(Չ)ի զե՛ն

(Չ)ի զե՛ն

Ինչու են Եհովայի վկաները հրաժարվում զինվորական ծառայությունից

Ապրիլին սահմանային հերթական լարված օրերից հետո կրկին արծարծվում է հայոց բանակն ամրապնդելու, զինելու, ինչպես նաև` զինվորներով համալրելու հարցերը:

PanARMENIAN.Net - Եվ վերստին արդիական է դառնում այս կամ այն խմբի` զինվորական ծառայությունից խուսափելու հիմնախնդիրը:

Որտեղի՞ց են եկել Եհովայի վկաների կողմից զենք չվերցնելու և պետության բանակում չծառայելու մոտեցումները: Ի՞նչ իրադարձություններ են ընկած դրա հիմքում: PanARMENIAN.Net ը զրուցել է «Դիալոգ» ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանի հետ` փորձելով ստանալ հարցերի պատասխանները: Իսկ մինչ այդ՝ վկաների տեսանկյունը:

Եհովայի վկաների տեսանկյունը

ՀՀ Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Տիգրան Հարությունյանը հարցազրույցներից մեկում նշել է, թե վկաները պատերազմի չեն մասնակցում, քանի որ յուրաքանչյուրն անձամբ է որոշում ինչպես վարվել` հաշվի առնելով պետության առջև իր ունեցած պատասխանատվությունները, ինչպես նաև Աստծու և մերձավորի հանդեպ ունեցած պատասխանատվությունները։

«Եհովայի վկաները բարձր են գնահատում մեր կառավարության մոտեցումը, որ համոզմունքի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող երիտասարդ տղամարդկանց թույլ է տվել կատարել քաղաքացիական այլընտրանքային ծառայություն՝ զինվորական ծառայության փոխարեն։ Բացի այդ, Վկաների չեզոքությունը ցույց է տալիս, որ նրանք չեն միջամտում զինված ուժերում ծառայել ցանկացող անձանց ընտրությանը»։

Հիտլերի վկաները

Ոչ ավանդական կրոնական կազմակերպություններից տուժած անձանց աջակցող ՀԿ նախագահ Ալմաստ Մուրադյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում նշում է, որ առաջին անգամ զենք չվերցնելու հարցը Եհովայի վկաների համար արդիական է դարձել նացիստական Գերմանիայում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված:

«Եհովայի վկաները սիրում են օրինակներ բերել իրենց հետևորդների կողմից քրիստոնեական արժեքներին նվիրվածությունը ֆաշիստական Գերմանիայում՝ Հիտլերին դեմ կանգնելու և այդ պատճառով հետապնդումների ենթարկվելու առումով։ Սակայն շատ զոհեր կարող էին և չլինել։ Պետք է հստակ տարանջատել, որ կա մեծ տարբերություն անհատի սխրանքի և կազմակերպության կողմից քարոզվող գաղափարների միջև»,- նշում է ՀԿ նախագահը։

Զենք չվերցնելու գաղափարը

Ալմաստ Մուրադյանը հավելում է, որ հոգևոր փնտրտուքների արդյունքում Եհովայի վկաների մոտ հայտնվող մարդը հանկարծ դառնում է ամբողջ մարդկության, առավել ևս` քրիստոնեության կատաղի թշնամին։ Նա փոխում է իր կյանքի հետաքրքրությունների շրջանակը, փոխում է կյանքի քարտեզը։ Ձեռք է բերում այս կյանքի հանդեպ կողմնակի դիտորդի կարգավիճակ, քանի որ ներկա աշխարհն իր աչքերում չար է և ապրում է իր վերջին ժամանակները։

«Առողջ հոգեկերտվածք ունեցող մարդն իր պետությանը և ընտանիքին վտանգ սպառնալու պահին մոբիլիզացնում է իր ուժերը, կարողությունները և մղվում պաշտպանելու հայրենիքը, մտերիմներին, կարողանում է տարբերակել առաջնային և երկրորդական խնդիրները, հետևում է իր սրտի ձայնին։ Եհովայի վկաները հետևում են միայն իրենց կազմակերպության դոգմաներին կյանքի բոլոր իրավիճակներում, եթե անգամ այդ դոգմաները տրամաբանորեն կամ իմացականորեն դեմ են իրենց անձնական պատկերացումներին, սրտին կամ խղճին»,- նշում է նա։

Ալմաստ Մուրադյանը նշում է` զարմանալի չէ, որ Եհովայի վկաները, գտնվելով պատերազմական երկրներում, քարոզում են զենք չվերցնելու և չծառայելու գաղափարը.

«Զենք չվերցնողը չի ծառայում հայոց բանակում, բայց նա միանշանանակ ծառայում է թշնամու գաղափարների առաջխաղացման օգտին։ Եթե որևէ մեկը դեմ է երկրի զինվորական գործողություններին, դա նպաստում է թշնամու գործողություններին։ Մի կողմ քաշվել երկրի պաշտպանության գործում, թողնել որ ուրիշներն իրենց կյանքը վտանգեն` սակայն օգտվել այդ երկրի ապահովությունից և անվտանգությունից` անբարոյականության դրսևորում է և ոչ ավելին։ Մարդկային վախկոտություն` թաքնված կրոնական գաղափարախոսությունների և խաղաղության կոչերի ներքո։ Խաղաղության կոչ անողը պետք է պայքարի խաղաղության համար, հակառակ դեպքում դա էլ է կեղծիք` Եհովայի վկաների ամբողջ գաղափարախոսության նման»։

Ըստ մասնագետի, Եհովայի վկաներն իրենց իրավունք են վերապահում յուրաքանչյուր երկրում մտնել քաղաքական խաղերի մեջ, հետո հայտարարել, որ իրենք դուրս են քաղաքականությունից։ Պատերազմական իրավիճակում Եհովայի վկաները խուսափում են զինվորական ծառայությունից, որովհետև այդպես է սովորեցնում կազմակերպությունը։

«Դժվար է պատկերացնել հայ տղամարդու, որն անտարբեր կմնա իր հայրենիքի և ընտանիքի պաշտպանության հանդեպ, ինչպես շատերը հիմա դժվարանում են պատկերացնել, բայց ստիպված են հավատալ, որ Եհովայի վկան կարող է քարոզել մյուսներին, որ դառնան իրենց կազմակերպության անդամ բանակից խուսափելու համար։ Վստահ եմ, որ դա հայի խիղճը չէ, այլ այն է «ինչ սովորեցնում է կազմակերպությունը»,- նշում է Ալմաստը։

Աստվածաշնչյան «հիմքը»

Իրենց դիրքորոշումը վկաները հիմնավորում են աստվածաշնչյան մեջբերումներով: Ալմաստ Մուրադյանը նշում է, որ դրանք հիմնականում ներկայացնվում են ընդհանուր կոնտեքստից կտրված և խեղաթյուրված: Նախնական շրջանում Եհովայի վկաներն իրենց հետևորդներին առաջարկում էին Աստվածաշնչի ուսումնասիրություն` ներկայանալով որպես քրիստոնեական կազմակերպություն։ Սակայն իրականում տարբեր ձեռնարկներով ուսումնասիրվում էին Աստվածաշնչի իրենց մեկնաբանությունները` սեփական, կամայական թարգմանությամբ։ Մասնագետների կարծիքով Եհովայի վկաների Աստվածաշնչում` ուղղադավան թարգմանությունների հետ համեմատած, հաշվառվել է 1200 զգալի դավանաբանական փոփոխություն։

Հնազանդություն Աստծուն. Ըստ վկաների` Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու ծառաները «իրենց սրերից խոփեր պիտի կոփեն» և «չեն սովորի պատերազմել» (ք)։

Հնազանդություն Հիսուսին. Վկաները մեջբերում են Հիսուսի խոսքն` ուղղված Պետրոս առաքյալին. «Սուրդ տե՛ղը դիր, որովհետև բոլոր սուր վերցնողները սրով կկորչեն» (Մատթեոս 26:52)։ Վկաները «հնազանդվում են» նրա պատվերին՝ չլինել «աշխարհի մի մասը», ամբողջությամբ չեզոք մնալով քաղաքական հարցերում (Հովհաննես 17:16)։ Նրանք ոչ բողոքում են պատերազմական գործողությունների դեմ, ոչ էլ խոչընդոտում են նրանց, ովքեր որոշում են զինվորական ծառայության անցնել։

Սեր ուրիշների հանդեպ։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրեց «սիրե՛լ իրար» (Հովհաննես 13:34, 35)։

Վաղ քրիստոնյաների օրինակը։ Վկաների «Կրոնը և պատերազմը» հանրագիտարանում ասվում է. «Հիսուսի առաջին դարի հետևորդները հրաժարվում էին պատերազմների մասնակցել կամ զինվորական ծառայության անցնել»՝ դա համարելով «անհամատեղելի Հիսուսի դրսևորած սիրո և թշնամիներին սիրելու նրա տված հրահանգին»։

Քրիստինե Քյուրքլյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչպես միանալ ոլորտի առաջատար միջազգային ընկերությանը
Ինչպես է աշխարհը լուծում օրգանների փոխպատվաստման խնդիրը
Արևմուտքի սանկցիաները խփում են նաև ռուսական դեղարտադրությանը
Մարտի 8-ին՝ սթափության լրացուցիչ չափաբաժին
 Ուշադրության կենտրոնում
Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն

Մայր Աթոռը` Փաշազադեին. Պատշաճ կլիներ՝ ցեղասպան գործողությունները կասեցնելու քայլեր ձեռնարկվեն Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”

 Բաժնի այլ նյութերը
Հեպատիտի նոր ենթատեսակը տարածվում է երեխաների շրջանում Ինչ է այն ու ինչպես պայքարել` հայտնի չէ
Հայրենիքը՝ հեծանիվի դիմաց Ինչ արժե պետությանը դավաճանելը
Յոթ որդու Բավական քույրը Տարեկան քանի՞ աղջիկ չի ծնվում Հայաստանում
---