Դամբարաններ կողոպտողները

Դամբարաններ կողոպտողները

Ինչպես էր կաթոլիկ եկեղեցին «որսում» հայ սրբերի մասունքները

17դ. սկիզբ: Հայաստանն ավերված էր և զուրկ պետականությունից: Միակ միավորող ուժն այդ մթին ու դաժան ժամանակներում եկեղեցին էր:

PanARMENIAN.Net - Բայց նույնիսկ այդ վիճակում Հայաստանն էլի հետաքրքրում էր «անկախ դիակապտներին»,, որոնք չէին խորշում շահ կորզել նույնիսկ մասունքներից…Սրբերի մասունքներից:

Անմիջապես իրադարձությունների կիզակետից իր խոսքն է ասում 17 դ. հայ պատմագիր Առաքել Դավրիժեցին. «Կաթողիկոս Մելքիսեթի գահակալության ժամանակ ֆրանկերի երկրից (Իտալիա) Հայաստան եկան կաթոլիկ հոգևորականներ, մտան Արարատյան գավառ և սկսեցին շրջել հայկական վանքերով ու եկեղեցիներով…Նրանք մի գիրք ունեին, գրված իրենց լեզվով, աշխարհագրական քարտեզ հիշեցնող, որտեղ հստակ նշված էին հայկական վանքերում հուղարկավորված սրբերի դամբարաններն ու գերեզմանները, մատուռների կառուցվածքը, պատուհանների ու դռների դասավորությունը: Այդ գրքի օգնությամբ նրանք գտնում էին սրբերի մասունքներն ու տանում իրենց հետ»: Հետո պատմիչը հայտնում է, որ «այն ժամանակ Հռիփսիմեի և Գայանեի վանքերն ամայի էին և կիսավեր, խարխլված ու փորփրված հիմքերով, խորանն ու հատակը եկեղեցու ներսում նույնպես փորված էին»: Դա պարսիկների ձեռքի գործն էր, որոնք եկեղեցու գանձերն էին որոնում՝ միաժամանակ պղծելով հայոց սրբությունները:

Եվ ահա եկեղեցիներով ու վանքերով երկար դեգերումներից հետո այստեղ է հասնում 3 կաթոլիկ քահանա: Շուրջները նայելով՝ նրանք մտորում էին թե որտեղից սկսեն փորել, որ հասնեն սբ Հռիփսիմեի մասունքներին: Շիրիմի վրա կառուցված մատուռը թաղված էր հողի մեջ և ավելի ուշ, երբ այստեղ եկեղեցի կառուցեցին, մատուռը հայտնվեց գլխավոր խորանի տակ: Դռները չէին երևում, քանի որ քողարկված էին՝ մատուռի դռները ծածկված էին ծանր մեծ քարով: Քարն այնպես էր դրված, որ թվում էր պատի քարերից մեկը: Հայերից շատ քչերը գիտեին այդ մատուռի գոյության մասին: Բայց ֆրանկ սպասավորներն իրենց գրքի օգնությամբ գտել էին մատուռը և դուռը: Նրանք շատ տանջվեցին, բացելու համար քարե ծածկը, բայց ապարդյուն: Մտածելով`որոշեցին փորել վերևից՝ այսինքն խորանի բարձունքից: Անցք փորելով առաստաղում, նրանք այնտեղից իջան և հետո ներսից դժվարությաբ, բայց շարժեցին կափարիչ քարը: Հայտնվելով մատուռում, նրանք մի կողմ քաշեցին շիրմաքարն ու սկսեցին փորել գերեզմանը՝ մինչև որ հասան Սբ Հռիփսիմեի մասունքներով տապանակին: Հետո մասունքներով տապանակը մատուռից տեղափոխեցին եկեղեցի: Սակայն, հանկարծ եկեղեցի մտավ երկու եպիսկոպոս Սբ Էջմիածնից: Տեսնելով 3 կասկածելի մարդու՝ նրանք հարցրեցին թե ինչ գործ ունեն այստեղ: Սակայն, խելամիտ պատասխան չստանալով, եպիսկոպոսները որոշում են զննել եկեղեցին և անցք են տեսնում գլխավոր խորանի բարձունքում, տեսնում են մատուռի բաց դռները, տեղահանված շիրմաքարն ու ավերված գերեզմանը:

Վրդովված և զայրացած եպիսկոպոսները կռվի մեջ են մտնում կողոպտիչների հետ և ծեծում նրանց: Հետո խլում են սուրբ մասունքներն ու բերում Էջմիածին: Կաթոլիկ քահանաները հետևում են նրանց: Էջմիածնի բնակիչներն ապշած էին կատարվածից: Նրանք զարմացած էին, որ օտարերկրացիները գիտեին մատուռի և սուրբ Հռիփսիմեի մասունքների գտնվելու վայրի մասին: Եպիսկոպոսներն ու վանահայրերը զայրացած փնովում էին կաթոլիկ քահանաներին՝ արդար դատաստան ակնկալելով Մելքիսեթ կաթողիկոսից: Սակայն կաթոլիկների կողմից կաշառված Մելքիսեթը «արժանի պատիժ չսահմանեց, այլ պարտակեց և ամենևին չմտահոգվեց»: Այդպես սուրբ Հռիփսիմեի մասունքների մի մասը հայտնվեց լատինացի հոգևորականների ձեռքում: Եպիսկոպոսները, իրենց ցասումը հայտնելով կաթողիկոսին, մնացած մասունքները տանում են և զմրսում նախկին տեղում:

Վերագտած սրբություն

Վերցնելով մասունքները` կաթոլիկ քահանաները Երևանից ուղևորվում են Նախիջևանի գավառ: Այստեղ նրանք բաժանում են մասունքները երեք մասի: Երկուսը պահում են իրենց մոտ, իսկ մեկն ուղարկում Սպահանի Հուսինյան կաթոլիկ վանք: Իրենց մոտի երկու մասը դնում են սնդուկի մեջ և թողնում վստահելի մարդկանց մոտ: Նրանք հարմար առիթի էին սպասում, մասունքները Հնդկաստանով Հռոմ հասցնելու համար:

Մի քանի օր անց այդ դավադրության մասին պատահաբար իմանում է ոմն Գրիգորը, որը սպասավոր էր Հուսինյան վանքում: Նա հասկանում էր օտարերկրացիների լեզուն: Եվ հայտնում է այդ մասին եպիսկոպոս Դավիթին, որն ապրում էր Սպահանում: Նա հավաքում է քաղաքի հայտնի հայերին և նրանց հետ միասին գնում քաղաքապետ Միրզա Մամադի մոտ` խնդրելով օգնել վերադարձնել մասունքները: Քաղաքապետը զինյալներ է տրամադրում, որոնց հետ նրանք անսպասելի հայտնվում են վանքում և առգրավում են մասունքները: Երկար և դժվարին որոնումներից հետո գտնվում է նաև մասունքների մյուս երկու մասը: Իսկ կաթոլիկ քահանաներին «տանում են դատաստանի սուրբ վարդապետ Պողոսի մոտ: Սակայն, վարդապետը, խղճալով կաթոլիկ քահանաներին, քանի որ նրանք էլ քրիստոնյաներ էին, ազատ է արձակում նրանց»: Վարդապետ Պողոսը վերցնում է մասունքների մի մասն ու մի քանի տարի անց դրանց վրա կառուցում է Սբ Հռիփսիմեի վանքը Նախիջևանում:

Հատուցում

Կաթոլիկ քահանաները հանձնվում են շահի դատին: Սակայն, շահը քաղաքական նկատառումներից ելնելով, նույնպես ազատ է արձակում նրանց` չպատժելով: Նրանք կրկին ուղևորվում են Արարատյան գավառ` մասունքներ որոնելու: Նախիջևանի ճանապարհին կաթոլիկ քահանաները հանդիպում են գավառապետ սուլթան Մահսուդին: Հավատի մասին զրույցի ժամանակ սուլթանը հարցնում է կաթոլիկ քահանաներին. «Եվ այսպես, դուք բոլորովի՞ն չեք ճանաչում և չեք երկրպագում Մոհամեդ մարգարեին: «Ո՞վ է Մոհամեդը, որ մեծարենք նրան: Ինչ Մոհամեդը, ինչ շունը` երկուսն էլ կոպեկ չարժեն»,-պատասխանում են նրան կաթոլիկ քահանաները: Այս խոսքերը մահացու վիրավորանք են հասցնում սուլթանին և նրա բոլոր մարդկանց: Սակայն, սուլթանը թաքցնում է վիրավորանքն ու չի մատնում իրեն: Եվ երբ քահանաները շարունակում են իրենց ճանապարհը, սուլթանը նրանց հետևից իր ծառաներին է ուղարկում: Ծառաները հասնում են քահանաներին լեռներում և սպանում են նրանց:

Քարերը թափելու և քարերը հավաքելու ժամանակը

Առաքել Դավրիժեցին իր պատմության մեջ, որը ներառում է գրեթե ամբողջ 17-րդ դարը, պատմում է, ինչպես կաթողիկոս Փիլիպոսը վերաբացեց Էջմիածնի բոլոր եկեղեցիները:

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի վերականգնումից հետո, կաթողիկոս Փիլիպոսը 1651-ին սկսում է աշխատել սուրբ կույս Գայանեի և Հռիփսիմեի եկեղեցիների վերականգնման վրա: Այդ աշխատանքների ընթացքում Սբ Գայանեի վանքում աբեղա Հովհաննեսը հայտնաբերում է Սբ Գայանեի մասունքները: Նույն ինքը, աշխատելով Սբ Հռիփսիմեի վանքի վերականգնման վրա, հայտնաբերում է նաև Սբ Հռիփսիմեի մասունքները, բայց ոչ թե նույն, այլ 3 տարբեր տեղերում` երկուսը քարերի մեջ, մեկը` սնդուկի: Հավանաբար դա հենց այն սնդուկն էր, որը տարիներ առաջ խլել էին ֆրանկ վանահայրերից….

Ընթերցեք նաև. «Մենք Պապ ունենք»

PanARMENIAN.Net / Tsets
 Ամենաընթերցվողը բաժնում
 Ուշադրության կենտրոնում
Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին

Իրանի ՊՆ ղեկավար․ Կաջակցենք Ադրբեջանի և ՀՀ միջև ուղիղ կապերին Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները

 Բաժնի այլ նյութերը
Ադրբեջանի անզուսպ ոգևորությունը «Հայաստանը և Իրանը Ադրբեջանի տարածք են»
Էլ չենք տեսնի Արցախում Պատմամշակութային վայրեր, որոնք անցնում են Ադրբեջանի հսկողության տակ
Ընթերցասերները՝ հանուն Ղարաբաղի Ինչպես են Մոսկվայի հայերը վաճառում իրենց գրքերը՝ օգնելու արցախցիներին
---