Հեռուստատեսային բերքահավաք

Հեռուստատեսային բերքահավաք

10 սերիալ, որոնք կարելի է դիտել աշնանը

2016թ-ի ամառային հեռուստաշրջանը մոտենում է ավարտին․ գլխավոր հիթերի պիլոտային սերիաներն արդեն իսկ հավաքել են իրենց լսարանը՝ տեղափոխվելով աշնանային եթերաշրջան։ Միաժամանակ, հենց աշնանն են վերադառնում «Քայլող մեռյալների» նման հսկաները՝ գրավելով հեռուստացանցի ամբողջ ուշադրությունը ու փոքր էկրանների մոտ ավանդաբար հավաքելով միլիոնավոր հեռուստադիտողների։

PanARMENIAN.Net - Ուսումնասիրելով հեռուստասերիալների ցանկը` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 10 ժանրային սերիալ, որոնք կարելի է և պետք է դիտել աշնան ամիսներին:

«Նարկեր» (օրիգ․ անվանումը՝ Narcos)

Եթերաշրջանը՝ 3

Պրեմիերան՝ սեպտեմբերի 2-ին

Հեռուստաալիքը՝ Netflix

Աշխարհահռչակ նարկոբարոն Պաբլո Էսկոբարի մասին կենսագրական հեռուստասերիալի առաջին եթերաշրջանը բավականին բարձր էր գնահատվել թե հեռուստադիտողների, և թե կինոքննադատների կողմից։ Վարպետորեն ու մանրակրկիտ վերարտադրելով Էսկոբարի արյունոտ ուղին՝ հեղինակները մոտեցել են այն ջրբաժանին, որից հետո սկսվում է լեգենդար հանցագործի կայսրության փլուզումը։ Բնականաբար, Netflix հեռուստաալիքը իր բաժանորդների համար պատրաստվում է միանգամից տեղադրել երկրորդ եթերաշրջանն ամբողջությամբ։

«Սարսափների ամերիկյան պատմություն» (օրիգ․ անվանումը՝ American Horror Story)

Եթերաշրջանը՝ 6

Պրեմիերան՝ սեպտեմբերի 14-ին

Հեռուստաալիքը՝ FX

Սարսափի ու թրիլլերի ժանրերում բավականին մեծ ժողովրդավարություն վայելով այս հեռուստասերիալ-անթոլոգիան վստահորեն շարունակում է իր ուղին՝ արդեն 6 եթերաշրջան անընդմեջ ներկայացնելով ժանրային լավագույն պատմությունները ու փոփոխելով սյուժետային կառուցվածքն ու իրադարձությունների վայրերը։ 6-րդ եթերաշրջանի իրադարձություններն, ըստ հեղինակների, ծավալվելու են ինչպես ներկայումս, այնպես էլ անցյալում։

«Մեծ պայթյունի տեսությունը» (օրիգ․ անվանումը՝ The Big Bang Theory)

Եթերաշրջանը՝ 10

Պրեմիերան՝ սեպտեմբերի 19-ին

Հեռուստաալիքը՝ CBS

Բազմաթիվ մրցանակների արժանացած այս կատակերգական սիթքոմը, թերևս, ներկայացնելու կարիք չունի։ Երիտասարդ ու տաղանդավոր ֆիզիկոսներ Շելդոն Կուպերի և Լեոնարդ Հոֆստեդտերի մասին պատմող, բազմաթիվ մեմերի ու թևավոր խոսքերի աղբյուր դարձած «Մեծ պայթյունի տեսությունը» կշարունակի ուրախացնել երկրպագուներին դեռ նվազագույնը ևս երեք եթերաշրջան։

«Բրուքլին 9-9» (օրիգ․ անվանումը՝ Brooklyn Nine-Nine)

Եթերաշրջանը՝ 4

Պրեմիերան՝ սեպտեմբերի 20-ին

Հեռուստաալիքը՝ Fox

Կատակերգական սիթքոմ, որը երկու անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի ու շարունակում է հիացնել հեռուստադիտողներին արդեն չորս եթերաշրջան։ Նյու Յորքի ոստիկանության տաղանդավոր, սակայն ոչինչ լրջորեն չընդունող հետաքննիչի մոտ նոր ղեկավար է հայտնվում, որը ձգտում է սեփական բաժանմունքը դարձնել լավագույնը Բրուքլինում։ Բնականաբար, ցանկություններն ու հնարավորությունները ոչ միշտ են համընկնում։

«Սև ցուցակը» (օրիգ․ անվանումը՝ The Blacklist)

Եթերաշրջանը՝ 4

Պրեմիերան՝ սեպտեմբերի 21-ին

Հեռուստաալիքը՝ NBC

Ամերիկյան քրեական դրամայի պրեմիերան տեղի է ունեցել 2013թ-ի սեպտեմբերի 23-ին։ Նույն տարվա հոկտեմբերի սկզբին NBC-ն ժամկետից շուտ փակել էր շոուն, սակայն «Սև ցուցակի» ահռելի հաջողությունը ստիպեց հեռուստաալիքին շարունակել արտադրությունը։ ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին սպա Ռեյմոնդ Ռեդինգտոնի և ՀԴԲ-ի բարդ հարաբերությունների բավականին լարված պատմությունը նոր եթերաշրջանում խոստանում է առավել դիտարժան իրադարձություններ։

«Լինում է, չի լինում» (օրիգ․ անվանումը՝ Once Upon a Time)

Եթերաշրջանը՝ 6

Պրեմիերան՝ սեպտեմբերի 25-ին

Հեռուստաալիքը՝ ABC

Ֆենթեզի ժանրի հեռուստասերիալը նոր հայացքով է ներկայացնում բոլորիս քաջ հայտնի հեքիաթների հերոսներին և նրանց հետ տեղի ունեցող իրադարձությունները։ Դրանց կենտրոնում բարդ անցյալ ունեցող աղջիկ է՝ Էմմա Սվոնն, ով հայտնվում է Մեն նահանգի փոքր քաղաքներից մեկում, իսկ այստեղ հեքիաթների կախարդանքն ու գաղտնիքներն իրական տեսք են ստանում։

«Էլեմենտար է» (օրիգ․ անվանումը՝ Elementary)

Եթերաշրջանը՝ 5

Պրեմիերան՝ հոկտեմբերի 2-ին

Հեռուստաալիքը՝ CBS

Արդեն անվանումից հասկանալի է դառնում, որ դետեկտիվային սերիալի հիմքում Շերլոք Հոլմսի ու բժիշկ Վաթսոնի արկածներն են։ Սակայն հեղինակները բարդագույն հանցագործողությունների բացահայտումները ոչ միայն տեղափոխել են ժամանակակից միջավայր, այլև մի շարք բավականին խիզախ նորամուծություններ են իրականացրել։ Օրինակ, այստեղ Վաթսոնն իգական սեռի ներկայացուցիչ է։

«Էշն ընդդեմ չարագույժ մեռյալների» (օրիգ․ անվանումը՝ Ash vs Evil Dead)

Եթերաշրջանը՝ 2

Պրեմիերան՝ հոկտեմբերի 2-ին

Հեռուստաալիքը՝ Starz!

Հեռավոր 80-ականների ամենահայտնի սարսափ ֆիլմերից մեկը՝ «Չարագույժ մեռյալները» մեծ հաջողությամբ վերադարձել է էկրաններ 21-րդ դարի երկրորդ տասնամյակում՝ հեռուստասերիալի տեսքով։ Բրյուս Քեմբելը կրկին մարմնավորում է Էշ Ուիլյամսին, ով նախկին ժրաջանությամբ ու արյան ահռելի քանակի ուղեկցությամբ շարունակում է արմատախիլ անել չարն այս աշխարհից։

«Արևմտյան աշխարհ» (օրիգ․ անվանումը՝ Westworld)

Եթերաշրջանը՝ 1

Պրեմիերան՝ հոկտեմբերի 2-ին

Հեռուստաալիքը՝ HBO

1973թ-ի հայտնի ֆիլմի սերիալային ռեմեյքը, թերևս, 2016թ-ի կարևորագույն նորեկներից է ու HBO ալիքի գլխավոր նորույթը։ Երկար տարիներ անցնելով արտադրական դժոխքով, մի շարք հեղինակավոր կինոարտադրողների ջանքերով սերիալը վերջապես պատրաստ է դուրս գալ փոքր էկրաններ։ Իրադարձությունների վայրը՝ անդրոիդներով բնակեցված «Արևմտյան աշխարհ» ֆուտուրիստական ատրակցիոնն է։

«Քայլող մեռյալները» (օրիգ․ անվանումը՝ The Walking Dead)

Եթերաշրջանը՝ 7

Պրեմիերան՝ հոկտեմբերի 23-ին

Հեռուստաալիքը՝ AMC

Անհնար է պատկերացնել աշնանային հեռուստատեսային եթերաշրջանն առանց այս սերիալի։ Համանուն կոմիքսի էկրանավորումը, ի շնորհիվ հմուտ դրամատուրգիական հիմքի ու հետապոկալիպտիկ ակրկնելի մթնոլորտի, տարեց տարի էկրանների մոտ է պահում միլիոնավոր հեռուստադիտողների։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---