Երևանի 33-րդ թաղամասը

Երևանի 33-րդ թաղամասը

Նոր հրապարակ` Ֆիրդուսի շուկայի փոխարեն

Հանրապետության հրապարակի հարևանությամբ գտնվող 5 հեկտարից ավելի տարածքում` Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի տեղում, նախատեսվում է կառուցել 85 մ տրամագծով կլոր հրապարակ, մի շարք նոր փողոցներ, հասարակական և սպասարկման օբյեկտներ, բիզնես կենտրոններ և հյուրանոցներ:

PanARMENIAN.Net - Ընդ որում, հանրային տարածքները լինելու են իրացման տարածքի կեսից ավելին:

Ներկայումս կառուցապատման ներդրումային ծրագրի իրականացման շրջանակում մշակվում են համապատասխան նախագծային փաստաթղթեր: PanARMENIAN.Net ի հարցմանն ի պատասխան քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության խորհրդատու, ճարտարապետ Արտավազդ Թարխանյանը նշել է, որ որոշ մասնաբաժինների վերաբերյալ արդեն ձեռք են բերվել բանավոր պայմանավորվածություններ հավանական ներդրողների հետ:

«Նախորդ ամիսների ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ և բանակցություններ, որոնց ընթացքում ներդրողներին ներկայացվել է կառուցապատման ընդհանուր հայեցակարգը: Մշակվել է ապագա թաղամասում նախատեսվող ինժեներական համակարգերի և տրանսպորտային սխեմայի հնարավոր տարբերակներ, ինչպես նաև՝ կառուցապատման ներդրումային ծրագրի փաթեթ՝ նախատեսված միջազգային ներդրումային հարթակներում, այդ թվում նաև «Հայաստան. ներդրումային համաժողով» միջոցառմանը ներկայացնելու նպատակով»,- նշել է ճարտարապետը:

Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը մի շարք կառուցապատող ընկերությունների և բանկերի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ներկայացրել է թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը: «Տարիների պատմություն ունեցող այս ծրագիրը շատ կարևորում ենք, քանի որ այստեղ լուրջ խնդիրներ ունենք լուծելու, որոնցից առաջինն ու ամենակարևորը տվյալ իրացման տարածքի բնակիչների փոխհատուցման՝ առայսօր չլուծված հարցն է»,- ասել է նախարարը:

Երևանի քաղաքաշինական կարևորագույն ծրագրերից մեկի՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի կամ 33-րդ թաղամասի կառուցապատման առավելությունների թվում է նաև այն, որ տարածքի բոլոր հուշարձան շենքերը մնում են իրենց տեղում, այսինքն՝ իրացման գոտին շրջանցում է այդ շենքերը: Քաղաքաշինության նախարարը վստահեցրել է, որ Հանրապետության հրապարակին կից հատվածում բարձրությունները սահմանափակ են լինելու՝ Հանրապետության փողոցին և հրապարակին հարող բարձրությունները կլինեն 5-7 հարկ, կենտրոնական հրապարակը կունենա մինչև 30-36 մետր բարձրություն: Ինչ վերաբերում է բնակելիներին, ապա դրանք կթույլատրվի կառուցել այն լոտերի սեփականատերերին, որոնք կունենան սպասարկման համար անհրաժեշտ բակային տարածքներ:

Նախատեսվում է նաև կառուցապատման ենթակա տարածքը ապագայում նոր փողոցով կապել վերնիսաժի հետ, և քանի որ տարածական առումով մոտ են, հնարավոր է, այն ևս մշակութային, վերնիսաժային գործառույթներ ունենա: Կլոր հրապարակի տակ նախատեսված են մի քանի հարկ ստորգետնյա կայանատեղեր:

ՀՀ քաղաքաշինության նախարարությունում մոտ 2 տարի է, ինչ ստեղծվել է կառուցապատման ներդրումային ծրագրերի վարչություն, որի նպատակն է ներդրումների խթանման համատեքստում Երևանի և ՀՀ մարզերի համար կառուցապատման ներդրումային փաթեթների մշակումը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի թաղամասը բաժանված է մի շարք մասնաբաժինների, որոնք իրականացվելու են համապատասխանաբար տարբեր ներդրողների միջոցներով, օտարման, նախագծանախահաշվային, շինարարական և այլ աշխատանքներն իրականացվելու են տարբեր ժամանակացույցերով»,- նշել է Արտավազդ Թարխանյանը:

Ընդհանուր առմամբ՝ նախատեսվում է կառուցապատել մոտ 200.000 քմ մակերեսով շենքեր և շինություններ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 3-4 տարում: Նախագծի ներդրումային ընդհանուր արժեքը, ըստ նախնական հաշվարկների, կկազմի մոտ 300 միլիոն դոլարին համարժեք դրամ:

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինժեներն ու իրանագետը՝ իսրայելական դրոնների դեմ հայ-իրանական գործակցության մասին
Ինչպես էին հայերը նյույորքցիներին ուղարկում օվկիանոսի ափից միդիա հավաքելու
Ինչու են արտագաղթած մարդիկ հարազատի աճյունը հայրենիք տանում
Ինչու են շատ ու շուտ ձանձրանում երիտասարդ լրագրողները
 Ուշադրության կենտրոնում
Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա

Oգոստոսի 11-12-ին 3-5 աստիճանով կհովանա Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ

 Բաժնի այլ նյութերը
Նոր գրքի հոտը Լավ զգացողություններ ստեղծող գրողներ` տաքուկ երեկոյի ուղեկից
Ամենածիտ դասերը՝ Coursera-ից Կիթառ նվագելուց մինչև բարօրության գիտություն