// IP Marketing video - START// IP Marketing video - END
18  07.06.16 - Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության մարզադպրոց
Հայ չեմպիոնները, մաշված գործիքներն ու հին դահլիճը

Հայ չեմպիոնները, մաշված գործիքներն ու հին դահլիճը

Մարմնամարզության բարդ ուղին

Տղամարդկանց սպորտային մարմնամարզություն. 6 վարժություն՝ նժույգթափեր, հենացատկ, օղակներ, զուգափայտեր, պտտաձող, մանրահատակ: Դրանցից երեքում հայ մարմնամարզիկները դարձել են 2016-ի Եվրոպայի առաջնության չեմպիոն և փոխչեմպիոններ:

PanARMENIAN.Net - Ինչպե՞ս են ձևավորվում չեմպիոնները: Երևի թե գործոնները տարբեր են ու բազմաթիվ: Թե ինչպես են կոփվում, դառնում է ակնհայտ, երբ տեսնում ես՝ ինչ պայմաններում են մանկուց մարզվում հայ մարմնամարզիկները, սպորտային մեծ ձեռքբերումներից առաջ ու հետո:

PanARMENIAN.Net ը զրուցել է մարզչի ու մարզիկների հետ, իսկ PAN Photo-ն լուսանկարել հին, մաշված գործիքներն ու մարզման գրեթե անմխիթար պայմանները: Կարելի է երկար վերլուծել, թե այդ ամենն ավելի շատ վնասում է, թե օգնում:

Հակոբ Սերոբյան, մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Բնականաբար, եթե ունենայինք ժամանակակից գործիքներ, արդյունքներն ավելի բարձր կլինեին: 2015-ին ստացել ենք 3 համեմատաբար նոր գործիք և գործիքի տարր. դրանից առաջ պարապում էինք 2005-ի հին գործիքների վրա: Այժմ էլ մնացած գործիքներն այդ տարիների են՝ հին ու մաշված: Նորերը բրենդային չեն, միջազգային մրցումների ստանդարտներին չեն համապատասխանում: Բայց, իհարկե, նախորդներից ավելի լավն են: Իսկ համապատասխան գործիքների արժեքը մոտ $100.000 է (6 կոմպլեկտ՝ ապահովության մատերով և այլն):

Սակայն առաջին հերթին համապատասխան, ապահով դահլիճ է պետք, հետո նոր՝ գործիքներ ու դրանց անվտանգության տարրեր:

Դեռ 35-40 տարի առաջ մեր դահլիճում է պարապել Էդուարդ Ազարյանը: Հատակը, որին ամրացվում են գործիքները, փայտից է, որն ունի առաձգականություն, ինչի հետևանքով գործիքներն ամորտիզացվում են (տատանվում են), իսկ երբ բետոնի վրա է լինում՝ այդ խնդիրը չի առաջանում: Հարցը հիմնականում վերաբերում է օղակներին, հետացատկին, պտտաձողին: Երբ մի 20 սանտիմետր ավելի բարձր է շպրտում գործիքը՝ օգնում է մարզիկին, իսկ մեր պարագայում այդ հանգամանքը մաշված գործիքով պայմանավորված չի գործում, չենք կարողանում բարդ տարրեր փորձել՝ բավարար բարձրություն չստանալով: Երբ Սվետլանա Խորկինայի (Օլիմպիադայի կրկնակի չեմպիոն, 9 անգամ դարձել է աշխարհի, 13՝ Եվրոպայի ճեմպիոն) համար գործիքն իջեցրել են մի քանի սանտիմետրով՝ միանգամից տարբերությունն ազդեց, արդյունքը բողոքարկվեց: Իսկ մենք այս պայմաններում ենք պարապում:

Մարզմամարզությունում փորձում ենք բարդ տարրեր սովորել, միանգամից չի ստացվում ՝ ընկնում են մարզիկները, սական մարզիչները չեն թողնում այդ բարդության տարրեր սովորել, քանի որ դա արդեն մարզիկի անվտանգության հարցն է, կյանքի հետ է կապված, լուրջ վնասվածք կարող է լինել այն պատճառով, որ դահլիճն ու գործիքները հին են, նորմալ սպունգերով ապահովված չեն: Մենք նույնիսկ լոնժեր չունենք, որոնցով բարդ տարրեր են սովորում, մարմնամարզությունն արագնթաց զարգանում է, մենք հետևից պիտի վազենք, բայց պայմաններ չունենք դրա համար:

Հոգեբանական խնդիր էլ կա այստեղ, երբ գնում ու տեսնում են առաջնություններին ինչ գործիքներ են, ինչ մակարդակ է: Առաջնություններին թիմերը գալիս են բժիշկներով, մերսողներով, իսկ մեզ հետ նույնիսկ բժիշկ չկա:

Բայց մեր երեխաները սովորել են, երբ խիստ ենք լինում, ասում ենք՝ դա է, ուրիշը չունենք, սրա վրա պիտի պարապենք ու արդյունքի հասնենք, եթե, իհարկե, անվտանգության հարց չէ: Ամենակարևորն այն է, որ մեր մարմնամարզիկները լինեն առողջ, լավ մարդիկ, մեծամիտ, փառասեր չլինեն, իրար հետ ընկերական հարաբերություններում: Մեզ մոտ այսպես է, փոքրը պարտավոր է հարգել, լսել, իսկ մեծը՝ օգնել:

Լավ հասկանում եմ. մեր երկիրը չունի հնարավորություններ: Ասեմ ավելին, եթե Օլիմպիական կոմիտեն չաջակցեր, չէինք կարողանա հավաքներ կազմակերպել, մեկնել առաջնությունների:

Եթե կարողանանք օլիմպիական մեդալներ բերել, ինչը շատ-շատ բարդ է լինելու, ուշադրություն կդարձնեն: Ուզում եմ նշել, որ մեր հաջողությունները թիմային աշխատանքի արդյունքն են, դրանում մեծ ավանդ ունեն բոլոր մարզիչները, այդ թվում՝ Սոս Սարգսյանը (Հավաքականի 2-րդ մարզիչ, Հարություն Մերդինյանի անձնական մարզիչ), Նազարյան Հայկը (Վահագն Դավթյանի անձնական մարզիչ, երիտասարդների հավաքականի մարզիչ), Արտյոմ Ավետյանը՝ Արթուր Դավթյանի անձնական մարզիչը, Աշոտ Գասպարյանը՝ հենացատկորդ Արսեն Գասպարյանի անձնական մարզիչը և այլոք:

Ալբերտ Ազարյան, Օլիմպիական խաղերի եռակի (1956, 1960), աշխարհի (1954, 1958), Ասիական խաղերի (1963), Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ

Սովետական միության թիմը մարզմնամարզությանն ուշադրություն էր դարձնում, իմ ելույթներից հետո նույնիսկ տարին մեկ անգամ բոլոր գործիքները նոր վիճակում ուղարկում էին, որ պարապենք, հները տալիս էինք դպրոցներին, իսկ հիմա 12 տարի նույն գործիքների վրա ենք աշխատում ու վատ գործիքներ ունենալու հետ մեկտեղ Եվրոպայի չեմպիոն ունենք: Նշանակում է՝ երեխաները մեծ ունակություններ ունեն, շատ պատրաստված են, քրտնաջան ենք աշխատել, մեր մարմնամարզության դպրոցը ոչ միայն պահպանվել, այլ զարգացել է:

Հարություն Մերդինյան, նժույգթափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն

Եթե մեր գործիքները նոր լինեին և նոր դահլիճում, կողմնակի բաների մասին չէինք մտածի, այլ միայն վարժությունը կատարելու: Մեր և միջազգային մրցումներում գործիքներն այնքան շատ են տարբերվում, որ դրանց սովորելու համար ժամանակ է պետք, որը մենք չունենք: Գործիքում ամեն մանրուք կարևոր է, իսկ մեր դահլիճի գործիքները շատ թերություններ ունեն:

2005-ի նժույգթափը շատ է մաշված, ընդհանրապես պիտանի չէ աշխատելու համար, ես պարապում եմ այն գործիքի վրա, որը մեզ սպորտկոմիտեն նվիրել է անցած տարի, այն լրիվ նոր է, սակայն հենց սկբից էլ դեֆորմացած էր: Այն նաև չի համապատասխանում բրենդային գործիքներին, որոնք օգտագործվում են առաջնություններին: Այդ պատճառով պետք է արագ հարմարվել մրցումային գործիքի փափկությանը, լայնությունը, խորությունը, ամեն ինչին, մի վարկյան, մի փոքր սովոր չես լինում գործիքին՝ արդեն չի ստացվում: Իհարկե դա ազդում է արդյունքների վրա:

Ռիո

Օլիմպիադային առաջ երկու հավաք ունենք՝ Վրաստանում ու հենց Բրազիլիայում: Ինձ թվում է, որ այնտեղ հավաքներին այն գործիքներն են լինելու, ինչը Օլիմպիադային: Մոտ 15 օր առաջ ենք գնալու. կարծում եմ՝ լավ պատրաստվելու համար ժամանակը բավարար է: Ֆիզիկապես և հոգեբանորեն պատրաստվում ենք այնպես, ինչպես և ցանկացած առաջնությունից առաջ:

Արթուր Դավթյան, հենացատկ վարժությունում Եվրոպայի փոխչեմպիոն

Այստեղ մեր պայմանները լավը չեն, հենացատկի համար էլեմենտներից մեկը՝ հենատախտակը, նոր վիճակում բերել ենք, եվրոպական ստանդարտներին է համապատասխանում, դա լավ է, իսկ մյուսը՝ հենվելու տեղը, հին է, մաշված:

Ոչ էլ փոս ունենք ապահով, այսինքն այդ փոսն ինչ է. հատակը պիտի խորություն ունենա (փոս)՝ լցված սպունգերով (մատեր), որպեսզի ապահովի անվտանգությունը բարդ, նոր տարր կատարելու ժամանակ: Դահլիճի պայմաններից ելնելով, այդ հնարավորությունը մենք չունենք:

Վերջերս հավաքի եմ եղել Հայաստանից դուրս, դահլիճում, որտեղ որ պարապում էինք, այդ ապահովությունը կար ու բարդ, ռիսկային էլեմենտ փորձեցի՝ ընկա գլխի վրա, այդ փոսի շնորհիվ վնասվածք չստացա: Այնտեղ այդ տարրը փորձեցի մի քանի անգամ, սակայն այդ բարդության նոր տարրը սովորելու, հղկելու համար շատ երկար ժամանակ է պետք, իսկ հավաքներին կարճ ժամանակ ենք լինում: Այսինքն, մեր դահլիճում արդեն այդ հնարավորությունը չունեմ, ռիսկ չեմ անի կատարել:

Նույն իրավիճակում են նաև մեր դահլիճում պարապող երեխաները. նրանց մարզիչը չի կարողանում բարդ տարր կատարելու առաջադրանք տալ, քանի որ անվտանգ չէ:

Մի կարևոր բան էլ կա. երբ անվտանգ չէ, պարապելուց ռիսկի չես դիմում, ավելին չես անում, միշտ հոգեբանական կաշկանդվածություն կա, երբ գործում է ինքնապահպանման բնազդը:

Դահլիճում պտտաձողն ու զուգափայտն ամենատխուր վիճակում են: Մեկուսիչ ժապավենով փաթաթած են, ծուռ են...

Ռիո

Հավաքների ենք գնալու, այնտեղ գործիքները նոր են, շուտ ենք գնալու՝ կսովորեմ: Այնտեղ էլ նոր չեն այդքան, ամեն 3-4 տարի պետք է փոխվեն, բայց ավելի լավ վիճակում են ու համապատասխան օլիմպիականներին: Ամեն ինչ անելու ենք, որ հայ ազգին ուրախացնենք: Ամենակարևորը եզրափակիչ դուրս գալն է, մնացածը՝ ընթացքում:

Վահագն Դավթյան, օղակներ վարժության փոխչեմպիոն

Մեր դահլիճում մաշված, կոտրված գործիքներ կան, օղակները համեմատաբար բարվոք վիճակում են, սակայն արդեն մաշվում են: Օրինակ, հենց օղակների հաստությունը փոխվել է՝ փոքրացել մաշվելուց, տարբերվում է մրցումների գործիքից, ինձ համար առաջնությանն անսովոր էր սկզբից. մաշված չէին, այդ պատճառով՝ ավելի հաստ: Այդ տարբերությունը, երբ սովոր չես, խանգարում է պոկվել, լավ բռնել: Սակայն նույնիսկ դա երկրորդական է, իսկ առաջնայինը գործիքի ամորտիզացիան է, առաձգականությունը, որը մեր գործիքի վրա արդեն թուլացել է, մրցումներին ավելի շատ է լինում, ինչն անսովոր է, չես կարողանում ճիշտ հաշվարկել շարժումները:

Լուսինե Դալլաքյան / PanARMENIAN.Net, Վահան Ստեփանյան / PAN Photo
 Ամենաընթերցվողը բաժնում
Օլիմպիական մեդալներն ու կամքի հաղթանակները
Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
 Ուշադրության կենտրոնում
Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը

Մխիթարյան. Էմերին մի փոքր փոխել է «Արսենալի» խաղաոճը Մխիթարյանի գոլը 86-րդ րոպեին փրկել է «Արսենալին» վերջին 16 խաղում առաջին պարտությունից

 Բաժնի այլ նյութերը
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Ջուրը վերափոխում է պարալիմպիկ լողորդին «Խնդիրս անհետանում է, դառնում եմ ազատ»