Անսահմանությունը դեռ վերջը չէ

Անսահմանությունը դեռ վերջը չէ

Ֆիլմերի լավագույն 5-յակը «Աստղային ուղու» աշխարհում

Հուլիսի 21-ին երևանյան կինոթատրոնների էկրաններ է բարձրանում բազմամիլիոնանոց «Սթարթրեկ. Անսահմանություն» բլոկբասթերը (բառացի թարգմանությամբ «Աստղային ուղի. Հակառակ կողմում»), որը 13-րդ լիամետրաժ ֆիլմը կդառնա լեգենդար գիտաֆանտաստիկ մեդիաֆիլմաշարում: Ամռան գլխավոր բլոկբասթերի ուղին մթագնեց տաղանդավոր երիտասարդ դերասան Անտոն Ելչինի ողբերգական մահը, որը կատարում է օդաչու-նավիգատոր Պավել Չեխովի դերը: 190-միլիոնանոց հսկան այս անգամ վստահվել է «Ֆորսաժների» անփոփոխ հեղինակ Ջասթին Լինին (Ջեյ Ջեյ Աբրամսը տեղափոխվել է մրցակից ֆիլմաշար): Որոշվել էր ստեղծել մի ֆիլմ, որը մոտ կլինի կանոնին` «էնթերփրայզի» անձնակազմը կդեգերի տիեզերքում` որոնելով կյանքի նոր ձևեր, և, անշուշտ, նոր սպառնալիքների հանդիպելով:

PanARMENIAN.Net - Ֆիլմի պրեմիերային ընդառաջ PanARMENIAN.Net ը ներկայացնում է «Աստղային ուղու» շրջանակում նկարահանված լավագույն ֆիլմերի հնգյակը:

«Աստղային ուղի 2. Հանի ցասումը», ռեժիսոր Նիկոլաս Մեյեր, 1982թ.

Կինոպատումի շրջանակում նկարահանված երկրորդ լիամետրաժ ֆիլմը մինչ օրս երկրպագուների շրջանում լավագույնն է համարվում «Աստղային ուղու» «ընտանիքում»: Ֆիլմի հեղինակները ստիպված էին առաջին ֆիլմից («Աստղային ուղի. Կինոֆիլմ», 1979թ.) 3 անգամ պակաս բյուջեով բավարարվել: Սակայն, փոքր նկարահանող խմբի համախմբված աշխատանքի և ամուր դրամատուրգիայի շնորհիվ, նրանց հաջողվեց ոչ թե ուղղակի հերթական տիեզերական օպերան ստեղծել, այլ մռայլ ու լարված ֆանտաստիկ թրիլեր, որը զուրկ չէր նաև խորը իմաստից: «Հանի ցասումը» պաշտոնապես համարվում է առաջին ֆիլմը, որտեղ մասնակիորեն համակարգչային գրաֆիկա է կիրառվել: Գլխավոր հակառակորդը` «USS Enterprise» աստղագնացի թիմի թիվ մեկ թշնամի Հան Նունիես Սինգխը, գենետիկորեն կատարելագործված գերմարդ էր: Նա կար դեռ օրիգինալ սերիալում, սակայն կինոնկարում «չար հանճարը» ներկայացավ միանգամայն նոր տեսքով:

«Աստղային ուղի 4. Ուղևորություն դեպի տուն», ռեժիսոր Լեոնարդ Նիմոյ, 1986թ.

1986թ. Paramount Pictures կինոընկերությունը որոշեց կրկին ռեժիսորի ղեկը վստահել Լեոնարդ Նիմոյին, որը կատարում էր կինոպատումի գլխավոր կերպարներից մեկի` Սփոքի, դերը: Մինչ այդ Նիմոյը նկարահանել էր միանգամայն հաջող երրորդ ֆիլմը` «Աստղային ուղի 3. Սփոքին որոնելիս», սակայն, ընդունելով երկրպագուների կարծիքը, որոնք պնդում էին, որ «Աստղային ուղու» վերջին երկու ֆիլմը չափից շատ մռայլ է, հեղինակները որոշեցին ավելի կենսախինդ ու դինամիկ սյուժե ընտրել: Նրանք նաև հրաժարվեցին գլխավոր թշնամու հայեցակարգից` փոխարինելով նրան հանկարծակի առաջացած հիմնախնդրով, որն անհապաղ լուծում է պահանջում:

«Աստղային ուղի. Առաջին շփում», ռեժիսոր Ջոնաթան Ֆրեյքս, 1996թ.

Ութերորդ լիամետրաժ ֆիլմը և ֆրանշիզայի առաջին կինոնկարը լիովին հիմնված է «Հաջորդ սերունդ» սերիալի վրա: Ջեյմս Քըրքի և կապիտան Սփոքի փոխարեն` կապիտան Ժան Լյուկ Պիկար և կոմանդեր Ուիլյամ Թոմաս Ռայքեր: Գործողությունը կատարվում է 2373 և 2063թթ.: Նոր կինոնկարում մարդկությունը ստիպված է բախվել միանգամայն նոր հակառակորդի հետ` ռազմատենչ բորգերի, որոնք կիբորգների բարձրտեխնոլոգիական ռասային են պատկանում: Paramount Pictures-ը նկարահանումների համար բավականին մեծ բյուջե էր հատկացրել, որը գերազանցում է բոլոր նախորդ կինոնկարների բյուջեները: Դա թույլ տվեց սցենարիստներին գեղեցիկ ու բազմապլան ֆիլմ ստեղծել բազում դեկորացիաներով և հատուկ էֆեկտներով:

«Աստղային ուղի», ռեժիսոր Ջ.Ջ.Աբրամս, 2009թ.

Տևական դադարից հետո ստուդիաների ղեկավարները որոշել են կրկին կյանքի կոչել ֆրանշիզան. լավագույն տարբերակը ոչ թե օրիգինալ սերիալների ու ֆիլմերի շարունակությունն էր, այլ հենց առաջին սերիալի յուրօրինակ վերբեռնումը:

Ընդ որում, 11-րդ ֆիլմն այլընտրանքային ժամանակային գիծ է ստեղծում` լինելով այլընտրանքային պատմությամբ կոմիքսի էկրանավորումը: Բոլոր գլխավոր հերոսները Քըրքի և Սփոքի գլխավորությամբ վերադառնում են նոր ամպլուա. Աբրամսը չի խորշում օգտագործել ժամանակի օղակներն ու այլընտրանքային իրադարձություններ ստեղծել, որի պատճառով սիրված հերոսների կերպարներն անճանաչելի են դառնում: Կինոնկարը սիրվեց կինոքննադատների ու նոր սերնդի հանդիսատեսի կողմից նորարարական մոտեցման և շաբլոնների ոչնչացման շնորհիվ: Սակայն հավատարիմ երկրպագուները մինչ օրս չեն կարող հաշտվել նրա գոյության հետ:

«Սթարթրեկ. Հատուցում» (բառացի թարգմանությունը` «Աստղային ուղին դեպի խավար»), ռեժիսոր Ջ.Ջ. Աբրամս, 2013թ.

Չնայած երկրպագուների դժգոհությանը` ստուդիան բարձր գնահատեց Աբրամսի ստեղծագործական ներուժը` կրկին ներգրավելով նրան կինոպատումի վերագործարկված սիքվելում (կամ, ամբողջ կինոպատումի 12-րդ ֆիլմում): Անտագոնիստի դերում լեգենդար Հան Նունիես Սինգխն է բրիտանացի Բենեդիկտ Քամբերբեթչի կատարմամբ: Կինոնկարը շատ ավելի մռայլ ու կոշտ է ստացվել, քան առաջին մասը, սակայն, այս անգամ հեղինակները չեն անտեսել երկրպագուների կարծիքը` թրիքվելը, որը մի քանի օրից էկրաններ կբարձրանա, մոտ կլինի օրիգինալի ոգուն:

Արման Գասպարյան/ PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---