Հայաստանի ապագան

Հայաստանի ապագան

Երեխաների մասին` թվերով

Ամառվա առաջին օրից բացի հունիսի 1-ը նաև Երեխաների պաշտպանության միջազգային օրն է: Մեզանում այն ավելի շատ ընկալվում է որպես տոն, ինչն ինքնին վատ չէ:

PanARMENIAN.Net - Սակայն պետք չէ մոռանալ օրվա գլխավոր խորհրդի մասին. այն ազդակ է բոլոր մարդկանց ու, հատկապես` ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո ու պաշտպանության: PanARMENIAN.Net ը պատմում է հայաստանցի երեխաների ու նրանց խնդիրների մասին՝ մտահոգիչ, ուրախացնող ու պարզապես հետաքրքիր թվերով:

2015-ին Հայաստանում ծնելիության ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է: Կենդանի ծնվածների ցուցանիշը 2015թ. ընթացքում կազմել է 41.815, ինչը 2014-ի համեմատ 2%-ով նվազ է: Համեմատած նախորդ տարվա հետ՝ ցուցանիշը նվազել է 0.4%-ով:

Վերջին 5 տարվա ընթացքում յուրաքանչյուր մեկ աղջկա հաշվով Հայաստանում ծնվում է 1,15 տղա երեխա, այսինքն` 100 աղջկան բաժին է ընկնում 115 տղա երեխա: Այն դեպքում երբ կենսաբանորեն պետք է այդ ցուցանիշը չանցնի 102-106-ի միջակայքը: Մեզ մոտ այս միտումը շարունակվում է սկսած 1993-1994 թթ-ից: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2000-ին, երբ 100 աղջկա դիմաց 120 տղա է ծնվել: 1993 թ. մինչև օրս Հայաստանում կա մոտ 50.000-ով ավելի շատ ծնված տղա երեխա:

Յուրաքանչյուր տարի հղիության` սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների թիվը Հայաստանում հասնում է 1.400-ի: Եթե սեռերի անհամամասնությունը ներկայիս տեմպերով շարունակվի, ապա Հայաստանում 2060 թվականին 93.000 աղջիկ ծնված չի լինի: Նման ցուցանիշ ունեցող երկրներում այս գործընթացի հետևանքով աճել է ստիպողական մարմնավաճառությունը, ամուսնության կամ սեռական բավարարման նպատակով՝ թրաֆիքինգը, տղամարդկանց արտագաղթը և մարդու իրավունքների այլ խախտումներ:

2014թ-ին Հայաստանում ծնված 20.162 աղջկանից 866-ին անվանակոչել են Նարե: Դրան հաջորդում են Մարի (700), Միլենա (683), Մանե (675), Անի (543), Մարիա (531), Անահիտ (529), Մարիամ (514), Էլեն (514) և Անգելինա (491) անունները: Իսկ 22.869 տղայից 1.543-ին անվանակոչել են Դավիթ: Տղաների առաջատար անունների տասնյակն ունի հետևյալ տեսքը. Նարեկ- 1.169, Ալեքս-688, Գոռ-633, Տիգրան -633, Հայկ-606, Արման-502, Արթուր-495, Էրիկ-492 և Ալեն-484:

Հայաստանի 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ է, իսկ 15%-ը՝ գերքաշ։ Երեխաների թերաճությունը զգալիորեն պայմանավորված է տնային տնտեսության աղքատությամբ, սննդի ոչ պատշաճ սպառումով, ոչ պատշաճ խնամքով և կերակրման եղանակներով, ինչպես նաև՝ մայրերի կրթության ցածր մակարդակով։

Հայաստանում կա պարբերական հիվանդությամբ մինչև 18 տարեկան ավելի քան 2700 երեխա:

2015 թվականի 10 ամսվա ընթացքում արձանագրվել է երեխաների նկատմամբ ծնողների բռնության 56 դեպք, ինչպես նաև` ընտանիքի այլ անդամների կողմից բռնության 13 դեպք:

Ըստ Կառավարությանն առընթեր Ոստիկանության տեղեկատվության, Հայաստանում 2015-ի տարեվերջի դրությամբ հաշվառվել է 8 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս: Բոլորը տղաներ են։ Նրանցից 4-ը հաշվառված են Երևանում, 3-ը՝ Լոռու մարզում, 1-ը՝ Շիրակի։ Իսկ ըստ Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքում 13 անչափահաս մուրացկան կա:

Հայ երեխաների մեծ մասն ապրում է աղքատ ընտանիքներում։ Ըստ ընտանիքի բարեկեցության միջազգային սանդղակի, հայ դպրոցականների կեսից ավելին պատկանում է ցածր, 30 տոկոսը՝ միջին և միայն 13 տոկոսը՝ բարձր բարեկեցության խմբին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հովանու ներքո աշխարհի 44 երկրներում իրականացված հետազոտության համաձայն, առողջական գանգատներ առկա է դպրոցականների մեկ երրորդի մոտ, սակայն, հարցվածների կեսից ավելին նշել է, որ նախորդ տարվա ընթացքում չի այցելել մանկաբույժի։ Եվրոպացի հասակակիցների համեմատ, հայ երեխաները ֆիզիկական ակտիվության պակաս ունեն, նրանց 60 տոկոսը նշել է, որ սպորտով չի զբաղվում, խմբակներ չի հաճախում։

Հայաստանում ներկայումս հաշվառված է մոտ 500.000 դպրոցահասակ երեխա: Ընդ որում միայն Երևանում յուրաքանչյուր տարի մոտ 9500 երեխա ավարտում է մանկապարտեզներն ու հաճախում դպրոց: Սա նշանակում է, որ սեպտեմբերին 9500 երեխա էլ ընդունվում է մանկապարտեզ: Եվս 2000 երեխա յուրաքանչյուր տարի չի կարողանում գնալ մանկապարտեզ` տեղերը սահմանափակ են, հերթը` երկար:

Հայաստանում մոտ 3.500 երեխա առանձնացված է իր ընտանիքից և բնակվում է խնամքի հաստատություններում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, վերջին տասը տարում Հայաստանն առաջընթաց է գրանցել երեխաներին ընտանիքներ վերադարձնելու հարցում: Տասը տարի առաջ ընտանիքներից առանձնացած էր մոտ 11.000 երեխա, այժմ` 3.500: Պետական մանկատներում խնամվում է մոտ 660 երեխա, որից 550-ն ունեն հաշմանդամություն, մնացած երեխաները ԿԳՆ, ինչպես նաև` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գիշերօթիկ դպրոցներում են: Այսինքն` ընտանիքներից ամբողջովին կտրված չեն:

Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---