Մեծ պառակտումը և քաղաքացիական պատերազմի սկիզբը

Մեծ պառակտումը և քաղաքացիական պատերազմի սկիզբը

«Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմի գրախոսությունը

Կոմիքսների սիրահարները հիանալի գիտեն, որ ամենադրամատիկ թողարկումները միշտ նկարագրում են դիմակայությունը սիրված գերհերոսների միջև: Մարտին էկրաններ բարձրացած «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմը հիմնված էր հենց այդ գաղափարի վրա`ցավոք, հեղինակները չկարողացան նուրբ նկարագրել թեժ կրքերը, և, բնականաբար, ֆիլմն անխնա քննադատվեց: Մայիսի 6-ին էկրաններ բարձրացած «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմը կարծես խուսափել է այդ թերությունից. Էնթոնի և Ջո Ռուսոները կարողացել են համոզիչ ներկայացնել Վրիժառուների թիմի պառակտման պատմությունը` շեշտը դնելով իրադարձությունների դրամատիզմի վրա:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net –ն իր տպավորություններն է ներկայացնում «Առաջին վրիժառուն. Դիմակայություն» ֆիլմից:

Հայտնի Civil War («Քաղաքացիական պատերազմ») կոմիքսի վրա հիմնված ֆիլմի սյուժեն կենտրոնացած է Կապիտան Ամերիկայի և Երկաթե մարդու դիմակայության վրա, որի համար առիթ կհանդիսանա Գերհերոսների գրանցման ակտի սահմանումը կառավարության կողմից, որին կսատարի Սթարկը և որը կմերժի Ռոջերսը:

Տաղանդավոր մարդը տաղանդավոր է ամեն ինչում ասացվածքը լավ է բնութագրում Ռուսոների տանդեմը: Եղբայրներին հաջողվեց ոչ միայն հաջողության հասնել «Ձմեռային զինվորի» դեպքում, որը ջերմորեն ընդունեցին ինչպես քննադատները, այնպես էլ շարքային հանդիսատեսը, այլ նաև շարունակության մեջ պահպանել այն լավագույնը, ինչ կար Կապիտան Ամերիկայի մասին երկրորդ ֆիլմում` միաժամանակ վերացնելով աննշան թերությունները:

«Դիմակայությունը», որպես ստեղծագործություն, առանձնանում է Marvel կինոաշխարհում` հիշեցնելով, որ նույնիսկ հսկայական «հոսքագիծը» կարող է ոչ միայն միանման բլոկբասթերներ արտադրել, այլ նաև կինոնկարներ, որտեղ հստակ երևում է հեղինակի ձեռագիրը:

Գերհերոսների երկու առանցքային խմբերի բախման մասին ֆիլմը հատված-հատված հավաքվում է ամուր դրամատիկ առանցքի շուրջ`բոլոր հատվածները օրգանապես միահյուսվում են` «Դիմակայությունը» վերածելով համոզիչ առակի: Ավանդաբար կոմիքսներին հատուկ չար ու բարիի հավերժ պայքարի փոխարեն, նոր կինոնկարում պայմանական բարին կատաղի դիմադրում է ինքն իրեն: Նման մի բան փորձել էին անել նաև «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի» ֆիլմի հեղինակները, սակայն դրամատիկ հիմքը փլուզվեց սյուժեի «ծանրության» տակ: Ռուսոները, որպես տաղանդավոր բեմադրիչներ, հիանալի զգում են նուրբ սահմանը իսկական կինոյի և «թամաշայի» միջև, որին կարող է վերածվել ցանկացած կինոկոմիքս: Նրանք հմտորեն խուսանավում են` չվերածելով ֆիլմը չափազանց լուրջ թրիլերի («Մութ ասպետի» նմանությամբ), բայց չեն էլ կորցնում շարադրանքի թելը` տարվելով պատմության «կոմիքսությամբ»:

Կինոնկարի հաջողությունը բացատրվում է առաջին հերթին նրանով, որ Ռուսո եղբայրները կոմիքսների մոլեռանդներ չեն: Տարօրինակ է հնչում, սակայն դրա մեջ օրինաչափություն կա: Առաջին երկու «Վրիժառուների» հեղինակ Ջոս Ուիդոնը կոմիքսների մոլեռանդ երկրպագու էր: Ինչ-որ պահի նա հրաժարվեց ռեժիսորի դերից` գործելով որպես ֆանատ. արդյունքում, հանդիսատեսն իսկական «թամաշայի» ականատես եղավ ամեն անկյունից դուրս պրծնող գերհերոսներով, անսանձ, բայց անբովանդակ էքշնով, և վերածում է պատմությունը մի անհեթեթության: Ռուսոների շեշտադրումները հստակ են` առաջին, երկրորդ և երրորդ տեղում միայն կինոն է, և հետո միայն` ֆանատների բազան:

«Դիմակայությունը» կարելի է բնութագրել որպես աշխույժ, 100-տոկոսանոց զվարճալի ֆիլմի ջերմամիջուկային միաձուլում բավականին լուրջ դրամայի հետ: Կինոնկարն աղերսներ ունի «Երկաթե մարդու» հետ` իր պուրիտանական հստակությամբ և «Գալակտիկայի պաշտպանների» հետ` իր մասշտաբներով և նուրբ հումորի առկայությամբ: Իսկ հնարամիտ և դիտարժան էքշնը, վիզուալ էֆեկտների անիմաստ կույտի չվերածվելով, երկար կհիշվի հանդիսատեսի կողմից:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---