Ռուսաստանյան վարձույթի առաջին խոշոր սկանդալը

Ռուսաստանյան վարձույթի առաջին խոշոր սկանդալը

Ինչպես այն կազդի Հայաստանի վրա

Ռուսաստանյան կինովարձույթում հասունանում է առաջին խոշոր սկանդալը: Megogo Distribution ընկերությունը, որը զբաղվում է «Մեխանիկը 2» (ռուսաստանյան վարձույթում` «Механик: Воскрешение») ֆիլմի վարձույթով, նամակ է ստացել Մշակույթի նախարարությունից` ֆիլմի` էկրաններ բարձրանալու օրը քննարկելու համար: Դա տեղի է ունեցել Ջեյսոն Ստեթեմի նոր մարտաֆիլմի ցուցադրությունից ընդամենը 10 օր առաջ, իսկ պատճառը, կրկին անգամ, ռուսական կինոն է: Փաստացի, ռուսաստանյան չինովնիկներն օգտվել են նոր կանոններով իրենց տրված իրավասություններից` ՌԴ արտադրության կինոն առաջ մղելու նպատակով` ի վնաս հոլիվուդյան ֆիլմի ու դիստրիբյուտորի:

PanARMENIAN.Net - Այս մոտեցումը, բնականաբար, կունենա իր ազդեցությունը հայաստանյան կինովարձույթում:

ՌԴ կառավարությունը մարտի սկզբին հաստատել է «Ցուցադրման (վարձույթի) համար ֆիլմ տրամադրելու, մերժելու և ֆիլմի ցուցադրության հավաստագիրը չեղարկելու, և Ֆիլմերի պետռեգիստրը վարելու կանոնների» թարմացված տարբերակը: Ըստ փաստաթղթի, այժմ ՌԴ մշակույթի նախարարությունը կարող է ցուցադրման հավաստագիր չտալ հոլիվուդյան մեծ կինոֆիլմերին, որոնք կարևոր ռուսական նախագծերի հետ նույն օրերին են էկրան բարձրանում:

Megogo Distribution ընկերությունը դեռ 2015թ-ի հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ «Մեխանիկը 2» ֆիլմն էկրաններ կբարձրանա 2016թ-ի օգոստոսի 25-ին` ամբողջ աշխարհի հետ միասին: Սակայն պարզվում է` հոլիվուդյան մարտաֆիլմի հետ միաժամանակ վարձույթում պետք է հայտնվի երկու ռուսաստանյան ֆիլմ` «Գիշերային պահապաններն» ու «Սպարտան»: Ընդ որում` «Գիշերային պահապանների»` 2016թ-ի օգոստոսի 25-ին էկրաններ բարձրանալու մասին հայտարարվել էր 2015թ-ի հոկտեմբերի 16-ին, իսկ «Սպարտա» մարզական դրամայի մասին` միայն 2016թ-ի ապրիլի 8-ին:

Կադր «Մեխանիկը 2» ֆիլմից, ռեժ. Դենիս Գանսել

Պարզվում է` երկու ռուսաստանյան ֆիլմերի դիստրիբյուտորները տեղյակ էին, թե ում հետ են մրցակցելու հանդիսատեսի ուշադրությունը գրավելու համար: ՌԴ մշակույթի նախարարությունում, սակայն, իրավիճակն այլ կերպ են դիտարկում. Ստեթեմի մասնակցությամբ մարտաֆիլմը կարող է վնասել ռուսաստանյան ֆիլմերի` գումար հավաքելուն` չնայած նրան, որ Megogo Distribution-ն օգոստոսի 25-ը, որպես ֆիլմի` էկրաններ բարձրանալու օր, ամրագրել էր ռուսական երկու ֆիլմերից ավելի շուտ: Արդյունքում, նոր կանոնների համաձայն, նպատակ կա «Մեխանիկ 2»-ի էկրաններ բարձրանալու օրը հետաձգել:

Կադր «Գիշերային պահապանները» ֆիլմից, ռեժ. Էմիլիս Վելիվիս

KinoPark կինոթատրոնի տնօրեն Վազգեն ՍաղաթելյանըPanARMENIAN.Net ի հետ զրույցում նշեց, որ հետաձգման պարագայում, հաշվի առնելով հայաստանյան վարձույթի սերտ առնչությունը ռուսականի հետ, ֆիլմը կարող է հետաձգվել նաև Հայաստանում: Բնականաբար, խոսքը այստեղ կոնկրետ մեկ ֆիլմի չի վերաբերում, այլ ընդհանուր տենդենցի. ՌԴ մշակույթի նախարարության ցանկությամբ դիստրիբյուտորները, որոնք ֆիլմը ցուցադրում են ոչ միայն ռուսական, այլև ողջ ԱՊՀ շուկայում, հետաձգում են դրանց ցուցադրությունը, ինչից տուժում է նաև հայաստանյան կինոդիտողն ու կինոթատրոնները:

Կադր «Սպարտա» ֆիլմից, ռեժ. Նիկոլայ Կուդրյաշով

«Կոնկրետ Megogo Distribution-ի հետ կապված` սա ութ ամսվա ընթացքում արդեն հինգերորդ նման դեպքն է, երբ կամ հետաձգվում է, կամ ընդհանրապես չեղյալ է հայտարարվում: Իհարկե, այս մոտեցման հետևանքները մենք զգում ենք, սակայն սա, թերևս, առաջին խոշոր, աղմուկ հանած դեպքն էր: Տեսականորեն, եթե խնդիրը լրջանա ու դիստրիբյուտորները զգան, որ իրենք կորուստներ են կրում, նրանք կգնան նախկինում գրեթե չկիրառված քայլի` ֆիլմի վարձույթի առանձին ժամկետներ սահմանելով Ռուսաստանի ու մնացած ԱՊՀ-ի համար»,- նշեց մեր զրուցակիցը: Սաղաթելյանի խոսքով` վարձույթների ժամկետների հետաձգման պատճառով առայժմ ակնհայտ «վակուում» չի առաջացել` ի շնորհիվ այն հանգամանքի, որ հնարավորություն դա լրացնելու հայկական ֆիլմերով: Այդուհանդերձ, նկատվող տենդենցները մտահոգիչ են:

Megogo Distribution ընկերությունն առայժմ չի պատրաստվում հանձնվել ու արդեն իսկ բաց նամակ է գրել կինոթատրոններին` տեղեկացնելով այն մասին, որ պատրաստ է «Մեխանիկը 2»-ի մեկնարկին: Գովազդային արշավը ևս արդեն սահմանված է ըստ կոնկրետ օրերի, սակայն վարձույթից 10 օր առաջ ՌԴ մշակույթի նախարարությունում չեն հաստատում էկրաններ բարձրանալու օրն, այլ միայն առաջարկում են քննարկել այն: Մշակութային քաղաքականության նոր կանոններն արդեն ատամներ են ցույց տալիս:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---