Ոճիր և պատիժ

Ոճիր և պատիժ

Ոչ այնքան հայտնի ֆիլմեր իրական հանցագործների մասին

Ավարտվել է «Նարկի» հիանալի սերիալի երկրորդ եթերաշրջանը, որը ներկայացնում է լեգենդար կոլումբացի նարկոբարոն Պաբլո էսկոբարի կյանքի պատմությունը: Հեղինակները կարողացել են գրեթե վավերագրական ճշգրտությամբ բացահայտել հանդիսատեսի համար թմրակարտելների դաժան աշխարհը` գրեթե ոչինչ չթողնելով երբեմնի ռոմանտիզմից, որը հատուկ էր «ազնվական» հանցագործների մասին կինոֆիլմերին: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ քրեական աշխարհի չհորինված ներկայացուցիչների կենսագրության վրա հիմնված ֆիլմերը յուրօրինակ ձգողականություն ունեն` կինոդիտողին դուր է գալիս նույնականացնել իրեն ամենազոր և հայտնի մարդու հետ: Օգտագործելով այդ փաստը` հեղինակները կտրուկ փոխում են ֆաբուլան և կարող են միանգամայն այլ լույսի ներքո ներկայացնել գլխավոր կերպարին:

PanARMENIAN.Net - Ժանրի ֆիլմերից շատերն արդեն մոռացվել են, մյուսների մասին, հավանաբար, չեք էլ լսել. PanARMENIAN.Net ը ներկայացնում է իրական հանցագործների մասին պատմող մեծ տարածում չստացած ֆիլմերից մի քանիսը:

«Բրոնսոն»(Bronson), 2008թ.

Դանիացի Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի ինքնատիպ ռեժիսորական ձեռագիրը թույլ տվեց ներկայացնել 20-րդ դարի քրեական աշխարհի ամենաբարդ ներկայացուցիչներից մեկի կենսագրությունը: Չարլզ Բրոնսոնը (Մայքլ Գորդոն Փիթերսոն) համարվում է Մեծ Բրիտանիայի ամենադաժան կալանավորը, որն իր բազում հանցագործությունների համար ավելի քան 30 տարի է անցկացրել բանտում` ավելի քան 120 ուղղիչ հաստատությունում: Բրոնսոնի դերը վստահվեց այն ժամանակ ոչ այնքան հայտնի Թոմ Հարդիին, որը հիանալի կատարեց իր առջև դրված խնդիրը:

«Երկնային արարածներ» (Heavenly Creatures), 1994 թ.

Նորզելանդացի Փիթեր Ջեքսոնը հայտնի է լայն շրջանակներին որպես «Մատանիների տիրակալը» հայտնի եռապատումի հեղինակ, սակայն քչերը գիտեն, որ իր կարիերայի սկզբում նա ստեղծել է 90-ականների ամենաբարդ հոգեբանական թրիլերներից մեկը: Ֆիլմը հիմնված է անչափահաս մարդասպան Պոլին Փարկերի օրագրի վրա, որը ներկայացնում է սարսափելի իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նորզելանդական Քրայսչերչում 1954-ին: Ջեքսոնը կարողացավ ոչ միայն սովորական սարսափ ֆիլմի մակարդակից վեր մնալ, այլ նաև առավելագույն հավաստիությամբ փոխանցել այդ տարիքին հատուկ պատանեկան մաքսիմալիզմը:

Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը (Butch Cassidy and the Sundance Kid), 1996թ.

Ջորջ Ռոյ Հիլլի մի ժամանակ շատ սիրված կինոնկարը գրեթե անծանոթ է մերօրյա կինոդիտողին: Եվ դա, չնայած նրան, որ $6 մլն բյուջեի դեպքում այն վաստակել է այն ժամանակների համար աստղաբաշխական գումար` $102 մլն, նաև արժանանալով 4 «Օսկարի»: Ֆիլմի հիմքում իրական իրադարձություններ են Վայրի Արևմուտքի երկու լեգենդար ավազակներ Բուչ Քեսիդիի և Սանդենս Քիդի (1867-1908) կյանքից, որոնք զբաղվում էին բանկերի և բեռնատար գնացքների կողոպուտով: Դասական դարձած ֆիլմը մինչ օրս համարվում է ժանրի իսկական էտալոն և պարտադիր է դիտման համար:

«Ամերիկյան հանցագործություն» (An American Crime), 2007թ.

Թոմի Օ’ Հեվերի քրեական դրաման հիմնված է 16-ամյա Սիլվիա Լայքենսի կտտանքների և սպանության իրական պատմության վրա, որն իրականացրել էր տնային տնտեսուհի Գերտրուդա Բանիշևսկայան: Այս դեպքը լայն արձագանք ստացավ ԱՄՆ-ում և համարվեց «մարդու դեմ կատարված վատագույն հանցագործությունն Ինդիանայում»: էլեն Փեյջի և Քեթրին Քիների մասնակցությամբ այս դաժան դրամայի պրեմիերան տեղի ունեցավ Showtime կաբելային ալիքի եթերում, թեև ի սկզբանե նախատեսվում էր ցուցադրել այն մեծ էկրանին:

«Շուգարլենդի էքսպրեսը» (The Sugarland Express), 1974 թ.

Մեծն Սթիվեն Սփիլբերգի առաջին ռեժիսորական աշխատանքը մեծ էկրանին միանգամից հայտնի դարձրեց նրան ստուդիաների ղեկավարների շրջանում և կանխորոշեց նրա հետագա ճակատագիրը: Վարպետն իրական պատմություն է պատմել, որը տեղի է ունեցել 1969-ին Տեխասում հանցագործ ամուսիններ Դենթերի հետ և արել է դա այնպիսի վարպետությամբ և լավ ռեժիսուրայով, որ անմիջապես բազում գովաբանական արձաքանքների է արժանացել քննադատների կողմից: Սփիլբերգի նկարահանող խմբի խորհրդատուն էր իրադարձությունների անմիջական մասնակիցներից մեկը` պարեկային Քեննեթ Քրոուն, որին Դենթերը պատանդ էին վերցրել:

«Կոկաին» (Blow), 2001 թ.

Բոսթոնցի Ջորջ ածականով Ջորջ Յանգը 1970-80-ականներին ԱՄՆ-ում կոկաինի առևտրի շուկայում գլխավոր դերակատարներից մեկն էր և գործում էր Պաբլո Էսկոբարի Մեդելյինի կարտելի կազմում, որը մաքսանենգ ճանապարհով մատակարարում էր ԱՄՆ մտնող կոկաինի մոտ 85 տոկոսը: Թեդ Դեմմեի ֆիլմը հիմնված է Յանգի կյանքի իրական պատմության վրա` Ջոնի Դեփի և Պենելոպե Քրուզի հիանալի դերասանական խաղով: Հետաքրքիր է, որ նկարահանումներին պատրաստվելիս Դեփը մի քանի օր անցկացրել է Յանգի հետ ուղղիչ հաստատությունում: Նկարահանումների ամբողջ ընթացքը տեղի է ունեցել ոստիկանության խիստ հսկողությամբ, որը հետևում էր դերասանների յուրաքանչյուր քայլին, որպեսզի ոչ ոքի մոտ, առավել իրատեսություն հաղորդելու նպատակով, նկարահանումների ընթացքում օգտագործվող սպիտակ փոշու փոխարեն իսկական կոկաինից օգտվելու ցանկություն չառաջանար:

Արման Գասպարյան / PanARMENIAN.Net
 Ամենաընթերցվողը բաժնում
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
«Երեք շիշ գինի»՝ նոր ձևաչափ առանց սահմանների
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
Գագոսյանի ճանապարհը՝ հոլիվուդյան ֆիլմի մոտիվներով
 Ուշադրության կենտրոնում
Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի

Երևան-Լիոն գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցումն առանցքային կլինի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս

 Բաժնի այլ նյութերը
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
---