Պտտելով պատմության անիվը

Պտտելով պատմության անիվը

Ֆիլմեր, որոնք խորհուրդ են տալիս դիտել պատմաբանները

Պատմական ժանրի ֆիլմերը և սերիալները ոչ միշտ են արդարացնում իրենց պատկանելությունն այդ ժանրին։ Շատ հաճախ գեղարվեստական և դրամատուրգիական անհրաժեշտությունից ելնելով՝ հեղինակները զոհաբերում են այս, կամ այն պատմական իրողության ճշմարտացիությունը՝ ֆիլմն առավել դիտարժան դարձնելու համար։ Սակայն ժանրի շրջանակներում քիչ չեն ֆիլմերը, որոնք բավականին ճշմարտացի են և պարունակում են սեղմ տեղեկատվություն՝ տվյալ պատմական ժամանակաշրջանի իրադարձությունների, մարդկանց, մշակույթի մասին։

PanARMENIAN.Net - Զրուցելով հայ պատմաբանների հետ՝ PanARMENIAN.Net ը ներկայացնում է մի քանի ֆիլմ և հեռուստասերիալ, որոնք նրանք խորհուրդ են տալիս անպայման դիտել։

Սուրեն Մանուկյան, Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու

«Վերջին կայսրը» (The Last Emperor, 1987թ․)՝ Բերնարդո Բերտոլուչիի պատմական դրաման։

Չինական աշխարհակալությանը վայել մասշտաբային տեսարաններով հարուստ, վերջին կայսր Պու Ի-ի կյանքի մասին պատմող ֆիլմը միաժամանակ այդ երկրի պատմության ամենադրամատիկ էջերի՝ բազմահազարամյա կայսրության փլուզման, ճապոնական օկուպացիայի, կոմունիստական կարգերի հաստատման եւ պատմության անօղոք ընթացքում մարդկային ճակատագրի անզորության մասին է:

«Հոթել «Ռուանդա» (Hotel Rwanda, 2004թ․)՝ Թերի Ջորջի (ով, ի դեպ, նկարահանում է Քըրք Քըրքորյանի ֆինանսավորած «Խոստում» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին) պատմական այս կտավը ֆիլմ է մարդկության նորագույն պատմություն ամենադաժան իրադարձություններից մեկի՝ Ռուանդայի ցեղասպանության մասին, երբ երեք ամսվա ընթացքում մոտ մեկ միլիոն թութսի սպանվեց: Ֆիլմը հոյակապ կերպով ներկայացնում է ցեղասպանության տենդով խելագառված հասարակության ամբողջ մթնոլորտը, ինչպես նաեւ անհատ հերոսության հնարավորությունը: Խորհուրդ է տրվում դիտել հատկապես մարդկանց, ովքեր սիրում են կրկնել, որ Ցեղասպանությունը մեր ժամանականերում հնարավոր չի: «Ընդհանուր առմամբ, «Վերջին կայսրը» եւ «Հոթել «Ռուանդա» ֆիլմերն անհրաժեշտ է դիտել գոնե պատմությանն արեւմտակենտրոն հայացքով դիտելու սովորությունից ազատվելու համար»,- ասում է պատմաբանը։

Սմբատ Հովհաննիսյան, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դասախոս

«Վարդի անունը» (Der Name der Rose, 1986թ․)․ Ֆրանսիացի հռչակավոր ռեժիսոր Ժան-Ժակ Աննոյի պատմական թրիլլերը նկարահանվել է Ումբերտո Էկոյի համանուն վեպի հիման վրա։

Ֆիլմը արտակարգ հետաքրքիր ու մանրամասն կերպով ներկայացնում է 14-րդ դարի միջնադարյան Եվրոպայի իրականությունը։ Թեպետ վեպն ավելի մանրակրկիտ է՝ միջնադարը՝ կրոնական, քաղաքական, մտակեցվածքային դիտանկյուններից, սակայն անհնար է թերագնահատել նաև ֆիլմի արժեքը։ Այդուհանդերձ, գրքի հեղինակը ֆիլմից դժգոհ էր մնացել։

Տիգրան Եփրեմյան, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոն

«Նապոլեոն» (Napoléon, 2002թ․)։ Ֆրանս-կանադական արտադրության մինի-սերիալը բաղկացած է չորս մասից։ Սցենարը գրվել է ֆրանսիացի պատմաբան, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Մաքս Գալլոյի համանուն քառահատոր կենսագրական գրքի հիման վրա։

Այն ներկայացնում է Նապոլեոն Բոնապարտի ռազմական հաղթանակներն ու պարտությունները, այդ թվում՝ Պրեյսիշ-Էյլաույի, Վաթեռլոոյի, Աուստեռլիցի ճակատամարտերն ու նահանջելը Ռուսաստանից։

«Գլադիատոր» (Gladiator, 2000թ․)։ Չնայած Ռիդլի Սքոթի օսկարակիր պատկանա դրաման որոշ առումով «խեղաթյուրում» է պատմանակն իրադարձությունները, այդուհանդերձ այն բավականին ճշգրիտ կերպով է ներկայացնում մ․թ․ 2-րդ դարում Հռոմեական Կայսրությունում տիրող քաղաքական ու հասարակական իրավիճակը, երբ մեծագույն հաղթանակներին հետ միասին տեղի էին ունենում պալատական խարդավանքներ ու դավադրություններ՝ հանուն իշխանության։

«Հռոմեական կայսրության անկումը» (The Fall Of The Roman Empire, 1964թ․)։ Էնթոնի Մաննի՝ 188 րոպե տևողությամբ էպիկական այս ֆիլմը կարելի է համարել դասական հոլիվուդյան փեփլումներից (մասշտաբային պատմական ֆիլմեր) մեկը։ Այն պատմում է մ․թ․180-190թթ-ի իրադարձությունների մասին, Մարկոս Ավրելիոս կայսեր տիրակալության ժամանակահատվածի, երբ ահռելի կայսրությունն աստիճանաբար ապրում էր սեփական մայրամուտը։

Սամսոն Հովհաննիսյան, ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի ասպիրանտ

«Հռոմ» (Rome, 2005-2007թթ)։ HBO կաբելային ալիքի ստեղծած մասշտաբային այս հեռուստանախագիծը գեղարվեստական միջոցների ու պատմական փաստերի համադրությամբ ներկայացնում է մ․թ․ա․ 1-ին դարի Հին Հռոմի պատմության ամբողջական ներկապնակը։

Հրաշալի պատկերված է նաև Հռոմեական հանրապետության անկման դարաշրջանի պատմական միջավայրը, անվանի հռոմեացիների կերպարները, քաղաքական զարգացումներն ու երկարատև պայքարը, որն ի վերջո հանգեցրեց Օգոստոսի կողմից կայսրության հաստատմանը։

«Վիկինգները» (Vikings, 2013թ․)։ Հեռուստատեսային սերիալի ճշգրիտ կերպով ներկայացված է վիկինգների (նորմանների) դարաշրջանը՝ սկսած վիկինգյան կլանների միջև պայքարից, լեգենդար առաջնորդ Ռագնար Լոդբրոքի իշխանության ներքո միավորումից մինչև արշավանքներ դեպի Անգլիա ու Ֆրանսիա։

Ամենայն մանրամասնությամբ ներկայացված են վիկինգների բարքերը, նիստուկացը, միջկլանային պայքարի առանձնահատկությունները, նաև Անգլիայի ու Ֆրանսիայի ներքին մասնատված վիճակը, որից էլ օգտվեցին վիկինգները իրենց նվաճումներն իրագործելիս։

«Ապոկալիպտո» (Apocalypto, 2006թ․)։ Մել Գիբսոնի այս հրաշալի ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Յուկատանում՝ 15-րդ դարի վերջին՝ մինչկոլումբոսյան ժամանակահատվածի մայրամուտին։ Ֆիլմում բոլոր երկխոսությունները Մայաների լեզվաընտանիքին պատկանող յուկատեկյան լեզվով են։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---