Ահազանգը կեղծ է

Ահազանգը կեղծ է

Ինչպե՞ս է Տիեզերքը խաբում մարդկանց

Օգոստոսի 30-ին միջազգային, ու հատկապես՝ ռուսաստանյան լրատվամիջոցները սկսեցին «սենսացիոն» լուրեր հրապարակել Տիեզերքի խորքից ստացված «տարօրինակ» ազդանշանի մասին՝ արդեն իսկ վերագրելով դրան «ալյմոլորակային» բնույթ։ Երկրից 95 լուսատարի հեռավորության վրա գտնվող HD164595 աստղից ստացված ազդանշանը գրանցվել էր դեռ 2015թ-ի մայիսին ռուս աստղագետների կողմից․ վերջիններս, լինելով իսկական գիտնականներ, չէին շտապել հրապարակել տեղեկատվությունը՝ սպասելով ազդանշանի կրկնակի գրանցմանը, ինչը տեղի չէր ունեցել։ Արդյունքում, օգոստոսի վերջին ազդանշանին ուշադրություն էին դարձրել այլմոլորակային քաղաքակրթությունների որոնմամբ զբաղվող խոշորագույն SETI կազմակերպության մասնագետները, ապա լուրը հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ գրանցված ազդանշանը, ամենայն հավանականությամբ, ունի երկրային բնույթ, այսինքն՝ դրա համար աղբյուր է հանդիսացել մեր մոլորակի վրա տեղակայված որեւիցե սարք։ Հերթական անգամ «այլմոլորակայինների ուղերձի» մասին ստահոդ լուրերը հերքվեցին։

PanARMENIAN.Net - Աստղագիտության պատմության ընթացքում բազում են նման թյուրիմացությունների օրինակներ, որոնք մեծ աղմուկ են բարձրացրել․ PanARMENIAN.Net ը ներկայացնում է առավել ուշագրավները։

Նիկոլա Տեսլան և Մարսը

Որքան էլ տարօրինակ հնչի, այլմոլորակայինների ազդանշաններով «տառապում» էր անգամ հանճարեղ ամերիկացի գյուտարար Նիկոլա Տեսլան։ 1900 թվականին նա հայտարարեց, որ իրեն հաջողվել է որսալ ազդանշան Մարսից, ընդ որում՝ դա ոչ թե աղմուկ էր, այլ որոշակի օրինաչափություն ունեցող տարօրինակ մի բան։

Նիկոլա Տեսլան

Ներկայումս մասնագետները ավելի ու ավելի են համոզվում, որ գյուտարարին հաջողվել է այն ժամանակ եղած թերի տեխնոլոգիաներով որսալ Յուպիտեր մոլորակի բնական ռադիոճառագայթումը։

Wow!

Թեևս, ամենահայտնի «այլմոլորակային» ազդանշանը, որը ժամանակին մեծ աղմուկ էր առաջացրել աշխարհում։ Այն գրանցվել էր 1977թ-ի օգոստոսի 15-ին՝ ԱՄՆ Օհայո նահանգում տեղակայված «Մեծ ականջ» ռադիոաստղադիտակով ու իրենից ներկայացնում է ուժեղ նեղգիծ ռադիոազդանշան (նման ազդանշանների սպեկտրի լայնությունը զգալիորեն փոքր է միջին հաճախականությունից, այսինքն՝ դրանք կարող են նպատակաուղղված լինել)։

«Մեծ ականջ» ռադիոաստղադիտակը

Այն իր հատկություններով տարօրինակ կերպով նման էր արհեստական աղբյուրից ուղղված ազդանշանի։ Ազդանշանը գրանցած դոկտոր Ջերի Էյմանը, խիստ զարմացած այդ հանգամանքից, վերծանված տարբերակով թղթի վրա գրեց «Wow!» (հայերեն խոսակցականով կլինի մոտավորապես «Պահո՜»)․ արդյունքում ազդանշանը ստացավ այդ անվանումը։

Էյմանի գրառումը ազդանշանի վերծանման թղթի վրա

Տարիների ընթացքում գիտնականները ազդանշանի առաջացման բազում հիպոթեզներ առաջ քաշեցին, սակայն լրատվամիջոցների և ուֆոլոգների շրջանում ամենապոպուլյարը, բնականաբար, այլմոլորակային ծագման վարկածն էր։ Ամերիկացի աստղագետները ենթադրում են, որ ազդանշանի հնարավոր աղբյուր կարող է լինել 2005թ-ին հայտնաբերված 266P/Christensen ու P/2008 Y2 (Gibbs) գիսավորների միջուկների շուրջ կուտակված ջրածինը։ Սակայն նրանք խոստովանում են, որ այս հիպոթեզը հետագայում անհրաժեշտ է ստուգել, քանզի ակտիվության նման կարճաժամկետ դրսևորումը հատուկ չէ երկարակյաց աղբյուրների՝ գիսավորների համար։

SHGb02+14a ռադիոազդանշան

2003թ-ի մարտին SETI@home ծրագրի շրջանակներում Արեսիբո աստղադիտակով գրանցված այս ազդանշանն այլմոլորակային բնույթ ունենալու լավագույն թեկնածուն էր իր ժամանակին։ Աղբյուրը գրանցվել էր երեք անգամ՝ 1 րոպե ընդհանուր տևողությամբ՝ 1420 ՄՀց հաճախականության վրա (այս հաճախականությամբ է Տիեզերքում ամենատարածված էլեմենտը՝ ջրածինը, կլանում ու արձակում էլեկտրամագնիսական ճառագայթումը): Շատ գիտնականներ մինչ այդ պնդում էին, որ այլմոլորակային ազդանշանները կարելի է գրանցել հենց այս հաճախականության տիրույթում։

Արեսիբո աստղադիտակը Պուերտո Ռիկոյում

Սակայն ազդանշանի մի շարք հատկություններ թույլ չեն տալիս այն «այլմոլորակային» անվանել։ Նախ, աղբյուրը գտնվում էր Ձկների ու Խոյի համաստեղությունների միջև, և այն ուղղությամբ, որտեղից գալիս էր ազդանշանը, մոտ 1000 լուսատարի տարածությունում գրեթե բացակայում են աստղերը։ Ազդանշանի հաճախականությունը փոխվում է շատ մեծ արագությամբ՝ վայրկյանում 8-ից 34 Հց։ Դա նշանակում է, որ մոլորակը, որի վրա պետք է տեղադրված լիներ երևակայական հաղորդիչը, իր առանցքի շուրջ պտտվում է Երկրից 40 անգամ ավելի արագ։ Հետազոտողները ենթադրում են, որ ազդանշանը կարող է լինել անհայտ տիեզերական երևույթի արդյունք, տիեզերական աղմուկ, կամ, ինչն առավել հավանական է, Արեսիբո աստղադիտակի սարքավորումների անսարքությունից առաջացած խոտան։

Արագ ռադիոիմպուլս

Արագ ռադիոիմպուլսը (երբեմն անվանում են Լորիմերի իմպուլս) իրենից ներկայացնում է մի քանի միլիվայրկյան տևողությամբ եզակի (չկրկնվող) ռադիոիմպուլս։ Նման ժայթքումների հզորությունը հավասար է Արեգակի կողմից մի քանի տասնյակ հազար տարում տիեզերական տարածություն բաց թողած էներգիային։ Առաջին անգամ հայտնաբերվել է 2007թ-ին, ինչից հետո լրատվամիջոցները սկսել են բարձրաձայնել դրա արհեստական լինելու մասին։

Արագ ռադիոիմպուլսներ

Գիտնականներն առաջ են քաշում նման ազդանշանների առաջացման մի քանի հավանական վարկած։ Առաջինը՝ արագ ռադիոիմպուլսը կարող է երկրային ծագում ունենալ՝ առաջանալով մարդու կողմից ստեղծված սարքավորումներից։ Երկրորդ՝ արտագալակտիկական այսինքն՝ որևիցե էկզոտիկ իրադարձության արդյունք․երկու նեյտրոնային աստղերի ձուլում, կամ վերացող (ցնդող) սև խոռոչի «վերջին շունչ»։ Եւ երրորդ՝ ներգալակտիկական, երբ ռադիոիմպուլսն առաջանում է Ծիր կաթինի որոշ աստղերի «մեղքով»։

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին

Բաքուն հայտնել է զոհերի թիվը՝ 192, ընդդիմադիրները պնդում են 200–ից ավելի զոհի մասին Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական

 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---