատել է հրետանու գործողություններից մեծ թվով կորուստների փաստը: Նախ, խոսելով վիրավոր ադրբեջանցիների վիճակի մասին, նա հայտարարել է, որ «ադրբեջանցի զինծառայողների դեմ ավերիչ ուժի զենք է կիրառվել»: Երկրորդ՝ նա հայտնել է, որ ադրբեջանական բանակն ունեցել է աննորմալ բարձր ծանր վիրավորների քանակ, որը սովորական պատերազմների նորմը գերազանցել է 3-4 անգամ: «Սովորաբար ռազմական գործողությունների ժամանակ ծանր վիրավորումների քանակը չպետք է գերազանցի 10-12%-ը, սակայն այս դեպքում այդ ցուցանիշը հասնում է 40-45%-ի: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայերն օգտագործել են խոշոր տրամաչափի և ավելի ավերիչ զենք: Օրինակ, վիրավորներից մեկի մարմնում ավելի քան 40 բեկոր է հայտնաբերվել»,- ասել էր նա: Բնականաբար, ոչ բոլոր ծանր վիրավոր ադրբեջանցիներն են հայ հրետանավորների «խղճին», սակայն բեկորների քանակի ու զենքերի տրամաչափի մասին ադրբեջանցի վիրաբույժի խոստովանությունները կողմնակիորեն հաստատում են ադրբեջանցի զինծառայողների խոշոր կուտակումների վայրերին հայկական հրետանու ճշգրիտ հարվածների եղելությունը:

Սամսոն Հովհաննիսյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ

Հրկիզել են Ֆրեզնոյի՝ 1885–ից գործող հայկական գերեզմանատունը․ Արդեն 6–րդ անգամ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---