Ինչպիսին կարող է դառնալ Հրազդանի կենտրոնական բուլվարը

Ինչպիսին կարող է դառնալ Հրազդանի կենտրոնական բուլվարը

Ինտերակտիվ

Ինչպե՞ս վերափոխել ու վերաիմաստավորել Հայաստանի նախկինում արտադրական քաղաքները` նոր կյանք ու թարմություն հաղորդելով դրանց:

PanARMENIAN.Net - Հարցին կոնկրետ մեկ քաղաքի` Հրազդանի օրինակով փորձել են պատասխանել ճարտարապետներ Հայկ Զալիբեկյանը, SNKH ճարտարապետական ստուդիայի հիմնադիրներ Աշոտ ու Արմինե Սնխչյանները և Ագլայա Վան-Վան Ե-ն: Մայիսի 11-ին Միրզոյան գրադարանում Հայկ Զալիբեկյանը ներկայացրեց իրենց համատեղ իրականացրած` Հրազդան քաղաքի 500 մ երկարությամբ բուլվարի վերափոխման նախագիծը:

Մինչև Հրազդան քաղաքում հանգստի ու ժամանցի համար նախատեսված նոր զբոսայգու նախագիծը ներկայացնելը, ճարտարապետը ներկաներին պատմեց քաղաքի կազմավորման, բարգավաճման ու ծաղկուն ժամանակների մասին` ցավով նշելով, որ այդ ամենն արդեն անցյալում է. մշտական բնակչության թիվը գնալով նվազում է, գործարանները, արտադրամասերն ու խանութները` հերթով փակվում: Այս ամենի հետևանքով քաղաքում կյանքը կարծես կանգ է առել:

Բուլվարն այսօր

Կոտայքի մարզի վարչական կենտրոն Հրազդան քաղաքը գտնվում է նույնանուն գետի ափին, Երևանից 40 կմ հյուսիս-արևելք։ Մինչև 1959-ը այն կոչվել է Ներքին Ախտա։ Քաղաքը կարևոր ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Հրազդանի շրջագծի մեջ են մտնում նախկին Աթարբեկյան, Մաքրավան, Ջրառատ, Կաքավաձոր գյուղերերը։ Տարածքը՝ 20 կմ²։

Սակայն, ըստ ճարտարապետի, ամեն ինչ կորած չէ, և կարելի է փոքրիկ նախագծեր իրականացնելով վերականգնել քաղաքի գրավչությունը` նաև զբոսաշրջության առումով:

Նախագիծն՝ ինտերակտիվ քարտեզով. մոտեցրեք մկնիկը կապույտ կետին՝ պատկերը տեսնելու համար

«Արևմուտքում վաղուց են հասկացել` ամենաշահավետը մարդկանց, նրանց հարմարության համար կատարվող ներդրումն է: Որքան հարմար ու հաճելի է այն միջավայրը, որտեղ մարդիկ ապրում են ու հանգստանում, այդքան ավելի մեծ եռանդով են նրանք աշխատում, նվիրվում իրենց քաղաքին, հասարակությանը»,- նշեց Հայկը` հավելելով, որ ցանկալի արդյունքին հնարավոր է հասնել անգամ փոքր տարածքների վերափոխման շնորհիվ:

Նախագծի մասին

Ըստ Հայկ Զալիբեկյանի ներկայացրած նախագծի` Հրազդան քաղաքի կենտրոնական, մոտ 500 մետր երկարությամբ բուլվարը պետք է հիմվովին վերափոխվի: Այնտեղ կլինեն մոտ 850 հանդիսատեսի համար նախատեսված ամֆիթատրոն, ժամանցի գոտիներ, երեխաների համար նախատեսված խաղահրապարակներ, սրճարան, ռեստորան, սկեյթի հրապարակ, հեծանվուղի-վազքուղի, կավելանա կանաչ գոտու մակերեսը:

Նախագծի կտրվածքը

Արժեքը

Ճարտարապետները դեռևս նախահաշվարկ չեն կազմել: Ասում են` դրանով կզբաղվեն, եթե նախագիծը կոնկրետ մարդկանց մոտ հետաքրքրություն առաջացնի:

Ապագան

Հայկ Զալիբեկյանը 2015-ի աշնանը գնացել է Կոտայքի մարզպետարան, որը, ի դեպ, գտնվում է անմիջապես բուլվարի դիմաց` ճակատային հատվածում: Ինչևէ, ճարտարապետը գնացել է և մարզպետարան, և քաղաքապետարան, փորձել ներկայացնել իր` այն ժամանակ դեռևս բանավոր մտահաղացումը, սակայն ոչ մի կոնկրետ պատասխան չի ստացել: Սակայն ծնունդով Հրազդանից ճարտարապետը հույսը չի կորցնում. նա հաջորդ շաբաթ բուլվարի վերակառուցման նախագիծը կներկայացնի Հրազդանի քաղաքապետին:

Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---