101 տարվա լռությունը

101 տարվա լռությունը

Ցեղասպանությունը` վերապրածների աչքերով

Ավելի քան մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ականատեսների թիվը տարեցտարի նվազում է:

PanARMENIAN.Net - PAN Photo-ի լուսանկարիչ Վահան Ստեփանյանը տարիներ շարունակ լուսանկարում է Ցեղասպանությունը վերապրած վերջին ականատեսներին, իսկ PanARMENIAN.Net ի թղթակից Քրիստինե Քյուրքլյանը՝ գրի առնում նրանց վկայությունները:

Ներկայացնում ենք ականատեսներից մի քանիսի կյանքի պատմությունները:

Հռիփսիմե Հաջի Սարգսյան/ 26.02.1911. ծննդավայրը` Թավշանլի գյուղ

«Երբ Թուրքերը եկան, ես փոքր էի: Տատս, պապս տանն էին, թուրքը եկավ, իրա դռանը նստած սպանեց: Ասել էր` հել դուրս, պապս էլ թե` դուրս չեմ գնա, կով ունեմ, կնիկ ունեմ, թոռ ունեմ, ընտանիք ունեմ, ո՞ւր պիտի երթամ: Թուրքը բռնել խփել է: Պապս ընկել մահացել է: Կինն էլ վազելով դուրս եկավ, ասեց` էս ի՞նչ արիր մարդուս: Նույնն էլ տատիս է ասել` պիտի գնաս, պատասխանել է` չեմ գնա, կնոջն էլ է սպանել: Մեզ դուրս հանեցին, քշեցին տարան, նստեցինք գնացք, հասանք Բուլղարիա` Բազարչիկ քաղաք: Գաղթի ճանապարհին մահացող, գիտակցությունը կորցնող հազարավոր մարդկանց էինք տեսնում, չարչարված աղջիկների…

Երբ հասանք Բուլղարիա, հորիցս լուր ստացանք, որ գերությունից փախել է ու Հունաստան գնացել: Մենք էլ գնացինք նրա մոտ: Հունաստանից 46-ին եկանք Հայաստան: Հունաստանում ծնողներիս մահից հետո իմ խնամքով զբաղվում էր ավագ եղբայրս: Հայերեն գրել-կարդալ չգիտեմ, քանի որ կրություն ստացել եմ Հունաստանում: Հենց այստեղ էլ հանդիպել եմ ամուսնուս` Վաղարշակին: Տեր ու տիրական չուներ, որբ էր, տեսավ ինձ, հավանեց, ամուսնացա, լավ ապրեցա նրա հետ, երեխաներ ունեցա: Ունեմ 2 երեխա, 6 թոռ, 14 ծոռ և 3 կոռ»:

Բաղդասար Լեփեջյան/ 01.07.1915. ծննդավայրը` Ադանա

«Հայրս` Փանոս Էֆենդի Լեփեջյան, բիզնեսմեն էր` վաճառական, վաճառում էր մանդարին, արկղեր, թղթեր, հազար ու մի բան: Ռուսաստանի հետ առևտուր էր անում: Այնտեղից էլ նավթ, շաքար ու բենզին էր բերում Ադանա: Շատ անունով հայտնի մարդ էր: Շատ ծանոթ-բարեկամներ ուներ: Թշնամիներ էլ ուներ, բայց վախենում էին մոտենալ: Այ էդ մարդու մեծ տղեն եմ ես: Երկու եղբայր էինք: Մի տաջիկ գալիս է հորս ասում, թե թուրքերը սենց բաներ են անելու, ընտանիքդ վերցրու ու գնա: Հայրս էլ գալիս է ու էլ մեկ-երկու չի անում: Նույն օրը մենք փախանք: 40 օրական էի` բարուրի երեխա, երբ ստիպված եղանք լքել մեր տունը:

Մեզ հաջողվեց գաղթել Հալեպ, հայրս դասավորել էր ամեն ինչ, վճարել էր ոսկիներ, ուղտ էր վարձել և մենք վեց ընտանիքի հետ միասին հասանք Հալեպ: Մեր ընտանիքին մեծ կորուստները չեն պատուհասում: Ադանայում սպանվում է հորեղբորս ընտանիքը:

Տիկին Սաթենիկ Լեփեջյանը` մայրս, շուտ ազդվող էր, հիշում էր ամենն ու տանջվում էր: Իմ ծնողները շատ մոտ էին Սողոմոն Թեհլերյանի ընտանիքի հետ: Սողոմոնը մեր տանը շատ էր լինում ու մորս հետ ժամերով խոսում էին:

Մի օր մայրս նստացրեց ձախ չոքին Սողոմոնին: Ասում էր` քեզի նստացնում եմ ձախ չոքիս` սրտիս մոտիկ: Մի օր կուրծքը հանեց ասեց` «Սողոմոն, նայի, դու էս կաթն ես կերել: Հարամ լինի, եթե դու փախնես վրեժ առնելուց: Եթե մի հոգի գլխավորներից սպանես, էլի գոհ եմ»:

Մի անգամ մայրս ու Սողոմոնը նստած սուրճ էին խմում: Կատուն բարձրացել էր պահանրանի գլխին դրված կուժի միջից կաթ խմելու: Հոտն առել էր: Կատուն ընկավ գետնին, Սողոմոնն էլ թե` առաջին փորձս քո վրա եմ անելու, ու ատրճանակը հանեց, որ կրակի, բայց մայրս թույլ չտվեց: Ասեց` «կենդանի է, ինչ է հասկանում, մեղկ է: Սոված է եղել, ուզում է ուտի»: Սողոմոնն էլ թե` «Նանա, էս խոսքը ինձի մարդ դարձրեց: Էնի անասուն է, մենք մարդ: Խելքներս չպիտի դնենք չհասկացողի հետ»: Ինձ չէին թողնում լսեմ, երևի վախենում էին, թե երեխա եմ, մի տեղ բերանիցս մի բան կթռցնեմ: Ես 25 տարեկան էի` մայրս մահացավ:

1945-ին ամուսնանցա, 1947-ին եկա Հայաստան: Ունեցա հինգ երեխա: Շատ լեզու գիտեմ` ֆրանսերեն, թուրքերեն, անգլերեն, արաբերեն: Եղել եմ ֆրանսերենի թարգմանիչ, հետագայում աշխատել տարբեր մասնագիտություններով, տարիներ շարունակ փոստարար եմ եղել:

Թուրքը չի թողնում, որ հայակական հարցը մեջտեղ դնեն, որովհետև բոլորն ունեն շահեր: Կարծում եմ` Ցեղասպանությունը կճանաչվի, մեծ հույս կա: Վաղ թե ուշ հարցը հանգուցալուծում կստանա և պատմական ճշմարտությունը կվերականգնվի»:

Սիլվարդ Ատաջյան/ 01.07.1912. ծննդավայրը` Կիլիկիա

«Իմ ընտանիքը Կիլիկյան Սուեդիայի շրջանի այն հայության թվում էր, որը 1915 թվականին մասնակցել էր թուրքական ջարդարարների դեմ մղված Մուսա լեռան պայքարին: Երբ տեղի թուրքական իշխանությունները փորձեցին իրականացնել հայության տարհանման հրամանը, մեր գյուղացիները որոշեցին դիմադրություն ցույց տալ` բարձրանալով Մուսա լեռ, որտեղ և կազմակերպեցին ինքնապաշտպանական մարտեր` 53 օր շարունակ հաջողությամբ հետ մղելով թուրքական զորքերի հարձակումները:

Հայրս և հորեղբայրս զինվոր էին թուրքի բանակում: Հորեղբորս սպանում են ու գցում գետը: Դա պատճառ դարձավ, որ անգամ տարիներ անց հորաքույրներս ձուկ չուտեին: Իսկ հորս հաջողվում է փախչել ու գալ տուն: Հայրս որոշեց բարձրանալ սարն ու միանալ ինքնապաշտպանությանը: Նա կարգադրեց մորս վերցնել մեզ և հետևել իրեն: 1915 թվականին ես, քույրս, մայրս և տատիկս բարձրացանք Մուսա լեռը: Ես այդ ժամանակ երեք տարեկան էի:

Գիշերները կանայք իջնում էին գյուղերը, թուզ ու խաղող բերում, հաց թխում: Բայց գնալով մեր ուժերը սպառվում էին:

40 օր անց ծովում նավ նկատեցինք ու դրոշակ բարձրացրեցինք: Նավապետը նկատեց մեզ ու փոքր նավ ուղարկեց` պարզելու`ով ենք, ինչ ենք... Նավապետն ասաց` կռվեք, 8 օր դիմացեք, մենք ձեզ տանելու ենք: 8 օր հետո մի փոքր նավ եկավ, որով առաջին հերթին տեղափոխեցին երեխաներին ու տարեցներին: Ջահելներին ասացին` մնացեք, կռվեք, մինչև գանք:

53 օր տևած դիմադրությունից հետո ֆրանսիական նավի միջոցով մեր ընտանիքը հասավ Եգիպտոս: 4 տարի անց` 1919-ին, վերադարձանք հայրենիք` Խդրբեկ: Այնտեղ մի ծառ կար` կաղնի, բնի մեջ ձի էին կապում, տակը 3 սրճարան կար, ջուրն էլ գետնից էր բխում: Այդ սառը ջուրը 3 ջաղաց էր աշխատացնում: Սակայն 1939-ին ստիպված էինք նորից գաղթել` այս անգամ դեպի Հալեպ: Հալեպում մեծացանք: Հալեպում ամուսնացա 1911 թվականին ծնված Հովսեփի հետ, ով գնդապետ էր, տուն-տեղ ունեցանք, 1947-ին եկանք Երևան, սակայն մեզ հինգ տարով աքսորեցին Վարդենիս: Այնտեղ որպես գորգագործ էի աշխատում: 57-ին վերադարձանք Երևան: Մալաթիա-Սեբաստիայում հողատարածք ստացանք ու մինչև այսօր էլ այստեղ ենք ապրում:

Հարիսան մուսալեռցիների ավանդական ուտեստներից է: Այն պատրաստում են թե ուրախ, թե տխուր արարողությունների ժամանակ: Այն եփում էին քահանայի կողմից օրհնելուց հետո և անպայմանորեն զոհաբերված գառան մսից: Ես առ այսօր գառան մսից պատրաստում եմ նաև տոլմա, որը նույնպես շատ համեղ է: Ունեմ 3 տղա, մեկ աղջիկ, 7 թոռ և 12 ծոռ»:

Մխիթարյան Մարգարիտ/ 01.07.1915. ծննդավայրը` Կարս

«Կարսի կողքի գյուղից ենք եղել, անունը չեմ հիշում: Երբ ջարդերը սկսվել են, ծնողներս վերցրել են ինձ ու եղբորս ու գաղթել Արևելյան Հայաստան: Ես այդ ժամանակ մի քանի ամսական եմ եղել: Եղբայրս մոտ 3 տարեկան էր, շեկ ու շատ սիրուն: Մայրս պատմում էր` եղբորս դեմքին ու մազերին մուր են քսել, որ թուրքերը չտանեն:

Մեր Կարսի տունն ու կենցաղը չեմ հիշում, սակայն մորիցս մի աղոթք եմ սովորել, որ հատուկ է եղել տեղի ժողովրդին: Շատ է տպավորվել ու մինչև օրս անգիր գիտեմ:

Ճրագ ճրագ ճշմարիտ, Ճշմարխոտիկ Մարտիրոս, Իմ սիրելի Քրիստոս: Քրիստոս հեծավ ձին ու ջորին Գնաց արդար վեր քաղաք, Բերեց լուսեղեն պսակ: Տունը կար` երկաթ էր Բոլորը վեր պողպատ էր: Սուրբ Հռիփսիմեն քնած էր, Սուրբ Կարապետն արդուն էր, Մասիսը վեր պռկին էր, Քաջ գավազան դռան փակ էր, Թազա հացի հոտն ընկավ, Հելեք, տեսեք` ով եկավ Եկավ, եկավ, երեք բոց ձիավոր Մեկը Հիսուս, մեկ Քրիստոս, մեկ էլ ընծայն Աստվածածին: Բարին գալդ բոլոր բարձիդ Չի վախենա սիրտս փորիս մինչև գալը Քրիստոսի Աչկացավից, փորացավից, գլխացավից, հոդացավից, Ամեն օրվա գալաց փորձանքներից Հեռու հեռու հեռու հեռու»:

Ազատ Սուլուկյան/ 03.02.1912. ծննդավայրը` Մուսալեռ

«Ես մուսալեռցի եմ, ծնվել եմ Մուսա լեռան շրջակայքում գտնվող հայկական Բիթիաս գյուղում: Հակոբը` հայրս, Մուսա լեռում զբաղվում էր շերամագործությամբ: Հայաստանում էլ էր նույն գործն անում: Թթենու տերևները մետաքսի թրթուռի սնունդն են, հայրս ասում էր, որ լավ մետաքս ստանալու համար թթենու տերևները պետք է մեծ լինեն: Նրանից շատ բան եմ սովորել, բայց աշխատել եմ որպես շինարար: Մեր ընտանիքը մնացել է հայրենիքում մինչև 1939 թվականը, հետո գաղթել ենք Լիբանան: Մեր ընտանիքը զոհ չի ունեցել թուրքի հետ կռվում: Մենք ինը հոգով էինք` հայրս, մայրս, չորս եղբայրներս, երկու քույրերս և ես: Լիբանան գնացինք ոտքով: Ճանապարհը երկար էր, ջուր չկար, օրական 10-15 հոգի մարդ էր մահանում: Մինչև այդ էլ 2 ամիս մնացինք Այնճար գյուղում` Սիրիայի ու Լիբանանի սահմանին. 51 կմ էն կողմ Սիրիան էր, 51 կմ էս կողմ` Լիբանանը: Մայրս երկար ապրեց` 103 տարի: Լիբանանից հետո 1946 թվականին մեր ընտանիքը եկավ Հայաստան` Ալավերդի: 1955-ին ամուսնացա, երեխաներ ունեցա: Իսկ թուրքը... Աղվեսի վատն էլ կա, լավն էլ կա, անտառն առանց աղվեսի չի լինում»:

Ահարոն Մանուկյան/ 20.03.1914. ծննդավայրը` Վան

«Պապս Վանում հոգևորական էր: Մենք շատ հարուստ ենք եղել և ապրել ենք հենց եկեղեցու բակում: Մայրս ամբողջ կյանքի ընթացքում հիշում էր Վանի խնձորն ու տառեխը: Ասում էր` մի խնձորը մեկ կիլոգրամ էր, իսկ համն ու հոտն էլ պարզապես հնարավոր չէ նկարագրել` բույրը տարածվում էր ամբողջ այգով ու հարևան տներով մեկ:

Ես ընդամենը մեկ տարեկան էի, երբ ընտանիքս ստիպված էր բռնել գաղթի ճամփան: Մայրս թանկարժեք իրերը թաքցնում է Վանում իր հոր գերեզմանում ու ոտքով ճանապարհ ընկնում դեպի Էջմիածին: Հայրս կռվում էր Անդրանիկի զորքում: Նա մահացել է Վանի ինքնապաշտպանության ժամանակ: Մայրս գաղթի ամբողջ ուղին անցել է ինձ գրկած, իսկ երկու եղբայրներս` Մելիքսեթն ու Վահրամը, կախվում էին նրա փեշերից: Երբ անցնում էինք գետը, այն կարմիր էր, և ջուրը դիակներ էր բերում: Հետագայում մայրս ստիպված էր ողորմություն խնդրել, որ կարողանա կերակրել մեզ: Շուտով նա ստիպված է լինում երեքիս էլ հանձնել Ալեքսանդրապոլի որբանոց:

Որբանոցը պատկանում էր մի ամերիկացի զույգի: Նրանք շատ բարի մարդիկ էին, կորցրել էին իրենց միակ զավակին, ու իրենց ամբողջ սերը նվիրում էին որբանոցին: Մեզ տալիս էին կաթ, գաթա, հալվա, չիր. իսկական դրախտ սովից հետո որբանոցում հայտնված երեխաների համար:

Երբ որբանոցն արդեն փակվում էր, ինձ ու մի եղբորս ամերիկացի տիկինն ուզում էր տանել Ամերիկա, բայց մայրս թույլ չտվեց: Տիկինը մի անգամ եկավ մորս մոտ և 40 կտոր ոսկի առաջարկեց իմ դիմաց: Նա ասում էր, թե իր կորցրած որդուն եմ հիշեցնում: Եթե մայրս թույլ տար, հիմա հարուստ կլինեի. ասում էին` նրանք Ամերիկայում բազմաթիվ գրասենյակ ունեին:

Տեղափոխվեցինք Երևան: Կրկեսի մոտ` այժմյան Արշակունյաց պողոտային հարակից մեզ բնակարան տվեցին: Մայրս լվացքատանը տեխնիկական գծով ղեկավար էր աշխատում: Երեքիս էլ բարձրագույն ուսման է տվել. մի եղբայրս բժիշկ էր, մյուսը` գյուղատնտես, ես էլ ավարտել եմ պետհամալսարանի պատմության բաժինը»:

Ամալյան Արևալույս/ 01.07.1913. ծննդավայրը` Արաբկիր

«1915 թվականին սպանել են հորս, իսկ մորս թուրքերը տարել են իրեց հետ այն պայմանով, որ մեր ընտանիքին ողջ կթողնեն: Ես, եղբայրներս, պապիկս, հորաքույրներս և քեռիներս ողջ են մնացել, իսկ մայրս, որ շատ գեղեցիկ կին էր, ստիպված էր ամուսնանալ թուրքի հետ: Մորս առևանգումից հետո մինչև 1926 թվականը մնացինք Արաբկիրում, հետո գնացինք Բաթում ու գնացքով հասանք Երևան, հողատարածք ստացանք, տուն սարքեցինք: Մի քանի տարի անց ամուսնացա էլի արաբկիրցի Սարգսի հետ, դարբին էր:

Ցեղասպանությունը հիշում էր. 6 տարեկան էր: Ապրեց 99 տարի: Պատմում էր, որ թուրքերը միանգամից 300-400 հայի կանգնեցնում էին Եփրատի ափին ու փայտերով ծեծելով գցում գետն ու սպանում:

Վերգինեն` մամաս... 1980-ականներին գտավ եղբայրներիս Սիրիայում: Ուզում էր տեսնել, բայց ես չուզեցի... ասի` մեզ փրկելու համար էլ պիտի թուրքի հետ չգնայիր: Ինքն էլ ասում էր, թե ամբողջ կյանքում թուրք է ապրել, բայցուզում է հայ մեռնել: Ասում են` 117 տարի է ապրել: Թերթերում էլ էին եղբայրներիս ու իրա հանդիպման մասին գրել: Բայց ես չուզեցի տեսնել»:

Նրա խոսքով` Վերգինեի և իր որդիների ճակատագրական հանդիպման մասին այն տարիներին անդրադարձել է նաև մամուլը: Մինչ 117 տարեկան ապրած կնոջը, ով չնայած նրան, որ բռնի ամուսնացել է թուրքի հետ և ունեցել չորս երեխա, հաջողվել է փոքրիշատե պահպանել իր հայ ինքնութունը: «Ասում են, որ նա իր տանն ունեցել է առանձին հատված հայկական սրբապատկերներով, խաչերով` այսպես կարծես բոլորին ցույց տալով, որ ինքը հայ է: Հավանաբար այն ժամանակ, երբ նա գտել է իր Սիրիայում բնակվող որդուն, թուրք ամուսինը արդեն մահացած է եղել: Արաբկիրից շատ բան եմ հիշում: Թթից ճաշեր էինք եփում: Թթի ծառեր շատ ունեինք: Բայց հետ գնալ չեմ ուզում: Չորս երեխա ունեմ, մեծ աղջիկս 82 տարեկան է: Թոռներս, ծոռներս ու կոռներս 67 հոգի են»:

Անդրանիկ Մաթևոսյան/ 01.07.1912. ծննդավայրը` Կարս

«Հայրս ու մայրս հասարակ մշակ-գյուղացի էին: Կարսում տուն, հողամաս, անասուններ ունեինք: Ես 6 տարեկան էի, երբ 1918-ին ընտանիքս Կարսից գաղթեց Բաթում: Փախչում էինք` չիմանալով` ուր ենք գնում: Բայց եթե չգնայինք, թուրքերը կսպանեին մեզ:

Քեռիներիս, տատիկիս ու պապիկիս սպանեցին Կարսում: Մայրս պատմում էր, որ երբ որոշել են փախչել, ինչ-որ մի բան իրեն հետ է պահել ճանապարհի կեսից ու ստիպել տուն դառնալ: Վերադարձել է տուն ու հիշել, որ «Նարեկը» (Գրիգոր Նարեկացու «Մատյան Ողբերգությանը») չի վերձրել: Տնից միայն դա է վերձրել ու դուրս եկել:

Գաղթի ճանապարհին երեք եղբայրներիցս միայն ինձ է հաջողվել կենդանի մնալ: Շատերը, այլևս չկարողանալով գրկած տանել երեխաներին, նրանց գետն էին գցում` հուսալով, որ գոնե այդպես կենդանի կմնան:

Հայերը ներկայանում էին որպես քուրդ ու ամբողջ ճանապարհին չէին խոսում: Հայրս մորս դեմքը մազերով ծածկում էր, որ թուրքերը չնկատեն տանեն: Գաղթականներն օրերով քայլում էին` առանց հանգստանալու: Մոտ մեկ ամիս անց հայրս, մայրս ու ես հասանք Բաթում: Այստեղ մեզ տեղավորեցին զինվորական կայազորներում: Շատերն այնտեղից գնացին Անգլիա, բայց մենք մնացինք:

1928-ին ընտանիքով գաղթեցինք Ռուսաստան` Մայկոպ քաղաք: Այնտեղ ամուսնացա Սիրանուշի հետ, երեխաներ ունեցա: Որոշ ժամանակ անց վերադարձանք Հայաստան, սկզբում` Ղարաբաղ,Հետո Գորիս ու նոր Երևան: Այդպես էլ կրթություն չեմ ստացել, ամբողջ կյանքում բանվոր եմ աշխատել: Հիմա էլ ապրում եմ իմ իսկ սարքած տանը:

Սիրտս ասում է` գնա տես Կարսը, բայց դե ո՞ւր գնամ, ինչպե՞ս գնամ: Ես թուրքերին չեմ վստահում»:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---