// IP Marketing video - START// IP Marketing video - END
Պոկեմոնների որս Երևանում

Պոկեմոնների որս Երևանում

Տպավորություններ աղմկահարույց Pokemon Go խաղից

Վերջին տարիներին լեգենդար Nintendo ճապոնական ընկերության գործերն այնքան էլ լավ չէին դասավորվում: Նկատելիորեն զիջելով դիրքերն ավելի պրագմատիկ մրցակիցներին` խաղային հսկան շարունակում էր հավատարիմ մնալ նորարարության առաջամարտիկի իր տիտղոսին` ձգտելով համակարգչային խաղերի սիրահարներին ներկայացնել իրապես բացառիկ արտադրանք: Այն ժամանակ, երբ մրցակիցները շարժվում էին առավել փորձված ճանապարհով` տարեցտարի միայն հզորացնելով իրենց արտադրած տեսասարքերն ու խաղերի գրաֆիկական որակները, Nintendo-ն փորձարկում էր: Վերջին մի քանի տարվա էքսպերիմենտները ընկերության ֆինանսական դրության վրա այնքան էլ լավ չազդեցին, սակայն 2016թ-ի հուլիսի 6-ին ճապոնացիները կրակեցին. նորարարական մոտեցմանը հավատարիմ մնալն ու ընտրած ճանապարհից չընկրկելը տվեցին իրենց արդյունքները: Այսօր արդեն կարելի է վստահաբար ասել. Nintendo-ի ներկայացրած Pokemon Go խաղը ոչ միայն դոմինանտի աղմկալից վերադարձ էր, այլև սոցիալական փոխգործակցության բոլորովին նոր մոդել` ամբողջ աշխարհով մեկ ու ընդամենը մի քանի օրում:

PanARMENIAN.Net - Հայաստանում խաղի պաշտոնական տարբերակն առայժմ չկա, սակայն լոկալ գործողությամբ հավելվածները կարելի է փորձարկել. PanARMENIAN.Net ը Երևանի Հանրապետության հրապարակը վերածեց պոկեմոնների աշխարհի ու կիսվում է տպավորություններով:

Փոքրիկ տեղեկատվություն. Pokemon Go-ն մոբայլ քայլային RPG (role playing game – դերային խաղ) է, որը պահանջում է օգտատիրոջ անմիջական մասնակցությունը բուն խաղային պրոցեսին: Այսինքն, խաղալու համար տանը հեռուստացույցի առջև նստել չի ստացվի, անհրաժեշտ կլինի անընդհատ շարժվել, դիմել կոնկրետ գործողությունների: Խաղը GPS-ի միջոցով պարզում է օգտատիրոջ գտնվելու վայրն իրական աշխարհում` սինթեզելով այն պոկեմոնների վիրտուալ աշխարհի հետ: Մինչ պոկեմոնին գտնելը մոբայլ սարքի էկրանին օգտատերը ներկայացված է վիրտուալ ավատարի տեսքով, որը շարժվում է վիրտուալ աշխարհով` հետևելով օգտատիրոջ շարժումներին իրական աշխարհում: Այստեղ որոշ հատվածներում կարելի է հայտնաբերել պոկեմոնների, որոնց անհրաժեշտ է որսալ: Պոկեմոնին հայտնաբերելուց հետո կարելի է արդեն միացնել լրացուցիչ իրականության ռեժիմը. էկրանին օգտատիրոջը շրջապատող իրականությունն է` այստեղ ներդրված վիրտուալ պոկեմոնով հանդերձ: Կարելի է մոտենալ եւ սկսել որսը:

Խաղային այս պարզագույն մոդելը բավականին երկար ժամանակ կիրառվում է Ingress խաղում, սակայն Pokemon Go-ի ստեղծողները կարողացել են հասնել առավել հստակ գեյմփլեյի, եւ, որ ամենակարևորն է, օգտատիրոջ` խաղային պրոցեսում ավելի խորը ներգրավվածության: Բավական չէ միայն թափառել քաղաքով` արժեքավոր պոկեմոններ որսալու համար. անհրաժեշտ կլինի նրանց հետագայում զարգացնել (պարապացնել հատուկ մարզասրահներում, որոնք դեռ պետք է գտնել ու գրավել), ձեռք բերել պոկեմոնների որսի համար հատուկ հարմարանքներ (դրանք եւս սահմանափակ են), եւ, ամենակարևորը, քաղաքի փողոցներում մեկ այլ պոկեմոն որսացողի հանդիպելիս` կռվացնել սեփական պոկեմոններին վերջինիս պոկեմոնների հետ: Հավատացեք, դա բավականին ծիծաղելի տեսարան կարող է լինել. երկու հասուն մարդ Երևանի փողոցներից մեկում դեմ-դիմաց կանգնած, բղավելով, գուցե նաև՝ հայհոյելով, կռվացնում են իրենց տնային կենդանիներին` մոբայլ սարքերի միջոցով: Եթե ձեզ թվաց, որ դա տարօրինակ է, ապա նշենք, որ պոկեմոնին հայտնաբերելուց հետո նրան մոտենալու եւ որսալու համար օգտատերը կարող է սարքը ձեռքին վազել փողոցով. արարածները շատ ճարպիկ են ու բավականին արագ են անհետանում: Բուն որսի արդյունավետությունը կրկին կախված է պոկեմոնի արժեքից. որքան բարձր, այնքան բարդ կլինի նրան որսալը:

Քանի որ Հայաստանում խաղի պաշտոնական տարբերակն առայժմ չի գործում (իսկ դա ժամանակի հարց է), ոչ բոլոր հնարավորություններն ու առավելություններն է հնարավոր կիրառել: Ամենամեծ թերությունը արտադրող ընկերության կողմից թողարկվելիք թարմացումների բացակայությունն է, իսկ դրանք խիստ անհրաժեշտ են` հաշվի առնելով խաղում առկա բազմաթիվ խոտանները (բագերը): Մենք Հանրապետության հրապարակում մի քանի պոկեմոն հայտնաբերեցինք, որոնցից մեկը` բավականին արժեքավոր. սակայն լրացուցիչ իրականության ռեժիմին անցնելուց հետո արարածն անհետանում է, էկրանին ոչ մի վիրտուալ էլեմենտ չի մնում: Պոկեմոնին հնարավոր է լինում որսալ միայն լիովին վիրտուալ ռեժիմում: Խնդիրներ են լինում նաև օգտատիրոջ տեղակայման հետ կապված. այն ժամանակ, երբ մենք կանգնած էինք Հրապարակի շատրվանների մոտ, էկրանային ավատարը ցույց էր տալիս, որ մենք «Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանում ենք, իսկ մոտակայքում պոկեմոն է կանգնած: Այս պարագայում, իհարկե, արագագործ ինտերնետի առկայությունը պարտադիր պայման է: Վերջապես` խաղը բառացի խժռում է ահռելի ռեսուրսներ սարքից, որի լիցքն արագ վերջանում է. հետևաբար, ոչ արագագործ սարքերով Pokemon Go խաղալն անիմաստ ու տանջալի զբաղմունք է:

Այսօր բավականին կարևոր հանդիպման էի ու պայմանավորվել էի մարդու հետ, ով գրեթե երբեք չի ուշանում: Մոտ 10 րոպե սպասելուց հետո որոշեցի զանգահարել: Նա ներողություն խնդրեց ուշանալու համար ու որպես պատճառ նշեց բավականին թանկարժեք պոկեմոնին, որին որսալու համար ստիպված է եղել մի ամբողջ թաղամաս քայլել լրիվ հակառակ ուղղությամբ:

Իհարկե, խաղի ֆենոմենալ հաջողությունը նրա պարզությունն է և այն, որ օգտատերն ինքը խաղային միավոր է դառնում: Սակայն հետաքրքրական թարմացումների բացակայության պայմաններում այն կարող է արագ ձանձրացնել: Գլխավոր առավելությունը, թերևս, այն է, որ Pokemon Go-ի շնորհիվ մարդիկ սկսել են դուրս գալ տանից, քայլել, հայտնվել նախկինում իրենց համար անծանոթ վայրերում: Բնականաբար, որոշ վտանգ առկա է (պոկեմոնի հետևից վազելիս կարելի է չնկատել ընթացող ավտոմեքենան), սակայն սեփական հզոր պոկեմոններն ունենալու և քաղաքի բոլոր «պոկեմոն պահողներին» հաղթելու հեռանկարը, համաձայնեք, բավականին հրապուրիչ է:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ermire Mirror-ը կօգնի «փորձել» հագուստը սմարթֆոնի միջոցով
ՀՀ-ում առաջին Zero Robotics մրցույթ-ճամբարն է
ՏՏ ոլորտի նոր ռեկորդները՝ թվերով
Ինչպես է բիզնեսը լուծում սոցխնդիրները
 Ուշադրության կենտրոնում
Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը

Երևանում մեկնարկել է WCIT 2019-ը Համաժողովը Հայաստանում կանցկացվի հոկտեմբերի 6-9-ը՝ ընդգրկելով ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից

 Բաժնի այլ նյութերը
Հայկական ստարտափ ստարտափների համար SkizbUp հարթակը՝ միջնորդ ստեղծողների և ներդրողների միջև
«Խելացի օրորոց» Հայկական արտադրանքը հեքիաթ կպատմի ու կքնեցնի երեխային
Հայկական ՏՏ-ն 10 հավելված, որոնք օգտակար կլինեն ՀՀ-ում ճամփորդելիս