Ինչպես հայ մարզիկը գողացավ Օլիմպիական դրոշը, վերադարձրեց այն ու մեդալի արժանացավ

Ինչպես հայ մարզիկը գողացավ Օլիմպիական դրոշը, վերադարձրեց այն ու մեդալի արժանացավ

Հայազգի մեդալակրի ուշագրավ պատմությունը

Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում եղել են տարբեր հետաքրքիր դրվագներ, որոնք անմիջականորեն կապված չլինելով սպորտային բուն իրադարձությունների հետ, Խաղերի տարեգրության մեջ թողել են իրենց հետքը։

PanARMENIAN.Net - Նման դրվագները, սակայն, շատ չեն, և դրանցից թերևս ամենահիշարժանը կապված է Օլիմպիական խաղերի առաջին հայազգի մրցանակակիր, ամերիկահայ ջրացատկորդ Հայկ Փրիստի անվան հետ:

Հայկ (Հարրի) Փրիստը (անգլերեն՝ Hal Haig (Harry) Prieste, հայկական ազգանունը՝ Քեշիշյան) ծնվել է 1896 թ․ նոյեմբերի 23-ին Կալիֆորնիայի հայաշատ Ֆրեզնո քաղաքում՝ Համիդյան ջարդերից մազապուրծ հայ գաղթականների ընտանիքում։ Հայկ Քեշիշյանն ամերիկյան միջավայրում հանդես է եկել Harry երկրորդ անունով։ Ապա, երբ սկսել է նկարահանվել ամերիկյան ֆիլմերում, շոու բիզնեսի աշխարհում հայտնի է եղել Hal (Haig) Prieste անունով։ Պատանի հասակից զբաղվել է ջրային սպորտաձևերով, իսկ 1919-ին դառնալով ջրացատկի ԱՄՆ-ի չեմպիոն՝ ընդգրկվել է երկրի Օլիմպիական հավաքականում և 1920 թվականին մասնակցել է Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացած 7-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Վախճանվել է 2001 թ․ ապրիլի 19-ին Նյու Ջերսի նահանգում 104 տարեկան հասակում։

Անտվերպենում օգոստոսի 29-ին կայացած ջրացատկի մրցումներում՝ 10 մետր աշտարակացատկ ձևում, Հայկը գրավում է երրորդ տեղը։ Բրոնզե մեդալին արժանացած Հայկ Փրիստ-Քեշիշյանն այսպիսով դառնում է ժամանակակից Օլիմպիական խաղերի առաջին հայ մրցանակակիրը։ Հայկը մասնակցել է նաև բարձր աշտարակացատկ մրցաձևին, սակայն մրցանակային տեղ չի զբաղեցրել։

Հայկ Փրիստի անվան հետ կապված է Օլիմպիական խաղերի տարեգրության թերևս ամենազվարճալի դեպքերից մեկը, դեպք, որը հեռավոր 1920 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակրի անունը ընդմիշտ հայտնի դարձրեց Օլիմպիադայի պատմության մեջ։

Անտվերպենի Օլիմպիական խաղերի ավարտին Օլիպիադայի գլխավոր դրոշը հանկարծակի անհետացավ ու ոչ մի կերպ չգտնվեց։

Ներկայում քաջ հայտնի՝ հինգ օղակների պատկերով օլիմպիական դրոշը նախագծվել էր 1914 թ․ և առաջին անգամ ներկայացվեց հենց Անտվերպենի Օլիմիական խաղերում։ Ուստի իռլանդական վուշի հայտնի բրենդից կարված այդ դրոշի կրկնօրինակը, որ բարձրացվեց հաջորդ՝ Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ, առաջվա նման ոչ պաշտոնապես կոչվում էր «Անտվերպենի դրոշ»։ Հենց այդ դրոշն էլ շարունակաբար օգտագործվեց ընդհուպ մինչև 1984 թ․ Լոս Անջելեսի Խաղերը, որտեղ այն արդեն խիստ մաշված էր, և 1988-ի Սեուլի Խաղերին այն փոխարինվեց մետաքսե նոր տարբերակով։

Անտվերպենի դրոշի անհետացումից 77 տարի անց՝ 1997 թ․ ԱՄՆ-ի Օլիմպիական կոմիտեի կազմակերպած հանդիսավոր ընդունելության ժամանակ, որին մասնակցում էր նաև 101-ամյա Հայկ Փրիստը, լրագրողները 7-րդ Օլիմպիական խաղերի միակ ողջ մնացած մասնակցին հիշեցնում են կորած դրոշի մասին և հարցնում, թե արդյոք նա որևէ տեղեկություն ունի դրա վերաբերյալ։ «Ես կարող եմ ձեզ օգնել․ դրոշն իմ ճամպրուկում է»,- հանգիստ պատասխանում է տարեց օլիմպիականը։

Ինչպես պարզվում է, Հայկը պարզապես վերցրել էր դրոշն ու իր հետ տուն տարել։ Եւ այդ հարցում նրան «օգնել էր» իր թիմակից ընկեր, բնիկ հավայցի նշանավոր լողորդ Դյուկ Կահանամոկուն։ Դյուկը կատակով դրդել էր Հայկին գողանալ դրոշը, և վերջինս մագլցելով ստադիոնի ճիշտ կենտրոնում գտնվող 15-մետրանոց դրոշաձողի վրա կարողացել էր վար իջեցնել դրոշն ու աննկատ տանել։ «Երբ տեսա այն, մտածեցի, որ հետս տուն պիտի տանեմ»,- լրագրողներին ասել էր Փրիստը։ 77 տարի նա այդ դրոշը խնամքով պահել էր իր ճամպրուկի ստորին հատվածում և ցուցադրել էր միայն մոտ ընկերներին՝ որպես իր օլիմպիական մրցանակի կենդանի վկայություն։

Հայկ Փրիստը գողացված դրոշը Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ) հանձնեց 3 տարի անց՝ 2000 թ․ Սիդնեյի Օլիմպիական խաղերի նախօրեին։ Սեպտեմբերի 11-ին կայացած հատուկ արարողության ժամանակ, որին 103-ամյա Փրիստը ներկայացել էր տոնական կապույտ պիջակով, ճերմակ տաբատով ու ճերմակ գլխարկով, Անտվերպենի դրոշը նա հանդիսավորապես հանձնեց ՄՕԿ-ի նախագահ Խուան Անտոնիո Սամարանչին։ Վերջինս իր հերթին, ի նշան երախտագիտութան, նրան հանձնեց Օլիմպիական հուշամեդալ։ Լսողությունը համարյա կորցրած ծերունին, մեդալի տուփը տեսնելով, իրեն հատուկ հումորով հարցրեց․ «Ի՞նչ է դա, Կլի՞նեքս» (Kleenex, ԱՄՆ-ում հայտնի անձեռոցիկների բրենդի անվանում)։

Անտվերպենի դրոշը բավանական լավ պահպանված վիճակում էր, թեև թեթևակի գունաթափված էր, իսկ եզրը մի փոքր պատռվել էր դրոշաձողից հանելիս։ Այն մշտական ցուցադրության դրվեց Շվեյցարիայի Լոզան քաղաքում գտնվող Օլիմպիական թանգարանում, շուրջը փակցված է Հայկ Փրիստին դրոշը վերադարձնելու համար ՄՕԿ-ի անունից շնորհակալություն հայտնող մի փոքրիկ ցուցատախտակ։

Փրիստի կողմից դրոշի հանդիսավոր հանձնումը նախատեսված էր դեռևս 1998 թ․ Նագանոյի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ, սակայն առողջության պահպանման մտահոգությամբ նրան թույլ չէին տվել մեկնել, և միայն բժիշկների զննությունից ու դրական եզրակացությունից հետո նա կարողացավ Սիդնեյ մեկնել՝ բոլորին զարմացնելով իր առույգ տեսքով ու աշխույժ վարվեցողությամբ։ Պատասխանելով այն հարցին, թե ի վերջո ինչու որոշեց հանձնել դրոշը, նա պատասխանեց. «Կարծում եմ, որ էլ չեմ կարող պահել, արդեն երկար ժամանակ այն ինձ մոտ էր, չի կարելի եսասեր լինել նման հարցերում։ Լավ չի, որ այն մնա ճամպրուկումս, ես չեմ կարող այն կախել իմ սենյակում։ Մարդիկ իմ մասին ավելի լավը կմտածեն, եթե հանձնեմ այն, քան պահեմ ինձ մոտ»։

Որքան էլ զարմանալի է, Հայկ Փրիսթը պրոֆեսիոնալ մարզիկի կարիերային զուգահեռ ներգրավված է եղել նաև կինոաշխարհում և շոուբիզնեսում։ Դեռևս 1917-20 թթ․ Հայկը կատակերգական ժանրի մի քանի ֆիլմերում հանդես է եկել որպես երկրորդական դերասան և կասկադյոր։ Օլիմպիական խաղերից հետո Հայկի ատլետիկ կազմվածքը և մարզական հմտությունները Կալիֆորնիայում նկատում է ժամանակի հայտնի կինոռեժիսորներից մեկը՝ «կատակերգության արքա» Մարկ Սենեթը (1880-1960) և նրան հրավիրում նկարահանվելու իր ֆիլմերում։ Հայկի խաղընկները ժամանակի մի շարք հայտնի դերասաններ էին, այդ թվում նաև Սենեթի «ձեռքի տակով անցած» երիտասարդ Չարլի Չապլինը։ Հետագա տարիներին Հայկ Փրիսթը աշխատել է նաև Բրոդվեյում՝ հանդես գալով վոդևիլի ժանրի թեթև ներկայացումներում, որպես կատակերգու հանդես է եկել թափառող կրկեսում, մասնակցել է սառցադաշտային շոու ներկայացումներին։

Սամսոն Հովհաննիսյան/PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Մասնագետը՝ առողջ ապրելակերպի մասին
Ինչու են կանայք ընտրում ֆիթնես և բոդիբիլդինգ
Լավագույն app-երը՝ առավել զգուշավորների այլընտրանք
Ինչպես են մարզասրահները և մարզվողները «ֆորմի մեջ» մնում
 Ուշադրության կենտրոնում
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը Աշխարհի գավաթի եզրափակչում է Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը

 Բաժնի այլ նյութերը
Easy ֆուտբոլ՝ մեծ էկրանին Դարձիր «12-րդ խաղացող» Անգլիական այգում, երկրպագիր մերոնց մաքուր օդին
Ուղին անվանում է առաջնամագլցողը Հարմարավետության գոտուց դուրս, քաղաքային աղմուկից հեռու
Բրազիլական ջիու-ջիցուն Հայաստանում Գետնի վրա մենամարտել իմացողն առավելություն ունի
---