Հավակնոտ և մասշտաբային

Հավակնոտ և մասշտաբային (վիդեո)

Հայկական խաղերի ինդուստրիայի սպասված պրոդուկտը կներկայացվի մեծ ընկերություններին

Խաղերի ինդուստրիայի արագ աճի անխուսափելի արդյունքն այն է, որ այդ արտադրանքի հիմնական մասի թողարկումը «հոսքագծի է վերածվել»: Հաջող համակարգչային խաղերի սիքվելների, պրիքվելների և նոր թողարկումների հոսքային արտադրությունն այնքան էլ դրական ազդեցություն չի ունենում դրանց որակի վրա: Չնայած դրան, կան բազում մշակողներ, որոնք ձգտում են և կարողանում են ինչ-որ արժեքավոր բան ստեղծել: Հիմնականում դրանք անկախ թիմեր են, որոնք զրոյից են ստեղծում իրենց ապրանքը բավականին երկար ժամանակ և երբեմն հասնում են իսկական արվեստի մակարդակի: Նման «ինդի-ընկերություններ» կան նաև Հայաստանում` դրանցից մեկն արդեն 3 տարի է աշխատում է հավակնոտ և ծավալուն Imaginary Guardians նախագծի վրա:

PanARMENIAN.Net - Այն մասին, թե ինչ է Imaginary Guardians-ը և երբ խաղը պատրաստ կլինի, PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում պատմել է նախագծի ղեկավար և գեյմ-դիզայներ Դավիթ Աշոտյանը:

Մեծ մրցակցությունը շուկայում հիանալի հնարավորություն է ընձեռում անկախ մշակողներին իրենց դրսևորելու համար: Հատկապես, եթե ներկայացվող պրոդուկտը ինքնաբավ է: Օրինակ, խոշորագույն ընկերություններից մեկը` Sony Publishing-ը շեշտադրված ուշադրություն է դարձնում ինդի-թիմերի մշակումներին` նորանոր հնարավորություններ ստեղծելով նրանց համար և առաջ մղելով նրանց արտադրանքն իր հայտնի Play Station 4 հարթակի միջոցով: Imaginary Guardians խաղը հենց այդպիսի համագործակցության է միտված:

«Ես ամենայն լրջությամբ մոտեցա այս նախագծին: Հավաքեցի պրոֆեսիոնալների թիմ, երաժշտություն ձայնագրեցի, ստեղծեցի ընդհանուր հայեցակարգ և եզակի դիզայն: Այս պահի դրությամբ մենք աշխատում ենք խաղային դիզայնի փաստագրավորման վրա, որը 4 ամսից կներկայացվի Sony Publishing-ին և այլ ընկերությունների: Միաժամանակ, անիմատորներն աշխատում են դեմո-տարբերակի գեյմփլեյի վրա: Կերպարների ստեղծման նպատակով թիմը համագործակցել է նաև քանդակագործների հետ` ավելի պարզ պատկերացնելու համար եռաչափ մոդելները: Ուստի խաղի ցուցադրական տարբերակը բավականին տպավորիչ է ստացվել»,-ասել է զրուցակիցը:

Imaginary Guardians-ը խաղարկային ժանրերի զարմանալի համադրում է: Առաջին հերթին, դա սլեշեր է (Hack and slash-ը տերմին է, որը բնորոշում է համակարգչային խաղի գեյմփլեյը, որտեղ հիմնական տեղը տրված է մերձամարտում բազում հակառակորդների ոչնչացմանն` ամենատարբեր զինատեսակների միջոցով): Միաժամանակ, խաղում առկա են գլուխկոտրուկի տարրեր և Tower Defense: (Tower Defense-ը համակարգչային ռազմավարական խաղերի ժանր է: Այդ ժանրի խաղացողի խնդիրն է հաղթել նախահարձակ թշնամիներին, քանի դեռ նրանք չեն հատել քարտեզը, աշտարակներ կառուցելու միջոցով, որոնք գրոհում են թշնամուն, երբ նրանք անցնում են դրանց մոտով.-խմբ.):

«Imaginary Guardians-ում 6 խաղային կերպար կա: Խոչընդոտների մեծ մասը կարելի է հաջողությամբ հաղթահարել միայն լավ համակարգված թիմային խաղի դեպքում: Խաղացողներից յուրաքանչյուրն ընտրում է իր կերպարին, իսկ սյուժետային մանրամասները բացահայտվում են միայն աստիճանաբար: Սա շատ մանրակրկիտ կերպով մշակված պատմություն է, որն աստիճանաբար բացահայտում է կերպարներից յուրաքանչյուրին: Կատարվող իրադարձությունների մեջ էլ ավելի ընկղմվելու համար մենք ստեղծել ենք մուլտիպլիկացիոն հատվածներ, ուստի Imaginary Guardians ոչ միայն կարելի է խաղալ, այն կարելի է նաև դիտել»,-պարզաբանել է Աշոտյանը:

2017-ին կհրապարակվի Imaginary Guardians աշխարհի նախապատմությունը ներկայացնող պատկերազարդ գիրքը: Դա թույլ կտա խաղի ապագա մասնակիցներին ավելի լավ զգալ նոր խաղային աշխարհը: Խաղի հեղինակը վստահ է, որ մեծ ընկերություններն անուշադրության չեն մատնի նախագիծը, քանի որ նրանց ներկայացվելու է լիարժեք և եզակի աշխատանք: Ըստ նախագծի ղեկավարի, հայկական խաղային ինդուստրիան կարող է միանգամայն մրցունակ լինել միջազգային շուկայում: Սակայն, դրա համար կպահանջվի համբերություն և իրապես առաջնակարգ պրոդուկտի ստեղծում:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը

Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս