Սիրով` Սիրիայից

Սիրով` Սիրիայից

Սիրիահայերի բիզնեսը Հայաստանում

Մայիսի 19-20-ին Երևան Էքսպո ցուցահանդեսային համալիրում կայացավ «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդեսը, որն անցկացվում էր «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակում: Ցուցահանդեսին մասնակցում էր Սիրիայում պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված և գործարարությամբ զբաղվող սիրիահայերի 70-ից ավելի ընկերություն ու անհատ ձեռնարկատեր:

PanARMENIAN.Net - Ոմանք մեր երկիր են տեղափոխվել տարիներ առաջ, ոմանք՝ մի քանի ամիս է ընդամենը, ինչ այստեղ են, բայց արդեն հասցրել են իրենց բիզնեսը հիմնադրել: PanARMENIAN.Net ը զրուցել է նրանց հետ Հայաստանում հաստատվելու ու բիզնես հիմնելու մասին, իսկ PAN Photo-ն՝ լուսանկարել:

Անիկ Սբխչյան

2015-ի օգոստոսից Հայաստանում ենք: Դստերս ամուսինը Հալեպում վիրավորվեց, իրավիճակից ելնելով ստիպված դուրս եկանք քաղաքից: Արդեն 4 ամիս է, ինչ փեսաս սիրիական արագ սննդի կետ է բացել Թոխմախ լճի մոտակայքում, կոչվում է G&L: Ես էլ այդտեղ ուտելիք եմ պատրաստում: Սննդի օբյեկտները Հայաստանում լավ են աշխատում, դրա համար էլ հենց այս բիզնեսը որոշեցինք սկսել: Ինքս Հալեպում չէի աշխատում՝ ընդունված չէր, որ կինն աշխատի, բայց այստեղ բոլորս ստիպված ենք, պայմաններն են թելադրում: Դժվար է...

Սերո Ասլանյան

Ինքս արդեն 2 տարի է, ինչ Երևանում եմ, սովորում եմ: Հայրս Սիրիայից հունվարին եկավ, որոշեցինք ձողիկի արտադրության բիզնես հիմնել: Արտադրանքը դեռ նոր ենք վաճառքի հանում, մինչև այս շուկային էինք ծանոթանում: Ձողիկներն ինքներս ենք պատրաստում, համեմում: Շուտով արդեն բոլոր սուպերմարկետներում կվաճառվեն: Իհարկե, հեշտ չէ, բայց դժվարություն ամեն տեղ էլ կա, ու պետք է հաղթահարենք այդ ամենը:

Սեմիր Հայաթ

Հայաստանում ենք 2012-ից, Տիգրան Մեծի պողոտայում հիդրավլիկ պոմպերի պահեստամասերի ու սարքավորումների խանութ ունենք: Մասերը ներկրում ու վաճառում ենք: Մեզ համար որևէ դժվարություններ չկա, ամեն ինչ շատ լավ է, Երևանն էլ շատ լավ քաղաք է: Հալեպի համեմատ, ճիշտ է, փոքր է, հետևաբար բնական է, որ գործն էլ՝ առևտուրը, այստեղ քիչ է: Պետք է հաշտվենք:

Շանթ Խայալյան

3 տարի և 3 ամիս է, ինչ Հայաստանում եմ: Արդեն 2 տարուց ավելի է՝ օճառներ եմ պատրաստում ու վաճաքում: Սիրիայում մի քանի բիզնես ունեի, երբ տեղափոխվեցինք, արդեն տեղի շուկան ուսումնասիրեցինք՝ հասկանալու, թե ինչ է պետք: Տանն օճառ պատրաստում էի, ու հասկացա, որ ամենահարմար տարբերակն է: Մեր արտադրանքից գոհ ենք, բայց շուկայում այն սպառելը դժվար է: Երբ նոր էինք սկսել, ավելի լավ էր գործն առաջ գնում, հիմա ավելի դժվար է՝ մրցակցությունն է մեծ: Շուկան անկայուն է, դրա համար ուզում ենք սկսել ավելի շատ դրսի շուկայի վրա կենտրոնանալ, Լեհաստան ու Դուբայ արտահանել:

Յոլանդ Սավունջյան

Հայաստանում գտնվելու 3.5 տարուց 2-ը քաղցրավենիքի արտադրությամբ ենք զբաղվում: Տանն ենք պատրաստում, պատվերներ վերցնում, նաև «Հալեպ» խանութ վաճառքի հանձնում: Սկզբում շատ դժվար էր. նախ, գումարի տեսակետից, քանի որ ներդրում էր պետք: Բայց քիչ-քիչ առաջ գնացինք, ժամանակի ընթացքում էլ պատվերներն ավելացան, հարմարվեցինք: Մեր աշխատանքից գոհ ենք, հակառակ դեպքում Հայաստանում չէինք մնա, երկրից դուրս կգնայինք:

Ներսես Քելքեան

Համարյա 4 տարի է՝ այստեղ եմ: Բուն արհեստս ավտոմասեր սարքելն է, բայց երբ եկա, գործ չունեի, ու որոշեցի ձուլագործությամբ զբաղվել՝ հորս արհեստն էր: Մետաղից մասնիկներ սկսեցի ձուլել: Արդեն մոտ 2.5 տարի է՝ աշխատում եմ, հիմնականում պատվերով: Արդեն իմ հաճախորդներն ունեմ, որոնք մեկը մյուսին տեղս ասում են, հաճախորդներս ավելանում են: Որպես այդպիսի դժվարություններից չենք վախենում, ուղղակի ծախսերն են շատ՝ խանութի տարածքի վարձը, վարկն ենք փակում... եթե պատվեր չի լինում՝ դժվարանում ենք, երբ լինում է՝ ամեն ինչից գոհ ենք մնում:

Հռիփսիմե Կոլկուսարյան

Հայաստանում ապրում եմ 3 տարի: Տարի ու կես առաջ ընկերուհուս հետ որոշեցինք սկսել փայտից իրեր պատրաստել: Սկսեցինք սոցցանցերում, տարբեր կայքերում ուսումնասիրել, թե ինչն է մոդայիկ, այդպես էլ մեկնարկեցինք: Հիմա ֆեյսբուքում էջ ունենք, որտեղ էլ տարածում ենք մեր աշխատանքները, արդեն պատվերներ էլ ենք ստանում, այնպես որ չենք դժգոհում:

Նազար Արոյան

Ժամանակին հայրս էր խալիների արտադրությամբ ու վաճառքով զբաղվում, հետո ես սկսեցի: 7 ամիս է, ինչ հաստատվել եմ Հայաստանում: Խանութ չունեմ, խալիներն էլ Վերնիսաժում եմ վաճառում, բայց միայն աշխատանքային օրերին: Կամաց-կամաց որ մի քանի խալի վաճառեմ, արդեն իմ խանութը կբացեմ: Այստեղ հեշտ չէ, բայց այլ տեղ չունեմ գնալու, ուզում եմ ապրել իմ հայրենիքում: Այդ հարցում վերջակետ եմ դրել, այստեղ եմ մնալու:

Վրեժ Սարգիս

Մասնագիտությամբ բժիշկ եմ, Սիրիայում էլ եմ աշխատել: 4 տարի է՝ Հայաստանում եմ: Սոնոգրաֆիայի սարք ունեմ, հիմնական աշխատանքս դրանով եմ կատարում՝ անոթների ստուգումից մինչև սրտի ու գլխուղեղի սոնոգրաֆիա: Երևանի երկրորդ բուժմիավորման հիվանդանոցում եմ աշխատում, հիվանդներին տանն էլ եմ այցելում: Ուզում եմ Հայաստանում բժշկական ոլորտն ավելի զարգացնել...

Արամ Պլխյան

Արդեն մոտ մեկ տարի է, ինչ Երևանում բացել ենք #Sport մարզական հագուստի խանութը, իսկ մենք 4 տարի է, ինչ այստեղ ենք ապրում: Տրիկոտաժը հենց այստեղ է արտադրվում, չենք ներկրում: Այս բիզնեսը մեզ համար նորություն չէր, քանի որ Սիրիայում սպորտային խանութների ցանց ունեինք՝ մոտ 7-8 խանութ: Այստեղից սպասելիքներն այլ էին՝ գիտեինք, որ տեղի բնակչությունը քիչ է, այնպես որ առայժմ ամեն ինչից գոհ ենք:

Ադուր Բոսնոյան

10 ամիս առաջ տեղափոխվեցի Հայաստան, և արդեն 2 ամիս է, ինչ այստեղ արծաթի վաճառքով եմ զբաղվում: Զարդերի մի մասն ինքս եմ պատրաստում, մյուսը՝ բերում Հալեպից: Վերնիսաժում տաղավար ունեմ, որտեղ աշխատանքային օրերին եմ վաճառում ապրանքս: Աշխատանք գտնելն ամեն տեղ էլ դժվար է, հատկապես, երբ ստիպված ես ամեն ինչ զրոյից սկսել, բայց կողքիս լավ բարեկամներ ունեմ, որոնք ինձ ճիշտ խորհուրդ տվեցին: Մնում է աշխատելու հիմնական վայր ունենամ:

Միկա Դոլմողլյան

4 տարի առաջ տեղափոխվեցի Հայաստան, բայց 2 տարի առաջ էր, որ ընկերոջս հետ որոշեցինք կոշիկի խանութ բացել: Գործարան վարձակալեցինք, միջի հաստոցները բանի պետք չէին, ամբողջը վերանորոգեցինք ու սկսեցինք կոշիկ արտադրել: Հիմա խանութ ունենք, կոչվում է AVA Shoes: Կոշիկի հումքը դրսից ենք ներկրում: Հայկական շուկան փոքր է, ժողովուրդն էլ է գնալով քչանում, դրա համար սկսել ենք դրսի շուկայի վրա աշխատել՝ մասնավորապես, Ռուսաստանի ու Դուբայի:

Ալինա Ժամկոչյան

3 տարի առաջ տեղափոխվեցինք Հայաստան: Արդեն 1 տարի է, ինչ Երևանում հագուստի խանութ ենք բացել: Վաճառվող հագուստն էլ հենց մեր գործարանում ենք արտադրում, հումքը՝ բերում Սիրիայից: Հիմա ամեն ինչ լավ է, դժվար էր, երբ խանութ բացելու գաղափարը կար, բայց պետք էր հասկանալ, թե արտադրության համար հումքը որտեղից ենք բերելու: Հիմա արդեն հեշտ է, ապրանքը վաճառվում է, պայմաններն էլ բավարարում են:

Մանե Եփրեմյան / PanARMENIAN.Net, Հրանտ Խաչատրյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա

ՔԿ. Տավուշում 7 ձերբակալված կա Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---