Սեպտեմբերի գլխավոր ֆիլմերը

Սեպտեմբերի գլխավոր ֆիլմերը

Ջեյսոն Բորնի, Բրիջիտ Ջոնսի ու հրաշալի յոթնյակի վերադարձը

Ամառային կինոշրջանը մոտենում է ավարտին: Մեծ ստուդիաները հասցրել են ներկայացնել իրենց գլխավոր հիթերը` մի մասը շարունակում է միլիոնավոր դոլարներ հավաքել, մյուսները հաշվում են վնասներն ու անմխիթար եզրակացություններ անում: Աշնան սկզբին խոշոր ստուդիաներն ավանդաբար դադար են առնում` պատրաստվելով հերթական «հսկաների մենամարտին», որը սկսվում է հոկտեմբերի կեսին: Ուստի, սեպտեմբերը լավ ամիս է համարվում ավելի փոքր ընկերությունների համար` առաջիկա օրերին էկրան կբարձրանան թեև ոչ մեծ բյուջեով, բայց շատ հետաքրքիր ֆիլմեր:

PanARMENIAN.Net - Ծանոթանալով ֆիլմացանկին` PanARMENIAN.Net ը ներկայացնում է 5 նորույթ, որոնք կարելի է դիտել սեպտեմբերին Երևանի կինոթատրոններում:

«Ջեյսոն Բորն» (օրիգինալ անվ.` Jason Bourne)

Մարտաֆիլմ, թրիլեր, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Փոլ Գրիգրաս

Դերերում` Մեթ Դեյմոն, Ջուլիա Սթայլզ, Ալիսիա Վիքանդեր, Թոմի Լի Ջոնս, Վենսան Կասել

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 1-ին

«Բորնի էվոլյուցիան» ֆիլմի ձախողումից հետո (որտեղ, ի դեպ, Բորնը կարելի է ասել բացակայում էր), ստուդիան որոշել է կրկին վերադառնալ օրիգինալ և շատ հաջողված եռապատումին: Վերադարձվել է միանգամից 2 առանցքային կերպար` Ջեյսոն Բորնի դերակատար Մեթ Դեյմոնը և բեմադրիչ Փոլ Գրիգրասը: Կինոնկարը «Բորնի վերջնագրի» սիքվելն է` «Բլեքբրայար» գործողության բացահայտումից և սեփական անհետացումից տասնամյակ անց, Բորնը, որն ապաքինվել է ամնեզիայից, մեկուսանում է աշխարհից և վաստակում` մասնակցելով առանց կանոնների մարտերին: Սակայն, աշխարհի դեմ ծառացած նոր սպառնալիքը ստիպում է հերոսին վերադառնալ:

«Մորգան» (օրիգինալ անվ.`Morgan)

Սարսափ, ֆանտաստիկա, թրիլեր, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Լյուկ Սքոթ

Դերերում` Քեյթ Մարա, Անյա Թեյլոր-Ջոյ, Ռոուզ Լեսլի, Մայքլ Յար, Թոբի Ջոնս

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 8-ին

Վթարների վերացման գծով աշխատակցուհին մեկնում է առանձին գաղտնի բաժանմունք, որտեղ պետք է քննի և գնահատի սարսափելի վթարի կորուստները: Տեղում նա իմանում է, որ պատահարի պատճառը, կարծես անմեղ մի «մարդ է», որի գոյությունն ինքնին վտանգավոր գաղտնիք է: Լյուկ Սքոթը` լեգենդար Ռիդլի Սքոթի որդին որոշել է շարունակել հոր ուղին` զբաղվելով սարսափով համեմված բարդ հոգեբանական թրիլերների բեմադրմամբ: «Վհուկի» աստղ Անյա Թեյլոր-Ջոյը Մորգան անունով խորհրդավոր էակի դերում հիանալի լուծում է նման հավակնոտ ու ոչ միանշանակ նախագծի համար:

« Հուդզոնի հրաշքը » (օրիգինալ անվ.` Sully)

Կենսագրական դրամա, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Քլինտ Իսթվուդ

Դերերում` Թոմ Հենքս, Անն Գան, Ահարոն Էքհարթ, Լորա Լիննի

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 8-ին

Մեծն Քլինթ Իսթվուդը 86 տարեկանում շարունակում է զարմացնել հանդիսատեսին խորիմաստ կինոնկարներով, որոնք գովերգում են ամենասովորական մարդկանց հերոսությունն ու քաջությունը: «Հուդզոնի հրաշքն» իրական իրադարձություն է, որը տեղի է ունեցել 2009թ. հունվարի 15-ին: Այդ օրը 1546 չվերթի կապիտան Չեսլի Սալլենբերգերը վթարային վայրէջք կատարևեց Նյու Յորքում` Հուդզոն գետի սառը ջրերի վրա: Ընդ որում ինքնաթիռի 155 ուղևորից և ոչ մեկը չտուժեց: Դատելով քննադատների գրախոսականներից` ֆիլմը կարող է արժանի մրցակից դառնալ Ռոբերտ Զեմեկիսի աղմկահարույց «Անձնակազմին»:

«Բրիջիտ Ջոնս 3» (օրիգինալ անվ.` Bridget Jones's Baby)

Մելոդրամա, կատակերգություն, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Շերոն Մագուայր

Դերերում` Ռենե Զելվեգեր, Պատրիկ Դեմփսի, Քոլին Ֆերտ, Էմմա Թոմփսոն, Շիրլի Հենդերսոն

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 15-ին

Ռենե Զելվեգերը երրորդ անգամ կստանձնի պարզամիտ Բրիջիտ Ջոնսի դերակատարումը. այս անգամ ամեն ինչ շատ ավելի բարդ է: Թվում է ամեն ինչ հրաշալի է` բնակարան Լոնդոնի կենտրոնում, լավ կարիերա, բայց ամեն ինչ վտանգում է ոչ պատեհ վայրում, ոչ պատեհ պահին և սխալ տղամարդու հետ հայտնվելու նրա ունակությունը: Եվ ահա նա պատկերացում չունի, թե ով է իր ապագա երեխայի հայրը` հմայիչ միլիարդատերը, թե հայտնի փաստաբանը: Մի խոսքով` Բրիջիտ Ջոնսը երեխայի է սպասում: Չափազանց սրամիտ ընտանեկան մելոդրաման միլիոնավոր կինոսերների սրտերն է նվաճել ամբողջ աշխարհում` երրորդ մասը խոստանում է ոչ պակաս ծիծաղելի և տարօրինակ ու անհեթեթ իրավիճակներով լեցուն լինել:

«Հրաշալի յոթնյակը» (օրիգինալ անվ.` The Magnificent Seven)

Մարտաֆիլմ, վեսթերն, ԱՄՆ, 2016թ.

Ռեժիսոր` Անտուան Ֆուկուա

Դերերում` Դենզել Վաշինգտոն, Քրիս Փրաթ, Իթան Հոուք, Վինսենթ Դ’ Օնոֆրիո, Լի Բյոն-հոն, Մանուել Ռուլֆո, Մարտին Սենսմեյեր, Հեյլի Բեննեթ, Փիթեր Սքարսգարդ, Լյուկ Գրայմս

Պրեմիերան Երևանում սեպտեմբերի 22-ին

Մարտաֆիլմերի աստղերի մի ամբողջ համաստեղություն է ընդգրկված 1960թ. ֆիլմի ռեմեյքում: Դասական ֆիլմը վերաիմաստավորել է լավ էքշընի վարպետ, ֆրանսիացի Անտուան Ֆուկուան` Դենզել Վաշինգտոնն ու Իթան Հոուքը նորից կհանդիպեն նոր ֆիլմում ինչպես շատ տարիներ առաջ նույն Ֆուկուայի «Մարզման օրը» հիանալի քրեական դրամայում: Թրեյլերը խոստանում է հրաձգության և հետապնդումների առատություն` ժանրի լավագույն ավանդույթներով: 7 կովբոյները կրկին կպաշտպանեն գյուղը բնակիչներին հալածող ավազակներից:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---