«Մենք Պապ ունենք»

«Մենք Պապ ունենք»

Հետաքրքիր փաստեր հայ-կաթոլիկ հարաբերությունների պատմությունից

Հունիսի 24-ին եռօրյա այցով Հռոմի պապի Հայաստան ժամանումը առիթ է՝ վերհիշելու կաթոլիկ եկեղեցու և հայերի առնչությունների ու բարդ հարաբերությունների պատմությունը։

PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net ը ներկայացնում է տարբեր ժամանակներում այդ հարաբերությունների ընթացքը և մի քանի ուշագրավ փաստեր։

Մինչև 5-րդ դարը Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիների հարաբերություններում դավանաբանական կամ ծիսական էական տարբերություններ չկային։ Քաղկեդոնի 451 թ․ եկեղեցական ժողովում Լևոն 1-ին պապն ընդունել տվեց Քրիստոսի բնույթի վերաբերյալ մի ուսմունք, որը հայոց և արևելյան մի շարք այլ եկեղեցիներ չճանաչեցին կամ մերժեցին։ Հետագա դարերում հայ և կաթոլիկ եկեղեցիների դավանական անհամաձայնություններն ավելի խորացան։ Հաճախ այդ տարբերություններից բխող հարաբերությունները ձեռք էին բերում նաև քաղաքական երանգներ։

Ուշագրավ է, որ քրիստոնեության վաղ դարերում Հռոմի կաթոլիկ եկեղեցին չուներ այն հեղինակությունն ու նշանակությունը, ինչ հիմա, իսկ Հռոմի պապը չէր համարվում նույն դավանաբանությունն ընդունող եկեղեցիների միանձնյա առաջնորդը։ Հռոմի կաթոլիկ եկեղեցին նման կարգավիճակ ու դեր ձեռք բերեց միայն հետագա դարերում տեղի ունեցած պատմական զարգացումների արդյունքում։

Հռոմի եկեղեցին հայերին կաթոլիկացնելու կոնկրետ փորձերն սկսել է կատարել Կիլիկիայի հայոց պետականության շրջանում, երբ Խաչակրաց արշավանքների դարաշրջանում Հռոմի պապերն ակտիվացրին իրենց արևելյան քաղաքականությունը։ Հայոց աշխարհիկ և հոգևոր իշխանություններն իրենց հերթին կաթոլիկ եկեղեցու հետ մերձենալու փորձեր էին կատարում, որպեսզի կարողանան դիմակայել մահմեդական հզոր հարևաններին։ Հայ և կաթոլիկ եկեղեցիների մերձեցման հարցերն առաջին անգամ քննարկվել են 1141 թ․ Անտիոքում և 1143 թ․ Երուսաղեմում կայացած ժողովներում, որոնց մասնակցում էր նաև Ներսես Շնորհալին։

Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարքարանը Լիբանանում

13-րդ դարի վերջին ու 14-րդ դարի սկզբներին Կիլիկիայում սուր պայքար է ծավալվում կաթոլիկ եկեղեցուն միանալու կողմնակիցների և հակառակորդների) միջև, կաթոլիկ եկեղեցու առաջնորդներն այդ հարցով քաղաքական մեծ ճնշում էին կիրառում հայերի հանդեպ։ 1307 թ․ Սիս մայրաքաղաքում նույնիսկ որոշում ընդունվեց եկեղեցիների միացման ու հայերի շրջանում կաթոլիկ դավանանքի տարածման մասին, որը Հովհաննես 22-րդ պապի պահանջով վերահաստատվեց 1316 թ․ Ադանայի ժողովում։ Սակայն ժողովուրդն ու հասարակ հոգևորականները ընդվզեցին այդ որոշումների դեմ, ու դրանք երբեք կյանքի չկոչվեցին․ փոխարենը էլ ավելի թուլացավ Կիլիկիայի հայոց թագավորությունը և իր դեմ գրգռեց Եգիպտոսի մամլուքներին, որոնք էլ շուտով վերջ տվին Կիլիկիայում հայոց պետականությանը։ 17-րդ դարից սկսած՝ Հռոմի կաթոլիկ եկեղեցին փոխում է իր գործելակերպը և Հայաստանում ու Արևելքի այլ երկրներում սկսում է իր ազդեցությունն ու դավանանքը տարածելու համար «խաղաղ»՝ լուսավորական-կրթական քարոզչություն իրականացնել։ Հատուկ այդ նպատակով պատրաստվում են հայերենին փայլուն տիրապետող կաթոլիկ հոգևորականներ, տպագրվում են լատիներեն-հայերեն և հայերեն-լատիներեն բառարաններ, հայերենի քերականության գրքեր։ Կաթոլիկ քարոզիչները ծայրահեղ պայմաններում գտնվող Հայաստանում բացում էին դպրոցներ, մարդկանց նյութական և բժշկական օգնություն ցույց տալիս։

Մխիթարյան միաբանությունը, Վենետիկ

Քարոզչությունը մեծ թափով իրականացվում էր հատկապես հայկական գաղութներում՝ Պարսկաստանից մինչև Լեհաստան։ Արդյունքում արդեն 18-րդ դարում կաթոլիկացվեցին ու հայությունից զգալիորեն կտրվեցին Լեհաստանի ու Հունգարիայի բազմահազար հայ համայնքները, Հայաստանում ստեղծվեցին կաթոլիկ հայերի առաջին համայնքները։ Կաթոլիկությունը տարածվեց հատկապես Նախիջևանում, Մակուում, Սեբաստիայում, Կոստանդնուպոլսում, 19-րդ դարում՝ Խարբերդում, Էրզրումում և այլուր։ Կաթոլիկությունը տարածելու համար Հռոմի քարոզիչները արդեն 17-րդ դարում հատկապես մեծ ջանքեր էին թափում Էջմիածնին մոտակա Երևանում ու որոշ հաջողությունների հասան։

Ժամանակակից Հայաստանում ապրող հայ կաթոլիկների մեծ մասը՝ Շիրակի մարզում ու Ջավախքում, հենց Էրզրումում այդ ժամանակ կաթոլիկություն ըդնունածների ժառանգներն են, իսկ նրանց տրվող «ֆրանկներ» անվանումն արտացոլում է միջնադարում եվրոպացի («ֆրանկ») կաթոլիկ միսիոներների գործունեության հետևանքով դավանափոխության պատմական հիշողությունը։

Հատկապես Նախիջևանում ու շրջակա գյուղերում խորը արմատներ գցած հայ կաթոլիկներին հովանավորում էր ոչ միայն Հռոմի պապը, այլև Ֆրանսիայի նշանավոր արքա Լուի 14-րդը, որը հայ կաթոլիկների գործոնն օգտագործում էր Պարսկաստանի շահերի վրա ճնշում գործադրելու և առևտրային արտոնություններ ստանալու համար։ «Արև արքան» շահին գրած նամակներում հորդորում էր թեթևացնել կաթոլիկ հայերի հարկերը, նրանց առավելություններ շնորհել այլ քրիստոնյաների նկատմամբ։

Հետաքրքիր տեղեկություններ կան, որ դեռևս 14-րդ դարում իտալացի կաթոլիկ միսիոներ Ջովանի Մոնտեկորվինոյի ջանքերով կաթոլիկություն են ընդունել Չինաստանի հայկական գաղութի մեծ թվով ներկայացուցիչներ։

Հայ-կաթոլիկ հարաբերությունների պատմության մեջ հետաքրքիր դեր է խաղացել մի փաստաթուղթ, որը միջին դարերում երկար ժամանակ հայերի կողմից օգտագործվել է որպես հայ և կաթոլիկ եկեղեցիների համերաշխության և Հայաստանի ազատագրության համար Հռոմի պապի ու եվրոպական միապետների կողմից օգնություն ցուցաբերելու «պարտավորագիր»։ Այսպես կոչված «Դաշանց թուղթը», ըստ ավանդության, կնքվել է Տրդատ թագավորի ու Գրիգոր Լուսավորչի և Հռոմի կայսեր ու պապի միջև՝ հայոց թագավորի ու կաթողիկոսի Հռոմ կատարած այցի ընթացքում։ ժամանակակից ուսումնասիրությունների արդյունքու, սակայն, պարզվել է, որ այն կեղծ փաստաթուղթ է և կազմվել է հայերի կողմից 12-13-րդ դարերում՝ նպատակ ունենալով արդարացնել Կիլիկիայի իշխանությունների եվրոպական կողմնորոշումը։

«Դաշանց թուղթը» մշտապես օգտագործվում էր 16-17-րդ դարերում Օսմանյան կայսրությունից ու Պարսկաստանից Հայաստանի ազատագրության խնդրով դեպի Եվրոպա ուղևորվող տարբեր պատվիրակությունների կողմից։ Սակայն գոյություն չունեցող թղթով Հայաստանի հանդեպ երբևէ նման պարտավորություններ չստանձնած Հռոմի պապերը փոխարենը մշտապես պահանջում էին կաթոլիկություն ընդունել։ Եղան դեպքեր, երբ հայոց կաթողիկոսները համաձայնում էին եկեղեցիների միավորմանը՝ միայն թե պապի միջնորդությամբ զորքեր ուղարկվեին Հայաստանն ազատագրելու։ Իսկ պատմությունը ցույց տվեց, որ դրանք ընդամենը անիրական երազանքներ էին։

Հայերի շրջանում կաթոլիկության տարածման բացասական հետևանքները, սակայն, չխանգարեցին, որ իր կրթական ու մշակութային աննախադեպ լայն գործունեությունը ծավալի Վենետիկի Մխիթարյան կաթոլիկ միաբանությունը։ Դավանական հարցերում Հռոմի պապին ենթարկվելով հանդերձ՝ Մխիթարյան միաբանները նախ Կոստանդնուպոլսում, ապա Վենետիկում Վիեննայում հսկայական գործ են կատարել՝ հայոց լեզվի ու մշակույթի զարգացման և եվրոպական մշակույթի ու գիտության առաջավոր ավանդույթներն ու ձեռքբերումները հայկական միջավայրում տարածելու ուղղությամբ։

Ներկայում Հայաստանում և ամբողջ աշխարհում մոտավոր հաշվարկներով հայ կաթոլիկների թիվը հասնում է շուրջ կես միլիոնի։ Նրանք գտնվում են 1742 թ․ պաշտոնապես հիմնադրված Հայ կաթողիկե (կաթոլիկ) եկեղեցու հոգևոր իրավասության տակ և ենթարկվում են Հռոմի պապի գերագույն հոգևոր իշխանությանը։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ

Amnesty International-ը՝ ՀՀ մասին. Ոստիկանական բռնություններ, ճնշումներ լրագրողների նկատմամբ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---