Վախն ու ատելությունը կախարդական թագավորությունում

Վախն ու ատելությունը կախարդական թագավորությունում

«Վարքրաֆթ» ֆիլմի գրախոսությունը

Լեգենդար ռազմավարական խաղի միլիոնավոր երկրպագուներն ավելի քան 10 տարի են սպասել այս իրադարձությանը: Blizzard արտադրող ընկերությունը վերնագրի օգտագործման համաձայնությունն է տվել այն պայմանով, որ ինքը կհետևի արտադրական գործընթացին: Այս փաստը, ռեժիսորի անվան հետ միասին (Դանքան Ջոնս` Դևիդ Բոուիի որդին, որը գիտաֆանտաստիկ ժանրի «Լուսին 2112» և «Ելման ծածկագիր» ֆիլմերի հեղինակն է) էպիկական երևույթ էր խոստանում կանոնի շրջանակներում, որը ոչ մի բանով չպետք է զիջեր «Մատանիների տիրակալին»: Ցավոք, ամեն ինչ ճիշտ հակառակը ստացվեց:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ն իր տպավորություններն է ներկայացնում Դանքան Ջոնսի «Վարքրաֆթ» ֆիլմից:

Դարեր շարունակ մոգությունն ու անառիկ պատերը պաշտպանել են մարդկանց բոլոր արհավիրքներից: Սակայն վաղեմի չարիքը, որը պարտվել էր և մոռացության մատնվել հազարամյակներ առաջ, արթնացել է: Թագավորության հենց սրտում մութ պորտալ է բացվել և անտեսանելի էակների ռասան հեղեղել է Ազերոթի հողերը: Այսպես են սկսվում իրադարձությունները, որոնք կոչված են մեկընդմիշտ փոխելու այդ աշխարհի ճակատագիրը:

Համակարգչային խաղերի էկրանավորումները մի մեծ խնդիր ունեն` դրանք ամեն գնով փորձում են արժանանալ բուն խաղի երկրպագուների հավանությանը, ինչը սկզբունքորեն անհնար է` միաժամանակ, անկախ ստեղծագործություն հանդիսանալով, որը հետաքրքիր պետք է լինի նաև այլոց: Որպես կանոն, արդյունքում ստացվում է բացահայտ վատ կինո, որը վրդովմունքի ալիք է բարձրացնում ինչպես երկրպագուների, այնպես էլ շարքային հանդիսատեսի շրջանում: Լավ ռեժիսոր Դանքան Ջոնսը չկարողացավ խուսափել դրանից` «Վարքրաֆթը» շարքային ֆիլմ չէ, սակայն ականավոր էլ չէ: Բավականին երկար ձգվող ֆիլմում պարզորոշ տեսանելի է այն «ցավը», որով տառապում են հեղինակն ու նրա ֆիլմը:

Առաջին, և, հավանաբար, ամենասարսափելի հիվանդությունը, որով տառապում է ֆիլմը, այն է, որ ռեժիսորն անկարող է հասցնել հանդիսատեսին իր գաղափարը: «Վարքրաֆթից» առաջ Ջոնսը հմտորեն էր պատմություններ պատմում` առաջին հայացքից ձանձրալի իրադարձություններն էկրանին վերածվում էին մի տեսարանի, որից անհնար էր կտրվել: «Վարքրաֆթը» դարձավ նրա յուրօրինակ աքիլեսյան գարշապարը` դիտելիս, այն զգացողությունն է առաջանում, որ ֆիլմը հենց այնպես է ստեղծվել` այդ գերզանց խաղի էկրանավորումը փաստելու համար միայն: Այսպիսի մեծ ֆիասկոյի պատճառն այն է, որ Ջոնսն ինքը ևս օրիգինալի երկրպագուներից է` առաջին իսկ կադրերից մենք տեսնում ենք գեղեցիկ, բայց ոչ մի կերպ չշաղկապված տեսահոլովակների հավաքածու (Blizzard խաղերի կինեմատոգրաֆիական մեջբերումների լավագույն ավանդույթներին համաձայն), ստեղծված միայն ու միայն ֆանատների համար. ամբողջ կինոնկարով տարածված հղումներն ու «զատկի ձվերը», որոնք հիացմունք են առաջացնում խաղի սիրահարների մոտ, մարդկանց և օրկերի շփման հիանալի եղանակը, ինչպես նաև վերևից նկարահանված մարտերի տեսարանները, երբ ձեռքն ակամայից ստեղնաշարն ու մկնիկն են որոնում:

Սակայն, երկրպագուների բազայի այս խայտաբղետության պատճառով կորչում է բուն պատմությունը: Հիանալի վիզուալ էֆեկտների և տպավորիչ ճակատամարտերի ետևում չի երևում այն թելը, որը կարող է բացել անտեղյակ հանդիսատեսի առջև խաղի ամբողջ հարուստ աշխարհը: Ակտերը կիսատ են մնում, կատակներն անտեղի են ու կապ չունեն «Վարքրաֆթի» հերոսների արարքների հետ: Քաղցրածոր պաթոսով լի անհաջող երկխոսությունները, որոնք ամենաանհարմար պահի են ծավալվում, միակ նպատակն են հետապդնում` երկարացնել կինոնկարի տևողությունը, ոչ մի իմաստային ծանրաբեռնվածություն չունենալով: Անկասկած` ռեժիսորը կատարել է խոստումը` հավասարապես ուշադրություն դարձնելով 2 ռասաներին: Սակայն, չգիտես ինչու, օրկերը ֆիլմում շատ ավելի հետաքրքիր են ստացվել դժգույն մարդկանց ֆոնին, որոնք ավելի շատ ստատիստների են նման, քան կենդանի կերպարների: Երկու ոտքով կաղում է նաև կինոնկարի սյուժետային հենքը` կանխատեսելի, բայց մինչև վերջ չբացահայտված:

Այս ամենի հետ մեկտեղ «Վարքրաֆթը» միանշանակ վատ ֆիլմ չես անվանի, սակայն այն լավն էլ չէ: Կինոստուդիայի հզոր ձեռքը, որը կասեցրել է ռեժիսորի բոլոր ստեղծագործական հավակնությունները, «երկրպագուի անեծքի» հետ մեկտեղ, որով, ինչպես պարզվեց տառապում է ինքը Ջոնսը` ահա այն երևույթները, որոնց պատճառով ոչ երկրպագուները, ոչ շարքային դիտողները գոհ չեն մնա ֆիլմից:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---