«Հեռու մնալ արյունից»

«Հեռու մնալ արյունից»

Եհովայի վկաների դավանանքը՝ մահվան ու քրգործերի պատճառ

Հունիսի 9-ին Երևանի Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկվել 47-ամյա կին` Նաիրա Դ.-ն, դավանանքը` Եհովայի վկա: Ավելի ուշ նա մահացել է «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Սկզբնական շրջանարվող վարկածի համաձայն` մահվան պատճառը արյան փոխներարկումն է եղել, ավելի կոնկրետ` արյան փոխներարկումից հրաժարվելը. դա դեմ է աղանդի հետևորդների կրոնական համոզմունքներին:

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը փորձել է պարզել դեպքի պատճառները, նախադեպերը, օրինական կարգավորումները, վկաների սկզբունքների հիմնավորվածությունն ու ներկայացնել հոգեբանական բնութագիրը:

Մահվան պատճառը

«Էրեբունի» ԲԿ-ից հայտնել են, թե կինը մահացել է ոչ թե արյուն չներարկելու, այլ ստացած ծանրագույն վնասվածքների հետևանքով, որոնք կյանքի հետ անհամատեղելի են եղել: Հիվանդն ունեցել է կոնքի ծայրահեղ ծանր կոտրվածք, նաև հայտնաբերվել է թոքերի սալջարդ, որովայնում ազատ հեղուկ` արյուն:

«Այդ բոլորը մեզ պարտադրում է հիվանդին ու նրա հարազատներին առաջարկել վիրահատություն: Հարազատները միանգամից հայտարարել են, որ իրենք Եհովայի վկա են և համապատասխան գրություն են տվել, բացի այդ հիվանդության պատմության մեջ իրենք իրենց ձեռքով գրել են, որ ինչ ուզում է լինել, հանկարծ արյուն չներարկեք: Նույն բանը ասել է հիվանդը: Նա գիտակցությունը տեղն է եղել այդ ժամանակ: Իրեն անհրաժեշտ էր արյուն ներարկել, բայց ես չեմ կարծում, որ դա կարող էր փրկել նրա կյանքը, որովհետև հիվանդն ուներ շատ ծանր վնասվածք և հեմոռագիկ շոկ»,- ասել է ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը, գրում է «Հայկական ժամանակը»:

Բացի այդ, նա հավելել է, որ հարազատներին հակառակվելու դեպքում վերջիններս կարող էին դատական հայց ներկայացնել ընդդեմ հիվանդանոցի, ինչի նախադեպն արդեն ունեցել են:

Օրենքը

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածը սահմանում է. «Առանց մարդու կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության թույլատրվում է իրականացնել բժշկական օգնություն և սպասարկում մարդու կյանքին սպառնացող վտանգի, ինչպես նաև շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքերում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Նույն օրենքի 17-րդ հոդվածն էլ սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվել բժշկական միջամտությունից կամ պահանջել ընդհատել այն, բացի սույն օրենքի 16 հոդվածով նախատեսված դեպքերից»: Ստացվում է, որ եթե կյանքին սպառնացող վտանգ կա, բժշկին իրավունք է վերապահվում հարկադրանք կիրառել:

Իրավական նախադեպը

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ ՀՀ-ում: «Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ 2013-ի փետրվարի 17-ին Կարեն Զխկրյանն իր սեփական մեքենայով վրաերթի է ենթարկել երկու քաղաքացու՝ հետիոտններ Թերեզա և Նաիրի Ուղուլյաններին, որոնցից Նաիրի Ուղուլյանը ստացել է մարմնական վնասվածքներ, սակայն առողջացել է, իսկ Թերեզա Ուղուլյանը մահացել է: Այս կապակցությամբ էլ Կարեն Զխկրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 242 հոդվածի երկրորդ մասով(Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածով:

Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ Թերեզայի մահվան պատճառ է հանդիսացել արյան կորուստը: Անգիտակից ժամանակ նրան ներարկվել է արյուն, բայց գիտակցության գալով հավատարիմ Եհովայի վկան հրաժարվել է կյանքի համար խիստ անհրաժեշտ արյան երկրորդ փոխներարկումից, որն էլ դարձել է մահվան պատճառ: Վարորդը մեղադրվել է մարմնական վնաս հասցնելու մեջ, որը հանգեցրել է մահվան:

Եհովայի վկաների տեսակետը

ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը հարցազրույցներից մեկում, անդրադառնալով արյան փոխներարկումից հրաժարվելու իրենց դիրքորոշմանը, նշել է, թե իրենց աղանդի հետևորդներն օգտվում են ժամանակակից բժշկությանը ծանոթ ամենատարածված բուժմեթոդներից, սակայն կրոնական համոզմունքներից ելնելով՝ հրաժարվում են ալոգենային (ուրիշից վերցված) արյան փոխներարկումից։

Նա նշում է, որ իրենց դիրքորոշումը հիմնված է Աստվածաշնչի «Գործեր» գրքում նշված պատվերի վրա, որի համաձայն՝ առաջին դարի քրիստոնյաներին հորդոր էր տրվում «հեռու մնալ.... արյունից» (Գործեր 15։29; 21։25)։

Աստվածաշնչի կամայական մեկնաբանումը

«Դիալոգ» ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ Եհովայի վկաները բազմիցս փորձել են շահարկել այս հարցի նկատմամբ մոտեցումը, բոլոր դեպքերը ներկայացնելով իրենց հարմար կոնտեքստում. նրանք անդադար փորձում են համոզել, որ արյան փոխներարկումը արգելված է Աստվածաշնչով։

«Նախ ասեմ, որ Աստվածաշունչը բացարձակ չի անդրադառնում մարդկային արյան փոխներարկմանը ոչ մի կոնտեքստով։ Եհովայի վկաները իրենց հետևոդներին համոզելու նպատակով օգտագործում են հետևյալ համարները. Ծննդոց 9:4։ Աստված թույլ տվեց, որ Ջրհեղեղից հետո Նոյն ու իր ընտանիքը որպես սննդամթերք օգտագործեն նաև կենդանիների միսը։ Բայց նրանք չպետք է ուտեին նրանց արյունը։ Ղևտական 17:14։ «Ոչ մի տեսակ մարմնի արյուն չուտեք, որովհետև ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է։ Ով որ ուտի այն, պետք է վերանա»։ Գործեր 15:20։ «Հեռու մնա.... Արյունից»։

Անհասկանալի է, ինչպիսի վառ երևակայության շնորհիվ կարելի է այս համարները կապել արյան փոխներարկման խնդրի հետ։ Բայց քանի որ Եհովայի վկաները շատ աղանդների նման Աստվածաշնչային համարները ուսումնասիրում են կոնտեքստից դուրս, ապա այս համարների վերաբերյալ նույնպես նրանք կառուցել են իրենց կամայական մեկնաբանությունները, դրանց տալով մարգարեությունների բնույթ։ Նրանք կարող են յուրաքանչյուր համար տեղադրել այն մտքի տակ, որն ուզում են փոխանցեն իրենց հետևորդներին»,- նշում է ՀԿ նախագահը։

Եհովայի վկաների «Ինչ է սովորեցնում Աստվածաշունչը» գրքում պարզաբանում է տրված արյան փոխներարկման արգելքի մասին. «Նշանակում է արդյոք արյունից հեռու մնալը արյան փոխներարկումից հրաժարվելը։ Այո, օրինակ, եթե բժիշկը քեզ արգելել է ալկոհոլ օգտագործել, արդյոք դու կարող ես այն ներարկել երակի մեջ։ Ոչ, ուրեմն արյունից հեռու մնալը նշանակում է խուսափել արյան ամեն տեսակի օգտագործումից։ Այսպիսով, քրիստոնյան չպետք է թույլ տա, որ իրեն արյուն ներարկեն։»,- մեջբերում է Ալմաստ Մուրադյանը` նշելով, որ բժշկական կրթություն ունեցող մարդու համար էլ կարծես պարզ է, որ ուտելը և ներարկելը իրարից խիստ տարբերվող երևույթներ են։

Եհովայի վկաների թերթոնների շատ համարներում իբրև լուրջ բժշկական տեսակետներ արծարծված է արյան փոխներարկման վտանգների վերաբերյալ, որոնցում սակայն որպես բժշկական էքսպերտներ, օրինակ ԱՄՆ բժշկական ասոցիացիայի կողմից, կրկին հանդես են գալիս հենց Եհովայի վկաները։

Կարելի է… Չի կարելի

ՀԿ նախագահը ներկայացնում է որոշ փաստեր այս հարցի վերաբերյալ. իրականում արյան փոխներարկման հարցը բազմիցս և իրարամերժ մոտեցումներով քննարկվել է Եհովայի վկաների կազմակերպությունում։

Օրինակ 1925թ. «Ոսկե դար» համարում նշվում էր, որ մարդը, որը հաճախ արյուն է հանձնում, արժանի է հարգանքի։ (հարց. ի՞սկ որն է հանձնելու նպատակը)։ 1940թ. «Մխիթարություն» ամսագիրը պատմում է բժիշկ-հերոսի մասին, ով իր սեփական արյունն էր զոհել հիվանդին փրկելու համար։ Սակայն 1945թ. «Դիտարան»-ը 180 աստիճանով փոխում է մոտեցումը այդ հարցի վերաբերյալ։ Այստեղ դոնորությունը և փոխներարկումը կտրուկ արգելվում է։ 1958թ-ից սկսված դրանք մեկ արգելվում են, մեկ թույլատրվում են։ Բազմաթիվ դժգոհությունների արդյունքում 1994թ.-ին թույլատվրում էր արյան որոշակի կոմպոնենտների փոխներարկումը։ Սակայն այդ կոմպոնենտների ցանկը այնքան խառնիճաճանչ և նեղ մասնագիտական բնույթ է կրում, որ ոչ մի սովորական հետևորդ չի կարողանա դրանից գլուխ հանել։

Մյուս պատճառը, որով Եհովայի վկաները հրաժարվում են արյան փոխներարկումից, դա իբր վարակվելու մեծ հավանականությունն է։ Սակայն ոչ մի դոնոր ուղղակի չի գալիս փողոցից և արյուն հանձնում, դոնորները մանրակրկիտ հետազոտություն են անցնում, որից հետո հենց արյունը անցնում է կարանտինային ժամկետ։

Անարյուն բժշկություն

Ալմաստ Մուրադյանը նշում է, որ արյան փոխներարկումից հրաժարվելու մոտեցումներից մեկն է նաև այն, թե իբր Եհովայի վկաների քարոզում են անարյուր բժշկությունը և նպաստում դրա զարգացմանը.

«Անարյուն բժշկության մոտեցումները զարգանում են ոչ թե Եհովայի վկաների պատճառով, այլ որպես բժշկական ոլորտի նոր զարգացում և Եհովայի վկաները այդտեղ ոչ մի ներդրում չունեն։ Սակայն անարյուն բժշկությունը բավականին թանկ է։ Եվ այստեղ հարց է առաջանում, եթե Եհովայի վկաները կողմնակից են անարյուր բժշկության, ինչու արյան փոխներարկումը արգելելուց հետո նրանք երբեք ոչ մի գումար չեն ծախսել իրենց հետևորդներից որևէ մեկի կյանքը անարյուն բժշկության միջամտության միջոցով պահպանելու համար (այդ թվում նաև երեխաների)։ Մի պարզ պատճառով` Եհովայի վկաները երբեք գումար չեն ծախսի իրենց անդամների բուժման համար, փոխարենը նրանք անխղճորեն հերոսներն են դարձնում այն մարդկանից, որոնք հրաժարվել են արյան փոխներարկումից և մահացել են»։

Եհովայի վկաների միջազգային փորձը

1998թ.-ին Բուլղարիայում վերագրանցվելու նպատակով Եհովայի վկաները թույլատրեցին Բուլղարիայի իրենց անդամներին արյան փոխներարկումը. «Յուրաքանչյուր Եհովայի վկայի անդամ կամ նրա երեխաները ազատորել կարող են ընտրել արյան փոխներարկումը առանց կազմակերպության կողմից որևէ ճնշման կամ պատժի»։

«Ստացվում է, որ այն ինչ չի կարելի նույն կազմակերպության անդամներին մի պետությունում, կարելի է մեկ այլում, օրինակ Շվեդիայում և Դանիայում նույնպես։ Եվ սա է հենց ապացույցը, որ այդ արգելքը իրականում իր մեջ ոչ թե որևէ աստվածաբանական կամ բժշկական հիմնավորում է պարունակում, այլ Եհովայի վկաների կազմակերպության ոչ ադեկվատ և անպատասխանատու դոգմաների հավաքածու, որի միակ նպատակն է զրկել մարդկանց իրենց կամային որոշումներից` դարձնելով նրան կազմակերպության անխոս ստրուկներ»,- նշում է Ալմաստը` հավելելով, որ ուրիշին կյանք փոխանցելը քրիստոնեական քայլ է։

Հոգեբանական տեսանկյունը

Հոգեբան Աշոտ Թորոսյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, թե տվյալ կնոջ դեպքում հարազատներն, ամենայն հավանականությամբ, կատարել են նրա խնդրանքը։

«Եհովայի վկաներն ունեն արյան փոխներարկումից կամավոր հրաժարվելու և արյան գործառնության հետ կապված թույլատրելի բժշկական գործողությունների վերաբերյալ հատուկ փաստաթուղթ։ Նրանցից շատերը դա ստորագրում են և անձը հաստատող փաստաթղթերի հետ միասին իրենց մոտ պահում, որպեսզի դժբախտ պատահարի բերումով անգիտակից վիճակում բուժհաստատություն տեղափոխվելու դեպքում, բժիշկները, արյան փոխներարկման անհրաժեշտություն նախատեսելիս, դա հաշվի առնեն։ Հարազատները նման դեպքում, սովորաբար, հարգում են իրենց ընտանիքի անդամի որոշումը»:

Հոգեբանը նաև անդրադարձավ հարցին, թե արդյոք հոգեբանական տեսանկյունից նորմալ է մահն արյան փոխներարկումից գերադասելը.

«Տվյալ կրոնական համոզմունքի և այս կամ այն հոգեկան խանգարման միջև հնարավոր կապի շուրջ փորձարարական (էմպիրիկ) հետազոտության ես չեմ հանդիպել ժամանակակից գիտական հոգեբանական գրականության մեջ։ Հետևապես, ասել, որ այդ համոզմունքը կրող մարդիկ տառապում են որևէ հոգեկան խանգարմամբ, չեմ կարող։ Այստեղ կարելի է գործածել կրոնական մոլեռանդություն, արմատականություն, ծայրահեղականություն և նմանօրինակ եզրույթներ։ Հոգեկան առողջության ոլորտում հետազոտողի խնդիրն այս դեպքում Եհովայի վկաների կրոնական գաղափարախոսության տվյալ դրույթի և հոգեախտաբանության միջև կապի հայտնաբերումն է»,- ասաց նա` հավելելով, որ մոտ տասը տարի է զբաղվում է կրոնի, հոգևորության և քայքայիչ կրոնական պաշտամունքի (տոտալիտար կրոնական կազմակերպությունների) հոգեբանական ուսումնասիրությամբ, բայց դեռևս այդպիսի կապ չի բացահայտել:

Քրիստինե Քյուրքլյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---